Monday, May 26, 2014

12-ամյա պարտադիր կրթությունը նաեւ սոցիալակա՞ն խնդիր է լուծում

«Նոր համակարգին անցումը հնարավորություն կտա նաև սոցիալապես անապահով խավի երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ, որը այսօր կրթության զարգացման գերակա ուղղություններից է»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն՝ անդրադառնալով «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, արտահերթ կարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացրած կառավարության նախաձեռնությանը: Նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք, պետության կողմից երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում երաշխավորված անվճար տասներկուամյա կրթության, ներառյալ՝ մասնագիտական կրթությանը, ներառված էր նաեւ նախագահի նախընտրական ծրագրում: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ դա միտված է լուծելու մի քանի խնդիր, բայց նախեւառաջ բարձրացնելու է հասարակության կրթվածության մակարդակը, որն էլ իր հերթին, պատգամավորի համոզմամբ, ուղղակիորեն նպաստում է սոցիալական վիճակի բարելավմանը: «Գաղտնիք չէ, որ 9-րդ դասարանի աշակերտը դեռևս այդքան հասուն տարիքում չէ, որ գիտակցի իր կրթության շարունակականության կարևորությունը, և հիմնականում, որպես կանոն, հասուն տարիքում է, որ նա վերաարժևորում է իր կրթության նկատմամբ իր վերաբերմունքն ու սկսում մեղադրել ծնողներին: Երեխայի սովորելը ոչ միայն երեխայի իրավունքն է, այլև ծնողի պարտավորությունն է: Պատանեկության շեմը գիտակից հաղթահարելու համար այս նախագծով պետությունն էլ է իր վրա պարտավորություն վերցնում՝ որպես յուրաքանչյուր դեռահասի կրթության ապահովման երաշխիք՝ հնարավորություն ընձեռելով ստանալ նաև նախնական մասնագիտական կրթություն: Այսօր գաղտնիք չէ, որ բանվորների, վարորդների, փականագործների, խառատների, մեխանիկների, որակյալ արհեստագործների մեծ պահանջարկ կա, և 12 ամյա պարտադիր կրթության անցումը կարող է լուծել նաև այս խնդիրը՝ առավելապես շեշտը դնելով մասնագիտական կրթության ձեռքբերման վրա: Թեպետ մեզ համար էլ է մտահոգիչ, թե ինչպես կարելի է 18 ամյա երեխային բերել դպրոց, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է ստեղծել մոտիվացիա և մշակել հստակ ծրագրեր: Ինչպես նախկինում էր, որ պարտադիր ուսումնառությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխա հայտնվում էր ուշադրության կենտրոնում, այնպես էլ այս ծրագիրը հնարավորություն կտա լրացնելու այդ բացը, և յուրաքանչյուր սովորող կստանա համապատասխան կրթություն նախնական ուսումնական հաստատություններում կամ միջնակարգ և ավագ դպրոցներում»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: Նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություններ հայտնեցին մարզերում սովորող աշակերտների հետ կապված: Ինչո՞վ է նրանց շրջանցում այս նախագիծը: Քննադատության ենթարկվեց կրկնուսույցների ինստիտուտը, ինչպես նաեւ, տեսակետ հնչեց, որ ընդունելության քննություններում ավարտական ատեստատը հաշվի առնելով կարող է վերականգնել այդ փաստաթղթի ձեւական լինելը եւ լրացուցիչ կոռուպցիայի առիթ տալ՝ Aravot.am-ի հարցերին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ավագ դպրոցների ստեղծումը միտված էր հենց կրկնուսույցների ինստիտուտի վերացմանը, և կրկնուսույցների դեմ պայքարի լավագույն ճանապարհը ավագ դպրոցների կայացումն ու զարգացումն է: «Ավագ դպրոցի նպատակն է, որպեսզի 3 տարիների ընթացքում համապատասխան հոսքում սովորողին մատուցի մասնագիտական կրթության համար այն ակադեմիական գիտելիքների հիմունքները, որը նրան անհրաժեշտ է ինչպես բուհ ընդունվելու, այնպես էլ հետագա մասնագիտական գիտելիքները խորացնելու համար:Բացի այդ, ավագ դպրոցում ձևավորված կրթական միջավայրը նպաստում է ոչ միայն գիտելիքների ձեռքբերմանը, այլև սովորողի մոտ սոցիալական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչը բնականաբար, չի կարող ապահովել կրկնուսույցի ինստիտուտը: Յուրաքանչյուր խնդրի լուծման համար ՝ կապված և մարզերում սովորողների համար, և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հստակ մշակված ծրագիր:Կարծում եմ, որ ընդունելության քննություններում ավարտական ատեստատը հաշվի առնելը կնպաստի սովորողների առաջադիմության և դպրոցի հեղինակության բարձրացմանը»,- ասաց մեր զրուցակիցը: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ կառավարության կողմից ներկայացված ծրագիրը առաջարկում է կրթության մի շարք հիմնախնդիրների լուծումներ. «Ծրագրում կրթության որակի բարելավման նպատակով դրված է կրթակարգը և չափորոշիչները, ծրագրերը և դասագրքերը վերանայելու և բարելավելու հարցը:Հուսով ենք, որ դրանք կենթարկվեն բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների` հաշվի առնելով աշակերտների, ծնողների և մանկավարժների կողմից ներկայացված մի շարք պահանջներ»: Նրա համոզմամբ, կարիք կա բեռնաթափել չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերն ավելի մատչելի, հետաքրքիր, գրավիչ և ինտերակտիվ դարձնել` ապահովելով փոխգործուն համագործակցություն և երկխոսություն` խթանելով սովորողների սովորելու ցանկությունը, նպաստելով նրանց մտածողության զարգացմանը. «Ծրագրում ներառված մի շարք դրույթներ, որոնցից են ուսուցիչների, ուսումնական հաստատության վարչական անձնակազմի շարունակական վերապատրաստումների և նրանց մասնագիտական կատարելագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը` հենված մասնագիտական կարիքների վրա, կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Իսկ մշակութային հաստատությունների և դպրոցի միջև ուղիղ կապի ստեղծումն ու զարգացումը անմիջականորեն կնպաստի աշակերտների գեղագիտական դաստիարակությանը: Կառավարության այս նոր ծրագիրը ապահովում է ոլորտների առաջընթացը և իրատեսական է»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/26/464119

