Friday, November 22, 2013

Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ

Նոյեմբերի 22-ին Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում, ՈւԱՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ:
ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
Ողջունելով ԱԺ նախագահին` Խերման Կարդոսոն նշեց, որ Ուրուգվայը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցությունը մեծ դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, եւ նման այցերը նպաստում են երկու երկրների բարեկամության ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորեց երկկողմ համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով եւ երկու խորհրդարանների համագործակցությունը տարբեր ձեւաչափերով: Նա անհրաժեշտ համարեց երկու երկրների միջեւ ձեւավորված իրավական դաշտի արդիականացումը եւ ընդլայնումը, որը պարարտ հող կստեղծի տարբեր ոլորտներում, հատկապես առեւտրատնտեսական բնագավառում ակտիվ համագործակցության համար:
Զրուցակիցները կարեւոր համարեցին միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, բարեկամական խմբերի համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կողմերը շեշտեցին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: «Այսօր Հարավային Կովկասում ստեղծված փխրուն անվտանգության պահպանման անհրաժեշտության պարագայում առավել գիտակցված պետք է լինի միջազգային հանրության կողմից տարածաշրջանի երկրների հանդեպ հավասարակշիռ եւ անկողմնակալ դիրքորոշման կենսական նշանակությունը: Իսկ Ուրուգվայի՝ որպես բարեկամ երկրի սկզբունքային եւ արդարացի մոտեցումը հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ կարող է էական դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում»,- ասաց ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Խերման Կարդոսոյին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:

Հայ խորհրդարանականների հանդիպումները Ուրուգվայի խորհրդարանականների հետ


22.11.2013թ.

ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայում ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան իրենց գործընկերների հետ:

Հայ կին պատգամավորները հանդիպեցին Ուրուգվայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կին պատգամավորների հետ: Կին խորհրդարանականները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, նախանշեցին համագործակցության շրջանակները, կարեւորեցին փոխգործակցությունը տարբեր ձեւաչափերով: Տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք առանձնացրին հարցերի այն շրջանակը, որոնց շուրջ կարեւորվեց հետագա համագործակցությունը:

Հայ խորհրդարանականների հաջորդ հանդիպումը խորհրդարանական բարեկամության խմբի անդամների եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ էր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանին եւ տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: ԱԺ պատգամավորները իրենց գործընկերներին հրավիրեցին Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ. հրավերը սիրով ընդունվեց:

http://www.parliament.am/chairman.php?page=meetings&NewsID=6296&year=2013&month=11

Thursday, November 21, 2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:  ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում էին պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:

Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրազիլիա նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: Միջպետական հարաբերությունների խորացման գործում Պատգամավորների պալատի նախագահը մեծ դեր վերապահեց միջխորհրդարանական կապերին: Այս համատեքստում նա կարեւոր համարեց երկկողմ շփումները, բարեկամական խմբերի համագործակցությունը:
Իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ հարաբերություններ` հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության վրա: Նրա խոսքով` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության լայն հնարավորություն կընձեռի: ԱԺ նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Բրազիլիա կնպաստի փոխգործակցության խորացմանը: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին եւ նշեց, որ այն, ցավոք, արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները եւ հակասում հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը: Այս առիթով նա շնորհակալություն հայտնեց պարոն Ալվեսին իր նամակին արձագանքելու, ադրբեջանական հերթական սադրանքին տուրք չտալու եւ բանաձեւի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:
Էնրիկե Ալվեսը խոր  ափսոսանք հայտնեց, որ նման բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ եւ շեշտեց, որ Բրազիլիայի իշխանությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում եւ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հովիկ Աբրահամյանը Էնրիկե Ալվեսին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:
Պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսը ստորագրեցին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արձանագրություն, ըստ որի իրենց խորհրդարանական իրավասությունների շրջանակներում կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը սոցիալական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ այլ ոլորտներում: Կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջեւ կնքված պայմանագրերի վավերացման ուղղությամբ, կնպաստեն երկու օրենսդիր մարմինների միջեւ ինտերակտիվ կապերի հաստատմանը` միմյանց օրենսդրական գործունեությանը ծանոթանալու եւ փորձի փոխանակման նպատակով, կխրախուսեն բարեկամական խմբերի մակարդակով հարաբերությունների սերտացումը` միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու նպատակով:
ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում եւ Էնրիկե Ալվեսի ուղեկցությամբ շրջայց կատարեց Պատգամավորների պալատում, եղավ նիստերի դահլիճում: 

