Հուլիսի 4-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացված «Ազգային հպարտություն» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայ մշակութային ժառանգության, պետական խորհրդանշանների արժևորմանն ու պահպանմանը:
Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ղեկավար Արարատ Ստեփանյանը, այլ հրավիրված անձինք, ՀՀ բոլոր մարզերից ծրագրին մասնակից դպրոցների մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր մարզերի մասնակից դպրոցներին` նշելով, որ շատ կարևոր է ազգային մշակույթի արժևորումն ու գնահատումը սերմանել հատկապես դեռահասների շրջանում, որոնց մոտ արժեքային համակարգը դեռ ձևավորման փուլում է: <Այսօր յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ «Ես հպարտ եմ, որ…» կարգախոսով հայ մշակույթի, հայի ինքնության պահպանումը, հայ հերոսական կերպարների ճանաչումն ու արժևորումը, արժեքային համակարգի ամրապնդումը պետք է դառնա յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքի հիմնական ու նվիրական կոչումը>, նշեց Ռուզաննա Մուրադյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ով կարևորեց «Ազգային հպարտություն» ծրագրի գաղափարը, ինչպես նաև նրա շարունականությունն ու զարգացումը ՀՀ դպրոցներում նոր ուղղություններով` հանձնելով խրախուսական մրցանակներ ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցներին:
Քվեարկության արդյունքում ընտրված առավելագույն ձայներ հավաքած 36 լավագույն պաստառներ ներկայացնող դպրոցները պարգևատրվեցին արժեքավոր մրցանակներով և պատվոգրերով, որոնք հանձնեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Մասնակից դպրոցներին խրախուսական մրցանակներ հանձնեցին նաև ՀՀ ԿԳ նախարարությունը` ի դեմս հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ղեկավար Արարատ Ստեփանյանը:
Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով: