Tuesday, February 6, 2018

Ռ.Մուրադյանի փետրվարի 6-ի ելույթը հայտարարությունների ժամին


Ռուզան Մուրադյան. Ադրբեջանի քաղաքացիները լավատեսության համար առիթներ գրեթե չունեն
 Վերջին օրերին քաղաքական հարթակում տեղի ունեցող իրադարձությունները մեկ անգամ ևս մեզ մտորելու և խորհելու առիթ են տալիս, մտածելու մեր անցած ճանապարհի, սահմանադրական բարեփոխումների, ժողովրդավարության ճանապարհով մեր իրականացրած քայլերի մասին և, ինչու չէ, նաև համեմատություն անցկացնելու մեր հարևան պետության կողմից իրականացվող հակաժողովրդական քաղաքականության հետ: Այսօր մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ սահմանադրական բարեփոխումները մեր երկրում ապահովում են գործուն ժողովրդավարության հենքը, ապահովում են քաղաքացիական հասարակության կայացած լինելը և ակտիվ մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներին, մինչդեռ Ադրբեջանն իր սահմանադրական բարեփոխումներով մտավ խանական-սուլթանական երկրի հերթական փուլ: Ադրբեջանում առկա սոցիալ-տնտեսական վիճակը Ալիևին ստիպում է կես տարով արագացնել ընտրությունները և հերթական անգամ ապացուցել երկրի ավտորիտար լինելը: Մինչ մենք այսօր բոլոր խնդիրները երկրի արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված փորձում ենք լուծել կառուցողական երկխոսության միջոցով, ներկայացնել համընդհանուր քննարկումների հարթակում, մեր հարևան երկրում որոշումները կայացվում են միանձնյա: Այսօր կարող ենք հպարտությամբ նշել, որ տարբեր միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերությունների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում քաղաքական գործընթացների ժողովրդավարացման հետ կապված Հայաստանը գրավում է կարևորագույն ինդեքս:    «Ժողովրդավարական ինդեքս-2017» զեկույցում նշվում է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք իշխանությունը նախագահից հանձնել է խորհրդարանին:Հայաստանն ամենաշատ միավոր հավաքել է ընտրական գործընթացի և բազմակարծության, քաղաքական մասնակցության և քաղաքացիական ազատությունների չափանիշներով: Ադրբեջանի քաղաքացիները լավատեսության համար առիթներ գրեթե չունեն: «Ընտրություններ և բազմակարծություն» չափանիշով երկիրը հնարավոր տասից հավաքել է կես միավոր: Ադրբեջանը համաշխարհային, և եվրոպական վարկանիշների վերջին հորիզոնականում է: Մեր երկրի ներսում խնդիրների հետ կապված երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումներից մի կարևոր հետևություն կարելի է անել, որ երկիրն այսօր գտնվում է կայուն ժողովրդավարության ճանապարհին, և խնդիրների հաղթահարման գործընթացները բացառապես ընդգրկում են հանրապետության բոլոր խավերի, քաղաքական բոլոր ինստիտուտների, բոլոր կուսակցությունների կարծիքները: Բոլոր խնդիրները մեր երկրի նախագահի ուշադրության կենտրոնում են, և վերջերս էլ նրա հորդորով և հանձնարարությամբ Ազգային ժողովում կազմակերպված թանկացումների վերաբերյալ լսումներում ստեղծվեցին հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար: Մասնակցում էին 28 հոգի, որոնցից 20-ը ոլորտի մասնագետներ էին և միայն 8-ն էին պատգամավորներ, ընդ որում, ամեն ֆրակցիայից 2 հոգի՝ առանց հաշվի առնելու մեծամասնություն կամ փոքրամասնություն: 
     Մի՞թե սա քաղաքական հավասարակշռության լավագույն դրսևորում չէ: Մեր նպատակն էր, որպեսզի կարողանանք համակողմանի հասկանալ խնդրի էությունը և կատարել ճիշտ եզրահանգումներ: Այժմ վերլուծությունների փուլում ենք, որպեսզի ճիշտ եզրահանգումներ անենք, և մշակվի գործողությունների պլան: Հետևաբար կրքեր բորբոքելու անհրաժեշտություն չկա, բոլոր գործընթացները կատարվում են մտացածին, կշռադատված և ելնում են երկրի և ժողովրդի շահերից: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

http://www.aravot.am/2018/02/06/935622/