Saturday, November 8, 2014

Աղանդավորական պայքար «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի և բանակում հոգևոր ծառայության դեմ

Արևմուտքից ֆինանսավորվող որոշ հկ-ներ սկսել են իրենց պայքարը` մի կողմից, որպեսզի դպրոցներից հանվեն <<Հայ եկեղեցու պատմություն>> առարկան, մյուս կողմից պայքարում են բանակում իրականացվող հոգևոր ծառայության դեմ: Այս մտահոգությամբ ՀԱՅՔ կենտրոնը հրավիրել էր ասուլիս-քննարկում:
Քննարկմանը հրավիրված էին Տեր Կորյուն քահանան, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Ստորև ներկայացնում ենք տարբեր լրատվամիջոցների արձագանքները:
Կրոնական դասագրքերից անցում տասնութ տարեկանում սեռը որոշելը
aravot.am
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնը Թեքեյան կենտրոնի փոքր սրահում հրավիրել էր քննարկում՝ «Աղանդավորական պայքարը դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով:
Քննարկմանը մասնակցեցին Տեր Կորյուն քահանան, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ Հայաստանում գրանցված են 67 աղանդավորական կազմակերպություններ (խոսքը կրոնական կազմակերպությունների մասին է), որոնք ներքին սպառնալիք են դարձել երկրի անվտանգության համար: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարվա հունիսին լրացումներ արվեցին «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, մասնավորապես, զենք չբռնող աղանդավորների համար սահմանվեց այլ…աշխատանքներ կատարելու կարգը: Աստվածաբանի կարծիքով, հայ եկեղեցու «մուտք գործելը» դպրոցներ, արդարացիության վերականգնելու ընթացք է.«Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնա, նա մանկամիտ է»:
Ըստ Վարդան Խաչատրյանի, դպրոցական դասագրքերում կարեւորվել է առաջին հերթին ընդհանուր գիտելիքներ տալու հանգամանքը, իսկ այլ կրոնների պատմություններ ներառելը դասագրքում , հնարավոր էլ չէ: Աժ պատգամավորն ասաց, օրինակ, որ դասագրքերը կարելի է վերանայել, իսկ որ միայն մեր եկեղեցու պատմությունն է ներառված, դա այնքան էլ այդպես չէ: Աստվածաբանի կարծիքով, հանրությանը բաժանելու խնդիր չկա, մարդն ինքն է ընտրում բարի եւ չարի իր եզրույթը:
166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը եկել էր ութերորդ դասարանի պատանու հետ, որն ասաց, թե կարեւոր է եկեղեցու պատմությունն իմանալը, եւ ինքը դեմ է, որ աղանդավորները փորձում են հակառակն անել:
Տնօրենը չթաքցրեց, որ դպրոցները տարիներ առաջ պատրաստ չէին, երբ կրոնի պատմություն առարկան մտցվեց: Դասավանդողները հիմնականում հայ ժողովրդի պատմության ուսուցիչներն էին, որոնք վերապատրաստվեցին: Իրենց դպրոցում Աստվածաբանության ֆակուլտետն առաջինն ավարտած մեկն է, եւ որ դասերը սկսվում են «Հայր Մեր»-ով: 1200 աշակերտների մեջ կան երեխաներ, որոնց ծնողների մեջ կան աղանդավորներ, որոնք դեմ են մեր Օրհներգին եւ Տերունական աղոթքին: Ըստ տնօրենի .«Նրանք ասում են՝ մենք փառաբանում ենք Եհովային»:
Հակաօդային պաշտպանության զորքերի հոգեւոր հովիվ Տեր Կորյուն քահանան ասաց, որ այս նույն երեխաներն են գալիս բանակ, սոցիալական կարգը չի փոխվում: «Իմ խնդիրն է աշխատել նրանց հետ: Ո՞վ է մեր երկրում, եթե նա չի երգում «Մեր հայրենիքը»: Հարգում եմ բոլոր ազգերին, անգամ թուրքին, մշակույթը, սակայն բանակում մեր ներկայությունն օգնում է, ավելի հայրենասեր լինել, հոգեբանորեն սատար լինել ընկերոջդ օգնելու, քո անձից պտտվելու դեպի քո ընկերը»,-ասաց նա:
Հասարակական կազմակերպությունների շրջանառվող պնդումներին, թե պարտադիր բառը պետք է հանվի, ուսուցումը պետք է լինի կամովին, դեմ արտահայտվեցին բոլորը: Մեր հոգեւոր հովիվը համաձայն չէր «ազատության» այն տեսակի հետ, երբ նույն հասարակական կազմակերպությունները պնդում են, թե մարդը դառավ տասնութ տարեկան, ինքն է որոշում իր սեռը.«Ահավոր է: Էդ երկրի վաղվա օրն ի՞նչ պետք է լինի»:
Քիչ չեն տարբեր աղանդների հետևորդ աշակերտները, որոնք հրաժարվում են ՀՀ օրհներգը կատարել. դպրոցի տնօրեն
newsbook.am
Շատ կարևոր է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում դասավանդվի համապատասխան մասնագետի, և ոչ՝ վերապատրաստում անցած հայոց լեզվի և գրականության կամ մեկ այլ ուսուցչի կողմից: «Աղանդավորական պայքարը Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց թիվ 166 դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը:
«Դպրոցը, որը ես եմ ղեկավարում, իր հարկի տակ ամեն օր ընդունում է 1200 երեխաների՝ 800 ընտանիքներից: Նրանց մեջ քիչ չեն նաև տարբեր աղանդների հետևորդ աշակերտները, որոնք շատ անգամ հրաժարվում են ՀՀ օրհներգը կատարել՝ պատճառաբանելով, որ իրենք փառաբանում են ոչ թե պետությանն ու պետականությանը, այլ Եհովային»,- ասաց նա:
Քննարկման մյուս բանախոս, Կորյուն քահանա Նահապետյանն էլ, իր հերթին, նկատեց, որ բանակում աղանդավոր երիտասարդների սոցիալական կարգը չի փոխվում: «Երեխան, ով դպրոցից սկսած՝ չի արժեվորում իր պետությունն ու կրոնը, նույն արժեքներով էլ գալիս է բանակ: Մինչդեռ ակնհայտ է, որ կրոնը հայ զինվորին օգնում է առավել հայրենասեր լինել, օգնում է զարգացնել դիմացինին հոգեբանորեն սատար լինելու գիծը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ աղանդավոր զինծառայողների մոտ 80 տոկոսն ի վերջո դարձի է գալիս և տուն վերադառնում որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ:
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ ասաց, որ կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանը չպետք է և չի կարող իրեն ճոխություն թույլ տալ՝ աղանդավոր ընտանիքների արական սեռի ներկայացուցիչներին ուղարկել այլընտրանքային ծառայության: «Հայ եկեղեցու պատմությունը հայոց պատմության բաղկացուցիչ, շատ կարևոր մասն է, հետևապես քննադատության ենթարկել առարկայի մնալը դպրոցում, ուղղակի անընդունելի է: Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ է գնում, նա մնում է մանկամիտ, այնպես որ Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդումն ուղղակի պարտադիր է»,- ասաց նա:
Իսկ ահա ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը համոզմունք հայտնեց, որ բարոյական դաստիրակության և ազգային ինքնության պահպանման պակասը Հայաստանում ակնհայտ են, իսկ սա ազգային անվտանգությանը սպառնացող առաջին նախադրյալներից է: «Քրիստոնեական դաստիարակությունը պետք է սկսվի դպրոցից: Դպրոցում և բանակում քահանաների ներկայությունը պարտադիր է: Ինչ վերաբերում է այլընտրանքային ծառայությանը, ապա հայտնի է, որ Հայաստանում այն ամրագրված է օրենքով: Միաժամանակ, մեր երկրում առկա են այլընտրանքային ծառայության զսպիչ ուժեր, այն է՝ ծառայության ժամկետի՝ սովորական 2 տարվա փոխարեն մինչև 3.5 տարի տևելը, ինչպես նաև աշխատավարձի հազարապատիկի չափով վճարումը պետբյուջե՝ ծառայությունը 1 տարով կրճատելու համար»,- հիշեցրեց խորհրդարանականը:
«Դպրոցում աղանդավորների երեխաները ոտքի են կանգնում, բայց հրաժարվում են երգել ՀՀ օրհներգը». ըստ ծնողների՝ այն փառաբանում է հայրենիքը
168.am
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երկու ուղղություններով աղանդավորական պայքար է ընթանում՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ: Այսօր տեղի ունեցած քննարկմանը մասնակցած Տեր Կորյուն քահանա Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը փորձեցին պարզաբանել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս պայքարը: Հայ եկեղեցու պատմության դասագիրքը, բացի հոգևոր կրթություն տալուց, նպաստում է նաև մեր ազգի նկարագրի ամբողջացմանը: Եթե պայքար կա դրա դեմ, նշանակում է պայքար կա ազգային նկարագրի դեմ:
Թե էլ ինչո՞վ է կարևոր առարկայի ուսուցումը դպրոցում ներկայացրեց թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը. «Աշակերտները վկայում են այն փաստը, որ իրենք ավելի ընկերասեր ու հանդուրժող են դարձել: Իմ ղեկավարած դպրոցում սովորում են 1200-ից ավելի աշակերտներ և 800 ընտանիքից երեխաներ են գալիս:
Ունենք նաև տարբեր աղանդների պատկանող ընտանիքներ, որոնց երեխաները Հայաստանի Հանրապետության օրհներգը չեն երգում. ոտքի են կանգնում, բայց չեն երգում: Նրանց ծնողները բողոքում են՝ թող ուսուցիչնեը չպարտադրեն, որովհետև օրհներգում փառաբանում ենք մեր հայրենիքը, իսկ իրենք ասում են՝ մենք փառաբանում են Եհովա աստծուն: Աշակերտներն իրենց ուժերով փորձում են հասկացնել այդ երեխաներին՝ առանց կռվի, ուղղակի ջերմորեն բացատրելով, որ պետք է»,- նշեց նա:
ՀՕՊ զորքերի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը արձագանքելով այս խնդրին՝ նշեց, թե այդ նույն օրհներգը չերգող երեխաները մի քիչ էլ մեծանում և գնում են բանակ. «Բանակում չի փոխվում իրենց սոցիալական կարգը: Ազգային տեսակետից մեր երկրում ո՞վ է, ի՞նչ է այն երեխան, որը դպրոցում չի արժևորում մեր հայրենիքը և չի երգում օրհներգը:
Թող որևէ մի ազգի ներկայացուցիչ չվիրավորվի իմ խոսքերից, ես հարգում եմ բոլոր ազգերին, բայց որ Աստված մեզ տվել է երկիրը պահելու, պահպանելու, սիրելու, կայացնելու պատգամ, և մենք պարզապես պարտավոր ենք անել դա: Եկեղեցու ներկայությունը բանակում օգնում է հայ զիվորին ավելի հայրենասեր լինել, հոգեբանորեն սատար լինել իր ընկերներին: Բնակում աղանդավորականներն այքան են, որքան կան մեր երկրում և որոնց մի մասը գալիս է ծառայության: Բանակ եկած աղանդավորների առնվազն 80 տոկոսը վերադառնում է Հայ Առաքելական եկեղեցի»,- ասաց քահանան:
Վարդան Խաչատրյան. Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնաց, նա մնալու է մանկամիտ
168.am
Դրսից ֆինանսավորվող տարբեր կառույցներ հստակ պահանջ են դնում ԿԳ նախարարության առաջ՝ հանել դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը և աշխարհիկ հիմքերի վրա դասընթացներ կազմակերպել, իսկ թե ինչ դասընթացների մասին է խոսքը դեռ չի որոշակիացվում: Փորձում են սա հիմնավորել՝ ասելով, որ իբր այսօրվա դասագրքերում խեղվում է կրոնի ազատությունը, իբր թե այլ կրոնների մասին խոսք չկա:
Բայց իրականում դասագրքերում կան տարբեր կրոնների մասին նյութեր: Աստվածաբան Վարդան Խաչատրյանն այսօրվա քննարկման ժամանակ փորձեց պարզաբանել, թե ի՞նչ կա այս պահանջի ենթատեքստում. «Մարդը պետք է ունենա ազատ ընտրության հնարավորություն՝ բարու և չարի իմացությամբ: Այսինքն՝ ազատությունը, որպես այդպիսին, յուրաքանչյուր բարին և չարը չճանաչողի համար կարող է վերածվել հասարակական գերագույն արատի դրսևորման: Չեմ կարող ասել, թե դասագիրքը բացարձակ է, որովհետև որևէ բացարձակ դասագիրք գոյություն չունի:
Յուրաքանչյուր դասագիրք պետք է միտված լինի գոյություն ունեցող դրական արժեքների սերմանմանը հասարակության մեջ: Իսկ այդ սերմերը չպետք է իրենց մեջ կրեն խորը չարի տարրեր: Եթե մենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն երկրորդայնացնելու ենք որևէ ոլորտում, դա ունենալու է ծանրագույն հետևանքներ՝ հայկական ինքնության պահպանման և վերարտադրման հարցում, որովհետև պատմականորեն այդ կառույցի, նրա տեսական զանգվածի մեջ մենք կրում են անցյալից եկող բյուրեղացած դրականը: Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնաց, նա մնալու է մանկամիտ»,- ասաց նա:
Աստվածաբանը նկատեց, որ միջազգային ճնշումների ներքո մենք բացեցինք մի դուռ, որն անթուլատրելի էր բացել, այսինքն ՝ թույլ տալ խուսափել բանակում ծառայելուց. «Դա շատ բացասական երևույթ էր, որովհետև մենք այդպիսի շռայլության հնարավորություն չունենք»: Այս կազմակերպություններն անընդհատ հղում են անում ՄԱԿ-ին, բայց տարբեր երկրներում, օրինակ՝ Իսպանիա, Իրաք չի արգելվում այս առարկայի դասավանդումը:
Թե ինչպե՞ս է լինում, որ ՄԱԿ-ը նրանցից չի պահանջում դպրոցներից հանել այդ դասաժամը, բայց Հայաստանից դա պահանջվում է այս կառույցների միջոցով, փորձեց պարզաբանել ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, որն ասաց, որ մեր երկրում բարոյական ու հայրենասիրական դաստիարակության պակասն ակնհայտ է. «Կա հստակ մարտահրավեր և պետք է լինի դա վերացնելու ուղղությամբ մշակված ծրագիր: Նայելով միջազգային բոլոր փաստաթղթերը չպետք է մոռանանք նաև մեր ազգային իրավունքը:
Ո՞վ է ասել, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է լինի փոքրիկ դասընթացների ձևով, այն պետք է լինի իսկզբանե, քանի որ մենք մեր պատմությունից տեսել ենք, որ մեր եկեղեցու ներսում է եղել դպրոցը: Քանի որ արդեն իսկ Սահմանադրությամբ թույլ ենք տվել աղանդների մուտքը Հայաստան և թույլ ենք տվել, որ գրանցվի 67 կրոնական կազմակերպություն, որոնց գիտենք ու հայտնի չէ, թե ինչքանն էլ չգիտենք, հետևաբար պետք է դրան էլ համապատասխան մեր պետական քաղաքականությունը, մեր մնացած քայլերը պետք է տանենք այդ ամենին համապատասխան, ինչը որ առկա է: Ես կարծում եմ, որ և՛ բանակում, և՛ դպրոցում, և՛ հասարակական բոլոր կառույցներում եկեղեցու և քահանայի ներկայությունը պարտադիր է»,- ասաց նա:
Նյութի աղբյուրը՝ http://armarlur.com/?p=64428
08.11.2014թ.

No comments:

Post a Comment