Tuesday, March 15, 2016

Ռ.Մուրադյանի մարտի 15-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Ամեն անգամ կարևոր փաստաթուղթ քննարկելուց առաջ, կարծես, քաղաքական մշակույթ է ձևավորվել ժողովրդի մեջ նախապես անվստահություն սերմանելը և «ամեն ինչ վատ է, որովհետև իշխանությունն է անում» տրամաբանությամբ կանխատեսումներ անելը: Չէ որ նոր է սկսվում քննարկելու, առաջարկություններով հանդես գալու, նախագծի մեջ փոփոխություններ իրականացնելու փուլը:  Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած գործելաոճին՝ կազմակերպելով բաց, առարկայական և կառուցողական քննարկումներ՝ ականջալուր լինելով բոլոր այն առաջարկներին, որոնք կարվեն հանուն մեր երկրի ապագայի, քանի որ մենք, որպես իշխող քաղաքական ուժ, կրում ենք լրացուցիչ  պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար, և դրանով է պայմանավորված նաև մեր պետության միջազգային վարկն ու հեղինակությունը
Համոզված եմ, որ նոր ընտրական օրենսգիրքը էապես բարձրացնելու է  ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Քվեարկության մեխանիզմը մանրակրկիտ մտածված է՝ սկսած ընտրողի մուտքից ընտրատեղամաս մինչև ընտրությունններ և հաշվարկ:
  Շատ կարևոր է նաև, որ որևէ մեկը ոչ մի դեպքում չի կարողանալու քվեարկել ոչ իր ընտրատեղամասում, քանի որ առաջարկվող համակարգը պարզապես դա թույլ չի տալիս ձայնային և լուսային ազդանշաններով:
Հասկանում եմ նրանց, ովքեր ցանկանում են հրապարակված տեսնել ստորագրված ընտրացուցակները: Բայց նախ՝ ինչու՞ բացառենք քվեարկությանը չմասնակցելով քաղաքական ընտրություն կատարելու  և դրա համար որևէ ճնշման չենթարկվելու՝ ընտրողի իրավունքը:  Հետո՝  ստորագրված ընտրությունների պաշտոնական հրապարակումը այսօր միջազգային կազմակերպությունները  և ՀՀ Սահմանադրական դատարանը գաղտնիության փաստ են համարում:  Մենք պատրաստ ենք համագործակցել այլ երաշխավորություններ առաջարկելու դեպքում: Գուցե նաև գտնենք կրկնաքվեարկությունները և այլոց փոխարեն քվեարկելը բացառող լրացուցիչ մեխանիզմներ: Բայց բոլոր դեպքերում վստահ եմ՝ ապագան լինելու է նույնականացման քարտերով քվեարկությանը, ինչը կբարձրացնի քվեարկող քաղաքացու ճանաչելիության աստիճանը  և իսկապես կվերացնի ստորագրված ընտրացուցակները հրապարակելու իմաստը:
Ընդդիմախոսները լրատվամիջոցների ու դիտորդների թվի սահմանափակումը հետընթաց քայլ են համարում՝ մոռանալով նախորդ ընտրությունների փորձը, որ ընդդիմությանը հատկացված տեղերը ամբողջովին իրացված չէին: Ինչևէ, օրինակ, գյուղական վայրերում, շատ ընտրատեղամասեր միակ հնարավորն են և այնպիսի չափսեր ունեն, որ մեծաթիվ մարդկանց առկայությունը դժվար կառավարելիություն է առաջացնում և հակառակ երևույթին հանգեցնում` հնարավոր չտալով  պատշաճ վերահսկելիություն ապահովել:
Ինչպես տեսնում եք՝ սկսված են արդեն քննարկումները տարբեր ձևաչափերով, և մենք միշտ շահագրգիռ ենք և պատրաստ համագործակցության, ուստի եկեք ոչ թե զգայական ելույթներ ունենանք, այլ  կառուցողական առաջարկներ ներկայացնենք:



No comments:

Post a Comment