Monday, November 18, 2013

ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Սան Պաուլոյում





ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Բրազիլիա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
Սան Պաուլոյում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց Բրազիլիայում ՀՀ հյուպատոսություն, որտեղ հանդիպեց հյուպատոսության աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը հայ-բրազիլական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանին պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահը բարձր գնահատեց տիկին Բուրմայանի գործունեությունը եւ այն բարեգործությունը, որը նրա ընտանիքը իրականացնում է Հայաստանում եւ Արցախում:
Սան Պաուլոյի Հայկական ակումբում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ համալիրին: Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կարեւորեց Հայաստանի եւ սփյուռքի համագործակցությունը: ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:
ՀՀ ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում էր, որտեղ մի շարք հարցեր քննարկվեցին Բրազիլիայում գործող հայկական կառույցների անդամների հետ:
Սան Պաուլոյում ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելեցին Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց վարչական խորհրդի անդամների հետ, ինչպես նաեւ Սան Պաուլոյում գործող Դուրյան վարժարանի սաների եւ ուսուցիչների հետ:
Սան Պաուլոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի հետ:
Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Ֆերնանդո Հադդադը կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Բրազիլիա եւ համոզմունք հայտնեց, որ այն կխթանի հայ-բրազիլական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նա բարձր գնահատեց հայ համայնքի գործունեությունը եւ ներդրումը Սան Պաուլոյի զարգացման գործում: Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ամբողջությամբ հոգալու բրազիլահայ այն ուսանողներիի ուսման ծախսերը, ովքեր ցանկություն կհայտնեն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում: Ներկայացնելով քաղաքը եւ Սան Պաուլոյի կառավարման համակարգը` Ֆերնանդո Հադդադը նշեց, որ Սան Պաուլոն Բրազիլիայի ամենախոշոր քաղաքն է. տարածքը կազմում է 1523 քառ. կմ, բնակչության թիվը արվարձաններով մոտ 21 միլիոն է,ՀՆԱ-ն կազմում է Բրազիլիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը: Քաղաքապետը ընտրվում է ուղիղ ընտրություններով` չորս տարի ժամկետով: 
ԱԺ նախագահը նշեց, որ Բրազիլիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ կարեւորեց Բրազիլիայի նման տնտեսապես հզոր եւ միջազգային ասպարեզում ծանր կշիռ ունեցող երկրի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար եւ նշեց, որ Սան Պաուլոն հանդիսանում է ամենահայաշատ քաղաքը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ապակենտրոնացված համագործակցությունը եւ միջռեգիոնալ հարաբերությունների հաստատումը, ինչը մեծ դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների միջեւ ակտիվ գործնական կապեր ձեւավորելու եւ դրանք ավելի ընդլայնելու հարցում: Այս համատեքստում նա գոհունակությամբ փաստեց Երեւանը եւ Սան Պաուլոն քույր քաղաքներ հռչակելու փաստը, ինչը հիմք դրեց երկու քաղաքներում կրթական եւ մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաեւ հայ եւ բրազիլացի ժողովուրդների միջեւ հարաբերությունների ջերմացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահված միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեցին, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը եւ բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը: 


