Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Պողոսյան, մի քանի հարց ունեմ: Առաջինը ուղղված է Սահմանադրության մեջ ամրագրված կայուն զարգացման սկզբունքին, որը կայուն զարգացման սկզբունքին, որը շրջակա միջավայրի պահպանության հոդվածում է, հոդված 11-ում: Արդյոք նպատակահարմա՞ր է սկզբունքը նշել որեւէ հոդվածում, որպեսզի էլ ավելի ընդգծենք կարեւորությունը, այսինքն` Սահմանադրության ձեւակերպման տեսանկյունից, որովհետեւ այլ հոդվածներում, որոնք պակաս կարեւորություն չունեն, սկզբունքային մոտեցումները նշված չեն:
2-րդ հարցը վերաբերում է 55-րդ հոդվածին: Իհարկե, շատ ուրախալի է, որ երեխայի ծննդյան կամ որդեգրման հետ կապված, արդեն 2 աշխատող ծնողներին տրվում է արձակուրդ ունենալու իրավունք: Բայց, այստեղ չի նշվում վճարովի՞, թե՞ անվճար արձակուրդ, թե՞ դա հետագայում օրենքով կկարգավորվի:
3-րդը` կառավարության գործառույթների մեջ, Սահմանադրության մեջ տեսանք, որ կառավարությունը կարող է հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, բայց այդ նախաձեռնությունները հետ կանչելու հետ կապված ինչ-որ դրույթ, ես չտեսա: Դա կա՞ ամրագրված, եւ եթե կա, ապա` որտե՞ղ:
Վ.ՊՈՂՈՍՅԱՆ
-Շնորհակալություն, տիկին Մուրադյան: Կայուն զարգացման սկզբունքը կարեւորագույն սկզբունք է, եւ վերջին տարիներին, իսկապես, մեծ նշանակություն ունի, հատկապես ՄԱԿ-ի կողմից, ՄԱԿ-ի շրջանակներում է այդ սկզբունքը մշակվել եւ իր հետագա զարգացումը գտել: Մենք Սահմանադրական հանձնաժողովում առաջին հերթին կայուն զարգացման սկզբունքը ներառել ենք շրջակա միջավայրի պաշտպանության առումով, որովհետեւ դա ուղղակի պատճառահետեւանքային կապի մեջ է, շատ առողջ շրջակա միջավայր ունենալու հետ, եւ կարծում ենք, որ համապատասխան ձեւակերպումը սահմանադրական կարգի հիմունքներում արդարացված է:
Իհարկե, կարելի էր նաեւ հետեւել այլ սահմանադրությունների տրամաբանությանը, շարադրանքին, եւ կայուն զարգացման սկզբունքը, որպես ինքնուրույն սկզբունք ամրագրել: Բայց կայուն զարգացման սկզբունքի մյուս բաղադրատարրերը` տնտեսական, սոցիալական բաղադրատարրերը, արդեն իսկ բացված են մեր Սահմանադրության փոփոխությունների նախագծում, նաեւ գործող Սահմանադրությունում, եւ քանի որ առաջնահերթ նշանակություն կայուն զարգացման սկզբունքը ունի շրջակա միջավայրի պահպանման հետ կապված, մենք առաջարկել ենք հենց այն ձեւակերպումը, որը նախագծում ամրագրված է:
Ինչ վերաբերում է 55-րդ հոդվածին, ապա, բնականաբար, վճարովի-անվճար արձակուրդների հետ կապված խնդիրը պետք է օրենսդրի հայեցողությանը թողնել: Կառավարության օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված, գործող Սահմանադրության 75-րդ հոդվածը 2-րդ մասում ամրագրում է, որ կառավարությունը կարող է սահմանել իր կողմից ներկայացված օրինագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որպեսզի դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելու ուղղումներով:
Մենք այս հարցը բավականին երկար ենք քննարկել ինչպես Սահմանադրական հանձնաժողովում, այնպես էլ ի թիվս այլոց` ՀՀԿ խմբակցության հետ, եւ կարծում ենք, որ պառլամենտական համակարգին անցնելու պայմաններում նպատակահարմար չէ գործող Սահմանադրության 75-րդ հոդվածի 2-րդ մասի պահպանումը: Դա կիսանախագահական համակարգերին շատ բնորոշ է, որտեղ նաեւ ինստիտուցիոնալ հակասություններ, մի կողմից կառավարության, մյուս կողմից` պառլամենտի, կարող են շատ մեծ լինել:
Պառլամենտական համակարգում, ես կարծում եմ, որ ամենահարիր լուծումը կկայանա նրանում, որպեսզի կառավարությանը հնարավորություն տրվի ցանկացած ժամանակ, երբ որ կառավարությունը տեսնում է, որ իր կողմից ներկայացված նախագիծը պատգամավորների առաջարկների հիման վրա այնպես է ձեւափոխվում, որ այլեւս չի համապատասխանում կառավարության կողմից ներկայացված օրինագծով հետապնդվող նպատակներին, ապա այդ պարագայում, իմ կարծիքով նպատակահարմար կլինի, որպեսզի կառավարությանը հնարավորություն տրվի հետ կանչել այդ օրինագիծը: Կարծում եմ, որ այդ առաջարկությունը, եթե ներկայացվի պաշտոնապես, Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, ամենայն լրջությամբ կուսումնասիրվի Սահմանադրական հանձնաժողովի կողմից:
Իմ անձնական կարծիքով, դա կլինի շատ բնական, եւ մի կողմից կապահովի կառավարության օրինագծերի այնպիսի քննարկումը, որը հնարավորություն կտա կառավարությանը իրագործել կառավարության ծրագրով նախատեսված իր խնդիրները, եւ մյուս կողմից նաեւ պառլամենտին հնարավորություն կտա ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու այդ նախագծերի նկատմամբ: Այսքանը:
17.09.2015թ.