Նոյեմբերի 22-ին Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում, ՈւԱՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ:
ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
Ողջունելով ԱԺ նախագահին` Խերման Կարդոսոն նշեց, որ Ուրուգվայը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցությունը մեծ դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, եւ նման այցերը նպաստում են երկու երկրների բարեկամության ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորեց երկկողմ համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով եւ երկու խորհրդարանների համագործակցությունը տարբեր ձեւաչափերով: Նա անհրաժեշտ համարեց երկու երկրների միջեւ ձեւավորված իրավական դաշտի արդիականացումը եւ ընդլայնումը, որը պարարտ հող կստեղծի տարբեր ոլորտներում, հատկապես առեւտրատնտեսական բնագավառում ակտիվ համագործակցության համար:
Զրուցակիցները կարեւոր համարեցին միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, բարեկամական խմբերի համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կողմերը շեշտեցին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: «Այսօր Հարավային Կովկասում ստեղծված փխրուն անվտանգության պահպանման անհրաժեշտության պարագայում առավել գիտակցված պետք է լինի միջազգային հանրության կողմից տարածաշրջանի երկրների հանդեպ հավասարակշիռ եւ անկողմնակալ դիրքորոշման կենսական նշանակությունը: Իսկ Ուրուգվայի՝ որպես բարեկամ երկրի սկզբունքային եւ արդարացի մոտեցումը հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ կարող է էական դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում»,- ասաց ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Խերման Կարդոսոյին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:
No comments:
Post a Comment