Tuesday, October 21, 2014

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 21-ի ելույթը հայտարարությունների ժամին



    Հարյուրամյակներ շարունակ մենք միշտ պայքարել ենք հարևան թշնամիների դեմ:Պայքար, որ ունեցել է նպատակ պաշտպանելու Հայաստանը և հայի տեսակը: Սակայն ցավով պետք է նշեմ, որ այժմ հայտնվել ենք մի վիճակում, որ արտաքին թշնամուն թողած՝ անհրաժեշտություն է առաջացել պայքարելու ներքին թշնամու դեմ:  Երբ հարցնում են, բոլորս հայրենասեր ենք, և հայրենիքին մենք ներսից ոչ մի վնաս չենք հասցնում, ընդհակառակը՝ հայրենասիրությունից դրդված ենք խոսում, ուղղակի իրավիճակից օգտվելով՝ դրսի ուժերը գտնում են ավելի հեշտ ճանապարհ ներսի դավաճանությունն օգտագործելու:Սահմանին կանգնած է հայ զինվորը ու հսկում է մեր երկրի խաղաղությունը, բոլորի խաղաղությունը, նաև այն մարդկանց խաղաղությունը, ովքեր փորձում են իբր հայրենասիրությունից դրդված իրենց գործելաոճով զինել արտաքին թշնամուն, ով ամեն վայրկյան կարող է վտանգել հայ զինվորի կյանքը։Անթույլատրելի է հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև անհանդուրժողականություն և ատելություն սերմանելու քաղաքականությունը:Մինչև ուր պիտի հասնենք այսպես: Շատ քաղաքական գործիչների գործելաոճը դուրս է քաղաքակիրթ ու բարոյական պայքարի բոլոր նորմերից:
      Սթափվե′ք,  և անտեղի մի շահարկեք ժողովրդի անունը, երկրում մի′ ստեղծեք այնպիսի իրավիճակ, որից ուրախանա և օգտվի արտաքին թշնամին, սթափվե′ք, որ մեր երկիրը դառնա համերաշխ ընտանիք:Անընդմեջ քննադատելը շատ հեշտ է, խնդիրներին լուծում տալն է դժվար: Դրա համար իմաստություն և փորձ է հարկավոր:Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ազգի անկախության պահպանման, պետականության զարգացման և ապագայի նկատմամբ վստահության խորհրդանիշը երկրի նախագահն է, որն իր հետևից տանում է Հայաստանը ու հայ ժողովրդին և խոսում ու գործում է հանուն պետության շահերի:
        Երբեք էլ  ոչ մի ժամանակաշրջանում երկրի առաջնորդներին չի հաջողվել բոլորին գոհացնել, քանի որ հասարակություն էլ կատարյալ չէ, և դեռ տարիներ են հարկավոր պետական մտածողության զարգացման համար: Իսկ երբևէ մտածել եք, թե ինչքան հոգնեցուցիչ է անընդհատ մտավոր աշխատանքը, ծանր պարտականությունը և պատասխանատվությունը քո ազգի նկատմամբ և հատկապես՝ շարունակաբար քննադատումների ներքո: Նախագահին հոգնել չի կարելի, վրիպումները թանկ են լինում: Տարաբնույթ գործեր, անվերջանալի հիմնախնդիրներ և դրա հետ մեկտեղ՝ անհիմն հերյուրանքներ… Առօրյա լարված ու մեծ աշխատանք կատարող նախագահին, ով ազգի շահն է ներկայացնում արտաքին և ներքին քաղաքականության բարդ ելևէջներում, պետք է հարգել և աներկբա համարել երկրի խորհրդանիշ՝ որպես պետականության առանցքային սյուն: Երկրի առաջնորդն իր ազգով է զորեղ սեփական պետության կառուցման գործում:
     Այս գիտակցությամբ պետք է բոլորս առաջնորդվենք՝ չտրվելով զգացմունքային և չմտածված գործողություններին: Այս խորին համոզմամբ պետք է առաջ շարժվենք: ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուրս հարգում ենք ինքներս մեզ, մեր երկիրը և ապահովում մեր երկրի անվտանգությունը:Ուժեղ առաջնորդ՝ նշանակում է հզոր երկիր, իսկ մենք ուզում ենք և պետք է ապրենք այդպիսի երկրում, հետևաբար մենք պետք է սովորենք ատել ատելությունը, սիրել պետությունը և չսասանել նրա հիմքերը:

Նյութի աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/225119/









Monday, October 20, 2014

«Իշխանությունների վարկաբեկման ճանապարհով ժողովրդի մոտ նոր հույսեր արթնացնելու փորձերը վաղուց դատապարտված են»

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ եռյակի հանրահավաքի եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ձախողման մասին 

- Ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա եռյակի հանրահավաքը:
 - Այս հանրահավաքը նախորդներից տարբերվում էր նրանով, որ հարթակին կանգնած էին այն քաղաքական գործիչները, որոնք երկիրը ղեկավարելու եւ զարգացմանը մասնակցելու անմիջական փորձ եւ հնարավորություն ունեցել են: Այսինքն՝ ժողովուրդը ականատես եղել է տարբեր ժամանակներում նրանց կատարած գործերին: Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանում լինի քաղաքական եւ տնտեսական կայուն դաշտ, եւ այս գործընթացին ակտիվորեն մասնակցում է նաեւ քաղաքացիական հասարակությունը, իսկ իշխանության ներկայացուցիչները հնարավորություններ են ստեղծում քաղաքացիական հասարակություն-իշխանություն երկխոսության ընդլայնման, տարբեր խնդիրների շուրջ քննարկումների կազմակերպման եւ միասնական որոշումների կայացման համար, ինչպես նաեւ իշխանությունը ակտիվ համագործակցության հայտ է ներկայացնում նաեւ քաղաքական տարբեր ուժերին, ովքեր ունեն կոնկրետ ասելիք եւ հստակ ծրագիր: Իշխանության գործելաոճը բաց է. եթե կան խնդիրներ, ապա դրանց լուծման համար կիրառվում են ավելի քաղաքակիրթ ձեւեր, քննարկումների են հրավիրվում տարբեր ոլորտների շահառուներ՝ եւ պետական, եւ մասնավոր սեկտորներից, հասարակական կազմակերպություններից: Կարծում եմ, որ ժամանակներն արդեն փոխվել են, եւ քաղաքացիական հասարակություն եւ իշխանություն փոխհարաբերությունները նոր փուլում են գտնվում, համագործակցության ավելի քաղաքակիրթ փուլում, հետեւաբար նմանատիպ հանրահավաքները, որտեղ իշխանությունների վարկաբեկման ճանապարհով ժողովրդի մոտ նոր հույսեր արթնացնելու փորձ է արվում, վաղուց արդեն դատապարտված են անհաջողության: 

- Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ ողջամիտ առաջարկների կսպասեն իշխանություններից, եթե չլինեն դրանք ողջամիտ, ապա գործող նախագահի օրինակով կուղարկեն դրանք գրողի ծոցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք առաջին նախագահի ելույթի այս հատվածը: Ի՞նչ առաջարկներ ունի իշխանությունը: 
- Պետք է ասեմ, որ երբեմն ազգի շահից բխող քաղաքական բառապաշարը, որը օգտագործվում է իրավիճակին համապատասխան եւ պատեհ պահին, արդարացված է: Իսկ «գրողի ծոցը», որը շատ դիպուկ էր ասված եւ տեղին, այնքան է ոգեւորել մեր ընդդիմադիրներին, որ բառը կոնտեքստից հանելով եւ անտեղի շահարկելով՝ հեղինակազրկում են իրենց իսկ կողմից հնչեցրած միտքը: Ինչ վերաբերում է իշխանության կողմից ողջամիտ առաջարկներին սպասելուն, ապա պետք է նշեմ, որ սպասել պետք չէ, դրանք արդեն կյանքի կոչված բոլոր այն ծրագրերն են, որոնք իշխանությունը իրականացնում է՝ հրավիրելով ողջամիտ առաջարկներ ունեցող քաղաքական եւ այլ շահագրգիռ ուժերին, որոնք իրապես ցանկանում են ինչ-որ բան փոխել դեպի լավը: 

- ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձախողումը, որը ենթադրում է Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստում եվրոպական այդ ատյանում, հայաստանյան մամուլում շատ քննադատվեց: Նաեւ՝ պատվիրակության ընդդիմադիր անդամները սուր որակումներ տվեցին: Չե՞ք կարծում, որ այդ քննադատության եւ որակումների մեջ ճշմարտության հատիկ կա:
- Մարդիկ պետք է կարողանան զատել փորձառու մասնագետների կարծիքները ավելի էմոցիոնալ կարծիքներից: Համոզված եմ, որ այն, ինչ խոսվում է, հիմնականում գալիս է անտեղյակությունից, եւ գնահատական տալու համար ճիշտ կլինի խորությամբ իմանալ խնդրի մասին: Վստահ եմ, որ բոլորն են ճանաչում ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող հայ պատվիրակներին եւ մասնավորապես պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին, ով երկար տարիների փորձ ունի հատկապես միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում՝ եւ հատկապես ԵԽԽՎ-ում: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հանրային կարծիքում ձեւավորվեց այն համոզմունքը, որ մեր պատվիրակությունը՝ կազմված ԵԽԽՎ-ի ընթացակարգերը, աշխատակարգերը, գրված եւ չգրված օրենքները լավ պատկերացնող պատգամավորներից, արել է մաքսիմալը, ճիշտ է դրել նպատակներն ու խնդիրները, որպեսզի ոչ հայանպաստ զարգացումներ հնարավորինս չլինեն: Սա աշխատանք է, որը շարունակական է լինելու, եւ մենք դեռեւս այստեղ անելիքներ ունենք: «Ձախողում, պարտություն կամ հաղթանակ» բառերն այստեղ ինձ համար ընդունելի չեն, եւ գնահատականներ տալը դեռ վաղ է: Փոխարենը մենք բոլորս պետք է համախմբված լինենք եւ ցանկանանք մեր պատվիրակությանը այս թոհուբոհի մեջ պահպանել միասնականություն՝ շարունակելով իրենց աշխատանքը հայանպաստ պայքարում:
 - Դիլիջանի դպրոցը, որի կառուցապատողին հարկային արտոնություններ տալու համար ընդդիմությունն անխնա քննադատություն էր թափում, վերջապես բացվեց: Հեռանկարում ի՞նչ կտա դա Հայաստանին: Ի դեպ, դպրոցի բացման ժամանակ նախագահ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց, ասաց՝ կցանկանար, որ նաեւ ադրբեջանցի աշակերտներ լինեին այդ դպրոցում, եւ դա այն պարագայում, երբ ընդամենը երկու ամիս առաջ ադրբեջանական բանակը բազմաթիվ դիվերսիոն գործողություններ կատարեց եւ սադրանքներ էր հրահրում հայկական սահմաններում: 
- Հերթական անգամ քննադատությունների միջով անցած, բայց հաջողությամբ պսակված մի ծրագիր, որը Հայաստանն աշխարհին ներկայացնելու նոր ճանապարհ է, որտեղ ներկայացնողները կլինեն այն ուսանողները, ովքեր սովորում են այդ դպրոցում: Օտարերկրյա սովորողներն իրենց պատանեկության երազանքների տարիներն անցկացնելով Հայաստանում, երբ հատկապես նրանց աշխարհայացքի ձեւավորման շրջանն է, հնարավորություն կունենան Հայաստանը ճանաչել ավելի խորքից, իրենց ուսումնառության ընթացքում մոտիկից կծանոթանան մեր ազգային ավանդույթներին, արժեքներին եւ ակամայից կդառնան Հայաստանի դեսպաններն ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով Հայաստանն իրենց երկրներում: Ես համոզված եմ, որ հետագայում այս դպրոցի շրջանավարտները կվերադառնան Հայաստան՝ նոր գաղափարներ եւ ծրագրեր ներդնելու մեր երկրի հզորացման համար: Դիլիջանի միջազգային դպրոցը հիանալի հնարավորություն է նաեւ մեր հայրենակիցների համար՝ ստանալու մեծ պահանջարկ ունեցող միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ առանց հայրենիքից հեռանալու: Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ադրբեջանցի ուսանողների մասով, կարծում եմ, որ եւս մեկ անգամ մեր նախագահն ապացուցեց՝ մենք մշտապես խոսում եւ առաջնորդվում ենք բարձր արժեքներով, որ կրթությունը սահմաններ չի ճանաչում, եւ այն կարծես ճանապարհ է սահմանները վերածելու կամուրջների: Դա շատ լավ օրինակ էր՝ ցույց տալու, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները վաղուց արդեն կյանքի են կոչված: 

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 18.10.2014 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/20/507818/ 

Thursday, October 2, 2014

Ռ.Մուրադյանի հարցը Մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանին

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Անդրեասյան, ես, անդրառանալով մարդու իրավունքների 2013թ. զեկույցին, պետք է համեմատության մեջ տամ այն գնահատականը, որը ինչ-որ տեղ առաջացել է իմ առաջարկությունների ներառման հետ կապված զեկույցում։ Անցած տարվա զեկույցում, երբ ես ելույթ ունեցա եւ ներկայացրեցի, որ շատ լավ կլիներ, որ ըստ ոլորտների ներկայացվեր մարդու իրավունքների խախտումները, ես ուրախ եմ, որ դրանք արդեն ըստ ոլորտների այս տարվա զեկույցում կա, որը ավելի կոնկրետ է դարձնում տվյալ ոլորտային խնդիրները։ Բայց հարցս ուղղված է հետեւյալին։
Դուք նշեցիք, որ 200 խնդիրներ տարբեր ոլորտների դուք զեկույցում արծարծել եք։ Կարո՞ղ եք ասել, ունե՞ք վերլուծական այնպիսի ցուցանիշ, թե ամենաշատը ո՞ր ոլորտում են եղել այդ խնդիրները։ Սա 1-ին հարցը։
2-րդը՝ դուք ասացիք, որ 204 առաջարկներից ընդունվել է ընդամենը 10-ը։ Ինքներդ ձեզ համար վերլուծե՞լ եք պատճառները։ Առավել եւս, երբ նշեցիք, որ այդ 204-ից 150-ը քաղաքական բնույթի չէին։ Կուզեի լսել ձեր կարծիքը, թե ինչու՞ վիճակն այսպիսին է, որ 204-ից 10-ն է ընդունվել։ Շնորհակալություն։

Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-Ամենաշատը,  որպես համակարգային խնդիրներ,  խոսքը չխառնենք անհատական դիմումների հետ։ Խոսքը գնում է համակարգային մեծ խնդիրների մասին։ Կետերով նշվածները ամեն մեկը մի խնդիր ենք հաշվում եւ ամենաշատը կա սոցիալական բլոկում։ Հատկապես աշխատանքի եւ սոցիալական ապահովության ոլորտում։ Ինչու՞ եմ ես անմիջապես այստեղ ասում, որովհետեւ կարող է միանգամից մեկանբանվել, որ ամենավատը այդ մարմինն է, ամենավատը այնտեղ են աշխատում։ Չէ, այդպես չի։ Այնտեղ շատ են ժառանգվել խնդիրները եւ շատ էլ պահպանվել են օբյեկտիվորեն, բայց այնտեղ մենք նաեւ տեսնում ենք որոշակի պատրաստակամություն, որպեսզի խնդիրները լուծվեն։
Երեւանի քաղաքապետարանում էին շատ։ Կարելի է հարց տալ՝ որո՞նք են լուծվել։ Ամբողջ տարվա ընթացքում մենք քննադատել ենք քաղաքապետարանին եւ ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների որոշ դրսեւորումներ։ Բայց չեմ կարող մեղք գործել եւ չասել, որ, ի հեճուկս մեր ողջ քննադատության, Երեւանի քաղաքապետարանը այս պահի դրությամբ ամենաականջալուրն է, ամենաշատն է կատարել մեր համակարգային առաջարկները։ Հետեւաբար, իմ չափորոշիչը նա չի որտեղ են շատ խնդիրները, իմ չափորոշիչը այն է, թե ով ինչպե՞ս է լուծում իր խնդիրները նախորդ տարվանից մնացած։ Եվ այդ իմաստով ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ մի շարք այլ կառույցներ ունեն շատ խնդիրներ։ Նրանք շատ են առնչվում մարդկանց հետ, նրանք շատ են շոշափում մարդու իրավունքների հետ կապված պրոբլեմներ։ Բայց արդեն կարողանում են նվազեցնել այդ խնդիրները։
Դուք ասացիք ինչու՞ չեն լուծում։ Օրենսդրական առաջարկություններ ենք արել։ Շուրջ 10 տոկոսով ընդունվել են մեր օրենսդրական առաջարկությունները։ Այսինքն՝ մի կողմից ունենում ենք վատ թվեր, ցուցանիշներ, նվազումներ, մյուս կողմից ունենում ենք դրական զարգացումներ։ Նույն տարվա կտրվածքով եմ ասում։ Այնտեղ դա էլ է գրված։
2013թ. լավ տարի չէր այն իմաստով, եւ այստեղ չեն կարող ասել կարող է ձեր հեղինակությունն է, ձեր անձն է, վստահությունն է։ Այդպես է ստացվել։ Քաղաքական այդ իրավիճակում առանձին պետական մարմիններ որոշել են, որ այդ խնդիրները կան եւ իրենք կարող են իրենց թույլ տալ շարունակել այդ խնդիրները։ 2014թ. մեջ մենք արդեն նոր խնդիրներ ծագող, որ առաջարկում ենք, շատ հետաքրքիր դինամիկա կա։ Հունվար ամսից մինչեւ հունիս ամիսը շատ արդյունավետ էր պետական մարմինների աշխատանքը, հիմա սկսել է նվազում տեղի ունենալ։ Ես հույս ունեմ, բարձրաձայնում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ օգնել, որպեսզի վերջին երեք ամիսները արդյունավետ օգտագործվեն եւ այդ 200 խնդրից մի մասը լուծվի, որպեսզի ես կարողանամ մյուս տարի ապրիլին կամ այս շրջանում, երբ ներկայացնեմ, ասեմ, թե ինչքան լավն է դինամիկան։ Բայց դա չի լինում ու՞մ պատճառով։ Խնդիրներն են անհասկանալի կամ բարդ, դրա համար էի ընտրել ամենահեշտերը իմ կարծիքով։ Օրինակ, ցրված սկլերոզը կամ բժշկական սխալը սահմանել պատշաճ։ Դրա մեջ ես բարդությունը չեմ տեսնում։ Եթե լիներ մասնագիտական քննարկում նույն նախարարության հետ, հետաքրքիր կլիներ ի՞նչ արգումենտ, փաստարկ ունեն իրենք, որ ասում են՝ ոչ։ Եվ իրենց ստիպել պատասխանել այդ փաստարկներով, ոչ թե ուղղակի ինձ ասել ես լավն եմ կամ վատն եմ, իրավունք ունի խորհրդարանը, որովհետեւ ամեն նստաշրջանում կա հարց ու պատասխանի օր։ Ես այդ հրապարակային հարցման իրավունքը չունեմ։ Բայց կուզեի լսել, օրինակ, թե ի՞նչ կպատասխանի առողջապահության նախարարը դրան։ Եթե մի փաստարկ ասի, որ հիմնավոր չլինի, մենք պատրաստ ենք հրապարակային պատասխանել, թե ինչու՞ համաձայն չենք դրա հետ։ Կամ, եթե մի լավ հիմնավորում կա, որ պետք չի ունենալ երկրում բժշկական սխալի ձեւակերպումը, այդ դեպքում չունենանք։ Ես էլ լռեմ ու ասեմ, կներեք, այս առաջարկությունը հանում եմ։ Այս տեսակ գործընթաց, քանի որ տեղի չի ունենում, կարծում եմ պատճառը դա է, որի համար իրենք չեն շտկում մեր ասած սխալները։

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Ռուզաննա Մուրադյան, համեցեք։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Անդրեասյան, իմ հարցի ձեւակերպումը բացասական տեսանկյունից էր նրա համար, որ ես ինձ համար պարզեմ արդյոք դուք խնդիրներին եւ դրանց վերհանմանը եւ վերլուծությանը ի՞նչ չափով եք ուշադրություն դարձրել եւ որքանո՞վ է այն ամրագրված զեկույցում, որովհետեւ անցած տարի նույն հարցը ես բարձրացրեցի, որ անհրաժեշտ է խնդիրը վերլուծական մասից առանձնացնել։ Բայց այս տարվա զեկույցում կարծես նույնն է մնացել, այդ առումով փոփոխություն չկա։ Դուք նորից ինձ ներկայացրեցիք խնդիրների վերացական մոտեցումը, որ կարող է պատճառը սա է կամ նա է։ Ցանկացած խնդիր լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բացահայտել պատճառները եւ յուրաքանչյուր պատճառի ուղղությամբ համապատասխան գործողությունների պլան մշակել լուծման առումով։ Ես գիտեմ, որ դուք շատ լավ գիտեք։ Բայց ինձ հետաքրքիր է, պրն Անդրեասյան, երբ դուք ներկայացնում եք, որ առողջապահության նախարարության հետ այդ  խնդիրը եղել է եւ ընդամենը այս հասկացությունը սահմանելը շատ դժվարութուն է առաջացրել ձեզ մոտ, որեւէ հանդիպում, քննարկում, առաջարկ ձեր կողմից եղե՞լ է, մերժվե՞լ է։ Մերժվել է համագործակցությունը, թե՞ կոնկրետ բժշկական փաստարկներ բերելով՝ այդ հասկացության անհարմարությունը։

Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-Ուրեմն, սրանից ավելի կոնկրետ չգիտեմ ոնց ասեմ։ Դրա համար  վերցրել եմ փոքր, բայց մեծ հարց՝ բժշկական սխալը։ Ոչ թե նրա համար, որ ամենամեծ խնդիրն է այս երկրում, այլ որ այս օրինակով ցույց տամ, որ այդքան էլ տրամաբանական չի թվում, երբ ինձ մեղադրում են, որ մենք հիմնավոր կամ փաստարկված չենք խոսում։ Ի միջի այլոց, բժշակական սխալի մասին այս բանավեճը նոր չի։ Ասում եք որտե՞ղ ենք ներկայացրել, նույն կառավարությունում, երբ քննարկվում էր մարդու իրավունքների ազգային ծրագիրը, որի մեջ հաստատում կար։ Այդ ժամանակվանից ենք խոսում սրա մասին։ Հանդիպում է եղել, հենց նախկին նախարարի դեպքում էր դա, ու թվաց, որ սայլը տեղից կշարժվի։ Այսինքն՝ չհնչեց այնպիսի հիմնավորում կամ ժխտում, որ մենք անտրամաբանական բան ենք ասում։ Հետագայում էլ անընդհատ կրկնում ու հիշեցնում ենք։ Զեկույցն էլ է այդ ձեւով առաջարկվում։ Բա, էլ ո՞ր ձեւով առաջարկենք։ Ամեն խնդրով առանձին հանդիպում անձնական տեղի չի ունենալու։ Սա է այդ ձեւը, որն առաջարկում ենք։ Եթե մի կողմից մոռանանք մեր փոքրիկ աշխատակազմը, ուղղակի փորձենք անձնապես հանդիպել բոլոր ղեկավարների հետ, պարզապես օրացույցային օրերն ու ժամերը չեն հերիքի։ Հետն էլ այն տարբերակը չի, որ իրենք պատրաստակամ են քննարկել, մենք զլանում ենք, չենք գնում այդ հանդիպումներին։ Ցավոք սրտի, տեսնում ենք այդ բացակայությունները այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ նույնիսկ առաջարկելը իմաստ չունի։ Կարող ենք նախագիծը գրել եւ փոխանցել։ Այդ դեպքում նույնիսկ, ցավոք սրտի, վախենում ենք, որ զուր կլինի, որովհետեւ չկա ի սկբզբանե ցանկությունը ասել, որ, այո, ընդունել ենք, որ սա պետք է եւ եկեք աշխատենք։ Ճիշտ է, այս զեկույցում մենք ասում ենք, որ խնդիրը չի լուծվել, բայց կան մարմիններ, որոնք ասել են՝ այո, ընդունում ենք եւ եկեք աշխատենք։ Իրենք աշխատում են։ Դրա համար այս կետերը ավելի հնարավոր են, մյուսներից դեռ չենք լսել նման ցանկություն։

Հոկտեմբերի 2, 2014


Wednesday, October 1, 2014

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի դասը Զարուհի Փոստանջյանին

   ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց տալու իր մտադրությունը փոխեց ու ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոչով հանդես եկավ. «Այս դահլիճից ընդամենը ժամեր առաջ հնչում էր մի դաս, մի դաստիարակչական օրինագիծ, որը վերաբերում էր պատգամավորի պահվածքին: Ընդամենը ժամեր հետո մենք ականատես եղանք, թե ինչպիսի պահվածքի մասին է խոսքը: Մի պահվածք, որի համար ես ցավ եմ ապրում թե՛ որպես կին եւ թե՛ որպես մանկավարժ: Մի երեւույթ, որն արդեն կարծես շարունակական բնույթ է կրում եւ պատգամավորի կողմից պատգամավորին ծաղրուծանակի է ենթարկում: Ես չեմ կարծում, որ մեզանից յուրաքանչյուրը չվերցրեց վիրավորանքի իր բաժինը՝ քիչ առաջ տեղի ունեցածից»: ՀՀԿ-ական պատգամավորի այս խոսքերը հնչեցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարդացած  այն «նամակից» հետո, որը, ըստ պատգամավորի, իրեն քրեակատարողականից Թակարդ մականունով մեկն է ուղարկել՝ որպես «քսիֆ»՝ բողոքելով, որ ինքն ավելի շատ դատվածություն ունի ու ավելի հարմար է Սյունիքի մարզպետի պաշտոնի համար, քան Սուրիկ Խաչատրյանը: Ռուզաննա Մուրադյանի խոսքերով՝ «Երբ մարդու խոսքը թույլ է, այն ուժեղացնելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ՝ հայհոյանք, ծաղրուծանակ, այլ էմոցիոնալ երանգներ: Բայց ես չեմ կարծում, որ պատգամավորն այն քաղաքական գործիչն է, որ կարողանա իր թուլությունը հանրության առաջ այսքան բաց անել: Ես կոչ եմ  անում իմ գործընկերներին եւ ուզում եմ ասել՝ եթե խոսքի եւ գործի միջեւ տարբերությունը ժամեր հետո ընդամենը այսքան ակնառու պիտի երեւա, ուրեմն եկեք մի քիչ ավելի լավ մտածենք մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների եւ առավել եւս դրա շրջանակում մնացածներին դասեր տալու վերաբերյալ»: Հիշեցնեք, որ Զարուհի Փոստանջյանը երեկ ներկայացրել էր   «Ժառանգության» նախաձեռնած օրինագիծը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու եւ ավելացնելու կարգազանց պատգամավորի մասին ձեւակերպում, ըստ որի, կարգազանց է այն պատգամավորը, որն աղմկում է, ուրիշի փոխարեն քվեարկում է եւ այլն:


    Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ  
  
     Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2014/10/01/502215/ 


Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 1-ի ելույթը հանրային հեռուստատեսության վերաբերյալ


Ռ.Մուրադյանի ելույթը Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ


-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, այս շահագրգիռ եւ մտահոգ քննարկումը քննարկումները գալիս են նրանից, որ բոլորս քաջ գիտակցում ենք, թե ինչ կարեւոր դեր եւ նշանակություն ունի հեռուստատեսությունը քաղաքացու դաստիարակության, նրա մոտ արժեհամակարգի ձեւավորման, պետականաշինության, ազգային մշակույթի ժառանգության պահպանման եւ ընդհանրապես`   ազգապահպանման գործում: Այս առումով է, որ ուզում եմ միանալ իմ շատ ու շատ գործընկերների հորդորներին եւ գնահատականներին, եւ փորձել ավելի իրատեսական կերպով գնահատական տալ կոնկրետ Հանրային հեռուստատեսություն եւ ռադիոյի վերջին մեկ տարվա կատարած աշխատանքներին: Ես հիշում եմ, որ անցած տարի այս ժամանակահատվածում նորից այս ամբիոնից մենք բարձրացրեցինք շատ ու շատ հարցեր, որոնց հիմնական պատասխանները եւ լուծումները արդեն ընթացքի մեջ են, որոշներն էլ արդեն լուծված են:
Ես, մասնավորապես ներկայացրեցի մուլտֆիլմերի հետ կապված այն հարցը, թե մեր երեխաները ինչպիսի՞ մուլտֆիլմեր են նայում, ինչով են դաստիարակվում, եւ այսօր մենք ունենք մուլտֆիլմերի ոչ միայն ճիշտ, հայեցի կրկնօրինակումը, այլ նաեւ երաժշտության ճիշտ պահպանումը եւ ներկայացումը:
Մենք անցած տարի հարց բարձրացրեցինք, թե ինչի՞ սոցիալական ուղղվածության` ոլորտին ուղղված ծրագրերը շատ քիչ են: Այսօր ունենք շատ ու շատ թոփ շոուներ, որոնք վերաբերում են հանրային խնդիրների վերհանմանը, քննարկմանը, եւ որին մասնակցում են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:
Այսօր մենք խոսում ենք Հանրային հեռուստատեսության գրաֆիկայի մասին, պարզապես չենք նկատել կամ չենք ուզում տեսնել, որ բավականին լուրջ փոփոխություն կա եւ բավականին գովելի է այն փաստը, որ մենք տեսնում ենք քաղաքների, եկեղեցիների, խաչքարերի նախշազարդերի եւ այլնի պատկերը ամբողջ Հանրային հեռուստատեսության ընթացքում, հաղորդումներից առաջ եւ հետո: Բայց, այստեղ մենք դեռեւս ունենք խնդիրներ, եւ ես իմ մի շարք առաջարկները փորձում եմ ներկայացնել ձեւակերպած խնդիրների տեսքով:
Համաձայն եմ բոլոր իմ ընկերների այն գնահատականներին, որոնք հնչեցին կրթական հաղորդումների ծավալի մեծացման, լավ հաղորդումներ, նոր հաղորդումների հեռարձակման: Առավելապես գովելի է այն փաստը, որ մեր ուշադրության կենտրոնում է Հանրային հեռուստատեսության «Մայրիկների դպրոցը», «Մայրիկների ակումբը», որտեղ փոքր հասակից կինը, աղջիկը մայր է դառնում, նա հաստատ որեւէ կրթական հաստատություն չի ավարտում եւ բազում խորհուրդների եւ դասընթացների կարիք ունի, եւ ակումբի միջոցով կոնկրետ խնդիրներ եւ հարցեր են լուծվում:
Ես պետք է ներկայացնեմ ընդհանրապես հեռուստաընկերությունների դերը քաղաքացու ձեւավորման եւ դաստիարակության գործում, եւ ցավով պետք է նշեմ, որ դեռեւս կապ չունի Հանրային հեռուստաընկերության հետ, բայց ինչ-որ առումով կապ ունի: Մյուս հեռուստաընկերություններով հեռարձակվող, դեռեւս պահպանված այն ֆիլմերի, այն հաղորդումների մասով, որոնք որ ուղղակիորեն ազդում են քաղաքացիների դաստիարակության վրա: Պետք է ներկայացնեմ նաեւ միջազգային փորձը: Օրինակ` եվրոպական շատ երկրներում Հանրային հեռուստաընկերությունը այլընտրանք է կոմերցիոն հեռուստաընկերություններին, եւ այլընտրանք լինելով նա ուղղակիորեն ազդում է կոմերցիոն հեռուստաընկերությունների քաղաքականության մշակմանը, եւ փորձում է զսպաշապիկի դերակատարություն ունենալ, փորձելով բարձրացնել քաղաքակրթական մակարդակը` կոմերցիան հեռուստաընկերությունների:
Ես շատ կուզեի, որ ապագայում մեր Հանրային հեռուստաընկերությունը նաեւ ստանձներ այդ դերը: Բնականաբար, դա հենց այդ ճանապարհով էլ գնում եմ, որովհետեւ ստեղծում է ավելի լավ հաղորդումներ, ավելի որակով եւ ավելի քաղաքացու դաստիարակությանը նպաստող:
Նաեւ պետք է բերեմ Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի փորձը, որտեղ կա հատուկ քաղաքականություն, ուղղված ազգային նկարագրի պահպանմանը, եւ այն հեռուստատեսությունը, որը չի ապահովում, օրենքով  դա սահմանված է, որը չի ապահովում այդ ազգային նկարագիրը, հեռուստաընկերությունները փակվում են: Ես կարծում եմ, որ մենք մոտ ապագայում եւս դա կունենանք, պետք է գնանք այդ ճանապարհով:
Հիմա, փորձեմ ավելի խմբավորված ներկայացնեմ այն առաջարկները, որոնք մանկավարժական հանրության եւ տարբեր մարդկանց հետ հանդիպումների ընթացքում փորձել եմ համակարգել եւ խմբագրել:
Շատ կարեւոր է, որպեսզի Հանրային հեռուստատեսության ղեկավարման աջակցությամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված հեռուստատեսության, գիտության, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, կկարողանան անմիջականորեն մասնակցել հեռուստատեսության ոլորտում բարեփոխումներին:
Իրականացնել հեռուստաարտադրանքի ինչպես հասարակական, այնպես էլ մասնագիտական գնահատման ինստիտուտի ներմուծում, խուսափելով գործունեության արդյունքների զուտ ծավալային, քանակական, ռեյտինգային ցուցանիշներով գնահատելու պրակտիկայից: Այսպիսի առաջարկ ենք ուզում ներկայացնել ձեզ:
Հեռուստահաղորդումներում հատուկ ուշադրություն դարձնել լեզվական գրագիտության ինտոնացիային:
Հաշվի առնել կրթադաստիարակչական գործառույթների առումով հեռուստաեթերի բացառիկ նշանակությունը եւ կարեւորությունը, եւ ազգային, գիտական, մշակութային, սպորտային, մանկական եւ կրթադաստիարակչական ծրագրերի պատրաստմանն աջակցելու համար մշակել հստակ պետական քաղաքականություն, դրա իրագործումը հանձնարարելով ինչպես Հանրային հեռուստաընկերությանը, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:
Նկատի ունենալով լեզվական, բովանդակային, ինչպես նաեւ մատուցվող գեղարվեստական եւ բարոյական արժեքների տեսանկյունից հեռուստաարտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը, առաջարկում ենք մշակել հեռուստաընկերությունների տիպային կառուցվածք, որտեղ պարտադիր բաղադրիչներից մեկը կլինի խմբագրական, ներքին վերահսկողության եւ փորձաքննության գործառույթներ իրականացնող օղակ:
«Հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին» օրենքում հստակ ամրագրված են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես արգելվում է ակնհայտ բռնություն, անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստաարտադրանքը: Այսօր, այս առումով Հանրային հեռուստատեսությունը բավականին լուրջ ձեռքբերումներ ունի, այդուհանդերձ, բացակայում են այդ երեւույթների գնահատման հստակ չափորոշիչները, չի նշվում նաեւ, թե ի՞նչ մեթոդով է նշվելու մտավոր, ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցությունը:
Առաջարկում ենք հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան հանձնախումբ, վերոհիշյալ չափորոշիչների եւ գնահատման մեթոդաբանության մշակման եւ ԱԺ-ին ներկայացնելու համար:
Վարչական օրենսգրքում բացակայում են այն դրույթները, որոնք թույլ կտան կիրառել օրենքի խախտման դեպքում նախատեսված պատիժը: Առկա է միայն գովազդի հետ կապված խախտումների դեպքում կիրառվող պատժի մասին հատվածը: Վարչական օրենսգրքի այս բացը դժվարություններ է ստեղծում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համապատասխան դրույթները իրագործելու, տույժեր եւ տուգանքներ կիրառելու մասին որոշումները դատական կարգով պաշտպանելու համար: Մասնավորապես, պետք է օրինակը բերեմ հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի 5-րդ հոդվածում, որտեղ ասվում է, որ հաղորդումները պետք է հեռարձակվեն հիմնականում հայոց լեզվով, պահպանելով լեզվի անաղարտությունը: Թիվ 60 հոդվածում տույժ եւ տուգանքների մեջ որեւէ հետադարձ կապով անդրադարձ չկա, որ եթե այդ կետը խախտվի, ի՞նչ տուժի կամ տուգանքի պետք է ներկայացնեն խախտողին կամ հեռուստաընկերությանը:
Առաջարկում ենք հեռուստաեթերի որակի, մշտադիտարկման եւ հեռուստաընկերությունների գործունեության ինքնակարգավորման խնդիրների իրականացման նպատակով 2010 թվականին հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան ստորագրած հեռուստաընկերություններին ստեղծել մշտադիտարկման կառույց, խարտիայի սկզբունքների պահպանման գործընթացի համատեղ քննարկման եւ վերահսկման համար, արդյունքները դարձնել հանրային իրազեկման եւ քննարկման նյութ:

Ամփոփելով ելույթս, ուզում եմ ասել, որ ես էլ եմ համաձայն իմ գործընկերների այն մոտեցմանը, որ ցանկացած առաջընթացի գնահատման մեջ շատ ավելի օբյեկտիվ կհնչի մեր գնահատականը կամ` հանրության, եթե ներկայացվեն նաեւ ոչ միայն ձեռքբերումները, այլ նաեւ ներկայացվեն բացթողումներն ու խնդիրները: Ես ձեր ուշադրություններն եմ հրավիրում հետագա զեկույցի կամ մյուս տարիների նմանատիպ հաշվետվությունների մեջ հիմնականում առաջնորդվել, վերլուծական բազմաթիվ աղյուսակներ կան, մասնավորապես ուզում եմ ձեզ ներկայացնել «Սվոդ» վերլուծական աղյուսակը, որտեղ հստակ ասվում է   մեր ուժեղ կողմերը, մեր թույլ կողմերը, մեր հնարավորություններն ու մեր ռիսկերը, եւ այս ձեւաչափով ներկայացնելու դեպքում, հուսով եմ, որ շատ ու շատ հարցերի արդեն պատասխանը տրված կլիներ:

Հոկտեմբերի 1, 2014