Thursday, May 15, 2014

ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Մայիսի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Արփինե Հովհաննիսյանի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Հեղինակների առաջարկով նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով, քանի որ տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված տույժ-տուգանքների կարգավորումների վերաբերյալ մի շարք առաջարկներ կան, եւ որոշվել է կառավարության հետ համատեղ առաջիկայում քննարկել եւ գտնել ոլորտին առնչվող խնդիրների համապարփակ լուծումը:
Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր. որոշվեց մինչեւ նստաշրջանի ավարտը ոստիկանության ոլորտին առնչվող խորհրդարանական լսումներ անցկացնել:

Sunday, May 11, 2014

. Նոր վերադասավորումները նոր հեռանկարներ են բացում

Խորհրդարանում ՀՀկ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ զրուցում ենք ներքաղաքական իրավիճակի, վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկյացվելիք ՀՀ նոր կառավարության ծրագրի, կրթական հիմնախնդիրների ու ծրագրերի մասին:
DSC08797DSC08795- Տիկին Մուրադյան, նշանակվեց ՀՀ նոր վարչապետ, վերափոխվեց կառավարության կազմը, ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:
- Հայաստանի ներքաղաքական իրավիճակը զարգացման հերթական փուլում է, իսկ վերադասավորումները խոսում են այն մասին, որ ոչինչ կանգնած ու կարծրացած չէ մեզանում, ամեն բան զարգանում է՝ ժամանակին, ծրագրերին, հրամայականին համապատասխան: Նոր վերադասավորումները նոր հեռանկարներ են բացում, ինչու ոչ՝ մարդկանց մոտ նոր հույսեր, և ՀՀ նոր կառավարությունը, որ ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը շատ խոստումնալից է և պետք է իր նոր ծրագրով ու մոտեցումներով կարողանա շատ ու շատ խնդիրներին գործնական պատասխան տալ: Այդպես էլ արվում է, անցած կարճ ժամանակահատվածում նկատեցինք, թե ինչպիսի վճռական քայլեր արվեցին նրա կողմից՝ ուղիղ այցելություններ համայնքներ, հանդիպումներ քաղաքացիների հետ, կոնկրետ խնդրի ուղղությամբ քայլեր, օրինակ, Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի հետ կապված, հանդիպումները Դեմ.եմ շարժման ներկայացուցիչների, տնազրկված բնակիչների հետ: Հովիկ Աբրահամյանի անցած ուղին հենց եղել է պրակտիկ գործունեության տեսքով, կարծում եմ, նրա ամենաուժեղ կողմերից մեկն է և պիտի մեծ հաջողություններ բերի բոլորիս, իսկ առաջիկայում պետք է տեսնենք նոր կառավարության նոր աշխատաձևը, նոր ծրագրերի արդյունքը:
- ՀՀ կառավարության ծրագիրն առաջիկա երկուշաբթի կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու հավանությանը: Դուք, որ մասնավորապես առավել սերտ կապված եք կրթության ոլորտի հետ, որտեղ գերատեսչության ղեկավարը չի փոխվել, այնուամենայնիվ՝ նոր կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք հատկապես այդ ոլորտի համար:
- Նոր մոտեցումներն ակներև են նաև կրթության ոլորտի հետ կապված և կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանն այն քաղաքական գործիչն է, ով երբեք իր կապը մանկավարժների հետ չի խզել, միշտ կարևորել է մանկավարժին և միշտ յուրահատուկ վերաբերմունք է դրսևորել նրանց հանդեպ: Մանկավարժների հոգսերը, մանկավարժության խնդիրները, կրթության համակարգն ընդհանրապես՝ ինչպես մեր պետության համար գերակա ուղղություն են, այնպես էլ՝ այդ գիծն էլ ավելի պետք է զարգացվի բոլորիս կողմից: Մենք ունենք <Դպրոց կենտրոնների միություն>, որն այսօր շատ պրակտիկ կառույց ու պլատֆորմ է մանկավարժների մանկավարժների համագործակցության, խնդիրների անդրադարձման, վերհանման համար: Կարծում եմ՝ համատեղ նաև նոր վարչապետի, կառավարության, կրթության նախարարության հետ մենք էլ ավելի գործնական բնույթ ենք տալու կրթական համակարգում առկա խնդիրներին:
Կրթության ոլորտի ռեֆորմները սկսվել են 1998 թվականից, ավելի կառուցվածքային բնույթ ունեին և վերաբերում էին ուսումնական հաստատությունների կառավարմանը, ֆինանսավորմանը: նախկինում դասարան կոմպլեկտ ֆինանսավորում էր, հետո անցանք աշակերտ թվով ֆինանսավորման, կենտրոնացվածից անցանք ապակենտրոնացված կառավարման համակարգի, փոխվեց նաև ուսումնական համակարգի կազմակերպաիրավական ձևը, ՊՈԱԿ-ներն այլևս կառավարվում են խորհուրդներով, որ բարձրագույն կոլեգյալ մարմին է, որն ընտրում է տնօրենին և որն ինքն իր մեջ տարբեր կառույցների համագործակցություն է՝ մանկավարժներ, համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ: Հետո դասագրքերի ստեղծումն էր, վերապատրաստումները՝ և մանկավարժների, և դպրոցների ղեկավարության, հետո ավագ դպրոցների կազմավորումն է, միջին մասնագիտական ուսհաստատությունների և այլն: Կարծում եմ՝ բոլոր ծրագրերը կմնան ուշադրության կենտրոնում, որովհետև թերևս բոլորը անցել են ճանապարհ, կունենան շարունականություն, բայց ներկայացվելիք ՀՀ կառավարության նոր ծրագրում պետք է, որ ավելանա, իմ կարծիքով արդեն, որ դպրոցների ֆինասավորման հետ կապված, որպեսզի փոփոխություն լինի, առաջարկ ներկայացնենք, որպեսզի դպրոցների տնօրենների վերապատրաստումները վերականգնվեն, որովհետև նրանց վերապատրաստումն այսօր իրականացվում է միայն հավաստագիր ստանալուց առաջ, որից հետո նրանց վերապատրաստման գործընթացը կարծես բաց է մնացել: Դրանք կարծում եմ՝ պետք է լինեն տևական, շարունակական:
- Դուք մինչ պատգամավոր դառնալը Երևանի թիվ 43 դպրոցի տնօրենն էիք, մինչ խորհրդարան գալն ու պատգամավորական գործունեությամբ այսօր օրենսդիր մարմնում գտնվելը՝ պատկերացումների և իրականության համադրության մեջ շատ տարբերություններ ունեն:
- Նախկինում, երբ ինքդ ծրագրի կատարող էիր՝ ընդունված օրենքների, իրավաբանական նորմերի, ապա հիմա հնարավորություն ունեմ ինքս նաև ստեղծելու, իսկ անցած ճանապարհս թույլ է տալիս ասել, որ համակարգի բացերն իմ առջև ոչ վաղ անցյալում ունենալով դրանց լուծումն արդեն օրենսդիրում եմ հնարավորություն ստացել ներկայացնելու և լուծումներ առաջադրելու: նար նախագիծ ենք պատրաստում կրթության որակ հասկացողության հետ կապված, որը սահմանված չէ որևէ օրենքով և հուս ունեմ, որ կրթության մասին մայր օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով կսահմանենք այն, որովհետև այսօր բոլոր փաստաթղթերում հղում է արվում կրթության որակին, մինչդեռ այն նախասահմանված չէ:
- Եթե կարելի է, որպես մանկավարժ ձեր բնորոշումը տայիք խորհրդարանական դահլիճի, խորհրդարանում քաղաքական ուժերի միջև առկա իրավիճակի մասին:
- Ընդհանրապես՝ և խորհրդանաը, և դպրոցը հասարակական ինստիտուտներ են, րտեղ կան տարբերություններ, ուղղակի խորհրդարանում որքան էլ որ խմբակցությունները քաղաքական գծի կրողներն են, ամեն դեպքում յուրաքանչյուր պատգամավորի աշխատանքն ընդհանուր չէ, անհատական է: յուրաքանչյուր պատգամավոր անհատական է կերտում իր ճանապարհը, ինքն է որոշում, պլանավորում աշխատանքները, հանդիպումները, խնդիրների վերհանումը, մամլո ասուլիսներին մասնակցությունը, հոդվածներով հանդես գալը, մինչդեռ դպրոցներում առավել ընդհանուր ծչագիր կա, պահանջ, որին բոլորը ենթարկվում են: Այդ առումով, ես դպրոցից եկա իմ ակտիվությամբ, իսկ ոխրհրդարանում էլ ոչ թե իմ առջև խնդիր դրեցի, որ այստեղ էլ պիտի առավելագույնս ակտիվ լինեմ, այլ բանակնորեն է ամեն ինչ, ու թերևս դա է պատճառը, որ պառլամենտ մոնիտորինգի արդյունքներով, մամուլն է անդրադարձել, որտեղից էլ իմացել եմ, ամենաակտիվ պատգամավորների տասնյակում եմ:
- Առաջիկա շաբաթում ԱԺ արտահերթ նիստում, որտեղ պետք է ներկայացվի ՀՀ կառավարության նոր ծրագիրը, դրա անցկացման համար ՀՀԿ խմբակցությունում մոբիլիզացիա անցկացվո՛ւմ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ-ում ներկայացված 4 գումարած 1 քաղաքական ընդդիմադիր և այլընտրանքային ուժերը թերևս դեմ հանդես կգան կամ չեն մասնակցի քվեարկությանը:
- Խորհրդարանը հենց այն քաղաքական հարթակն է, որտեղ պետք է լինեն կարծիքների բախումներ, պատգամավորները թերևս պետք է անձնական և միջկուսակցական հարաբերություններից վեր կանգնեն և իրականացնեն գաղափարային բախումներ: ես հուսով եմ, որ ծրագրի քննարկումն առողջ մթնոլորտում կանցնի և օգտակար քննարկում կլինի, իսկ ընդդիմության առաջարկությունները պիտի նպաստեն, որ ՀՀ կառավարութւյան նոր ծրագիրն ավելի լավը դառնա: Պետք չէ տարանջատել, թե կառավարության ծրագրին խորհրդարանական մեծամասնությունը պետք է միայն հավանություն տա, ոչ, դա ծրագիր է ամբողջ պետության համար և պատասխանատու ենք բոլորս, իհարկե՝ առաջին հերթին ՀՀ կառավարությունը, որն այդպիսին էլ կա, ՀՀ վարչապետն իր դիրքորոշումներով ու ծրագրերով շատ սկզբունքային է: Պետք է հասկանանք, որ քննարկվող հարցերը պետք է զոըտ գաղափարական հենքի վրա լինեն:
- Տիկին Մուրադյան, Դուք համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր եք, որը կոնկրետ ընտրատարածք չի ենթադրում, սակայն ըստ ոլորտների կամ հանարապետությունում տարածքների ներբաժանման յուրաքանչյուր պատգամավոր որոշակի գործունեություն է իրականացնում որոշակի ոլորտում: դուք հատկապես ո՞ր հատվածի համար եք որոշակիորեն պատասխանատվություն կրում ՀՀԿ կուսակցության մեջ:
- Ես նաև ՀՀԿ կանանց խորհրդի անդամ եմ, կուսակցական, Գաղափարաքարոզչական հանձնախումբն եմ ղեկավարում և բացի այն, որ իմ ոլորտները թերևս կլինեին կրթության համակարգի ներկայացուցիչները, բացի այդ սակայն կանանց խորհրդով հանրապետությունում իրականացնում ենք տարաբնույթ ծրագրեր տարբեր ոլորտներում: Ասել է, թե իմ կապը նաև կանանց ակտիվի հետ է մարզերում ու համայնքներում, իսկ գաղափարաքարոզչականում յուրաքանչյուրս մեր ենթածրագրով ապահովում ենք ամբողջությունն ու կուսակցության գաղափարախոսության տարածմանը:  սեմինարներ ենք կազմակերպում, դասընթացներ, ազգային արժեքների ու հիմնարար երևույթների շուրջ քննարկումներ:
Նյութի աղբյուրը՝ 
http://mitk.am/2014/05/11/%D5%BC%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8/