Tuesday, March 11, 2014

Ռ.Մուրադյանի առաջարկը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Մարտի 11, 2014թ.

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

-Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, արդեն հարցի քննարկումից պարզ է դառնում, թե որքան կարեւոր է «Գովազդի մասին» օրենքում ցանկացած փոփոխությունը, որովհետեւ բոլորս քաջ գիտակցում ենք, որ հեռուստատեսությամբ եթեր տրվող ցանկացած 1 վայրկյանը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ մարդու, երեխայի, անչափահասի վրա, քան, ասենք, դրան վերաբերող որոշակի 1 էջանոց լրատվությունը։ Սա է հենց դրված հիմնականում գովազդներ պատրաստելու փիլիսոփայության հիմքում, եւ հենց այս մոտեցմամբ է, որ փորձում են կարճ ժամանակում մեծ ազդեցություն թողնելով ապահովել ապրանքների գովազդը։
Օրենքի նախագծի հետ կապված, ես՝ ինքս, ողջունում եմ առավելապես այն մոտեցումը, որ Հանրային հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ հիմնականում, իրոք, հանրության տարբեր ոլորտների եւ հանրության լայն շրջանակներին տեղեկատվություն ապահովելու միակ միջոցն է այսօր, պիտի ավելի ուրիշ շահեր հետապնդի։ Այստեղ պետք է դրված լինեն ոչ միայն պետության, ազգային, բարոյական, այլ նաեւ տարբեր արժեքներ պարունակող շահեր։ Այս տեսանկյունից, եթե մենք նայում ենք օրենքին, ինքը շատ լավ փոփոխություն է առաջարկում, այսինքն, առեւտրային գովազդները փոխարինել սոցիալական, կրթական, գիտական, մշակութային գովազդներով։
Եվ էստեղ շատ կարեւոր ձեռքբերում է, որ պետությունն ինքն էլ ձեռնամուխ է լինում աջակցությունների, միջոցների տրամադրման եւ հնարավորությունների ստեղծման։ Բայց օրենքում, իհարկե, ինչպես ես հարցս բարձրացնելու ընթացքում նշեցի, կա կարգավորման խնդիր, որովհետեւ նաեւ միջազգային փորձն է ցույց տալիս, որ եթե մենք ասում ենք թույլատրվում են սոցիալական գովազդները, նախ՝ պիտի կարողանանք իրականում հասկանալ՝ ինչքանո՞վ է չափելի «սոցիալական գովազդ» ասածը, որո՞նք են այն չափորոշիչները, որին պիտի բավարարեն այդ գովազդները։ Գովազդի առջեւ դրվող պահանջը, իհարկե, «Գովազդների մասին» օրենքի 1-ին հոդվածում նշված է, որ պետք է գովազդը լինի այնպիսին, որ կարողանան այն չազդել, ասենք, բարոյական արժեքների խեղաթյուրմանը, որպեսզի գովազդը կարողանա հասարակական արժեքներ տարածող լինել։ Սակայն սա շատ թույլ արգումենտ է եւ միայն «Գովազդի մասին» օրենքով այս հարցը կարգավորել, կարծում եմ, որ չի լինի։
Ես կառաջարկի, ես գրավոր կներկայացնեմ առաջարկությունը, որ այնտեղ, որտեղ նշվում են վերը նշված գովազդի տեսակները, նաեւ նշվի մի կետ, որոնց չափորոշիչները սահմանում է լիազոր մարմինը՝ կառավարությունը։
Պիտի նշեմ նաեւ, որ օրենքում կա մի փոքր ինձ համար անհարթ ձեւակերպում, այս փոփոխության մեջ, որտեղ նշվում է «տեղեկատվական ավելի բարձր արժեք» հասկացությունը։ Ես կարծում եմ, որ եթե ասում ենք տեղեկատվական ավելի բարձր արժեք, ապա արժեքը վերաբերվում է տեղեկատվությանը, ոչ թե բովանդակությանը։ Էստեղ առաջարկ կներկայացնեմ, որ լինի տեղեկատվություն ավելի բարձր արժեքների մասին։ Կարծում եմ, որ էդ կետի տրամաբանությունը հենց այդպիսին է։
Եվ, իհարկե, այս 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում, ես հուսով եմ, որ նաեւ իմ գործընկերների հետ շահագրգիռ քննարկումների արդյունքում կներկայացնենք գրավոր առաջարկներ, որովհետեւ իրականում, որպես նախկին մանկավարժ, ինձ համար շատ ոգեւորող է այն փաստը, որ այսօր պետությունը ձեռնամուխ է լինում կրթական, գիտական, սոցիալական գովազդների, եւ այն ժամաքանակը, որն առաջանում է առեւտրային գովազդների կրճատումից, պիտի օգտագործվի նպատակային։
Եվ այստեղ օրենքի, ուրեմն, հիմնավորման մեջ նշվում է, որ փաստորեն, ավելի մեծ մասը կտրվեն տեղական արտադրության հաղորդումներին։ Շատ լավ է, որ էդպիսի կետ ունենք, բայց նաեւ էստեղ եւս «որակ» բառը, կարծում եմ,  պակասում է, որովհետեւ տեղական արտադրության անորակ հաղորդումներն էլ ավելի բացասական ազդեցություն ունեն, քան, ասենք, որակով հաղորդումները։ Կարծում եմ, կարգավորման կարիք կա, եւ որոշակի առաջարկներով ձեզ կներկայացնենք մեր գրավոր տեսակետը։ Շնորհակալություն։

No comments:

Post a Comment