Tuesday, June 21, 2016

Պատասխանատվություն կկրի նաեւ ընդդիմությունը



ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կարծիքով՝ ԸՕ-ի շուրջ համաձայնությունը լավ նախադեպ է նաեւ այլ վիճելի հարցերի շուրջ ընդդիմություն-իշխանություն համագործակցության համար: «Մեծ առաջընթաց քայլ է: Այդպիսով բավական հետաքրքիր քաղաքական մշակույթ է ձեւավորվում, որտեղ հանրությունը, հասարակությունը, տարբեր քաղաքական ուժեր մասնակից եղան երկրի համար կարեւորագույն օրենքներից մեկի` Ընտրական օրենսգրքի ձեւավորմանը: Այս ձեւաչափով եւս համաձայնության գալն արդեն խոսում է այն մասին, որ բոլորս միտված ենք ավելի լավ ընտրություններ կազմակերպելու: Դա նախեւառաջ մեր երկրի հեղինակության հարցն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով նախօրեին «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնությանը: Ձեւաչափին, հիշեցնենք, մասնակցում են ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Վերջիններս չստորագրեցին համաձայնությունը, բայց կողմ են կատարվող փոփոխություններին: Այդպիսով, իշխանական կողմն ընդունեց ընդդիմության հինգ պահանջներից չորսը` իշխանությունն ընդդիմության համար հնարավորինս հասանելի կդարձնի քվեարկածների ցուցակները, ընտրացուցակներից կհանվեն Հայաստանից բացակայող անձանց անունները, ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ եւ քվեարկության ընթացքում կապահովվի ուղիղ հեռարձակում, ընտրությունները կլինեն միասնական փաստաթղթով` նույնականացման քարտով, եւ մատնահետքերի միասնական բազա կստեղծվի: Իշխանությունն անդրդվելի է առայժմ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցում՝ բացառելով ռեյտինգային ցուցակների առկայությունը: Բայց պատրաստ են 2022 թվականին հարաբերակցությունը վերանայել: Ինչո՞ւ իշխանությունն ավելի վաղ չէր գնում ընդդիմությանն ընդառաջ, դա արեց միայն ԵՄ-ի միջնորդությունից հետո, մեր զրուցակիցը պարզաբանում է` տեխնիկական ապահովման խնդիր կար, իշխանությունն էլ համապատասխան ֆինանսական միջոցներ չուներ: Այժմ համաձայնության են եկել կիրառել այդ կետերը, քանի որ ֆինանսական հարցերը ԵՄ-ն իր վրա է վերցրել: «Իշխանությունն ի սկզբանե պատրաստ էր ավելի արդյունավետ դարձնել ընտրական գործընթացն ամբողջովին. այդ մասին հայտարարեց նաեւ հանրապետության նախագահը: ՀՀԿ-ի համար կարեւոր է, որ ընտրությունների ընթացքը թափանցիկ, պարզ, տեսանելի եւ վստահություն ներշնչող լինի»,- ասում է Ռուզաննա Մուրադյանը` հավելելով, որ ցանկացած նոր ստեղծվող փաստաթուղթ միշտ էլ թերի է լինում, ու որեւէ վատ բան չկա, որ թեկուզ կարճ ժամանակի ընթացքում այն առավել հարստացվում է: ՀՀԿ-ական պատգամավորը կարեւորում է, այն, որ ԸՕ-ն Սահմանադրության նման բազմաշերտ, բազմակողմանի քննարկում անցավ եւ ընդունվեց համաձայնությամբ` նկատելով, որ իշխանական թեւի ներկայացուցիչներն էլ հանդես են եկել Ընտրական օրենսգիրքը բարելավելու առաջարկներով, որոնք կկիրառվեն 2022 թվականից` սեռերի ներկայացվածության մասով` ընտրացուցակներում կանանց ներգրավվածության տոկոսային հարաբերակցությունը մեծացավ, եթե ցուցակից կին է դուրս գալիս, նրան կին պետք է փոխարինի եւ այլն. «Եթե հեռանկարում էլ բարելավումներ ունենք, դրական քայլ է»: Հարցին` այս համաձայնությունից հետո կարելի՞ է ասել` որքան իշխանությունն է պատասխանատվություն կրում ընտրական գործընթացների համար, այնքան էլ ընդդիմությունը, մեր զրուցակիցն ասաց. «Միշտ էլ այդպես է եղել: Հիշո՞ւմ եք տարիներ առաջ ԸՕ-ում կատարված փոփոխությունը, որով ընտրական հանձնաժողովներում ընդդիմության տեղերն ավելացան: Նաեւ ավելի հնարավորություններ տրվեցին վստահված անձանց, դիտորդներին: Համալրվեցի՞ն այդ տեղերն ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ոչ: Հետեւաբար չլինել գործընթացում եւ պատասխանատվությունից խոսել` այն միայն իշխանության վրա դնելով, սխալ է: Հիմա առավել եւս, երբ բոլորի առաջարկներն են տեղ գտել օրենքում, պատասխանատվությունը բոլորի վրա է` ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ յուրաքանչյուր քաղաքացու: Որքան էլ ԸՕ-ն լավը լինի, մի կարեւոր սկզբունք կա` պետք է լինի քաղաքական կամք եւ յուրաքանչյուրիս կամքը, որպեսզի լավ օրենսգիրքը կիրառելի ու արդիական դարձնենք: Բոլորի գիտակցությունն այդ կամքից պետք է բխի»: Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ իշխանությունն ունի շատ հստակ քաղաքական կամք` եկող տարի կայանալիք ընտրություններն ազատ եւ արդար իրականացնելու, այլապես նման համակողմանի, համապարփակ, շահագրգիռ քննարկումներ եւ համաձայնություններ չէին լինի, նախագծում տեղ չէին գտնի ընդդիմադիրների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները. «Դա քաղաքական կամքի դրսեւորման լավագույն ձեւն էր»: Այս համաձայնության առիթով «Հիմնադիր խորհրդարանից» տեսակետներ հնչեցին, որ այսպիսով խորհրդարանական ընդդիմությունն էլ տեղավորվեց իշխանության գրպանում: Դիտարկմանը` ստացվում է, որ ողջ ընդդիմադիր դաշտն իշխանությունն «իրենով արեց», մեր զրուցակիցը հակադարձեց. «Ես չգիտեմ, թե ով ում ինչով է անում, բայց այն, ինչը նպաստում է մեր երկրի շահին` արդար ընտրություններ անցկացնելուն, կառավարման համակարգը կատարելագործելուն եւ այլն, թե ով ում գաղափարի ետեւից է գնում կամ ով ում կողքին է կանգնում` չեմ ուզում այդ տեսանկյունից նայել: Ուզում եմ վերջնարդյունքից գալ. այն, ինչը ծառայում է մեր երկրին, բոլոր միջոցներն արդարացված են»: Կառավարությունը կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար է հայտարարել, իշխանական թեւը ներկայացնող պատգամավորը կարծում է, որ ԸՕ-ի շուրջ կայացած այս համաձայնությունը կարող է լավ հիմք հանդիսանալ նաեւ կոռուպցիայի դեմ իշխանություն-ընդդիմություն արդյունավետ համագործակցության համար: 

 ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/20/705735/ 

No comments:

Post a Comment