Wednesday, May 20, 2015

Հանդիպում Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ջոհն Փադըֆութի հետ





Մայիսի 20-ին ԱԺ պատգամավոր, ՙԴպրոց-կենտրոնների միություն՞ իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը հանդիպում ունեցավ Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ջոհն Փադըֆութի հետ:Քննարկվեցին Դպրոց-կենտրոնների միություն- Դիլիջանի միջազգային դպրոց համագործակցությանն ուղղված ծրագրեր:

Tuesday, May 19, 2015

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մայիսի 19-ի ելույթը հայտարարությունների ժամին



Մայիսի 14-15-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որև կազմակերպվել էր բարձր մակարդակով:Բոլոնիայի գործընթացը միավորում է 47 եվրոպական երկրներ:Բոլոնյան գործընթացի մեջ հատկապես ուզում եմ կարևորել նրա քաղաքակրթական նշանականությունը, որը հնարավորություն է տալիս  համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերնդի ձևավորմանը:
Գաղտնիք չէ, որ քաղաքակրթության առաջ կանգնած բազմաթիվ խնդիրների լուծումը թաքնված է քաղաքացու դաստիարակության մեջ, համամարդկային արժեքներ կրող հասարակության մեջ։ Այսօր աշխարհը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և այդ մարտահրավերների լուծման ճանապարհը կրթությունն ու դաստիարակությունն է:
Հետաքրքիր է, որ Իսլանդիայում կրթություն նշանակում է մարդ դառնալ, -ինչպես նշեց Իսլանդիայի կրթության նախարարը:
Այսօր մենք էլ մեր ուշադրությունը պիտի բևեռենք այս կարևոր հիմնահարցին, որ քաղաքացու դաստիարակությանն ուղղված ծրագրերը չափազանց կարևոր են կրթության բոլոր աստիճաններում:
Հոգևոր և բարոյական դաշտի ձևավորման գործում առաջնային կարևորության խնդիրը դաստիարակության և արժեքային համակարգի ստեղծումն է:
Բարոյական, հոգևոր դաստիարակությունը և դրանք պայմանավորող արժեքային համակարգի բացակայությունն ազգային անվտանգության տեսանկյունից առանցքային  վտանգ ներկայացնող խնդիրներ են:  Այն պարզ պատճառով, որ նույնիսկ ամենից սպառազինված բանակ և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալու դեպքում անգամ, եթե պետության բնակիչների մոտ բացակայում է տվյալ երկրի քաղաքացու բարոյական դաստիարակությունը, ցանկացած պահի կարելի է կորցնել ամեն ինչ:Եվ այս ոլորտում մենք շատ անելիքներ ունենք: Պետք է մեկտեղենք մեր ուժերը, ստեղծենք բավարար իրավական նորմատիվային հենք՝ ունենալու դաստիարակության այնպիսի համակարգ, որը ապահովում է ազգի և, ընդհանրապես, Հայաստանի հասարակության համախմբվածությունը և հոգևոր-արժեքային ընդհանրականությունը:  
Շատ կարևոր է դաստիարակության մասին օրենքի ստեղծումը, որի հիմքում պետք է դրվեն երեխաների պահանջմունքներն ու իրավունքները, ազգային և Հայ Առաքելական Եկեղեցու արժեքները, ավանդույթներն ու գաղափարախոսությունը, հումանիստական և բնապահպանական աշխարհայացքը:Այն պետք է ներառի Երեխաների և երիտասարդների  դաստիարակության համակարգ, Երեխաների և երիտասարդների  դաստիարակության ծրագրեր, Երեխաների և երիտասարդների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը դաստիարակչական գործընթացում:

Չմոռանանք, որ մարդ կերտելը ամենամեծ արվեստն է:

Thursday, May 14, 2015

Երևանում մեկնարկեց Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 14-ին մեկնարկեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ: 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:








Wednesday, May 6, 2015

Ընդդիմադիրնե՞րն են մեղավոր, որ Հայաստանում ընտրությունները լավը չեն


Ընդդիմադիրնե՞րն են մեղավոր, որ Հայաստանում ընտրությունները լավը չենՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը`Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին 
Հայաստանյան խորհրդարանական պատվիրակության մեջ դիտորդական առաքելությամբ հետեւում էիք Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրություններին: Ի՞նչ տպավորություններ ստացաք: 


– Հպարտությամբ պիտի նշեմ, որ ականատեսը եղա ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների, որը բարձր մակարդակով էր կազմակերպված, և դրանով Արցախը աշխարհին ներկայացավ որպես ժողովրդավարության լավագույն օրինակ: Շրջեցինք ընտրական տեղամասերով, որտեղ ականատես եղանք ընտրությունների անցկացման բնականոն ընթացքի: Ժողովրդի մասնակցությունը մեծ էր, մարդիկ ուրախությամբ և ոգևորությամբ էին մասնակցում: Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը գրանցեց ևս մեկ հաջողված ընտրություն: 

-ԼՂՀ ընտրություններին մասնակցող դիտորդները դրական գնահատեցին դրանց ընթացքը: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիրներն էլ էին գոհ ընտրական գործընթացներից: Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ արցախցիներին հաջողվում է կատարելագործել ընտրական համակարգն ու ընտրական գործընթացներն` ի տարբերություն Հայաստանի: Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն` հաջորդների հետ համեմատ, կատարելագործվում են ընտրակեղծիքները: Իր գոյության 25 տարիների ընթացքում հայաստանյան որեւէ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ գոհունակություն կամ դրական վերաբերմունք չի արտահայտել ընտրական գործընթացների վերաբերյալ: 
– Ուզում եմ հարցի պատասխանը սկսել վերջին պարբերությունից: Նախ` Հայաստանի ընտրությունների մասին:Որպեսզի ընդդիմադիր գործիչները օբյեկտիվ գնահատեին ընտրական գործընթացը, անհրաժեշտ էր, որ նրանք մասնակցեին՝ օգտվելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում իրենց ընձեռված ավելի լայն հնարավորություններից: Ինչպես գիտենք՝ ըստ նոր փոփոխությունների՝ հավասար հնարավորություններ տրվեց բոլոր քաղաքական ուժերին մեծացնելու իրենց ներկայացուցիչների թիվը ընտրական հանձնաժողովներում, ընդգրկել ավելի մեծ թվով վստահված անձեր և դիտորդներ, որը սակայն չկարողացան ամբողջովին իրացնել մեր ընդդիմադիրները: Հետևաբար` առանց մասնակցելու, դիտարկելու և վերահսկելու՝ գնահատականներ տալը չի կարող օբյեկտիվ լինել: Չմոռանանք, որ միջազգային դիտորդներն էլ տվել էին դրական գնահատականներ՝ նշելով առաջընթացը ՀՀ-ում անցկացվող ընտրություններում: Իսկ ինչ վերաբերում է Արցախի ընտրություններին՝ ընտրական գործընթացի կատարելագործման վերաբերյալ հնչել են բազմաթիվ դրական կարծիքներ միջազգային դիտորդների կողմից: Ներկա էին մոտ 25 երկրներից 100-ից ավելի դիտորդներ, որը վկայում է այն մասին, որ Արցախն իրոք հետաքրքրական է աշխարհի համար: Նրանք նշել են ընտրությունների կազմակերպվածության և ժողովրդավարականության բարձր մակարդակի մասին և համեմատել առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ: 
ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԱՄՆ-ն հայտարարեցին, որ չեն ճանաչում Արցախը, ընտրությունները, որպես անկախ սուվերեն պետություն: ԵԱՀԿ ՄԽ-ի երկրներից Ֆրանսիան ու ՌԴ-ն, սակայն, ողջունեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Դա շահարկվեց ադրբեջանական մամուլում` նշելով, որ Արցախում կայացած ընտրությունները արեւմուտքը ոչ լեգիտիմ է համարում: Հասկանալի է, որ ներկա փուլի համար նման դիվանագիտական ձեւակերպումներ պետք էր ակնկալել արեւմուտքից, բայց արդյոք ավելի զգուշավոր չպետք է լինեն Մինսկի խմբի համանախագահները` չկարգավորված հարաբերություններն ավելի չբարդացնելու համար: 
-Այստեղ էականն այն է, որ անգամ չընդունելով այս ընտրությունների արդյունքները, մեր միջազգային գործընկերները շատ կարևոր փաստ են արձանագրել, քանի որ ընդունել են Արցախի ժողովրդի կամքի դրսևորումն ու նրանց դերը իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Հետևաբար, սա շատ լավ օրինակ է բոլորի հայացքը ևս մեկ անգամ ուղղել Արցախի ինքնուրույնությունը ճանաչելու կարևոր փաստին, որտեղ ամբողջովին արտահայտված է Արցախի ժողովրդի կամքը: Արցախի ժողովուրդը ինքն է ընտրում իր ապագան, և ժամանակն է այդ փաստը հաշվի առնել: Զրույց`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/06/568727/