Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմամբ ազդարարվել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեության մեկնարկը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու համար նախարարությունը, որպես կրթության ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմին, մասնագիտական հանրույթի աջակցության անհրաժեշտություն ունի: Բազմիցս խոստովանել եմ, որ գրեթե չկա որևէ կրթական նորամուծություն, որի կապակցությամբ մասնագիտական հանրույթի կարծիքը չտրոհվի: Հետևաբար, Հայաստանում հանրակրթության ոլորտի մասնագիտական մտքի համախմբումն առաջնային խնդիր է, որի կարիքը մենք ունենք, որպեսզի դյուրին լինի նախարարության համար իր քաղաքականությունը տեղերում կյանքի կոչել»,- մասնավորապես նշել է նախարարը:
Նա հավելել է, որ նոր միությունը դիտարկվում է որպես գործընկեր, որին նախարարությունը պատրաստ է որոշակի առաքելություն պատվիրակել' հարթակ հանդիսանալու Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կենտրոնացնելու ու տարածելու համար:
«Այս միությունն իր կարևոր դերակատարությունը կունենա, որպեսզի կարողանանք օբյեկտիվ պատկեր ունենալ տեղի ունեցող գործընթացների մասին, հեշտությամբ կարողանանք տարածել փորձը, նախարարության որոշումները ճիշտ հասնեն հասցեատերերին ու անխափան իրականացվեն»,- ասել է Ա. Աշոտյանը:
«Այս միությունն իր կարևոր դերակատարությունը կունենա, որպեսզի կարողանանք օբյեկտիվ պատկեր ունենալ տեղի ունեցող գործընթացների մասին, հեշտությամբ կարողանանք տարածել փորձը, նախարարության որոշումները ճիշտ հասնեն հասցեատերերին ու անխափան իրականացվեն»,- ասել է Ա. Աշոտյանը:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը նշել է, որ գալիք տարվանից դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը կփոփոխվի և ավելի կբարդանա: «Երբ գործընթացը նոր էր մեկնարկում բնականաբար պետք է սահմանավեր նվազագույն շեմ, բայց դա այսօր արդեն բավարար դիտարկել չի կարելի, գնալով նվազագույն պահանջների նշաձողը բարձրացվելու է, ըստ այդմ, տնօրենների քննությունները բարդացվելու են: Պետք է ուշադրություն դարձնենք համակարգչային հմտութուններին, ինչպես նաև օտար լեզվի իմացության պահանջ է դրվելու»,- նշել է Ա. Աշոտյանը և տեղեկացրել, որ անցալ երկու տարիներին դպրոցների տնօրենների հավաստագրման քննությունների արդյունքում շուրջ 200 գործող տնօրեն հավաստագիր չի ստացել, այսինքն զրկվել է կրկին տնօրեն ընտրվելու հնարավորությունից: ՀՀ ԿԳՆ-ի նման մոտեցումը, ըստ նախարարի, տնօրենների համար սթափեցնող նշանակություն է ունեցել. «Ժամանակին տնօրենի աշխատանքը դիտարկվում էր անձեռնմխելի, առանձին դեպքերում նաև ժառանգաբար փոխանցվող: Նախարարները գալիս-գնում էին, տնօրենները մնում էին: Իհարկե, լավ տնօրենը պետք է երկար աշխատի, բայց պետք է բոլորն էլ հասկանան, որ դպրոցները հանրային ինստիտուտներ են, նրանց գլխավոր առաքելությունը համայնքի կրթական կարիքների սպասարկումն է: Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, նաև նախարարության աշխատակիցներն ու նախարարը հանրային ծառայողներ են ու պարտավոր են սպասարկել մարդկանց կրթական կարիքները, այլ ոչ թե ավելացնեն սեփական իրավունքները՝ շահադիտական նպատակներ հետապնդելով»,- շեշտել է կրթության և գիտության նախարարը:
Նա հավելել է, որ դպրոցն այսօր դեմքով դեպի երեխան շրջվելու հրամայական ունի, իսկ դպրոցի տնօրենը ստիպված է հաշվի նստել և ապահովել կրթական շուկայի նոր պահանջարկը՝ նոր որակի աշխատանքով:
Կլոր-սեղան քննարկմանը ներկա են եղել նաև «Դպրոց-կենտորնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ այլ պատգամավորներ, կրթական հաստատությունների տնօրեններ, փորձագետներ: Նորաստեղծ միությունը նպատակ ունի համակարգել Հայաստանում առկա հանրակրթության ոլորտի առաջավոր փորձը, նպաստել դրա տարածմանը և ապահովել զարգացում՝ կարևորելով միջազգային փորձը: Միության աշխատանքների շրջանակն է' մշակել ուսուցչի էթիկայի նորմեր և դպրոցի զարգացման ծրագիր, կազմակերպել ուսուցիչների մարզային և հանրապետական հավաքներ, սեմինարներ և այլն: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն:
No comments:
Post a Comment