Saturday, July 16, 2016

Երկրի զարգացումն ապահովում է կրթությունը

ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը` կրթական բարեփոխումների մասին 

-Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շեշտադրեց կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: Կրթության եւ գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաեւ բուհական կրթության արդյունավետության բարձրացումը: Ձեր տեսանկյունից՝ ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ համակարգում:
 – Բնականաբար, նորություն չէ, որ կրթական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտություն միշտ էլ կա, այն անընդհատ փոփոխվող ոլորտ է եւ պետք է համապատասխանի ժամանակակից մարտահրավերներին, անձի, հասարակության, պետության կարիքներին ու պահանջներին: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթական համակարգի բարելավմանը, կրթության որակի բարձրացմանը, միջազգային ոլորտում երկրի մրցունակության ապահովմանը: Հայաստանի հանրակրթության ոլորտի վերջին տարիների բարեփոխումներում առանցքային տեղ են զբաղեցնում ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ կրթության բովանդակության հարցերը: Անհրաժեշտ է շարունակել ուսուցիչներին ցուցաբերվող մասնագիտական աջակցությունն ու իրականացնել վերապատրաստման թեմատիկ դասընթացներ՝ հիմնվելով ուսուցիչների կարիքների եւ մասնագիտական զարգացման պահանջարկի վրա։ Վերջին տարիների օրենսդրական փոփոխությունները բավականին հստակություն են մտցրել ուսուցիչների կարգավիճակի, մասնագիտական զարգացման, ատեստավորման եւ տարակարգի շնորհման խնդիրների ուղղությամբ։ Այսօր մանկավարժներին եւ ծնողներին հնարավորություն է տրված մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ընդգրկվելով դպրոցի կառավարման խորհրդի կազմում: Մանկավարժները նաեւ հնարավորություն ունեն ստեղծագործաբար մոտենալու դասապրոցեսին, առաջարկներ ներկայացնելու չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման ուղղությամբ։ Այսինքն՝ շատ կարեւորվում է նրանց գործուն դերակատարումը, եւ նրանք էլ պետք է դառնան բարեփոխումներ իրականացնող սուբյեկտներ: Ընդհանրապես, կրթության ոլորտի բարեփոխումները պետք է ապահովեն կրթության շարունակականությունը՝ ներառելով կրթության բոլոր աստիճանները եւ դրանց համապատասխան օրենսդրական, կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունները, որոնք էլ ներկայումս իրականացվում են: 
– Իր նշանակման առաջին իսկ օրը Լեւոն Մկրտչյանը հայտարարեց իր նախորդի` Արմեն Աշոտյանի, այսպես ասած, սխալները սրբագրելու մասին: Շատերի կողմից նրա այդ քայլը քննադատվեց: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
 – Բոլորս գիտենք, որ կրթությունը պետության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, եւ պետության կողմից կրթության ապահովումը, դրա կազմակերպումն ու պայմանների բարելավումը բխում են վերջինիս շահերից: Եթե կան կրթության պետական զարգացման ծրագիր եւ այս ծրագիրը իրականացնելու բարեփոխումների տեսլական, որտեղ մատնանշված է պետության զարգացման հստակ ճանապարհը, մասնավորապես՝ կրթության ոլորտում, ապա անձերի փոփոխությունը չի կարող էականորեն ազդել հստակ մշակված եւ արդեն հաստատված կրթության պետական զարգացման ծրագրի վրա: Ինչպես արդեն վերեւում նշեցի՝ կրթության ոլորտը մշտապես գտնվում է բարեփոխումների շարունակական գործընթացում, եւ ընթացող փոփոխությունները չեն կարող կտրուկ կատարվել, այլ պետք է լինեն դինամիկ եւ ապահովեն նախորդի շարունակությունը: – Նախարար Լեւոն Մկրտչյանը մի առիթով ասել է, որ համակարգի ամենաչկայացած օղակներն ավագ դպրոցներն են եւ մագիստրատուրաները: Այդ խնդիրների մասին խորհրդարանում էլ է բազմիցս խոսվել: Տվյալ ոլորտներում ի՞նչ թերություններ կառանձնացնեք, ի՞նչ լուծումներ եք տեսնում: 
– Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները վերջին տարիներին ուղղված էին նաեւ ավագ դպրոցի կայացմանը: Ավագ դպրոցն ինքնին միջնակարգ ընդհանուր կրթության կազմակերպման վերջին աստիճանի լավագույն ձեւերից մեկն է, որը, սակայն, որպես նոր մոդել դեռեւս կատարյալ չէ: Ավագ դպրոցներում ուսումնական պլանը պետք է բավարարի ավագ դպրոցների շրջանավարտների կրթական կարիքներին, իսկ ավագ դպրոցի աշակերտի նպատակը հիմնականում բուհ ընդունվելն է, դա է պատճառը, որ ուսումնառության վերջին տարիներին աշակերտների հետաքրքրության շրջանակը մյուս առարկաների նկատմամբ նվազում է, եւ նրանք ուշադրությունը կենտրոնացնում են հիմնականում այն առարկաների վրա, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար: Հետեւաբար ավագ դպրոցի ուսպլանը պետք է վերանայվի, դառնա ավելի ճկուն եւ համապատասխանեցվի ավագ դպրոցի աշակերտների կրթական պահանջներին, որպեսզի նրանք իրենց նպատակին հասնելու ճանապարհին չօգտվեն կրկնուսույցների ծառայությունից: Շատ կարեւոր է նաեւ, որ ավագ դպրոցը զարգացնի աշակերտների մոտ այնպիսի կարողություններ եւ հմտություններ, որոնք կօգնեն բարելավելու իրենց կյանքը, կխթանեն նրանց նախաձեռնողականությունը, ստեղծագործ եւ նորարար մոտեցումներով հանդես գալու, ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունները՝ նպաստելով 21-րդ դարի համապատասխան կոմպետենցիաների ձեւավորմանը: Այս առումով պետք է վերանայվեն ավագ դպրոցի ծրագրերը, առարկաները, մեթոդները, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստումներ կազմակերպվեն ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների համար՝ ուղղված նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակի զարգացմանը: Կարծում եմ, որ դպրոցից բուհ անցումը շատ ավելի հեշտ պետք է լինի, իսկ ավարտելը՝ շատ ավելի դժվար, եւ դժվարությունները հիմնականում պետք է ուղղված լինեն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելուն եւ տարբեր հետազոտական աշխատանքներ կատարելուն: Ի վերջո, բուհական կրթությունն ապահովում է մեր երկրի մասնագիտական հենքը, եւ շատ կարեւոր է, որ մշակվեն ժամանակի մարտահրավերներին դիմակայող կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երիտասարդների մտավոր ներուժի զարգացմանը: Գիտելիքահեն տնտեսություն ունենալու համար պետք է կարողանանք այսօր աշխատաշուկայում ապահովել բարձրակարգ մասնագետներ, որոնք էլ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման երաշխիքն են: 
– Լեւոն Մկրտչյանին շատերն անցումային նախարար են համարում. այս տեսանկյունից, ի՞նչ եք կարծում, կհաջողի՞ նա համակարգում մեկնարկող բարեփոխումների այս գործընթացում:
 – Նշեմ, որ բարեփոխումների գործընթացը նոր չի մեկնարկել, այն սկսվել է դեռեւս 1998թ.-ից, երբ նախարարը հենց Լեւոն Մկրտչյանն էր: Ինչպես արդեն նշեցի վերեւում՝ բարեփոխումների գործընթացը շարունակական է եւ հաջորդում է նախորդ փուլին կամ ծրագրին, որն ուղղված է կրթական համակարգի տվյալ ժամանակահատվածի խնդիրների լուծմանն ու բացերի լրացմանը, ինչպես նաեւ հասարակության զարգացմանն ու սոցիալ-տնտեսական առաջընթացին: Իսկ կրթությունն ընդհանրապես արտացոլում է պետության` որպես ամբողջական համակարգի զարգացման պահանջմունքը, եւ վերջին հաշվով ընդգրկում է հասարակության, պետության շահերը՝ հաշվի առնելով կրթության ոլորտում պետության վարած քաղաքականությունը: Զարմանալի չէ, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում, քանի որ անցնում է բոլորիս ընտանիքներով, եւ այն մեր երեխաների ապագան է: Այս ամենով հանդերձ՝ բոլորս հետեւողական պետք է լինենք կրթության ոլորտում առկա խնդիրների ճիշտ եւ արդյունավետ լուծմանը, քանի որ կրթության միջոցով է հարթվում երկիրը դեպի զարգացում տանելու բոլոր ճանապարհները:  

 Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ  «Առավոտ» 16.07.2016 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/07/18/716672/ 

Thursday, July 7, 2016

Ի՞նչ տվեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստանին




         Անշուշտ, Հռոմի Պապի այցելությունը Հայաստան մեր պատմության մեջ կփորագրվի  ոսկե տառերով: Ակնհայտ էր, որ Հռոմի Պապի այցը Հայաստան կարևոր իրադարձություն էր մի քանի առումներով:Այն նախ պատմական նշանակություն ուներ Հայաստանի համար: Իր ուխտագնացությամբ աշխարհի ուշադրությունը հրավիրեց քրիստոնեությունը առաջինը ընդունած երկրի վրա: Այս օրերին Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում էր: Համաշխարհային ամենահեղինակավոր պարբերականների և ԶԼՄ- ների ուշադրության կիզակետում  էր Հռոմի Պապի Հայաստան այցելությունը: Միջազգային առաջատար լրատվամիջոցներն առանձնակի ակտիվությամբ անդրադարձան Հայաստանում Հռոմի պապի հանդիսապետությամբ էկումենիկ արարողությանը և Խաղաղության Աղոթքին, նրա ` նախապես պատրաստված ելույթից շեղվելուն,  Ցեղասպանություն եզրույթի օգտագործմանը և այլն: Մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, այնուհետ հավելեց.  
Համոզված եմ, որ քաղաքական հարթակում էլ նրա այցը Հայաստան հզոր ազդեցություն ունեցավ և հետագայում էր կունենա շատ երկրների համար վերանայելու իրենց դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, ինչպես եղավ օրինակ Գերմանիայի դեպքում, երբ Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Հատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ նախապես այն պլանավորվում էր որպես տարածաշրջանային այց, սակայն Հռոմի պապը առանձնացրեց Հայաստանի այցելությունը և որոշեց Վրաստան և Ադրբեջան այցելել ավելի ուշ:Ամբողջ աշխարհին նա ցույց տվեց իր համակրանքը Հայաստանի նկատմամբ,  իր մասնակցությունը հայժողովրդի պատմության խնդիրներիննաև իր հիացմունքը մեծագույն ավանդույթների նկատմամբ:
Հռոմի Պապի այցելությունը նաև խորին խորհուրդ ուներ իր մեջ, որի հիմքում սերն էր. <այնպիսի սերը, որ խոնարհվում է և նվիրվում, այն քրիստոնեական կյանքի օրհնյալ յուղն է, հոգևոր թանկարժեք բալասանը, որ առողջացնում է, զորացնում և սրբացնում>,- ինչպես իր խոսքում նշեց Հռոմի Պապը:
Հռոմի պապի այցելությունը նաև քրիստոնեական հավատի, խաղաղության, հաշտության, միասնության և փոխադարձ սերը կրկնապատկելու անհրաժեշտության կոչ էր ողջ աշխարհին, ինչպես նաև յուրատեսակ պատգամ էր յուրաքանչյուր անհատի համար  վերաիմաստավորելու կյանքի արժեքները: Կրկին մեջբերեմ Հռոմի պապի այն խոսքերը, որ §բոլորս կյանքում կոչված ենք կամուրջներ կառուցելու, այլ ոչ թե բաժանարար պատնեշներ, և մենք միշտ ավելի միասնական պետք է լինենք հավատի և սիրո մեջ՝ փոխադարձ հարգանքով և երկխոսությամբ՝ առաջնորդվելով այն գիտակցումով, որ միակ մրցույթը դա ստուգելն է, թե ով կարող է ավելի մեծ սեր նվիրել>:

Ա. Հակոբյան

Նյութի աղբյուրը՝