Tuesday, February 24, 2015

ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանի փետրվարի 24-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին



Կառավարման ճգնաժամ, ասել է, թե անընդունակություն կառավարման վերաբերյալ որոշումների կայացման, մինչդեռ տարբեր ոլորտների բազմաթիվ ձեռքբերումները խոսում են նրա մասին, որ չկա ճգնաժամ, կա երկրի բնականոն զարգացման ընթացք, կան  չլուծված խնդիրներ և խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:
Չնայած ինչ-որ իմաստով համաձայն եմ, քանի դեռ Հայաստանում քաղաքական պայքարը գաղափարական չէ, այլ անձնային, այո′, կա ճգնաժամ, դա ընդդիմության և ոչ իշխանական ուժերի ճգնաժամ է: Ընդդիմությունն ի մի գալու անհրաժեշտություն ունի, եթե քաղաքական ուժը չի գնում ցնցումների ճանապարհով, այլ առաջարկում է կառուցողական լուծումներ, ապա դուք նրա հետ չեք՝ այ դա է ճգնաժամը: Հոգու ճգնաժամը ամեն ինչի գնով առանց կոնկրետ ծրագրերի միայն իշխանության գալու մոլուցքը ոչ այլ ինչ է, քան հայրենասիրության ճգնաժամ: Քաղաքական բարձր ամբիոնը հակադաստիարակչական գործընթացներին ծառայեցնելը, ժողովրդին մոլորեցնելը ևս ճգնաժամ է: Կարևորը՝ այդ ճգնաժամի  հաղթահարման ճանապարհն է, իսկ ընդդիմության գործելաոճը, ոչինչ չարած, ընդամենը դասեր տալն է իշխանությանը, թե ինչպես պետք է ամեն ինչ լավ անել:
Մենք չենք ասում, որ մեր երկրում չկան խնդիրներ, կան խնդիրներ, որոնք դեռ լուծման կարիք ունեն, բայց կան նաև արդեն լուծված խնդիրներ, որոնց մասին պետք է համարձակություն ունենալ ասելու: Իհարկե, պետք է բարձրաձայնել և արվածի և չարվածի մասին, պետք է կարողանալ տարբերել  սևը սպիտակից, իսկ ամեն ինչ սևացնելը, կամ ամեն ինչ, կամ ոչինչ ունենալը, ոգու կամ մտավոր ճգնաժամ է:
Մի փորձեք հանդես գալ հրաբորբոք հայրենասիրությամբ, ժողովուրդն իմաստուն է, նա վստահում է իր իսկ կողմից ընտրված նախագահին:
Ընդդիմության հնչեցրած ելույթներից պարզ է դառնում, որ  մոտեցումը ոչ թե հանուն խնդիրների լուծման, երկրի զարգացման է, այլ ուղղակի՝ ընդդեմ իշխանության: Յուրաքանչյուրի տեսլականը գալիս է իր արժեքային, մտավոր, հոգեկան վիճակից, և թե ով ում որտեղ է տեսնում, դա խոսում է հենց ինքն իր մասին:
            Մենք քննադատում ենք ամենինչին սև ակնոցներով նայելու երևույթը, և չենք գնում այդ ճանապարհով, դրա համար էլ ընդդիմության մեջ տեսնում ենք լուսավոր կետեր, անհատներ, որոնք իրոք մտահոգված են երկրի ապագայով և օբյեկտիովորեն տեսնում են իրենց բացթողումները:
Այսօր փորձենք հեռու վանել ինքնահավան, ինքնավստահ մտածողությունը, ինքնաքննադատաբար վերաբերվենք և միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր չհամարենք:
Չմոռանանք, որ ազգապառակտիչ գործողությունները ապրիլի 24-ից առաջ կարող են կործանարար լինել: Այսօր մենք չպետք է մտածենք մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող գործընթացների մասին: Համագործակցությունն է մեր երկիրը ապագայի ճանապարհով առաջ տանող միակ ուղին:  



No comments:

Post a Comment