ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Դպրոց կենտրոնների միության» նախագահ Ռուզան Մուրադյանի հետ զրույցում ենք Ընտրական օրենսգրքի նախագծի և ընտրական գործընթացներում մանկավարժների ներգրավվածության մասին:
– Տիկին Մուրադյան, արդեն սկսվել է Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները, դրանք տարաբնույթ են, հիմնական շեշտերը դրվում են ռեյտինգային ընտրության վրա: Ինչպե՞ս եք վերաբերում օրենսգրքին, և մասնավորապես՝ ռեյտինգային ընտրություններին, այն որքանո՞վ է Ձեզ բավարարում, թեև` Դուք այս գումարման խորհրդարանի պատգամավոր եք դարձել համամասնական ընտրակարգով:
– Ընտրական նոր օրենսգիրքը միտված է ապահովելու ավելի բաց և փակ ցուցակներով ընտրություններ: Ես գտնում եմ, որ այն ապահովելու է բացառապես համամասնական ընտրություններ: Դեռ վաղուց տարբեր ընդդիմադիր ուժեր առաջ էին քաշում այս պահանջը, որին մենք սկզբում համաձայն չէինք, բայց Սահմանադրության փոփոխություններում դրվեցին այդ երաշխիքները, հիմքերը:
Ես կարծում եմ, որ ընտրությունների մեխանիզմը դեռ քննարկման, կազմակերպման փուլում է և շատ լավ է, որ հարց է բարձրացվում, մտահոգություն կա: Բայց ինչպես միշտ, ընդդիմությունը դարձյալ շտապողականություն է դրսևորում՝ փորձելով գնահատականներ տալ մի փաստաթղթի, որի կազմավորումը դեռևս ընթացքի մեջ է: Մինչդեռ` հիմա գնահատական տալու ժամանակը չէ, առաջարկներ անելու ժամանակն է: Կամ` եթե գնահատական, ապա զուտ առաջարկ անելու նպատակով: Փոխվեց սահմանադրությունը, փոխվում է Ընտրական օրենսգիրքը, սակայն ընդդիմադիր որոշ ուժերի մոտեցումները, գործողությունները չեն փոխվում: Այս պայմաններում անընդհատ փորձում են ցեխ շպրտել այն գործընթացի վրա, որն իրենք ժամանակին շատ վատ են արել, հիմա` մենք փորձում ենք լավացնել, դեռ այն վատի ժառանգությունն էլ մեր ուսերին ենք կրում: Համագործակցության ձեռք մեկնելու փոխարեն, թվում է, մենք պիտի անընդհատ պատասխանողի, պաշտպանվողի դերում լինենք, որ փորձենք ժողովրդի աչքի առաջ ոչ թե անվստահության մթնոլորտը վերացնել, այլ մի բան էլ` ավելացնե՞լ անվստահության մթնոլորտը: Այդպես չի կարող լինել:
Նախ՝ յուրաքանչյուր ընտրություն մի նոր քայլ է, առաջընթաց: Կան բաներ, որ մեզ չեն բավարարում, այնպես չէ, որ միայն չի բավարարում ընդդիմությանը: Նախ՝ ընտրակեղծիքների մասին. հանրաքվեից հետո 90 և ավելի մարդիկ պատասխան են տալիս դատարաններում: Դա նշանակում է, որ մեզ չի բավարարում ընտրակեղծիքի գործընթացը: Մենք այսօր իշխանական քաղաքական ուժ ենք և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը, տարբեր միջազգային դիտորդական կազմակերպություններ տալիս են անցանկալի գնահատականներ, որոնք նաև երկրի հեղինակության վրա են ազդում: Ամեն դեպքում, ընտրությունների երաշխավորը, պատասխանատուն իշխանությունն է: Մենք առավել և լրացուցիչ ջանքեր ենք ցանկանում ներդնել, որպեսզի ունենանք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կկարողանա ապահովել թափանցիկ, ժողովրդավար ընտրություններ, որը վերջապես վստահության մթնոլորտ կստեղծի: Բայց պիտի շատ լավ հասկանանք, որ ընտրական գործընթացը միայն Ընտրական օրենսգիրքը չէ, ռեյտինգային կամ` ոչ ռեյտինգային մեխանիզմները մեջը դնելը չէ: Ընտրական գործընթացն, ընդհանրապես, այդ քաղաքագիտական, դասագրքային պարզագույն սահմանումների մեջ անգամ 3 հիմնական գործոններն է պարունակում՝ Ընտրական օրենսգիրք, իշխանությունների կամք և հասարակության գիտակցություն կամ մշակույթ՝ այն իրականացնելու համար: Քաղաքացիական բարձր գիտակցության դերը ևս մեծ է: Ազնվություն բառն այստեղ ցանկանում եմ օգտագործել, որովհետև շատ կարևոր է: Նախ՝ ինքդ քեզ հետ պիտի ազնիվ լինես: Ինչ փաստաթուղթ էլ այսօր կիրառենք, կգտնվեն կեղծիքներ և խախտումներ անելու սողանցքեր, եթե գործընթացը ճիշտ և ռեալ իրականացնելու կամք չունենք:
– Ճիշտ է, որ ընտրությունների հանդեպ անվստահությունը սկսվել է դեռևս 1995 թ.-ի խորհրդարանական և 1996 թ.-ի նախագահական ընտրություններից և այն, որ այս տարիների ընթացքում ընդդիմությունը պահանջելով վերացնել մեծամասնական ընտրակարգը: Սակայն հիմա իշխանությունները ներկայացնում են մի Ընտրական օրենսգրքի նախագիծ, որտեղ ներառել են ռեյտինգային ընտրությունները, միևնույն ժամանակ մեծացրել ընտրատարածքների և ընտրողների թիվը, իսկ նման պայմաններում վերստին կարող են ընտրվել մեծ ֆինանասական միջոցներ և թաղային հեղինակություն ունեցող մարդիկ: Սա ընդդիմության կողմից համարվում է թաքնված մեծամասնական ընտրություն: Կա՞ կամք անցկացնելու այնպիսի ընտրություններ, որպեսզի գոնե 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո նոր էջ բացվի և վերանա 1995 – 96 թթ.-ից սկսված և մինչև վերջինս շարունակված նեգատիվ երևույթների շարանը, մաքուր, նոր էջ բացվի մեր պատականության և նրա հանդեպ վստահության համար:
– Ոչ թե մաքուր էջը բացելու հարգը հիմա կա, այլև այն կար նաև նախորդ Ընտրական օրենսգիրքի գործունեության ժամանակ, երբ ընտրական հանձնաժողովներում լայն հնարավորություն տրվեց ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներին: Վստահված անձերին և դիտորդներին տրվեց համապատասխան քանակի հնարավորություններ, որոնց տեղերը, սակայն, ամբողջությամբ ընդդիմության կողմից չիրացվեց: Այսինքն՝ այդ քաղաքական կամքը մինչև այդ էլ կար, իսկ ընտրությունները մեկը մյուսից մեկ քայլ առաջ էին, բայց, որպես իշխանություն, որքանո՞վ ենք ցանկանում կատարել: Դրա համար շահագրգռված ենք, դրա համար ենք փոխում Ընտրական օրենսգիրքը:
Ես համաձայն չեմ, որ ռեյտինգայինը թաքնված մեծամասնականն է, բոլորովին էլ մեծամասնական ընտրություն չէ, այլապես` անունը կլիներ մեծամասնական: Ինչո՞ւ անունը դնենք ռեյտինգային – համամասնական, իսկ մեր ներսում թողնենք մեծամասնականը: Եթե այդպես է, մեծամասնականը կթողնենք, չէինք համաձայնվի փոփոխություններին: Ի վերջո, չէինք փոխի Սահմանադրությունը: Սահմանադրության փոփոխությունն ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունը ցանկանում է, որ ինչ-որ բան փոխվի երկրի կառավարման համակարգում: Եվ այս փոփոխությունների մեջ շատ կարևոր է ընտրական համակարգի վերանայումը:
Ժողովուրդն էլ արդեն հոգնել է այս տարաձայնություններից, չի կարելի, կառուցողական բան են ուզում լսել մարդիկ: Մենք էլ ցանկանում ենք այդ կառուցողական փաստաթուղթը ներկայացնել, հավաքել ենք բոլորին և ասում ենք՝ եկեք, ձեր մասնակցությունն ունեցեք, նախ՝ այս փաստաթղթի ստեղծման գործընթացում, ապա նաև քաղաքական կամք դրսևորեք: Այս պահին կարծես ամենաշահագրգիռը մենք լինենք, որովհետև պետության ղեկավարներն ենք, իշխանություն ենք և մեզ համար ավելի կարևոր է պետության հեղինակությունը, միջազգային վարկանիշը: Ընդդիմախոսները քննադատում են, թե ինչո՞ւ է պետության ղեկավարը հրավիրում ՀԿ-ներին, որպեսզի գան և դիտարկեն: Ղեկավարը հրավիրում է ոչ թե ՀԿ-ներին, այլ միջազգային, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին: Կամ էլ` ասում են՝ ինչո՞ւ եք տեղամասերում 8 տեղ տալիս դիտորդներին:
– Այո´, այդ խնդիրը մասնավորապես մեզ էլ է առնչվում: Դուք ինչպե՞ս եք վերաբերում ընտրատեղամասերում դիտոդների և լրագրողների թվի սահմանափակմանը:
– Մենք պիտի հաշվի առնենք, որ ընտրատեղամասերը միայն Երևանում չեն, նաև` մարզերում, մարզկենտրոններում, գյուղերում են: Եվ դրանց ծավալը այնքան մեծ չէ, որ կարողանան դրանից ավել լրագրողներ կամ դիտորդներ ընդունել և վերահսկելի դարձնել գործընթացը: Դա խուճապ է ստեղծելու և ավելի է խանգարելու գործընթացին, ավելի օբյեկտիվ վերահսկողություն իրականցնելու հարցում: Գիտեմ, որ տարբեր քննարկումների արդյունքում որոշեցին այդ թվի վերանայում կատարել: Բայց այստեղ բոլորովին էլ թվի հարցը չէ, իրականում դրա իրացմանն է, ինչպես նախորդ ընտրություններում, երբ դիտորդների և վստահված անձերի տեղերը ընդդիմադիր քաղաքական ուժերը չէին կարողացել ապահովել: Եթե այդ տեղերը պետք չեն, ինչո՞ւ ավելացնել: Եկեք տրված հնարավորությունն ամբողջությամբ իրացնենք, իսկ դա ոչ թե քանակի, այլև որակի մեջ է, նոր միայն մտածենք տեղերն ավելացնելու մասին: Փոխարենը` նրանք ընտրատեղամասեր ուղարկում ենք մարդկանց, ովքեր դիտորդական առաքելություն պիտի իրականացնեն, բայց ընդհանրապես գաղափար չունեն ընտրությունների գործընթացից:
– Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ նոր կուսակցություններ են ստեղծվում, ի դեմս` «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի», «Ալյանսի», իսկ բոլորովին վերջերս նոր կուսակցություն ստեղծելու մասին է հայտարարել Վարդան Օսկանյանը, որն ըստ տարբեր գնահատականների, ենթադրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մուտքը ակտիվ քաղաքականություն: Սա որոշակի առումով կփոխի՞ քաղաքական ներկապնակը և ուժերի հարաբերակցությունն ընտրություններից առաջ:
– Սահմանադրության ընդունված նոր նախագիծը ուներ կարևոր առաքելություն, որպեսզի հզորացներ, ուժեղացներ կուսակցությունների դերակատարումն ու ներուժը երկրի կառավարման կյանքում: Այսօր կան յոթ տասնյակից ավելի կուսակցություններ, որոնք գրանցվել են, սակայն անընկալելի է նրանց առաքելությունը: Դրանք թերևս շատ հաճախ ծառայում են խմբային և անձնական շահերին, ձայներ փոշիացնելուն, մարդկանց խմբերի բաժանելուն և շեղելուն:
Հիմա` նոր Սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը: Ասում ենք՝ կուսակցություննե´ր, վերանայեք ձեր ներուժը: Կուսակցությունների մաքրման գործընթացը միշտ էլ եղել է, և իմ կարծիքով, քաղաքական կարևորագույններից է: Այս ընթացքում կձևավորվեն նոր կուսակցություններ, որոնց քաղաքական ներկապնակը փոխելու հանգամանքը կախված է այն բանից, թե որքանո՞վ ջանք կներդնեն, խելացի կկազմակերպվեն, նախորդներից դասեր կքաղեն և չեն կրկնի նրանց սխալները: Կարևոր է, թե որքանո՞վ վեր կկանգնեն անձնական շահերից, գաղափարային ու ծրագրային կլինեն աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, նաև` նրանց գործողությունները հենված չեն լինի արդյոք պահի ազդեցության վրա: Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանում մարդկային ռեսուրսները ճիշտ կառավարելու, գնահատելու համար: Այս կոնսոլիդացիան հնարավորություն կտա և մեր` ՀՀԿ կուսակցությանը՝ ներսում վերանայելու ուժերը, և՛ մյուս կուսակցություններին: Նաև` կլինեն նոր կուսակցություններ, որոնք նոր խոսք կասեն, կգան լրացնելու այն բացը, որ ունենք ընդդիմադիր դաշտում: Ուժեղ իշխանությունը պիտի ունենա ուժեղ ընդդիմություն, եթե ուժ ասելով նկատի ունենք կառուցողական մոտեցումները:
– Տիկին Մուրադյան, Դուք առավելապես մոտ կանգնած լինելով կրթական ոլորտին, ուզում եմ հարցնել` ճի՞շտ եք համարում, որ ընտրական հանձնաժողովներում շատ են ընդգրկում մանկավարժներ և ընտրությունների ստվերը տարածվում է նաև երեխաներին կրթելու գործընթացի, ուսուցիչ – աշակերտ հարաբերությունների վրա:
– Մանկավարժը ևս ՀՀ քաղաքացի է և իր քաղաքացիական դիրքորոշումը կարող է դրսևորել: Մենք չպիտի մասնագիտականը կապենք նրա քաղաքացի լինելու հետ, որովհետև մասնագիտականը աշխատավայրում է, իսկ աշխատանքից դուրս՝ նաև որպես քաղաքացի, նա կարող է դրսևորվել տարբեր ակտիվ գործողությունների մեջ: Կարող է նաև ընդգրկվել ընտրական գործընթացներում: Նույն մանկավարժը մասնակցում է միտինգներին, դուրս է գալիս փողոց և չենք ասում՝ ինչո՞ւ: Նույն ընտրական գործընթացում ընդգրկվում են նաև մշակույթի, առողջապահության ոլորտի մասնագետներ: Իսկ մանկավարժի պահանջարկը՝ որպես կիրթ քաղաքաքացի, կա, որովհետև նրանց կրթությունը բավարարում է կարդալու, հասկանալու համար: Ցավոք, այսօր հաճախ ամեն ինչի բեռը բարդում ենք մանկավարժի վրա, այդպես չի կսրելի: Ընդհակառակը` այսօր առաջնորդվում ենք մանկավարժին որպես հանրային արժեք դիտարկելու և դարձնելու ուղղությամբ: Պահենք այդ արժեքը: Տեղի – անտեղի մանկավարժի անունը չշոշափենք: Դպրոցները ընտրված են որպես ընտրատեղամասեր, որովհետև հարմար է այդ տարածքում այն կազմակերպելը: Եվ վերջինը. նախկինում` բոլոր դպրոցներում ընտրական հանձնաժողովի նախագահները դպրոցի տնօրեններն էին, հիմա՝ ոչ:
Զրուցեց` Մարիամ Միրզոյանը
Նյութի աղբյուրը՝ http://mitk.am/2016/03/ռուզաննա-մուրադյան-համաձայն-չեմ-որ-ռ/
No comments:
Post a Comment