Monday, November 9, 2015

Չնայած դժվարություններին՝ կրթական ոլորտի ծրագրերի թիվը բյուջեով ավելացել է

Կրթական ոլորտին առնչվող ծրագրերի մասին, որոնք ամրագրված են 2016թ-ի պետական բյուջեով, ինչպես նաև ընդհանուր կրթական ոլորտին առնչվող խնդիրների ու առաջնահերթությունների մասին Aysor.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի հետ:

-
Տիկին Մուրադյան, որո՞նք են 2016թ-ի պետական բյուջեի հիմնական մեխերը կրթության ոլորտի համար:

-
Նախ, նշենք, որ հաջորդ տարվա բյուջեն դարձյալ սոցիալական ուղղվածություն ունի ու չնայած դժվարություններին՝ սոցիալական, կրթական ծրագրերը մնալու են ամրագրված բյուջեով: Օրինակ, դասագրքերի հարցում ունենք բավականին լուրջ ներդրումներ և տարրական դպրոցի դասագրքերն անվճար են: Սա, կարծում եմ կարևոր ցուցանիշ է: Բացի այս, նախկինում և այսօր գործող շատ ու շատ ծրագրեր տեղ են գտել նաև 2016թ-ի պետբյուջեի նախագծում, շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ, այդ թվում և միջազգային կառույցների, ավագ դպրոցների կայացման խնդիրը: Մեզանում, կարծես թե, փոքր-ինչ անտեսված է միջին և մասնագիտական կրթության ոլորտը, բայց 2016թ-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթով նաև այս գծով է լուրջ ֆինանսավորում նախատեսվել:

Ուշադրության կենտրոնում կմնա հանրակթությունը և ես այդ մասին նաև քննարկման ժամանակ հայտարարեցի՝ մենք պետք է շարունակական դարձնենք մանկավարժների վերապատրաստումը, քանի որ դրա կարիքն իսկապես կա ու այդ մասին բարձրաձայնում են հենց մանկավարժները: Ի վերջո, դասավանդման նոր մեթոդներ կան, տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, իսկ մենք ձգտում ենք դրանք կիրառել դասավանդման գործընթացում, այնպես որ այս ամենը նոր հմտություններ է պահանջումիհարկե, պետությունը այս խնդիրը փորձեց իր ուշադրությունում պահել և լրացրեց ուսուցիչների ատեստավորմանն ուղղված վերապատրաստումներով, բայց 12 ժամը շատ քիչ է այն մանկավարժի համար, որն ունի զրոյական գիտելիքի մակարդակ և նոր պետք է սկսի սովորել, օրինակ, թե ինչպես օգտվել համակարգչից, էլ չեմ ասում՝ կիրառի: Ուրեմն այս մասով պետք է ժամաքանակ ավելանա, հետևաբար նաև՝ միջոցներ:

-
Դուք արդեն նշեցիք դասավանդման նոր մեթոդների մասին: Որքա՞ն է հասցնում մեր կրթական ոլորտը դրանք ընկալել ու ներդնելու իմաստով:

-
Շատ կարևոր է ուսումնասիրել դասավանդման նոր մեթոդները, որոնք մտածողություն սովորեցնող-զարգացնող, սովորել սովորեցնող-զարգացնող մեթոդներ են: Այո, այս ամենի զինանոցի պակասը կա այսօր ուսուցիչների մոտ, նաև պակաս կա առարկայական չափորոշիչների, որոնց հիման վրա դասավանդումն իրականացնելու վերապատրաստման կարիք անշուշտ ունենք: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր է, որ իրենց արտացոլումը գտնեն բյուջեի նախագծում

-
Բայց կգտնե՞ն, թե դա յուրաքանչյուր դպրոցի խնդիրն է՝ ապահովել մանկավարժներին անհրաժեշտ նյութերով և այլն:

