25 տարի առաջ մենք վերականգնեցինք մեր պետականությունը ավելի
քան 600-ամյա դադարից հետո:
Անկախության 25 տարիների
ընթացքում մենք հստակ կարող ենք արձանագրել ձեռքբերումներ բոլոր ոլորտներում:
Զուգահեռներ տանելով մեր այսօրվա և 90-ական թվականների Հայաստանի միջև՝ ակնհայտ է
մեր կարողությունների և հնարավորությունների
հսկայական տարբերությունը: Մեզ հաջողվել է ստեղծել հզոր բանակ, որը մեր
ապահովության երաշխիքն է: Այսօր ունենք ազգային արժեհամակարգով դաստիարակված և
հայրենասեր երիտասարդ սերունդ, որն ունի երկրի առաջընթացին սեփական ջանքերով նպաստելու ձգտում, կայացել է քաղաքացիական
հասարակության ինստիտուտը: Այսօր առավել
քան երբևէ մեր նորանկախ պետության մեջ գնահատվում և արժևորվում է ազատ խոսքը, ինչը
ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ժողովրդավարության զարգացման ճիշտ ուղու վրա
ենք:
Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման
օրվանից դիմակայել է անցյալի մարտահրավերների հետևանքներին և նոր մարտահրավերներին:Եվ
այդ ամենը մեզ աչալուրջ լինելու և մեր ուժերը մեկտեղելու պահանջ են ներկայացնում:
Անհրաժեշտ է ամրացնել ազգային
համաձայնության հենքը, որից պետք է սկսվի
երկրի զարգացման նոր փուլը:
Մենք գիտենք համախմբվել
պատերազմի ու վտանգի ժամանակ, սակայն շատ կարևոր է
համախմբվել նաև խաղաղ պայմաններում, որպեսզի հաղթենք ներքին և արտաքին, տնտեսական,
իրավական և բարոյական պատերազմներում ևս:
Սա է մեր նման փոքր երկրի փոքր հնարավորություններով մեծ խնդիրներ լուծելու
միակ ճանապարհը:
Այոˊ, այսօր մեր երկրում կան դեռևս չլուծված խնդիրներ: Սակայն մենք դրսևորում
ենք քաղաքական կամք երկրի ապագայով շահագրգռված բոլոր ուժերի հետ բաց
համագործակցության՝ խնդիրների կառուցողական լուծման նպատակով: Սա մեր գործելաոճն է.
բաց, թափանցիկ, լավագույն արդյունքին միտված համագործակցություն: Ունենք
համագործակցության հաջողված օրինակներ, մասնավորապես սահմանադրությունը լայն
քննարկումների արդյունքում դարձավ ազգային համաձայնության փաստաթուղթ, ինչին
հաջորդեցին ընտրական օրենսգրքի բաց քննարկումները՝ ներգրավելով քաղաքացիական
հասարակության և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, բոլոր այն շահագրգիռ
անձանց, ովքեր ունեն առաջադեմ գաղափարներ և համագործակցելու ցանկություն:
Երկիրը դեպի զարգացում տանող բարեփոխումների այս
ճանապարհով էլ շարժվում ենք առաջ: Այլ բան է, որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ փորձում
են յուրաքանչյուր փոփոխություն ծառայեցնել
ի նպաստ իրենց նեղ անձնական կամ քաղաքական շահերի՝ հասարակության պառակտման և
քայքայման տարբեր հնարքներ գործադրելով և միայն
մեղավորներ փնտրելով: Հեշտ է ժողովրդին
մոլորեցնել՝ անընդհատ ներկայացնելով միայն չլուծված խնդիրները, մինչդեռ անհրաժեշտ
է ներկայացնել նաև հաղթահարված դժվարությունները և արժևորել
ձեռքբերումները: Չմոռանանք, որ դրանց մենք հասել ենք միասին:
Այս 25 տարիների ձեռքբերումներով ամփոփում և փակում
ենք մեր պատմության մի էջ և մտնում ենք մի նոր փուլ, որը լի է հզոր հայրենիքի տեսլականով և այն կյանքի կոչելու վճռականությամբ ու քաղաքական
կամքով:
Շնորհավո'ր տոնդ, Հայաստա'ն: Թող անկախությունդ միշտ
քայլի խաղաղության հետ ձեռք ձեռքի տված:
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝
https://www.youtube.com/watch?v=d-HdBO04YUs
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝
https://www.youtube.com/watch?v=d-HdBO04YUs
13.09.2016թ.
Նյութի աղբյուրներ՝
http://armlur.am/580422/
http://armarlur.com/69019-2/?utm_campaign=shareaholic&utm_medium=facebook&utm_source=socialnetwork
http://henaran.am/223028.html
http://www.aravot.am/2016/09/13/734854/
http://iravunk.com/news/10358
No comments:
Post a Comment