Մարտի 12, 2014թ.
Այս պահին մենք ունենք Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի գրավոր հարցը, եթե պատգամավորը ցանկանում է... խնդրեմ, 2-րդ խոսափող։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Հարգելի կառավարություն, հարցս ուղղված է առողջապահության նախարարին։ Պրն Դումանյան, դիմել էի ձեզ՝ մի շարք շաքարով հիվանդների խնդրանքով, որ տեղեկատվություն էին լսել վերջին շրջանում շաքարի դեղի, մասնավորապես ինսուլինի հետ կապված, ավելի էժան գնով ձեռք բերելու հետ կապված առաջարկ էին ներկայացրել, եթե կարելի է, այդ տնտեսված մասը գումարի հատկացնել ստրիպներ տրամադրելու էդ հիվանդներին եւ չափիչ սարք։
Դուք պատասխանել եք, իհարկե, բայց նաեւ նշել եք, որ այդ խնայված գումարները պիտի ուղղեք դեղերի մակարդակի բարձրացմանը։ Էս մասը մի քիչ անհասկանալի էր, կխնդրեի պարզաբանեք՝ ինչպե՞ս պիտի բարձրանա դեղերի մակարդակը։ Շնորհակալություն։
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարցին կպատասխանի Դերենիկ Դումանյանը՝ առողջապահության նախարար։
Դ.ԴՈՒՄԱՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավոր, պետք է ասեմ, որ իսկապես, անցած տարվա գնումների մեջ, մասնավորապես ինսուլինի գնման հետ կապվյած մենք բավականին մեծ խնայողություններ ունեցանք, եւ այդ դեղամպուլաները, որ նախկինում ձեռք էինք բերում 12 դոլարին համարժեք դրամով, մենք ուղիղ գնումներ կատարելով արտադրողի հետ, ձեռք բերեցինք 3 դոլար 30 ցենտ համարժեք դրամով։ Եվ այնուհետեւ մենք պայմանագիր ստորագրեցինք տվյալ դեղարադրողի հետ 5 տարի ժամկետով, եւ 5 տարի անընդհատ այդ գումարով ենք դեղ ձեռք բերելու։ Բնականաբար, յուրաքանչյուր տարվա մեջ բավականին գումարներ կխնայվեն այդ նպատակի համար։
Ես պետք է ասեսմ, որ ինսուլինակախյալ հիվանդների թիվը ՀՀ-ում 12 հազար 800 է, եւ յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք եւս 1200 նոր հիվանդներ, որոնք կարիք ունեն ինսուլին ստանալու։ Նախկինում, երբ մենք այդ պլանավորում էինք, ցավոք սրտի, մենք չէինք նախատեսում յուրաքանչյուր տարվա ընթացքում ավելացած հիվանդներին նաեւ անվճար դեղեր տրամադրելու հարցը, այդ իսկ պատճառով առաջանում էր որոշակի դեֆիցիտ տվյալ տարվա հիվանդների սպասարկման առումով։ Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր տարվա համար մենք մոտավորապես 90%-ով էինք կարողանում մաքսիմալ ապահովել ինսուլինակախյալ հիվանդներին ինսուլինով, եւ դեղահաբեր ստացող հիվանդներին ընդամենը 30%-ով էինք կարողանում ապահովել։
Որպեսզի պատկերն ընդհանուր լինի, ասեմ, որ պետության կողմից երաշխավորված անվճար դեղորայքով սպասարկվում են հանրապետության մոտավորապես 150 հազար քաղաքացիներ, դա միայն Առողջապահության նախարարության կենտրոնացված գնումների հաշվին, ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ 560 մլն, եւ նույնքան գումար էլ մենք ծախսում ենք պոլիկլինիկական համակարգով, որն իրենք՝ պոլիկլինիկաներն են գնում եւ անվճար դեղորայքով սպասարկում են։
Այս խնայողությունների հաշվով մենք նպատակ ունենք ապահովվածությունը հասցնել 100%-ի։ Օրինակ՝ անցած տարի 6 խումբ հիվանդությունների գծով շուրջ 150 հազար հիվանդների մենք 100%-ով ապահովել ենք դեղորայքով, բացառությամբ դիապեդիկ դեղահաբերով, որոնց ապահովվածության տոկոսը մենք հասցրել ենք 65%-ի։ Այս տարի մենք նպատակ ունենք նաեւ այստեղ 100%-անոց ապահովում իրականացնել։ Եվ քանի որ ժամանակս ավարտվում է, ես կխնդրեմ դուք արձագանքեք, ես հարցի պատասխանը շարունակեմ։
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-2-րդ խոսափող։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն, որ դուք էլ եք կարեւորել, իրոք, այս հարցին մեկ անգամ եւս անդրադառնալը։ Այնուամենայնիվ, դեղահաբերի մակարդակի բարձրացումը ենթադրու՞մ է արդյոք որակի բարձրացում, թե՞ նոր դեղահաբերի ձեռքբերում։ Շնորհակալություն։
Դ.ԴՈՒՄԱՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Մենք առաջին հերթին 100%-ով կապահովենք բոլոր պահանջարկ ունեցող հիվանդներին, եւ նաեւ, իհարկե, որակի մասին էստեղ խոսք լինել չի կարող, որովհետեւ մենք այս նպատակների համար ձեռք ենք բերում ամենաորակյալ դեղորայքը։
Այն հարցը, թե մենք կարո՞ղ ենք արդյոք տրամադրել տվյալ հիվանդներին, հատկապես դիապեդիկ հիվանդներին որոշակի ստուգիչ սարքեր, եւ բնականաբար, դրանց նաեւ բացիկները, այսպես կոչված՝ ստրիպները։ Պետք է ասեմ, որ ձեզ պատասխանելուց հետո մենք նաեւ հանդիպում ունեցանք տվյալ ներմուծող կազմակերպություններից մեկի հետ, որը մեզ հետ բանակցությունների ընթացքում խոստացավ, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում նոր հայտնաբերված ինսուլինակախյալ հիվանդներին իրենք կնվիրեն այդպիսի սարք եւ նաեւ համապատասխան բացիկներ։
Մենք այս կապակցությամբ նաեւ կարեւորում ենք, որ նրանց հետ հուշագիր ստորագրենք այս խոստումն իրականություն դարձնելու համար, դա վերեբերում է յուրաքանչյուր տարի 1200 նոր հայտնաբերված հիվանդներին։ Շնորհակալություն։
No comments:
Post a Comment