-
Ոչ, սա այն հարցը չէ, որ կարող է լինել դպրոցի լուծելունը միայն: Այս ամենի նկատմամբ ընդհանուր պետական մոտեցում ու քաղաքականություն է պետք և դա արդեն առկա է և սխալ կլինի այդ մասին չարձանագրել: Բայց մանկավարժների շարունակական վերապատրաստումը զարգացող հասարակության պահանջն է, որի պարագայում կունենանք որակյալ կրթություն:

-
Հայտնի է, որ աշխատավարձերի բարձրացում նախագծով նախատեսված չէ, նույնը վերաբերում  է նաև մանկավարժների՞ն:

-
Այս պահին չի նախատեսվում, որովհետև ավելի ծախսերն են շատացել և ավելի նոր պահանջներ ու չափորոշիչներ են առաջ քաշվել, ինչը իր հետ բերելու է կրթակարգի վերանայում: Հիմա նաև Կրթության պետական զարգացման նոր ծրագիրն ենք փորձում մեկնարկել:

-
Տիկին Մուրադյան, ի՞նչ պետք է անենք, որպեսզի  նախարարություն-մանկավարժ կապը լինի ոչ թե տնօրենի միջոցով, այլ հասցեական, քանի որ շատ դեպքերում տնօրենների շահերը գերակա են մանկավարժների խնդիրներից ու մտահոգություններից:

-
Հիմա կստացվի, որ հարմար պահ է «Դպրոց կենտրոնների միությունը» ներկայացնելու համար, բայց միությունը միջին կառույցն է, որ գործում է կրթության նախարարության և յուրաքանչյուր դպրոցի մեջ: Եվ նրա առաքելության նպատակն է, որ սա դառնա այն գործուն հարթակը, որտեղ մանկավարժը բարձրացնի իր կարիքը, իսկ նախարարությունը ականջալուր լինի այդ կարիքին ու դրա հիման վրա կառուցի իր ռազմավարությունը:

-
Ստացվո՞ւմ է:

-
Այո, մենք շատ ենք բարձրաձայնում այդ խնդիրները: «Դպրոց կենտրոնների միությունը» ամեն ամիս հավաքում է տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժների ՀՀ տարբեր մարզերից և մարդիկ մասնակցում են մեծ ակնկալիքներով, մեծ հույսերով: Միությունը հենց այդպես էլ ընկալվում է նույն նախարարության կողմից, որպես յուրատեսակ կրթական լաբորատորիա, որն իր միջով  անցկացնում է դպրոցներից եկող կարիքները, առաջարկները և ներկայացնում դրանք ԿԳՆ-ին: Սա իրոք կարևոր գործընթաց է, որը մշտապես կապ է ապահովում դպրոցների ու նախարարության միջև, իսկ սա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ:

-
Վերջերս կարևորել էիք  ուսուցիչ ընդունելու  չափորոշիչների փոփոխության անհրաժեշտությունը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Առաջիկայում ԿԳՆ-ին կառաջարկվի ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի վերանայում, որովհետև այս կարգի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան հենց մանկավարժների կողմից, որ երբ մանկավարժը գնում է ընդունվելու ոչ թե նրա մանկավարժական գիտելիքը պետք է ստուգվի, այլ մանկավարժի մեթոդական գիտելիքը, մեթոդական պատրաստվածությունը: Ի վերջո, ֆիզիկայի ուսուցիչը ֆիզիկա գիտի և դրա վկայությունն է իր դիպլոմը, բայց արդյո՞ք նա կարող է դասավանդել, տիրապետում է դասավանդման մեթոդիկային՝ սա է խնդիրը:
 
