«Նոր համակարգին անցումը հնարավորություն կտա նաև սոցիալապես
անապահով խավի երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ, որը այսօր կրթության
զարգացման գերակա ուղղություններից է»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն՝ անդրադառնալով
«Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ
կատարելու մասին, արտահերթ կարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացրած կառավարության
նախաձեռնությանը: Նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք, պետության կողմից
երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում երաշխավորված անվճար տասներկուամյա
կրթության, ներառյալ՝ մասնագիտական կրթությանը, ներառված էր նաեւ նախագահի նախընտրական
ծրագրում: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ դա միտված է լուծելու մի քանի խնդիր,
բայց նախեւառաջ բարձրացնելու է հասարակության կրթվածության մակարդակը, որն էլ իր հերթին,
պատգամավորի համոզմամբ, ուղղակիորեն նպաստում է սոցիալական վիճակի բարելավմանը: «Գաղտնիք
չէ, որ 9-րդ դասարանի աշակերտը դեռևս այդքան հասուն տարիքում չէ, որ գիտակցի իր կրթության
շարունակականության կարևորությունը, և հիմնականում, որպես կանոն, հասուն տարիքում է,
որ նա վերաարժևորում է իր կրթության նկատմամբ իր վերաբերմունքն ու սկսում մեղադրել
ծնողներին: Երեխայի սովորելը ոչ միայն երեխայի իրավունքն է, այլև ծնողի պարտավորությունն
է: Պատանեկության շեմը գիտակից հաղթահարելու համար այս նախագծով պետությունն էլ է իր
վրա պարտավորություն վերցնում՝ որպես յուրաքանչյուր դեռահասի կրթության ապահովման երաշխիք՝
հնարավորություն ընձեռելով ստանալ նաև նախնական մասնագիտական կրթություն: Այսօր գաղտնիք
չէ, որ բանվորների, վարորդների, փականագործների, խառատների, մեխանիկների, որակյալ արհեստագործների
մեծ պահանջարկ կա, և 12 ամյա պարտադիր կրթության անցումը կարող է լուծել նաև այս խնդիրը՝
առավելապես շեշտը դնելով մասնագիտական կրթության ձեռքբերման վրա: Թեպետ մեզ համար էլ
է մտահոգիչ, թե ինչպես կարելի է 18 ամյա երեխային բերել դպրոց, և այդ ուղղությամբ անհրաժեշտ
է ստեղծել մոտիվացիա և մշակել հստակ ծրագրեր: Ինչպես նախկինում էր, որ պարտադիր ուսումնառությունից
դուրս մնացած յուրաքանչյուր երեխա հայտնվում էր ուշադրության կենտրոնում, այնպես էլ
այս ծրագիրը հնարավորություն կտա լրացնելու այդ բացը, և յուրաքանչյուր սովորող կստանա
համապատասխան կրթություն նախնական ուսումնական հաստատություններում կամ միջնակարգ և
ավագ դպրոցներում»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: Նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիր
պատգամավորները մտահոգություններ հայտնեցին մարզերում սովորող աշակերտների հետ կապված:
Ինչո՞վ է նրանց շրջանցում այս նախագիծը: Քննադատության ենթարկվեց կրկնուսույցների ինստիտուտը,
ինչպես նաեւ, տեսակետ հնչեց, որ ընդունելության քննություններում ավարտական ատեստատը
հաշվի առնելով կարող է վերականգնել այդ փաստաթղթի ձեւական լինելը եւ լրացուցիչ կոռուպցիայի
առիթ տալ՝ Aravot.am-ի հարցերին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ավագ դպրոցների
ստեղծումը միտված էր հենց կրկնուսույցների ինստիտուտի վերացմանը, և կրկնուսույցների
դեմ պայքարի լավագույն ճանապարհը ավագ դպրոցների կայացումն ու զարգացումն է: «Ավագ
դպրոցի նպատակն է, որպեսզի 3 տարիների ընթացքում համապատասխան հոսքում սովորողին մատուցի
մասնագիտական կրթության համար այն ակադեմիական գիտելիքների հիմունքները, որը նրան անհրաժեշտ
է ինչպես բուհ ընդունվելու, այնպես էլ հետագա մասնագիտական գիտելիքները խորացնելու
համար:Բացի այդ, ավագ դպրոցում ձևավորված կրթական միջավայրը նպաստում է ոչ միայն գիտելիքների
ձեռքբերմանը, այլև սովորողի մոտ սոցիալական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը,
ինչը բնականաբար, չի կարող ապահովել կրկնուսույցի ինստիտուտը: Յուրաքանչյուր խնդրի
լուծման համար ՝ կապված և մարզերում սովորողների համար, և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու
համար անհրաժեշտ է հստակ մշակված ծրագիր:Կարծում եմ, որ ընդունելության քննություններում
ավարտական ատեստատը հաշվի առնելը կնպաստի սովորողների առաջադիմության և դպրոցի հեղինակության
բարձրացմանը»,- ասաց մեր զրուցակիցը: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ կառավարության
կողմից ներկայացված ծրագիրը առաջարկում է կրթության մի շարք հիմնախնդիրների լուծումներ.
«Ծրագրում կրթության որակի բարելավման նպատակով դրված է կրթակարգը և չափորոշիչները,
ծրագրերը և դասագրքերը վերանայելու և բարելավելու հարցը:Հուսով ենք, որ դրանք կենթարկվեն
բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների` հաշվի առնելով աշակերտների, ծնողների
և մանկավարժների կողմից ներկայացված մի շարք պահանջներ»: Նրա համոզմամբ, կարիք կա բեռնաթափել
չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերն ավելի մատչելի, հետաքրքիր, գրավիչ և ինտերակտիվ
դարձնել` ապահովելով փոխգործուն համագործակցություն և երկխոսություն` խթանելով սովորողների
սովորելու ցանկությունը, նպաստելով նրանց մտածողության զարգացմանը. «Ծրագրում ներառված
մի շարք դրույթներ, որոնցից են ուսուցիչների, ուսումնական հաստատության վարչական անձնակազմի
շարունակական վերապատրաստումների և նրանց մասնագիտական կատարելագործմանն ուղղված ծրագրերի
իրականացումը` հենված մասնագիտական կարիքների վրա, կնպաստեն կրթության որակի բարձրացմանը:
Իսկ մշակութային հաստատությունների և դպրոցի միջև ուղիղ կապի ստեղծումն ու զարգացումը
անմիջականորեն կնպաստի աշակերտների գեղագիտական դաստիարակությանը: Կառավարության այս
նոր ծրագիրը ապահովում է ոլորտների առաջընթացը և իրատեսական է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/26/464119/
No comments:
Post a Comment