ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասում է, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է լսել բոլոր այն խելամիտ առաջարկները, որոնք «կնպաստեն օրենքում առկա ձեւակերպումների էլ ավելի բարելավմանը»
- Մայիսին խորհրդարանն ընդունեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին» օրենքի նախագիծը, որի երրորդ դրույթը շատ մեծ աղմուկ առաջացրեց հասարակական շրջանակներում, սոցցանցերում։ Դրանք թյուրընկալումների՞ խնդիր են, թե՞, այնուհանդերձ, օրենքն իր մեջ վտանգներ է պարունակում:
- Անշուշտ, հայ կնոջ դերը քննարկելիս, պետք է սկսել ընտանիքից ու պետք է ասել, որ ընտանիքի կազմավորման արմատները, որպես սոցիալական կայուն միավոր, սկիզբ են առել հազարամյակներ առաջ: Դարեր շարունակ կինն ի վիճակի է եղել իր փխրուն ուսերի վրա տանել ծանր պարտականություններ, այն էլ՝ պատվով: Խոսելով հայ կնոջ եւ ընտանիքում ու հասարակական կյանքում նրա ունեցած դերի մասին, նաեւ իր ձեռքբերումների մասին, պետք է խոստովանել, որ դժվար է եղել հայ կնոջ համար, հենց սկզբից նրան վիճակվել է այնպիսի ճակատագիր, ինչպիսին եղել է մեր պայքարով լի պատմությունը, այդուհանդերձ բարձր է եղել կնոջ նկատմամբ հարգանքն ու սերը մեր ժողովրդի կողմից: Այսօր օրեցօր կարեւորվում է հայ կնոջ դերակատարումը հասարակության եւ պետության կայացման գործում: Քննարկվում եւ իրականացվում են հասարակության տարբեր շերտերում կանանց դերի բարձրացման, որոշումների կայացման մեջ կանանց ներգրավվածության, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրեր: Իսկ այսօր արդեն ունենք օրենք «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին», որն ունի կարեւոր դերակատարում կանանց հավասար հնարավորությունների ապահովման համար եւ ապահովում է կանանց ներուժի ու կարողությունների առավել արդյունավետ ներդրումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված այս օրենքը կարելի է համարել առաջադիմական քայլ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ: Այն ուղղված է կանխելու խտրականության բոլոր ձեւերը սեռային հատկանիշի հիման վրա: Օրենքով, մասնավորապես, ամրագրվում է, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի եւ անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է, եւ օրենքը բոլորովին էլ այլասերվածություն չի տարածում, ուստի անհարկի շահարկումներով կարիք չկա հասարակությանը թյուրիմացության մեջ գցել: Այդուհանդերձ, մենք պատրաստակամ ենք համագործակցելու, պարզաբանելու եւ ընդունելու այն բոլոր խելամիտ առաջարկությունները, որոնք կնպաստեն օրենքում առկա ձեւակերպումների էլ ավելի բարելավմանը:
- Դուք օրենքին «կողմ» եք քվեարկել: Ո՞րն է աղմուկ բարձրացրած «գենդեր» սահմանման Ձեր ընկալումը:
- Գենդերային հավասարության խնդիրն այսօր Հայաստանում բավականին արդիական է եւ շատ հաճախ է քննարկվում: Կարծում եմ, որ կարիք կա կրկին անդրադառնալու, որ եթե «սեռ» հասկացությունը բնութագրում է կանանց եւ տղամարդկանց կենսաբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ապա «գենդերը» սոցիալական սեռն է, որը մատնանշում է կնոջ եւ տղամարդու միջեւ առկա սոցիալական տարբերությունները եւ հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները: Իսկ տվյալ օրենքով պետությունը երաշխավորում է կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցությունը տարբեր ոլորտներում, աշխատանքում առաջխաղացման, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության եւ ծառայության հետ կապված այլ հարցերի դեպքում:
- Նախագծի՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ եզրույթներին, սահմանումներին, ձեւակերպումներին անդրադարձներ, պարզաբանումներ եղե՞լ են: - Չնայած, որ այս օրենքը առաջադրվել եւ առաջին ընթերցմամբ անցել է դեռ նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ, իսկ երկրորդ եւ երրորդ ընթերցումներն արդեն անցել են ներկայիս խորհրդարանի կողմից, եւ այդ ընթացքում էլ եղել են բազմաթիվ քննարկումներ, խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ օրենքի մեկնաբանության եւ լուսաբանման անհրաժեշտություն կա հասարակության մեջ, քանի որ շատերն են շփոթում «գենդեր» հասկացության, «գենդերային հավասարության» էությունն ու բնույթը, եւ շատ հաճախ այս հասկացություններն օգտագործվում են սխալ ենթատեքստով եւ սխալ իմաստով: Կարծում եմ, անհրաժեշտ է շարունակել պայքարել գենդերային հավասարության նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպի դեմ, բարձրացնել մեր բնակչության իրավագիտակցության եւ տեղեկացվածության աստիճանը գենդերային հարցերում իրենց իրավունքների ու պարտականությունների պաշտպանության նպատակով:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս թեմայով Tert.am-ին տված մի հարցազրույցում ընդունել էր, որ վրիպակ է եղել ու տեղեկացրել էր, որ այն շտկելու համար ինքը ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծ եւ առաջարկել, որ «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» եզրույթը ամբողջությամբ հանվի։ «Ես հույս ունեմ, որ սեպտեմբերի առաջին շրջանում իմ գործընկերները կպաշտպանեն այս առաջարկը, եւ այդ դրույթը, որն այդքան մտահոգությունների եւ խոսակցությունների տեղիք տվեց, ամբողջությամբ կհանվի»,- ասել էր նա։ «Առավոտ» օրաթերթ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/24/279368/
No comments:
Post a Comment