Tuesday, February 3, 2015

«Երբ ժողովուրդը հարց է բարձրացնում, նրան ընդդիմությունը չի պատասխանում, պատասխանում է իշխանությունը»

«Երբ ժողովուրդը հարց է բարձրացնում, նրան ընդդիմությունը չի պատասխանում, պատասխանում է իշխանությունը»


03.02.2015 | 00:24
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
-Հունվարյան գիշերային պատերազմի համապատկերում՝ ինչպե՞ս եք գնահատում ՊՆ կոլեգիայի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանն իրեն նախահարձակ լինելու իրավունք է վերապահում սահմաններին զորքի կուտակման և դիվերսիաների կանխարգելման նպատակով: Դա նո՞ր մարտավարություն է:
-Այդ նոր մարտավարությունը նոր չի սկսվել, ես կարծում եմ՝ սկիզբը այն պահից էր, երբ ՀՀ նախագահը հարց բարձրացրեց, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ո՞ր կետն է կատարել: Հիմա իրավիճակը դրդում է խոսքից գործի անցնել: Բաքվի չդադարող սադրանքներն ու դիվերսիաներն են նոր մարտավարության պատճառը: Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել է կառուցողական, մենք ցանկանում ենք խաղաղ, բանակցային ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծել և տարիներ շարունակ հրադադարի խախտմանը ադրբեջանական կողմից պատասխանել ենք միայն պաշտպանական կրակոցներով, բայց դա անվերջ շարունակվել չի կարող: Օգոստոսյան զինված բախումները ցույց տվեցին, որ հայոց բանակի զինվորների մարտական ոգին ու զինվորական պատրաստականությունն այնքան բարձր են, որ ադրբեջանական որևէ սադրանք չի կարող նպատակին հասնել: Նրանք վախենում են հենց այդ մարտական ոգուց, որի առաջ զենքը ոչինչ է:
-ՈՒրեմն՝ ի՞նչ են ուզում ադրբեջանցիները՝ անվերջ խախտելով հրադադարը:
-Ակնհայտորեն՝ ճնշում գործադրել միջազգային կառույցների վրա և զիջումներ պարտադրել բանակցային գործընթացում՝ ներկայանալով իբր ավելի ուժեղ կողմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել, իսկ խաղաղ ճանապարհով լուծման միակ տարբերակը բանակցություններն են: Վստահության մթնոլորտ պետք է լինի կողմերի միջև՝ խնդիրը լուծելու համար: Ի՞նչ է անում Ադրբեջանը: Բաքվի ամբողջ քաղաքականությունը վստահության մթնոլորտի բացառմանն է ուղղված՝ հեռահար նպատակ ունենալով մեղադրել հայկական կողմին ստեղծված իրավիճակի համար: Նրանք գիտեն, որ պատերազմ տեսած ու պատերազմում հաղթած ժողովրդին արդեն չես վախեցնի, բանակի դեմ բացահայտ դուրս գալուց վախենում են, այդ պատճառով էլ դիմում են դիվերսիաների, որովհետև առճակատման պարագայում իրենց կորուստներն անհամեմատ շատ են լինելու: Հայ զինվորի անկոտրում հաստատակամությունը ավելի ամուր է դարձնում մեր դիրքերը:
-Կարծում եք, որ հայ զինվորի հաստատակամությանն ու մարտական ոգուն ադեկվա՞տ են հայ դիվանագիտությունը և քաղաքական էլիտան: 1994-ին հայ զինվորն իր հաղթական խոսքը ասաց ու ձեռք բերեց մի ցուցանիշ, որը հայ դիվանագիտությունը չի կարողանում իրավականորեն ամրագրել: Հետևանքը՝ Ադրբեջանը փորձում է բանակցությունների համար մեկնակետ ընդունել ոչ թե 1994-ը, այլ ներկա իրավիճակը, երբ, իր կարծիքով, ռազմական ու տնտեսական գերակայություն ունի:
-Որպես կանոն, դիվանագիտական ճանապարհն ավելի երկարատև է, քան ռազմականը: Դա նորմալ է, պատերազմում կամ հաղթում ես, կամ պարտվում ես, դիվանագիտության մեջ պիտի հասնես փոխընդունելի տարբերակի, իսկ բանակցային սեղանի շուրջ նստած են մարդիկ, որ քեզ հետ չեն ուզում համաձայնել ու խնդիր ունեն քեզ իրենց տարբերակը պարտադրելու: Փոխըմբռնում է պետք նպատակին հասնելու համար: Դիվանագիտությունը պահանջում է ժամանակ, ռեսուրսներ, համապատասխան մթնոլորտ, քաղաքական բարենպաստ պայմաններ: Միանշանակ է, որ սահմանին կանգնած զինվորի ոգին պիտի լինի նաև դիվանագիտական դաշտում, որպեսզի միասնական պայքարեն՝ ցանկալի արդյունքին համատեղ հասնելու համար:
-Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը իրական վիճակին համապատասխանո՞ւմ է:
-ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի որոշակի մանդատ, որի շրջանակներում գործում է, բայց այդ մանդատի շրջանակներում է իրավիճակի օբյեկտիվ գնահատականը: Չի կարելի անընդհատ հանդուրժողականության, կառուցողականության պարիտետային կոչեր անել կողմերին, երբ մեկը զինադադարը խախտելը իր պարտականությունն է համարում՝ Գուրգեն Մարգարյանի սպանությունից սկսած մինչև ուղղաթիռի խոցման միջադեպը ու սահմանային ներկա դիվերսիաները: Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՄԽ հայտարարությունը առանձնանում էր նախորդներից, թերևս առաջին անգամ համանախագահները կոչ արեցին Ադրբեջանին պահպանել խնդրի խաղաղ կարգավորման իր հանձնառությունները։ Ի վերջո, օբյեկտիվ իրականությանը պետք է օբյեկտիվ գնահատական տրվի՝ սա վաղուց հասունացած պահանջ է, կողմերի գործողությունների միջև հավասարության նշան դնող պարիտետային հայտարարությունները սպառել են իրենց ներգործության ներուժը: Եթե վերականգնենք ժամանակագրությունը, կհամոզվենք, որ Ադրբեջանն անընդհատ չհայտարարված պատերազմի մեջ է, որ մղում է մեկ ակտիվ, մեկ պասիվ, տարբեր մեթոդներով ու միջոցներով: Մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը և Ադրբեջանը սկսել է ավելի հաճախ կրակել: Մենք փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը բևեռել ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վրա, իսկ նրանք ջանում են տարածաշրջանում այլ վիճակ ստեղծել՝ ուշադրությունը շեղելու համար:
-Անակնկալ չէր, որ Անկարան ու Բաքուն այս հարցում էլ միասնական են գործելու և խնդիր են դնելու միջազգային ասպարեզում Հայաստանի իրենց ցանկալի իմիջը ստեղծել, ի՞նչ ենք մենք հակադարձելու:
-Միշտ էլ թուրքերի ժխտողական քաղաքականությունը եղել է իրենց պատմության գլխավոր հենասյունը, պատմությունը խեղաթյուրելու, իրենց կատարած ոճիրը հերքելու ցանկությունը, այո, անակնկալ չէր: Նրանք, այո, պիտի փորձեն աշխարհին ուրիշ Հայաստան ներկայացնել, և պատահական չէ, որ Անկարան ուղղակի ամոթալի քաղաքականություն է վարում ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այլ իրադարձություններով նշանավորելու համար: Գալիպոլիի ճակատամարտում իրենց հաղթանակը նրանք միշտ նշել են մարտի 18-ին, երազ տեսա՞ն, որ որոշեցին տոնացույցը փոխել: Պատմությունը չի փոխվել: Ի՞նչն է փոխվել: Այս տարի ճակատամարտի հաղթանակի օրը ապրիլի 24 տեղափոխելու քաղաքական սպեկուլյացիան հաստատում է Անկարայի վախը ապրիլի 24-ից, այդ օրվա հակաթուրքական ներուժից: Նույն քաղաքականությունը վարում է նաև Ադրբեջանը. նրանք գործում են նույն նպատակն ունենալով՝ հակահայկական քարոզչությունը, միջազգային հանրության ապակողմնորոշումը: Երբ 2014-ի օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը և նրան փոխանցեց ՀՀ նախագահի հրավերը՝ ապրիլի 24-ին Երևանում լինելու ու ցեղասպանության զոհերի հիշատակը համատեղ հարգելու, աննախադեպ քայլ էր, որին թուրքական դիվանագիտությունը պատասխան գտավ միայն Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի օրը փոխելով: Պատահական չէ, որ թուրք քաղաքական գործիչները, մտավորականները, լրագրողները առաջինը քննադատեցին իրենց նախագահին:
-Կարծո՞ւմ եք, որ քննադատողների ձայնը տեղ է հասնելու, քանի դեռ նրանք փոքրամասնություն են սեփական երկրում:
-Դեռ փոքրամասնություն են, բայց այսօրվա Թուրքիայում փոփոխություններ եղել են ու շարունակվում են: Հայաստան են գալիս թուրք լրագրողներ, գրողներ, հանդիպումներ են լինում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ են դնում: Կարևորը՝ որ պատրաստ են իրենց պատմության հետ առերեսվել: Եթե տարիներ առաջ միայն Հրանտ Դինքն էր խնդիրը բարձրացնում, նրա սպանությունից հետո թուրքերը հրապարակ դուրս եկան «Ես հայ եմ, ես Հրանտ Դինքն եմ» շապիկներով: Նրանք հասկանում են, որ ոճրագործություն է եղել, և այդ ոճրագործությունը ոչ միայն որոշակի ազգի, այլև մարդկության դեմ էր ու վաղեմության ժամկետ չունի: Միջազգային հանրությունը հենց այս փաստի վրա պիտի ուշադրությունը բևեռի՝ ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, որը չի կարող համարժեք գնահատական չստանալ: Դա պետք է նաև երկու հարևան ժողովուրդների նորմալ փոխհարաբերությունների հաստատման համար:
-Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԱԺ պատվիրակությունը ձեռնպահ քվեարկեց ՌԴ պատվիրակության լիազորությունները կասեցնելու բանաձևին: Ձեր կարծիքով՝ դա անակնկա՞լ էր:
-ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը ամբողջ նստաշրջանում ակտիվ աշխատեց՝ մասնակցեց թե՛ հանձնաժողովների նիստերին, թե՛ լիագումար նիստերին, տասնյակ ելույթներ ունեցավ՝ հակադարձելով Հայաստանին ուղղված քաղաքական սադրանքներին, բարձրացրեց համաշխարհային քաղաքական օրակարգի կարևորագույն հարցեր, և կարծես թե այդ ամենը լրատվամիջոցներն ընդունեցին իբրև տեղեկատվություն ու անցան առաջ: Իսկ պատվիրակության ձեռնպահ քվեարկությունը միանգամից հայտնվեց ուշադրության կենտրոնում:
-Միջազգային ատյաններում ՀՀ-ն սովորաբար քվեարկում է ՌԴ-ի օգտին, առավել ևս, որ այս անգամ ՌԴ պատվիրակությանը ձայնից զրկելուն դեմ էին քվեարկել Ադրբեջանն ու Թուրքիան:
-Հայաստանը քվեարկում է՝ ելնելով իր պետական շահերից ու մեր պետության խնդիրներից: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը կողմ քվեարկեր, պատվիրակությանը մեղադրելու էին հակառուսական կեցվածքի մեջ, եթե դեմ քվեարկեր, մեղադրելու էին ռուսամետության մեջ: Իսկ պատվիրակությունը ընտրեց ձեռնպահության տարբերակը՝ ակնհայտորեն կարևորելով համաեվրոպական այդ հարթակում կողմերի երկխոսության համար հնարավորության ստեղծումը, դեմ լինելով դեպի սառը պատերազմ գնալու միտումներին: Ի վերջո, եթե քվեարկության թվական պատկերին նայեք՝ բանաձևն ընդունվել է 160 կողմ, 42 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, կասե՞ք, թե ինչ էր փոխելու Հայաստանի պատվիրակության կողմ կամ դեմ քվեարկությունը: Հայ-ռուսական ռազմավարական համագործակցության բնույթը քվեարկությամբ չի որոշվում:
-Հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Ձեր կարծիքով՝ Հռչակագիրն արտահայտո՞ւմ է Հայաստանի և սփյուռքի ակնկալիքները:
-Հռչակագիրը համահայկական է կոչվում, որովհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը գործել է՝ խորհրդակցելով սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ և արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը՝ միանշանակ: Իսկ ակնկալիքները կարող են տարբեր լինել և պարտադիր չէ, որ ակնկալիքները ամրակայվեն հռչակագրում: Փաստաթուղթը իբրև հռչակագիր բավականին ծավալուն է ու իրավական մեծ լիցք ունեցող՝ թվարկված են ցեղասպանության ճանաչման իրավական հիմքերը, որ ստեղծված են ոչ միայն միջազգային կառույցներում, այլև կան Թուրքիայի պատմության մեջ, հիշենք, որ 1919-1921-ին օսմանյան ռազմական արտակարգ ատյանները «Իրավական և մարդկային օրենքների դեմ» կատարված ծանր ոճրով դատավճիռներ են կայացրել ցեղասպանության կազմակերպիչների դեմ: Վերջապես՝ հռչակագիրը նաև սահմանում է ցեղասպանության ժամկետները՝ 1894-1923 թվականներ, երբ Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգեր ծրագրված իրականացրել են ցեղասպանական քայլեր՝ հայրենազրկում, զանգվածային կոտորածներ, էթնիկ զտումներ, հայկական ժառանգության ոչնչացում, իսկ հետո՝ ցեղասպանության ժխտում, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու փորձեր՝ որպես հանցագործության շարունակություն:
-Հայաստանի հարևանը միայն Թուրքիան չէ, մենք ունենք մուսուլման ևս մեկ հարևան: Վերջերս Հայաստանում էր ԻԻՀ արտաքին գործերի նախարարը, որ եղավ նաև խորհրդարանում, հանդիպեց նախագահին, վարչապետին, արտաքին գործերի նախարարին: Ձեր կարծիքով՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը հայ-իրանական հարաբերություններում տնտեսական ու քաղաքական նոր որակներ հավելե՞ց:
-Բարձրամակարդակ ցանկացած այց ամփոփում է հարաբերությունների ներկա վիճակը և կոնկրետացնում ու իրատեսական է դարձնում ծրագրերը, նոր հեռանկարներ է բացում: Ես կարծում եմ, որ հանդիպումներն օգտակար էին և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար: Մենք կարողացանք ցույց տալ մուսուլման մյուս հարևանին, որ մուսուլմանների հետ կռիվ տալու խնդիր չունենք, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար և այդ իրավունքներից ամենակարևորի՝ մարդու կյանքի իրավունքի համար:
-Այս նստաշրջանը կառանձնանա՞ մյուսներից, եթե հաշվի առնենք 2015-ի առանձնահատկությունները՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Արևմուտք-Ռուսաստան հակասությունները և դրանց հետևանքները: Օրենսդրության մեջ այդ ամենը կարտահայտվի՞:
-Իհարկե, տնտեսական նոր կարգավիճակի հետ կապված՝ օրենքների փոփոխության ու լրացման, նոր օրինագծերի անհրաժեշտություն կլինի, մենք պիտի իրավապայմանագրային բազան համապատասխանեցնենք նոր կարգավիճակին:
-ԵԱՏՄ-ի անդամակցությունն այս իրավիճակում ադեկվա՞տ է սեպտեմբերի երեքից հետո մեր ակնկալիքներին:
-Իրավիճակը կարող է անընդհատ փոխվել, բոլոր այդ փոփոխությունների հետ չենք կարող մեր քաղաքականությունը, որոշումները, երկրի զարգացման ուղղությունը փոխել: Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, այդ քաղաքականությունն անհրաժեշտ է մեր ազգային անվտանգությանը, մեր պետությանը, ժողովրդին, մեր տնտեսության զարգացմանը: Մոտ ապագայում, երբ արդեն օրենսդրական քննարկումներ կլինեն ու կոնկրետ առաջարկներ, բոլորս պիտի միավորվենք՝ լավագույն լուծումները գտնելու, չքաղաքականացնելով խնդիրները, որպեսզի բովանդակային պատասխաններ գտնենք: Խորհրդարանական քաղաքական ուժերը պիտի համաձայնեն, որ ամեն ինչ չէ, որ կարելի է ու պետք է քաղաքականացնել, կան վերկուսակցական ու վերքաղաքական խնդիրներ:
-Աշնանային տրամադրությունները, Ձեր կարծիքով, շարունակություն կունենա՞ն, թե՞ քաղաքական պայքարը հանգիստ կուղղվի դեպի հերթական ընտրություններ:
-Եթե մեզնից յուրաքանչյուրը պետական մտածողությանն ավելի տեղ տա, քան իր անմիջական շահերին, կհասկանա, որ աշխարհաքաղաքական այս պայմաններում պետք չէ արտաքին թշնամու ջրաղացին ջուր լցնել, պետք է միավորվել մարտահրավերներին առավել դիմադրունակ դառնալու համար: Պետք է ժամանակի մեջ համեմատելով՝ գնահատել և ավելի իրատեսական դարձնել մեր դիրքորոշումները, չի կարելի պայքարը վերածել անձնական շահերի պայքարի, ժողովրդին հրապարակ հանել հանուն անձնական շահերի: Պետք է ընդհանրական, պետական, ազգային մտածողություն, որ կարողանանք երկիրը դեպի զարգացում տանել: Շատ խնդիրներ կան, բայց մենք ձեռքբերումներ էլ ունենք վերջին տարիներին, որ չենք կարող այդ ձեռքբերումները չարձանագրել: Երբ որոշակի ժամանակահատվածի կտրվածքով ենք կշեռքի նժարին դնում բոլոր ուղղություններով մեր ունեցած ձեռքբերումները, համեմատում ենք՝ ինչից ինչի ենք հասել, տարբերությունն ենք պարզում, ավելի հստակ են դառնում անելիքները, ավելի պարզ են երևում պատճառները, թե ինչու ավելիին չենք հասել: Մեր փոքր երկրի համար կառուցողական քայլեր են պետք: Պետք չէ ամեն ինչ կուսակցականացնել կամ անձնավորել: Քաղաքական դաշտում հնարավոր չէ հավասարության նշան դնել կուսակցությունների միջև: Ի վերջո, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության բարձրացրած խնդիրները իշխանության ուսերին են, որովհետև իշխանությունը պարտավորություններ է վերցրել ժողովրդի առաջ և ինքն է պատասխանատու: Երբ ժողովուրդը հարց է բարձրացնում, նրան ընդդիմությունը չի պատասխանում, պատասխանում է իշխանությունը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Նյութի աղբյուրը՝ 
http://www.irates.am/hy/1422908648

No comments:

Post a Comment