Thursday, January 24, 2013

ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է «ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԸ» ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԻՐԱՌԵԼԻ


«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն հունվարի 24-ին Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում դպրոցների տնօրեններին էր ներկայացնում իր նախաձեռնությամբ ու համապատասխան մասնագետների ջանքերով ստեղծված փաստաթուղթը` «Ուսուցչի էթիկայի նորմերը»:

«Սա նախադեպը չունեցող մի փաստաթուղթ է, որը որ մինչ այսօր չի եղել մանկավարժության մեջ և այսօր առաջին անգամ դրվում է լայն հասարակության սեղանին: Այսինքն` սա փաստաթուղթ է ոչ միայն ուսուցչի համար, որ ինքը պետք է իմանա, այլ սա փաստաթուղթ է հասարակության ցանկացած անդամի համար, ծնողի համար, որ ինքը պետք է իմանա, թե ինչպիսին պետք է լինի ուսուցչի վարքագիծը»,- Իրավաբան.net-ին ասաց Ռուզաննա Մուրադյանը:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը փաստաթուղթը կազմած հեղինակներին ընտրել է մրցույթով` 3 մասնագետ տարբեր ոլորտներից:

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը «Ուսուցչի էթիկայի նորմեր»-ի համահեղինակն է: Փաստաթուղթն ամբողջացնելու համար ուսումնասիրել են միջազգային փորձը. շատ երկրներում ուսուցիչների համար էթիկայի նորմեր կան` դրանք տարբերվում են միայն իրենց խորությամբ ու ընդգրկվածությամբ:

«Այս փաստաթղթի մեջ կա նաև մի կետ, որը նշում է, որ յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր մանկավարժական կոլեկտիվ ինքն է սահմանում իր էթիկայի նորմերը և կարող է այս փաստաթղթում ամրագրված սկզբունքներին չհակասող ցանկացած ուրիշ դրույթներ ևս ներառել»,- տեղեկացրեց Սիլվա Պետրոսյանը:

Վայոց Ձորի մարզի Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը կարևորեց ու շնորհակալություն հայտնեց փաստաթղթի ստեղծման համար: Նրա խոսքով` ուսուցչի էթիկայի նորմերի առկայությունը կարևոր է այնքանով, որքանով ուսման գործընթացը դպրոցներում:

«Ուսուցչի էթիկայի նորմեր»-ում առանձին կետեր են նվիրված ուսուցչի հակակոռուցպիոն վարքագծին: Ըստ որի` կաշառք վերցնելը կամ կաշառք տալն անհամատեղելի են ուսուցչի մասնագիտական բարոյականության հետ: Ուսուցիչը չպետք է որևէ կերպ ակնարկի, ցանկություն հայտնի, համաձայնության գա այլ ուսուցիչների հետ սաների կամ ծնողների միջոցով իրեն նվերներ մատուցելու հարցում:

«Ընդհանրապես էթիկայի կանոնների ներդրումը ցանկացած համակարգում և դրանց ընդունումը և կիրառումը շատ մեծ կարևորություն ունի նաև հակակոռուպցիոն տեսակետից, որովհետև նա մանրակրկիտ կարգավորում է վարքագիծը»,- ասաց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը:

Սիլվա Պետրոսյանի խոսքով` «Ուսուցչի էթիկայի նորմեր»-ը ոչ թե միայն ուսուցչի համար է կամ սահմանափակում է նրա ազատությունները, այլև նրա նկատմամբ հարգանքը մեծացնելու համար է, ինչպես նաև երեխաների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու:

Առաջիկայում 15 դպրոցի տնօրեններ կամ առաջատար մանկավարժներ իրենց դպրոցներում կփորձարկեն փաստաթուղթը, կլսեն առաջարկություններ ու նոր գաղափարներ, կկատարելագործեն փաստաթուղթն ու կներկայացնեն Կրթության և գիտության նախարարություն: Ռուզաննա Մուրադյանի ցանկությունն է` այն դարձնել համընդհանուր փաստաթուղթ հանրապետության բոլոր դպրոցների համար:



Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net http://iravaban.net/2013/01/24/%D5%BC%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A7-3/

No comments:

Post a Comment