09.11.15, 16:04

ՀՀԿ պատվիրակությունը Չինաստանում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական Կուսակցության հրավերով 2015թ. նոյեմբերի 8-18 ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ, գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ այցելեց Չինաստան: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ կանանց և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արևելագետներ, պատմաբաններ: Այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ՉԺՀ փոխնախագահ Լի Յուանչաոյի, ՉԿԿ ԿԿ միջազգային բաժնի ղեկավարի տեղակալ Չժոու Լիի, ՉԿԿ Շանհայի կենտրոնական կոմիտեի անդամ, գաղափարաքարոզչական հարցերի պատասխանատու Դոնգ Յունհուի, ՉԿԿ Գուայժոուի մարզային կոմիտեի քարտուղար Չեն Գանգի, կուսակցական բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելեց Չինաստանի գիտահետազոտական և վերլուծական առաջատար կենտրոններ: Կողմերը ներկայացրեցին իրենց կուսակցությունների գաղափարաքարոզչական աշխատանքների հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները, միջազգային և տարածաշրջանային ինտեգրացոն գործընթացներում Հայաստանի և Չինաստանի տեղի ու դերի վերաբերյալ սեփական պատկերացումները, տեղեկատվություն փոխանակեցին երկու երկրների ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ:
- See more at: http://hhk.am/hy/news/item/2015/11/20/china/…


Friday, November 6, 2015

Մենք թշնամի Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող ենք դառնում

«Ամենավտանգավոր միտումն այն է, որ մենք թշնամի Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող ենք դառնում ու, առավել ևս, անընդունելի է, երբ մի ամբողջ դիվանագիտական կորպուսից առանձնացնում են մեկին ու քննադատում»,-HayNews.am –ի հետ զրույցում ասում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում երկու օր առաջ հավանության արժանացած հակահայ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի նախնական տարբերակին, որը ներառվեց ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ:
Պատգամավորը հիշեցնում է, որ բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը սերտ կապերի մեջ է Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքի հետ և այդ մասին բարձրաձայն խոսում են անգամ ԵԽԽՎ-ում, այնպես որ՝ դեպքերի նման դասավորվածության պարագայում այլ զարգացում սպասելը գուցե անհեռանկար ու անշնորհակալ գործ է:

«Ամբողջ խնդիրը իրավիճակը ճիշտ չտեսնելն ու ճիշտ չգնահատելն է, ինչպես նաև ինչ-որ մեղավորի գտնելն ու քննադատել: Սրանով, կարծես թե, խնդիրը լուծվում է, այդպես չէ՞: ԵԽԽՎ պատվիրակությունում լուրջ, բանիմաց մասնագետներ են, բայց պետք չէ մտածել, որ պատվիրակության աշխատանքը միշտ հարթ պետք է լինի»,- ասաց նա ու ավելացրեց, որ փոխանակ քննադատենք ԵԽԽՎ-ին, պետք է ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, թե ինչպես են այդ զեկույցները գրվում:

Պատգամավորը հիշեցրեց նաև, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում հայկական պատվիրակության ջանքերով տապալվեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագծում Հայաստանը՝ որպես «ագրեսոր» և «օկուպանտ» ամրագրելու փորձը: Մեր պատվիրակության կատարած աշխատանքի շնորհիվ այդ վտանգավոր նախադասությունը հանվեց զեկույցից:

«Խավիարային դիվանագիտությունը, ցավոք, իրենն անում է և դրա կողքին մեր պայմանները հավասար են: Եվ մենք չենք կարող այդ մրցակցության մեջ ունենալ ցանկալի արդյունքը, եթե չմիավորենք բոլորիս ուժերը. պետք է պետական մտածելակերպ, մոտեցում ցուցաբերվի, քանի որ առանց այդ էլ Եվրոպան տեսնում ենք, թե ինչ որոշումներ է կայացնում: Սա աշխատանք է, որում ամեն ինչ հնարավոր է, բայց փնովելու փոխարեն պետք է մտածել, թե ինչ անել»,- նշեց նա՝ հավելելով, որ սա զեկույցի նախնական տարբերակն է և մինչև հունվար, երբ այն քննարկվելու է, դեռ ժամանակ կա:

HayNews.am