Tuesday, December 3, 2013

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի 03.12.2013 ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

03.12.2013թ.

Այսօր ուզում եմ բոլորիս ուշադությունը մեկ անգամ ևս հրավիրել ծխելու դեմ պայքարին՝  հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում: Իհարկե գաղտնիք չէ, ոչ ծխախոտի օգտագործումը Հայաստանի հանրային առողջապահության հիմնական խնդիրներից է և վերջին տասնամյակում ծխելու դեմ պայքարը դարձել է երկրի կառավարության առաջնահերթություններից մեկը: Չնայած որ 2004 թ. ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան, ստեղծվել են  օրենքներ, իրավական ակտեր, որոնք սահմանափակում են ծխախոտի իրացումն ու օգտագործումը, սահմանափակումը և գովազդը, սակայն դրանք միշտ չեն գործում և իրավիճակը չի բարելավվում:
Թվում է, թե այսօր ամեն ինչ ունենք, որով պետք է կարգավորվի խնդիրը, սակայն ակնհայտ է, որ միայն օրենսդրական կարգավորումներով և որոշ սահմանափակումներով խնդիրը լուծել հնարավոր չէ։ Օրենքի կրողները մեզանից յուրաքանչյուրն է: Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել մարդկանց գիտակցական մակարդակում և վարքագծում՝ ուղղված ծխախոտի դեմ պայքարին: Ցանկացած լուծում պետք է ունենա նաև հասարակական ըմբռնում և աջակցություն:
Ողջունում եմ մի շարք հասարակական կազմակերպությունների այն նախաձեռնությունը, որոնք ներկայումս հանրակրթական դպրոցներում իրականացնում են ծխելու դեմ պայքարի հակաքարոզչական միջոցառումներ և ակցիաներ, քանի որ ինչպես ցույց է տալիս բազմաթիվ երկրների փորձը, ծխելու դեմ  կանխարգելիչ միջոցառումների վաղ նախաձեռնումն ու կանխարգելումը շատ ավելի արդյունավետ և նպատակային է, քան  օգտագործումից հետո՝ այն թողնելուն ուղղված ջանքերը: Որպես կանոն, կանխարգելիչ միջոցառումերը հատկապես կարևոր է իրականացնել երեխաների դեռ վաղ տարիքից, երբ դեռևս չի ձևավորվել երեխայի արժեքային համակարգը, և դեռ չկա արտահայտված նիկոտինային կախվածություն՝ հաշվի առնելով նաև, որ առողջության արժևորումը, վատ սովորությունների հանդեպ անկոտրում կամքի և բացասական վերաբերմունքի ձևավորումը ինքնաբուխ չեն առաջանում երեխաների մոտ, այլ դրանք պետք է դաստիարակվեն մանկության տարիքից: Այստեղ շատ մեծ է և ընտանիքի, և միջավայրի, և դպրոցի դերը, որտեղ էլ տարիներ շարունակ վերաբերմունք է ձևավորվում կյանքի տարբեր արժեքների նկատմամբ:
Այնուամենայնիվ, այսօր դպրոցներում գոյություն չունի ծխելու դեմ պայքարի կամ կանխարգելման միջոցառումների համակարգված ծրագիր, և ներկայումս ականատես լինելով ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացվող հակածխախոտային միջոցառումների, ողջունելի է, որ ՀՀ նախագահի կողմից տրված դրամաշնորհի շրջանակներում դպրոցներում ստեղծվել են նախաձեռնող խմբեր, որոնց աջակցությամբ դպրոցահասակ երեխաները մասնակցում են ծխելու դեմ ուղղված գովազդների մրցույթին և հատկապես նշանակալից է, որ իրենք են ստեղծում հակածխախոտային պաստառներ, բացահայտում ծխախոտի վնասակար ազդեցությունը առողջության վրա, որոնք կնպաստեն դեռահասների մոտ առողջության արժևորմանն ու երիտասարդ սերնդի առողջ ապրելակերպի ձևավորմանը:Կարծում եմ, այսօր գործուն ծրագրերի ժամանակն է, և դրանք մասնավորապես հանրակրթական դպրոցներում պետք է շարունակական լինեն՝ընգրկելով և աշակերտներին, և նրանց ծնողներին, և դպրոցի մանկավարժներին:  Անշուշտ, չափազանց կարևոր և առավել արդյունավետ կլինի մշակել ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ ամբողջական ուսումնամեթոդական ուղեցույց, որը ներդնելով հանրակրթական դպրոցական ծրագրում, որպես  մեթոդական աջակցություն կծառայի մանկավարժներին և ծնողներին իրականացնելու ծխելու դեմ պայքարին ուղղված շարունակական միջոցառումներ: 


No comments:

Post a Comment