Thursday, November 7, 2013

Հարկային ճնշումները նվազեցվելու են

«2014թ. բյուջեն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Շատ կարևոր է նշել, որ այս տարի այն չի նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում, և բնականաբար, հարկային ճնշումները նվազեցվելու են»,- Panorama.am-ի հարցին, թե 2014 թվականի բյուջեի նախագիծը կոշտ քննադատության է ենթարկվում ոչ իշխանական ուժերի կողմից, որպես այդպիսին, ի՞նչ հիմնական խնդիր է լուծելու «բյուջե-2014»-ը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
«Պետք է նշեմ, մյուս առավելությունը աշխատավարձների բնագավառում իրականացվող փոփոխություններն ու ավելացումներն են, թոշակների բարձրացումը: Դա պետական բյուջեով իրականացվող կարևորագույն ծրագիր է, որն ուղղված է աղքատության կրճատմանը կենսաթոշակների ոլորտում: Ավելացվելու են նաև կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ֆինանսավորումը»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքերով, այսուհետ սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը:

«Նախորդ տարիների դրական արդյունքները ցույց են տվել, որ անհրաժեշտ է շարունակել երեխաների բուժօգնության սպասարկման ոլորտում հավաստագրերի կիրառումը: 2014 թվականին շարունակվելու է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագիրը, 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում կպահպանվի միանվագ նպաստի չափը, որը կազմում է 50.000 դրամ, իսկ 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում կկիրառվի նոր մոտեցում՝ ներդնելով ընտանեկան դրամագլխի համակարգը՝ կանխիկ վճարելով 500 հազար դրամ»,- նշեց Ռ. Մուրադյանը:

Ըստ բանախոս՝ 2014թ. բյուջեի առանձնահատկությունների շարքը կարելի է շարունակել, այստեղ կարևոր է այն գիտակցումը, որ կառավարության որոշումները բխում են մեր քաղաքացիների շահերից` հաշվի առնելով յուրաքանչյուր թիրախային խմբի առանձնահատկությունները:
Նյութի աղբյուրը`

Monday, November 4, 2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Դվինի հնավայր

Նոյեմբերի 4-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզում գտնվող Դվինի հնավայր: Խորհրդարանի ղեկավարը եղավ Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակներում, ուր ընթանում են հնագիտական պեղումներ: Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին ու պեղումների արդյունքում հայտնաբերված իրերին: Նշենք, որ հնավայրն ընդգրկում է շուրջ 2 հա տարածություն: Դվինում պեղումները սկսվել են դեռ 70 տարի առաջ, շարունակվել են որոշակի ընդհատումներով, եւ վերջինը վերսկսվել է 2006 թ-ին: Քաղաքի բազմամյա պեղումների ընթացքում բացվել են միջնաբերդի եւ թաղամասերի՝ տարբեր դարերին պատկանող աշխարհիկ, պաշտամունքային ու արտադրական տարածքներ, որոնք իրենց հերթին թույլ են տալիս հասկանալու Դվինի գոյության ժամանակագրական պատկերը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջեց տարածքում, հետաքրքրվեց պատմական նշանակության իրերով: Պարոն Աբրահամյանը եղավ նաեւ Դվինի արհեստանոցում, ուր գտածոները դասակարգվում եւ ուղարկվում են ռեստավրացիայի, ինչպես նաեւ շրջեց թանգարանում: Խորհրդարանի ղեկավարը խոստացավ աջակցել աշխատանքների բնականոն ընթացքն ապահովող ծրագրերին եւ պեղավայրի ամրակայման աշխատանքներին:
ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին նմանօրինակ առաջարկի համար եւ նշեց, որ այն հնարավորություն կտա այս բացառիկ հնավայրը ճանաչելի դարձնելու աշխարհին: Խորհրդարանի ղեկավարն իր հերթին ընդգծեց հնավայրի նշանակությունը ոչ միայն պատմական առումով, այլեւ կարեւորեց զբոսաշրջության գոտի դարձնելու հանգամանքը: