Tuesday, May 30, 2017

Լուրերը, թե ՀՀԿ-ում կան թևեր ու նրանց մեջ լարված հարաբերություններ են՝ սուտ է


Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ

Ռուզաննա Մուրադյան-Ժամանակ առ ժամանակ շրջանառվում են լուրեր ՀՀԿ-ում ներքին թևերի գոյության ու նրանց միջև առկա ներքին լարվածության մասի, մասնավորաբար, չեն ավարտվում ՀՀԿ կանանց ներքին լարվածության մասին պատմվող լուրերը: Այդ խոսակցությունները վերսկսվեցին, երբ նոր ձևավորված խորհրդարանը ձեռնամուխ եղավ ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահների ընտրությանը, ու լուրեր տարածվեցին, թե որոշ ՀՀԿ-ականներ դեմ քվեարկեցին իրենց թիմակիցներին: Այդ շարքում նաև ձեր անունը հիշատակվեց: Ի՞նչ է սա՝ փոթորիկ մեկ բաժակ ջրո՞ւմ, թե՞ կրակն առանց ծուխ չի լինում:
-Այդ ամենն ուղղակի մտացածին պատմություններ են, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում: Մի դեպքում սկսում են խոսել իբրև թե կան երիտասարդների ու հնաբնակների լարված հարաբերություններ, մեկ այլ դեպքում՝ ՀՀԿ-ական կանանց շուրջ են պատմություններ հյուսվում: Այդ ամենը մեկ բառով ասած՝ սուտ է: Այստեղ ես միտում եմ տեսնում, փաստորեն, փորձում են խաթարել ՀՀԿ շարքերի ամրությունը, մոռանալով, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում գործող միակ ամուր, կուռ քաղաքական կառույցն է, ու նման կեղծ լուրեր շրջանառելով չեն կարող խաթարել մեր ներքին միասնությունը: Իսկ ՀՀԿ-ի ամրության, մեր թիմում առկա փոխըմբռման մասին են վկայում մեր հաղթանակները: Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի տարած հաղթանակը եղավ շնորհիվ մեր համախմբված աշխատանքի: ՀՀԿ-ն միակ կուսակցությունն էր, որը նախընտրական շրջանում կոնկրետ ձևակերպեց իր խնդիրները, տվեց առկա իրավիճակի գնահատական ու մատնանշեց կոնկրետ լուծումներ:
Իմ տպավորությամբ այդ կեղծ էժանագին լուրեր տարածում են այն կուսակցությունները, որոնք փորձում են ստվերել քաղաքական դաշտում գործող հզոր կուսակցությանը՝այդ կերպ թաքցնելով իրենց իսկ ներսում առկա չլուծված խնդիրները: Իսկ այդպիսիք կան, մենք տեսանք, որ այլ կուսակցությունների ներսում նման թևեր կան, և տեսանք, թե ինչպես պառակտվեցին: Բայց ինձ համար զարմանալի է, որ մամուլը նման չստացված կուսակցությունների ֆոնին սլաքն ուղղվում է կայացած կուսակցությանը:
Ինձ խիստ վրդովվեցնում է նաև ՀՀԿ կանանց մասին շրջանառվող սին, հորինովի լուրերը: Հարգելիներս ՀՀԿ կանանց շարքերում լարվածություն չկա: Չգիտեմ, ո՞ւմ շահերից է բխում նման լուրերի տարածումը, բազմիցս եմ ասել՝ դրանք հորինվածքներ են, գուցե լուրեր են տարածում այն մարդիկ, որոնք ունակ չեն թիմային աշխատանքի: Ցավում եմ, որ իմ անունը ևս շրջանառվեց: Հանձնաժողովի նախագահների քվեարկության ժամանակ որոշ լրատվամիջոցներ սկսեցին խոսել՝ այսինչը չի քվեարկել այնինչի օգտին՝ սուտ է: Ինքս հաշվիչ հանաձնաժողովի անդամ եմ, քվեարկել եմ մեր քաղաքական թիմի որոշման համաձայն և որևէ մեկը բարոյական իրավունք չունի սին ենթադրություն անել, թե Ռուզաննա Մուրադյանը դեմ է քվեարկել Արփինե Հովաննիսյանի դեմ: Ինչպե՞ս կարելի է կեղծիք տարածել: Չգիտեմ ում ջրաղացին են ջուր լցնում նման կեղծիքով: Ես քաղաքկան թիմի անդամ եմ և քվեարկել եմ մեր թիմի քաղաքական որոշման համաձայն:
Ես հպարտ եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամի հաջողությամբ, ու բարձր եմ գնահատում պրոֆեսիոնալիզմը, նրանցից ամեն մեկի հաջողությունը նաև թիմի և մեր երկրի հաջողությունն է, քանի որ ՀՀԿ-ն իշխանական կուսակցություն է ու պատասխանատու է մեր երկրի համար: Այնքան շատ է ՀՀԿ պատգամավորներիս աշխատանքը, այնքան մեծ է մեր քաղաքական թիմի պատասխանատվությունը մեր աշխատանքի ու մեր քաղաքական որոշումների հանդեպ, որ մենք չենք կարող մեր ժամանակն անտեղի ծախսել ու զբաղվել ներքին ինտրիգներ լարելով: ՀՀԿ-ն լուրջ կուսակցություն է, որն իր ուսերին տանում է երկրի պատասխանատվությունը, այնպես որ նման բամբասանքներին լուրջ չի վերաբերվում, մենք չենք կարող մեզ թույլ տալ տարվել նման ճղճիմ խոսակցություններով:
Ասեմ նաև,որ ՀՀԿ-ում շատ ճիշտ է ընթանում կուսակցաշինության գործընթացը. Մեր քաղաքական ուժը համալրվեց նոր, երիտասարդ կադրերով՝ հնաբնակաների կողին միջին սերունդն է, զուգահեռաբար շարքերը համալրում են նորերրը: Այս սկզբունքով է ՀՀԿ-ն առաջնորդվում իր կադրային քաղաքականության մեջ, ինչը կառավարման արդյունավետության երաշխիքներից մեկն է: Թող բոլորը լավ իմանան, որ ՀՀԿ-ում թևեր ու խմբեր չկան կա մեկ ամբողջական թիմ, որն ունի կայուն ու միասնական գործելոճ: Ինչն էլ տվեց իր ցանկալի արդյունքները և՛ համապետական, և՛ ավագանու ընտրություններում:
-Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքի արդյունքները գոհացնո՞ւմ են ՀՀԿ-ին:
-Մինչև կառավարության աշխատանքին գնահատական տալը նախ հիշենք, թե ի՞նչ իրավիճակում վարչապետ Կարապետյանը ստանձնեց կառավարության ղեկը: Կառավարության ձևավորվելուն հաջորդեց խորհրդարանի ընտրությունների նախընտրական փուլը, ապա քարոզարշավը, որն հիմնականում անցավ Կարեն Կարապետյանի գլխավարությամբ, Խորհրդարանի ընտրություններից շատ չանցած սկսվեց մեկ այլ ընտրական գործընթացներ, այս անգամ Երևանու ավագանու ընտրությունները: Այսինքն, մենք հիմա միայն թոթափվել ենք մեկը մեկին հաջորդած ընտրական գործընթացներից ու հունի մեջ ենք մտնում: Հետևաբար, կառավարության գործունեությանն արդարացի գնահտական տալու համար նախ պետք է սահմանենք իրատեսական ժամկետներ, պետք չէ կեղծ պատրանք ստեղծել, որ ժողովրդին էլ չթվա, թե ընտրություններից մեկ ամիս անց արդեն պետք է տեսանելի լինեն արդյունքները: Այդպես չի կարող լինել: Կարելի է ասել ամեն ինչ նոր է սկսվում: Ուրեմն, արդյունքները գնահատելն էլ դեռ վաղ է, դեռ ժամանակ տանք մեր կառավարությանը ու սպասենք արդյունքներին, որից հետո կարելի է միայն խոսել հանգամանորեն ու իրատեսականորեն: Ինչպես տեսաք Կառավարության կազմում ընդանենը մեկ փոփոխություն եղավ, Ազգային ժողովի փոխնախագահ ընտրված Արփինե Հովհաննիսյանի փոխարեն արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվեց Դավիթ Հարությունյանը: Այսինքն, կուսակցությունը որոշեց Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հնարավորություն տալ առանց էական փոփոխությունների շարունակել իր աշխատանքը: Շուտով ականատես կլինեք նաև կառավարություն-ԱԺ նոր ձևաչափով համագործակցության , որն իմ կարծիքով լինելու է շատ արդյունավետ, մենք կօգտվենք սահմանադրորեն մեզ վերապահված իրավունքներից ու արդյոնավետ կաշխատենք:
-Խորհրդարանական համակարգի անցման ողջ ծանրությունն ընկած է այս խորհրդարանի ուսերին: Ու դա է պատճառը, որ հաճախ արդարացիորեն հարց է հնչում՝ այս նորաստեղծն ունի՞ այդ ներուժը:
– Թե ինչպիսի խորհրդարան ունենք՝ հարցի պատասխանը կարող եմ տալ երկու տարի հետո, քանի որ ճիշտ չեմ համարում այսօրվանից՝ առաջին հայացքից գնահատել մի բան, որի աշխատանքը դեռ նոր պետք է տեսնենք: Այսինքն՝ ժամանակ է հարկավոր: Իսկ մինչ այդ մի բան նկատելի է, որ խորհրդարան են եկել նոր թարմ ուժեր, քաղաքական բոլոր թիմերում կան փոփոխություններ, 41 նոր պատգամավորներ ունենք, իսկ նորը փոփոխություն է, որն ինքնանպատակ չէ: Նորը չի կարող իր հետ նոր մոտեցում, թարմ մտածողություն ու նոր գործելաոճ չբերել: Իհարկե, անցած խորհրդարանում ևս քիչ չէին պրոֆեսիոնալ, բանիմաց պատգամավորները, բայց ինձ ուրախացնում է, որ եկողները ևս պատրաստված մարդիկ են: Ի դեպ, սա այն փոփոխությունն է, որը նաև մեր ժողովուրդն էր ակնկալում:
Այնպես որ, նոր խորհրդարանն իր նոր կազմով ինձ հույսեր է ներշնչում: Ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: Հուսով եմ, որ կուենանք շատ ակտիվ ու պատասխանատու խորհրդարան:
Մինչ պատգամավոր ընտրվելը դուք եղել ենք կրթության ոլորտի լավագույն մասանագետներից մեկը, հետևաբար որպես ոլորտը լավ իմացող անձ ի՞նչ կասեք օպտիմալացում կոչվող գործընթացի մասին: Կառավարության այս որոշումը միանշանակորեն չի ընդունվում, կա կարծիք, որ դրա իրականացումը բավական լուրջ ցնցումներ է առաջացնելու համակարգում, կորցնելու ենք լավ մասնագետների: Արդա՞ր ճանապարհով է գնում կառավարությունը:
-Մտհոգությունն իրականում գալիս է նախկինից, շատերի հիշողության մեջ դեռ թարմ է 2004-ին կատարված օպտիմալացումը, ինչի հետևանքով բավականին մեծ թվով ուսուցիչներ կրճատվեցին: Այսօր մարդկանց մոտ կա մտավախություն, թե հիմա էլ կարող են կրճատվելուլ ու անգործ մնան: Նման բան չկա: Այսօր կառավարության կողմից իրականացվողը այլ նպատակ ունի, ինչը ես կանվանեմ համակարգի արդյունավետացում: Կատարվող գործընթացը չպետքէ ազդի կրթության որակի բարելավման վրա, և հակառակը՝ պետք է նպաստի կրթության որակի բարձրացման վրա:
Այս գործընթացը լինելու է միայն քաղաքային դպրոցներու, և ոչ գյուղական: Այսինքն, եթե գյուղում ունենք մեկ դպրոց, ուր սովորում են քիչ թվով աշակետներ, այն չի փակվելու, պահպանվելու է, ինչպես գյուղի եկեղեցի: Ասացի, որ այս գործընթացը վերաբերելու է քաղաքների դպրոցներին, բայց անգամ այդ դեպքում քայլերը շատ ուշադիր պետք է կատարվեն: Ի վերջո, օպտիմալացման նպատակը արդյունավետ կառավարում իրականացնելն է, իսկ ի՞նչ է դա նշանակում, երբ ռեսուրսները ճիշտ են ընտված, երբ ֆիզիկական, նյութական, մարդկային ռեսուրսները դրան համապատասխանում են ու կա այդ ամենը համակարգող հստակ ծրագիր: Մի կարծեք, թե տեղի է ունենալու դպրոցների մեխանիկական միացում. դպրոցների այսպես ասած, ֆիզիկական միացում չի կարող լինել: Ամենակարևոր սկզբունքը, որ մեր առաջ պիտի դնենք հետևյալն է՝ օպտիմալացումից չպետք է տուժի երեխան, ծնողը, և առավելապես չպետք է տուժի որակյալ մանկավարժը: Դա նաև իմ հորդորն է կառավարությանը: Եվ ես վստահ եմ, որ մեր կառավարությունը հենց այդ ճանապարհով ու այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվում է:


Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

No comments:

Post a Comment