Tuesday, June 21, 2016

«Վարկ տալիս են այն երկրին, որին վստահում են»


ՀՀԿ-ական պատգամավորը` վիճելի վարկային համաձայնագրերի մասին «Եթե երկրում կան խնդիրներ, ի դեպ դրանք ոչ միայն այս ժամանակահատվածում ծագած խնդիրներ են, շատերը նաեւ ժառանգել ենք, դրանց հետ մեկտեղ նաեւ ապագայի մարտահրավերների դեմ պայքարելու խնդիր կա, չենք կարող միմիայն մեր ուժերով հաղթահարել բոլորը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` անդրադառնալով խորհրդարանի վերջին արտահերթ նիստում քննարկված մի քանի վարկային համաձայնագրերին, որոնք ընդդիմադիրների սուր քննադատությանն արժանացան: Վարկային համաձայնագրերն անգամ սպառնում էին ծեծկռտուքի առիթ դառնալ: Տիկին Մուրադյանը կարծում է, որ պետք է ողջունել`քո տան մեջ ինչ-որ բան բարելավվելու ձեռքմեկնումը. «Այլ հարց, որ պետք է ուժեղացնենք վերահսկողության մեխանիզմները, որպեսզի այդ միջոցները նպատակային ծախսվեն, փորձենք այս առումով վստահության մթնոլորտ ստեղծել: Բայց առանց վարկերի մենք չենք կարողանա զարգացում ապահովել: Բնական է, փոքր երկիր ենք: Ցանկացած բարեփոխումների համար վարկային աջակցությունը պետք է»: Մեր զրուցակիցն անդրադարձավ, մասնավորաբար, կրթության ոլորտի բարեփոխումներին, որոնք նույնպես վարկային ծրագրերով են իրականացվում. «Եթե այդ վարկային ծրագրերը չունենայինք, մեր դասագրքերը չէինք կարող ստեղծել, դարի պահանջ տեղեկատվական տեխնոլոգիաները չէինք կարող ներդնել, կիրառել, ճիշտ օգտագործել: Առանց դրանց ետ կընկնեինք ընդհանուր զարգացումներից: Ի վերջո, կրթական համակարգի ընդհանուր կառուցվածքային փոփոխությունները: Մենք դժգոհում ենք, որ գալիս են ձեռք մեկնելու եւ մեր զարգացումն ապահովելու, մինչդեռ այլ բանից պետք է բողոքենք`ոչ միայն պիտի բողոքենք, այլ ընդվզենք եւ հետեւողական լինենք, թե որքանո՞վ նպատակային է ծախսվում վարկը, որքանո՞վ են այդ միջոցները տեղ հասնում»: Մեր զրուցակիցը նկատում է`խորհրդարանի դահլիճում տպավորություն է, թե «մենք ձեռքներս ծալած նստած ենք ու միայն ընդդիմությունն է մտահոգ այդ հարցերով», բայց հավատացնում է, որ իրենք ավելի հետեւողական եւ առանց բարձրագոչ հայտարարությունների հետամուտ են լինում: Նրան դուր չի գալիս այն, որ «ստեղծվել է մի իրավիճակ, որ առկա խնդիրները պետք է ընդդիմությունն անընդհատ քննադատի ու դրանք լուծելով իշխանությունն արդարանա»: Բայց ըմբռնումով է մոտենում. «Դա իշխանության գինն է»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը գտնում է, որ միայն ողջունելի է ենթակառուցվածքների եւ ընդհանուր զարգացմանն ուղղված ձեռքմեկնումը. «Վարկ տալիս են այն երկրին, որին վստահում են»: Դիտարկմանը, որ երկրի պետական պարտքն այդպիսով վտանգավոր սահմանների է հասնում եւ վարկերի ծախսման վերահսկողության մեխանիզմ էլ հասարակությունը կարծես չունի, մեր զրուցակիցն ասաց, որ կառավարությունն անընդհատ թարմացնում է հսկողական մեխանիզմների առումով իր մոտեցումները. «Ստեղծվեց հակակոռուպցիոն հանձնաժողով, այն հստակ աշխատում է: Տպավորություն չստեղծվի, թե միայն ընդդիմադիրներն են շահագրգիռ կոռուպցիոն երեւույթների վեր հանման համար, իշխանությունն էլ`կոծկելու: Հակառակը, այդ պայքարում մենք առաջամարտիկ ենք, ինքներս ենք վեր հանում առկա խնդիրները, որոնք լուծված են, լուծման ճանապարհին են եւ որոնց լուծման համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է կանգնի այդ ծրագրի կողքին: Կոռուպցիան շղթայական գործընթաց է ու մենք բոլորս պիտի պայքարող լինենք այս հարցում, ոչ թե միայն պահանջող, մանավանդ, վարչապետը շատ հստակ ծրագրով եւ գործողություններով ներկայացավ հանրությանը»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/18/705310/ 

No comments:

Post a Comment