Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Անդրեասյան, ես,
անդրառանալով մարդու իրավունքների 2013թ. զեկույցին, պետք է համեմատության մեջ տամ
այն գնահատականը, որը ինչ-որ տեղ առաջացել է իմ առաջարկությունների ներառման հետ
կապված զեկույցում։ Անցած տարվա զեկույցում, երբ ես ելույթ ունեցա եւ ներկայացրեցի,
որ շատ լավ կլիներ, որ ըստ ոլորտների ներկայացվեր մարդու իրավունքների
խախտումները, ես ուրախ եմ, որ դրանք արդեն ըստ ոլորտների այս տարվա զեկույցում կա,
որը ավելի կոնկրետ է դարձնում տվյալ ոլորտային խնդիրները։ Բայց հարցս ուղղված է
հետեւյալին։
Դուք նշեցիք, որ 200 խնդիրներ
տարբեր ոլորտների դուք զեկույցում արծարծել եք։ Կարո՞ղ եք ասել, ունե՞ք
վերլուծական այնպիսի ցուցանիշ, թե ամենաշատը ո՞ր ոլորտում են եղել այդ խնդիրները։
Սա 1-ին հարցը։
2-րդը՝ դուք ասացիք, որ 204
առաջարկներից ընդունվել է ընդամենը 10-ը։ Ինքներդ ձեզ համար վերլուծե՞լ եք
պատճառները։ Առավել եւս, երբ նշեցիք, որ այդ 204-ից 150-ը քաղաքական բնույթի չէին։
Կուզեի լսել ձեր կարծիքը, թե ինչու՞ վիճակն այսպիսին է, որ 204-ից 10-ն է
ընդունվել։ Շնորհակալություն։
Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-Ամենաշատը, որպես համակարգային խնդիրներ, խոսքը չխառնենք անհատական դիմումների հետ։ Խոսքը գնում է
համակարգային մեծ խնդիրների մասին։ Կետերով նշվածները ամեն մեկը մի խնդիր ենք
հաշվում եւ ամենաշատը կա սոցիալական բլոկում։ Հատկապես աշխատանքի եւ սոցիալական
ապահովության ոլորտում։ Ինչու՞ եմ ես անմիջապես այստեղ ասում, որովհետեւ կարող է
միանգամից մեկանբանվել, որ ամենավատը այդ մարմինն է, ամենավատը այնտեղ են
աշխատում։ Չէ, այդպես չի։ Այնտեղ շատ են ժառանգվել խնդիրները եւ շատ էլ պահպանվել
են օբյեկտիվորեն, բայց այնտեղ մենք նաեւ տեսնում ենք որոշակի պատրաստակամություն,
որպեսզի խնդիրները լուծվեն։
Երեւանի քաղաքապետարանում էին
շատ։ Կարելի է հարց տալ՝ որո՞նք են լուծվել։ Ամբողջ տարվա ընթացքում մենք
քննադատել ենք քաղաքապետարանին եւ ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների
որոշ դրսեւորումներ։ Բայց չեմ կարող մեղք գործել եւ չասել, որ, ի հեճուկս մեր ողջ
քննադատության, Երեւանի քաղաքապետարանը այս պահի դրությամբ ամենաականջալուրն է,
ամենաշատն է կատարել մեր համակարգային առաջարկները։ Հետեւաբար, իմ չափորոշիչը նա
չի որտեղ են շատ խնդիրները, իմ չափորոշիչը այն է, թե ով ինչպե՞ս է լուծում իր
խնդիրները նախորդ տարվանից մնացած։ Եվ այդ իմաստով ոստիկանությունը, պաշտպանության
նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը, Երեւանի
քաղաքապետարանը եւ մի շարք այլ կառույցներ ունեն շատ խնդիրներ։ Նրանք շատ են
առնչվում մարդկանց հետ, նրանք շատ են շոշափում մարդու իրավունքների հետ կապված
պրոբլեմներ։ Բայց արդեն կարողանում են նվազեցնել այդ խնդիրները։
Դուք ասացիք ինչու՞ չեն լուծում։
Օրենսդրական առաջարկություններ ենք արել։ Շուրջ 10 տոկոսով ընդունվել են մեր
օրենսդրական առաջարկությունները։ Այսինքն՝ մի կողմից ունենում ենք վատ թվեր,
ցուցանիշներ, նվազումներ, մյուս կողմից ունենում ենք դրական զարգացումներ։ Նույն
տարվա կտրվածքով եմ ասում։ Այնտեղ դա էլ է գրված։
2013թ. լավ տարի չէր այն
իմաստով, եւ այստեղ չեն կարող ասել կարող է ձեր հեղինակությունն է, ձեր անձն է,
վստահությունն է։ Այդպես է ստացվել։ Քաղաքական այդ իրավիճակում առանձին պետական
մարմիններ որոշել են, որ այդ խնդիրները կան եւ իրենք կարող են իրենց թույլ տալ
շարունակել այդ խնդիրները։ 2014թ. մեջ մենք արդեն նոր խնդիրներ ծագող, որ
առաջարկում ենք, շատ հետաքրքիր դինամիկա կա։ Հունվար ամսից մինչեւ հունիս ամիսը
շատ արդյունավետ էր պետական մարմինների աշխատանքը, հիմա սկսել է նվազում տեղի
ունենալ։ Ես հույս ունեմ, բարձրաձայնում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում, խնդրում
եմ օգնել, որպեսզի վերջին երեք ամիսները արդյունավետ օգտագործվեն եւ այդ 200
խնդրից մի մասը լուծվի, որպեսզի ես կարողանամ մյուս տարի ապրիլին կամ այս
շրջանում, երբ ներկայացնեմ, ասեմ, թե ինչքան լավն է դինամիկան։ Բայց դա չի լինում
ու՞մ պատճառով։ Խնդիրներն են անհասկանալի կամ բարդ, դրա համար էի ընտրել ամենահեշտերը
իմ կարծիքով։ Օրինակ, ցրված սկլերոզը կամ բժշկական սխալը սահմանել պատշաճ։ Դրա մեջ
ես բարդությունը չեմ տեսնում։ Եթե լիներ մասնագիտական քննարկում նույն
նախարարության հետ, հետաքրքիր կլիներ ի՞նչ արգումենտ, փաստարկ ունեն իրենք, որ
ասում են՝ ոչ։ Եվ իրենց ստիպել պատասխանել այդ փաստարկներով, ոչ թե ուղղակի ինձ
ասել ես լավն եմ կամ վատն եմ, իրավունք ունի խորհրդարանը, որովհետեւ ամեն
նստաշրջանում կա հարց ու պատասխանի օր։ Ես այդ հրապարակային հարցման իրավունքը
չունեմ։ Բայց կուզեի լսել, օրինակ, թե ի՞նչ կպատասխանի առողջապահության նախարարը
դրան։ Եթե մի փաստարկ ասի, որ հիմնավոր չլինի, մենք պատրաստ ենք հրապարակային
պատասխանել, թե ինչու՞ համաձայն չենք դրա հետ։ Կամ, եթե մի լավ հիմնավորում կա, որ
պետք չի ունենալ երկրում բժշկական սխալի ձեւակերպումը, այդ դեպքում չունենանք։ Ես
էլ լռեմ ու ասեմ, կներեք, այս առաջարկությունը հանում եմ։ Այս տեսակ գործընթաց,
քանի որ տեղի չի ունենում, կարծում եմ պատճառը դա է, որի համար իրենք չեն շտկում
մեր ասած սխալները։
Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Ռուզաննա Մուրադյան, համեցեք։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Անդրեասյան, իմ հարցի
ձեւակերպումը բացասական տեսանկյունից էր նրա համար, որ ես ինձ համար պարզեմ արդյոք
դուք խնդիրներին եւ դրանց վերհանմանը եւ վերլուծությանը ի՞նչ չափով եք
ուշադրություն դարձրել եւ որքանո՞վ է այն ամրագրված զեկույցում, որովհետեւ անցած
տարի նույն հարցը ես բարձրացրեցի, որ անհրաժեշտ է խնդիրը վերլուծական մասից
առանձնացնել։ Բայց այս տարվա զեկույցում կարծես նույնն է մնացել, այդ առումով
փոփոխություն չկա։ Դուք նորից ինձ ներկայացրեցիք խնդիրների վերացական մոտեցումը,
որ կարող է պատճառը սա է կամ նա է։ Ցանկացած խնդիր լուծելու համար առաջին հերթին
անհրաժեշտ է բացահայտել պատճառները եւ յուրաքանչյուր պատճառի ուղղությամբ
համապատասխան գործողությունների պլան մշակել լուծման առումով։ Ես գիտեմ, որ դուք
շատ լավ գիտեք։ Բայց ինձ հետաքրքիր է, պրն Անդրեասյան, երբ դուք ներկայացնում եք,
որ առողջապահության նախարարության հետ այդ խնդիրը եղել է եւ ընդամենը այս հասկացությունը
սահմանելը շատ դժվարութուն է առաջացրել ձեզ մոտ, որեւէ հանդիպում, քննարկում,
առաջարկ ձեր կողմից եղե՞լ է, մերժվե՞լ է։ Մերժվել է համագործակցությունը, թե՞
կոնկրետ բժշկական փաստարկներ բերելով՝ այդ հասկացության անհարմարությունը։
Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-Ուրեմն, սրանից ավելի կոնկրետ
չգիտեմ ոնց ասեմ։ Դրա համար վերցրել եմ փոքր, բայց մեծ հարց՝ բժշկական սխալը։
Ոչ թե նրա համար, որ ամենամեծ խնդիրն է այս երկրում, այլ որ այս օրինակով ցույց
տամ, որ այդքան էլ
տրամաբանական չի թվում, երբ ինձ մեղադրում են, որ մենք հիմնավոր կամ փաստարկված
չենք խոսում։ Ի միջի այլոց, բժշակական սխալի մասին այս բանավեճը նոր չի։ Ասում եք
որտե՞ղ ենք ներկայացրել, նույն կառավարությունում, երբ քննարկվում էր մարդու
իրավունքների ազգային ծրագիրը, որի մեջ հաստատում կար։ Այդ ժամանակվանից ենք
խոսում սրա մասին։ Հանդիպում է եղել, հենց նախկին նախարարի դեպքում էր դա, ու
թվաց, որ սայլը տեղից կշարժվի։ Այսինքն՝ չհնչեց այնպիսի հիմնավորում կամ ժխտում,
որ մենք անտրամաբանական բան ենք ասում։ Հետագայում էլ անընդհատ կրկնում ու
հիշեցնում ենք։ Զեկույցն էլ է այդ ձեւով առաջարկվում։ Բա, էլ ո՞ր ձեւով
առաջարկենք։ Ամեն խնդրով առանձին հանդիպում անձնական տեղի չի ունենալու։ Սա է այդ
ձեւը, որն առաջարկում ենք։ Եթե մի կողմից մոռանանք մեր փոքրիկ աշխատակազմը,
ուղղակի փորձենք անձնապես հանդիպել բոլոր ղեկավարների հետ, պարզապես օրացույցային
օրերն ու ժամերը չեն հերիքի։ Հետն էլ այն տարբերակը չի, որ իրենք պատրաստակամ են
քննարկել, մենք զլանում ենք, չենք գնում այդ հանդիպումներին։ Ցավոք սրտի, տեսնում
ենք այդ բացակայությունները այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ նույնիսկ
առաջարկելը իմաստ չունի։ Կարող ենք նախագիծը գրել եւ փոխանցել։ Այդ դեպքում
նույնիսկ, ցավոք սրտի, վախենում ենք, որ զուր կլինի, որովհետեւ չկա ի սկբզբանե
ցանկությունը ասել, որ, այո, ընդունել ենք, որ սա պետք է եւ եկեք աշխատենք։ Ճիշտ
է, այս զեկույցում մենք ասում ենք, որ խնդիրը չի լուծվել, բայց կան մարմիններ,
որոնք ասել են՝ այո, ընդունում ենք եւ եկեք աշխատենք։ Իրենք աշխատում են։ Դրա
համար այս կետերը ավելի հնարավոր են, մյուսներից դեռ չենք լսել նման ցանկություն։
Հոկտեմբերի 2, 2014
No comments:
Post a Comment