Tuesday, October 6, 2015

Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 6-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին


Տարիներ շարունակ մենք հաղթահարել ենք բազմաթիվ խնդիրներ, և այդ ամենով հանդերձ՝ գրանցել ենք նաև բազմաթիվ հաղթանակներ և ձեռքբերումներ: Ներկայումս կանգնած ենք նոր մարտահրավերների առջև` անհանդուրժողականություն, ագրեսիվ քաղաքականություն, հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն: Եվ հենց դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ մեզ՝ հայ ժողովրդիս, պարտավորեցնում է միասնական լինել՝ հանուն մեր պետության և հայ ժողովրդի անվտանգության: Եվ այս պայքարում չկան դիմադիրներ կամ ընդդիմադիրներ, մեզանից յուրաքանչյուրն այստեղ ունի իր դերը, ով պատրաստ է իր մասնակցությունը բերել հանուն մեր ընդհանուր հաղթանակի:
Անշուշտ, «Հայ», «Հայաստան», «Հայ ժողովուրդ» բառերը պայքարի ասոցիացիա են առաջացնում, և մենք ստիպված ենք լինում տարբեր հարթակներում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա և ակնկալել օբյեկտիվ գնահատական:
Իսկ «Ադրբեջան», «Ադրբեջանցի» բառերը ագրեսորի կեղծ արժեքներ ստեղծողի ասոցիացիա են առաջացնում, և մենք դարձյալ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության օրինակներին, որոնք բազմաթիվ են:Մասնավորապես, խոսքը վերաբերվում է կին քաղաքական բանտարկյալներ Լեյլա Յունուսին, Խադիջա Իզմայլովային և այլ բազմաթիվ քաղաքական բանտարկյալներին: Ակնհայտ է, որ Ադրբեջանում ժողովրդավարական արժեքներ կրելը դատապարտված է:
Սեպտեմբերի 23-ին ես Հայաստանի կանանց պատվիրակության հետ մասնակցում էի Սանկտ-Պետերբուրգում Կանանց Եվրասիական ֆորումին, որտեղ մասնակցում էին շուրջ 800 կին 85 երկրներից:Այնտեղ ևս ականատես եղանք ադրբեջանցիների կողմից տարածվող ապատեղեկատվության և հրահրվող սադրանքների գործելաոճին, որը հենց տեղում ստացավ իր արժանի հակահարվածը հայ պատվիրակների կողմից: Մեր խմբի համախմբվածության, արդյունավետ համագործակցության, և միասնական դիրքորոշման արդյունքում, այս հարթակում ևս հայ և ադրբեջանցի կանանց հակամարտությունը ավարտվեց ճշմարտության և արդարության հերթական հաղթանակով:
Վերջերս Ստրասբուրգում ևս մեկնարկած աշնանային նստաշրջանին ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված տվեց՝ ճշմարիտ տեղեկատվություն և ռեալ գնահատականներ հնչեցնելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի և նրա վարած քաղաքականության վերաբերյալ:
Իսկ Սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ ի թիվս այլ թեմաների` նախագահը բավականին կոշտ և հաստատակամ անդրադարձավ սահմանային լարվածությանը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու սադրիչ գործողություններին:
Վստահ ենք, որ մեր պայքարը շարունակական է լինելու, կամքը անկոտրում, նպատակն արդարացված, հաղթանակն անսասան:
Դարեր շարունակ մենք հաղթել ենք ոչ միայն զենքով, այլև երգով:Այս տարի համայն հայության մայրաքաղաքը՝ Երևանը, դառնում է 2797 տարեկան. սա ևս մեր ազգի միասնական գոյամարտի հաղթանակն է, որը, ի հեճուկս մեր թշնամիների և ի փառս մեզ, ինչպես միշտ, կնշենք մեծ ոգևորությամբ:
Շնորհավո′ր տոնդ, Երևա′ն, մեր ջերմ և բարի քաղաք: