Զարուհի Փոստանջյանի եւ ի «լեզվակռվի» շուրջ «Տոների եւ հիշատակների մասին» նախագծի քննարկումը դեկտեմբերի 7-ին խորհրդարանում քաղաքական աստառ ստացավ նախորդ օրը կայացած հանրաքվեի ֆոնին: Վարման կարգով ձայն խնդրելով՝ նախ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց խոսել կեղծված հանրաքվեի մասին` դիտողություններ ստանալով դահլիճում նստած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից: Ապա նախորդ օրը Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի եւ Տիգրան Մուկուչյանի խրտվիլակներն այրելու համար Փոստանջյանին, մեղմ ասած, նախատինքներ ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Առավոտը» Ռուզաննա Մուրադյանից հետաքրքրվեց` Զարուհի Փոստանջյանի խոսքում ի՞նչը իրեն դուր չեկավ, որ վրդովվեց: «Ընդդիմության որոշակի անհատներ, որոնցից անգամ սեփական խմբակցության անդամները հեռացան, իրենք մենակ մնացին, փորձում են շատ էժան ճանապարհներով հերոսանալ: Բայց ոչ ոք հիմար չի. բոլորը շատ լավ տեսնում եւ հասկանում են` ի՞նչ է արվում, ինչի՞ համար է արվում եւ ո՞ւմ է մատուցվում այդ ծառայությունը: Կապ չունի, թե ի՞նչ հարց է քննարկվում, մենակատարի դեր ստանձնած անընդհատ հասարակությանը մոլորեցնում է, ամբիոնն օգտագործում է նույն թեմայի, նույն որակումների, բացասական գնահատականների համար, իր կարծիքով՝ օբյեկտիվ ու ճիշտ: Իրեն թվում է, թե որքան շատ վատ էպիտետներով հնչեցնի հանրապետության նախագահի անունը` իր վարկանիշը բարձրանալո՞ւ է»,- իր վրդովմունքը փոխանցեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ եթե մարդն ի վիճակի չէ նախագահին իբրեւ խորհրդանիշի վերաբերվել ու գիտակցության մեջ կրել այդ արժեքը, ապա նա չի կարող ժողովրդավար մարդ լինել: Մեր զրուցակիցը հորդորում է վերջապես գիտակցել, որ բանավեճերը կոռեկտ չէ անձնական հարթություն տեղափոխել եւ դրանք հասցնել վիրավորանքների: Հորդորում է գիտակցության եւ մտքի բանավեճեր տանել, այլապես հակառակ վարքագիծը հենց հեղինակին է վարկաբեկում: «Խրտվիլակներ պատրաստելն ու դրանք այրելը հենց մարդու խրտվիլակային գործելաոճի մասին է խոսում»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը` ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքում «ոչ»-ականներն այդպես էլ չգնացին բովանդակային եւ փաստարկված բանավեճերի` գերադասելով օդի մեջ քաղաքական հայտարարություններ տատանել: «Քանի դեռ իրենք անձնական հարթակից չեն ցանկանում գաղափարական հարթակ բարձրանալ` շատ դժվար է լինելու: Մենք չենք ցանկանում մեր ուժերը ջլատել անձնական հարաբերություններ պարզելու վրա, մենք ուզում ենք գաղափարների կռիվ տալ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, ով գտնում է, որ հանրությունն էլ շատ լավ սկսել է հասկանալ այս նրբությունները: Տիկին Մուրադյանը մի բան էլ է նկատում` երբ ինքը Զարուհի Փոստանջյանին փորձել է իր իսկ ոճով պատասխան տալ, դա նրան դուր չի եկել. «Իրեն դուր չի գալիս իր իսկ պահվածքով պատասխանը: Դրանից էլ լավ գնահատակա՞ն: Բա հանրությանը ինչի՞ պիտի իր պահվածքը դուր գա»: Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը մի հարցում իրավացի էր, որ հանրաքվեն մասսայաբար կեղծվեց, եւ դրա պատճառը բնավ էլ չկայացած գաղափարական բանավեճը չէր, մեր զրուցակիցը չհամաձայնեց. «Մասսայական բառի հետ համաձայն չեմ: Կա գործընթաց, կլինեն թերություններ, բայց դրանց մասին եկեք ժամանակից առաջ ընկնելով չխոսենք, քանի դեռ թերություններն արձանագրված եւ բացահայտված չեն: Մենք հաղթանակների մասին էլ չենք խոսում, չէ՞: Բայց բոլորն էլ տեսնում են, որ ընտրությւոնների մակարդակը գնալով բարձրանում է, թերությունները եւ ընտրակեղծիքները ավելի քիչ են դառնում: Ամենաշատն այսօր մեզ է հետաքրքիր, որ ընտրակեղծիքներ չլինեն, որովհետեւ ով ինչ անի` պատասխանատուն ՀՀԿ-ն է»: Այն, որ այսօր մարդիկ փողոցում են` ընդդիմադիր գործիչների հետ, իշխանական պատգամավորը գնահատել չի ցանկանում, միայն հիշեցնում է. «Եղել են դեպքեր, երբ մարդիկ գնում են ընդդիմության ետեւից ու մնում փողոցի մեջտեղում: Ղեկավարները գնում են այլ ուղղությամբ… եթե հերթական անգամ հավաքվել են եւ «ի՞նչ անելը» չգիտեն, արդյոք հուսալի՞ են այն առաջնորդները, ովքեր պիտի տանեն ժողովրդին: Կամ` ո՞ւր եւ ինչի՞ են տանելու: Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, եւ որակական կեղծիքներն այնչափ չեն, որ ազդեն հանրաքվեի արդյունքների վրա: Համբերեք` կտեսնեք ի՞նչ երաշխիքներ կան այս Սահմանադրության մեջ եւ ինչպե՞ս դրանք կփոխեն մեր կյանքը, մտածելակերպը: Եվ ընդդիմությունն էլ, վերջապես, երեւի իր այս էժան դիվիդենդներ հավաքելու վարքագծից դուրս կգա` հասկանալով, որ դա էլ է դատապարտված, կանցնի կառուցողական դաշտ եւ կկրի իր հայտարարությունների ու քայլերի պատասխանատվությունը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
No comments:
Post a Comment