ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Բրազիլիա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
Սան Պաուլոյում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց Բրազիլիայում ՀՀ հյուպատոսություն, որտեղ հանդիպեց հյուպատոսության աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը հայ-բրազիլական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանին պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահը բարձր գնահատեց տիկին Բուրմայանի գործունեությունը եւ այն բարեգործությունը, որը նրա ընտանիքը իրականացնում է Հայաստանում եւ Արցախում:
Սան Պաուլոյի Հայկական ակումբում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ համալիրին: Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կարեւորեց Հայաստանի եւ սփյուռքի համագործակցությունը: ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:
ՀՀ ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում էր, որտեղ մի շարք հարցեր քննարկվեցին Բրազիլիայում գործող հայկական կառույցների անդամների հետ:
Սան Պաուլոյում ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելեցին Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց վարչական խորհրդի անդամների հետ, ինչպես նաեւ Սան Պաուլոյում գործող Դուրյան վարժարանի սաների եւ ուսուցիչների հետ:
Սան Պաուլոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի հետ:
Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Ֆերնանդո Հադդադը կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Բրազիլիա եւ համոզմունք հայտնեց, որ այն կխթանի հայ-բրազիլական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նա բարձր գնահատեց հայ համայնքի գործունեությունը եւ ներդրումը Սան Պաուլոյի զարգացման գործում: Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ամբողջությամբ հոգալու բրազիլահայ այն ուսանողներիի ուսման ծախսերը, ովքեր ցանկություն կհայտնեն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում: Ներկայացնելով քաղաքը եւ Սան Պաուլոյի կառավարման համակարգը` Ֆերնանդո Հադդադը նշեց, որ Սան Պաուլոն Բրազիլիայի ամենախոշոր քաղաքն է. տարածքը կազմում է 1523 քառ. կմ, բնակչության թիվը արվարձաններով մոտ 21 միլիոն է,ՀՆԱ-ն կազմում է Բրազիլիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը: Քաղաքապետը ընտրվում է ուղիղ ընտրություններով` չորս տարի ժամկետով:
ԱԺ նախագահը նշեց, որ Բրազիլիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ կարեւորեց Բրազիլիայի նման տնտեսապես հզոր եւ միջազգային ասպարեզում ծանր կշիռ ունեցող երկրի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար եւ նշեց, որ Սան Պաուլոն հանդիսանում է ամենահայաշատ քաղաքը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ապակենտրոնացված համագործակցությունը եւ միջռեգիոնալ հարաբերությունների հաստատումը, ինչը մեծ դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների միջեւ ակտիվ գործնական կապեր ձեւավորելու եւ դրանք ավելի ընդլայնելու հարցում: Այս համատեքստում նա գոհունակությամբ փաստեց Երեւանը եւ Սան Պաուլոն քույր քաղաքներ հռչակելու փաստը, ինչը հիմք դրեց երկու քաղաքներում կրթական եւ մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաեւ հայ եւ բրազիլացի ժողովուրդների միջեւ հարաբերությունների ջերմացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահված միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեցին, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը եւ բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը:
No comments:
Post a Comment