Friday, May 12, 2017

Այսօր ունենք ձեռքբերումներ, որոնք տարիներ առաջ խնդիր էին

-Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտեցավ իր ավարտին: Ինչպես եք գնահատում քարոզչության ընթացքը:
- Քարոզարշավի բուռն ընթացքը ցույց տվեց, որ ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ մենք այս անգամ էլ առաջընթաց գրանցեցինք: Նախընտրական շրջանն աչքի ընկավ քարոզչության մեթոդների, ձևերի, տեխնոլոգիաների բազմազանությամբ: ՀՀԿ թիմի քարոզչութունը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ անցնում էր շատ անմիջական մթնոլորտում, Երևանի տարբեր թաղամասերում բնակիչների հետ անցկացվող  յուրաքանչյուր հանդիպումը կարծես թե արված աշխատանքի վրա հենված բաց և թափանցիկ հաշվետվություն էր բնակիչներից յուրաքանչյուրին, հաշվետվություն, որտեղ ոչ միայն կատարված աշխատանքներն էին ներկայացվում, այլև չլուծված խնդիրները և դրանք համատեղ լուծելու քաղաքական կամքը: Ակնհայտ էր, որ յուրաքանչյուր քաղաքացի սրտացավ և անմիջական տանտիրոջ զգացողությամբ փորձում էր կիսվել իր հոգսերով և խնդիրներով:Ներկայիս գործող քաղաքապետի և իր թիմի նկատմամբ ժողովրդի ջերմ ընդունելությունը մի բանի մասին է վկայում, որ մեծ աշխատանք է արված, որի արդյունքը օր օրի տեսնում են և Երևան քաղաքի բնակիչները, և այցելուները: Ժողովրդի հետ բաց երկխոսության, երևանցու խնդիրներին ականջալուր լինելու այս անմիջական մթնոլորտը գալիս է ասելու, որ քաղաքապետը սիրում է Երևան քաղաքն իր տան նման՝ հարազատ ընդունելով Երևան քաղաքի յուրաքանչյուր բնակչին, և փոխադարձաբար, յուրաքանչյուր երևանցի էլ զգում է քաղաքապետի սրտացավությունը, հոգատարությունը և քաղաքը բարեկարգելու նրա պատրաստակամությունը:
Մի բան պարզ է և ակհայտ՝ ներկայիս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ լավ գիտի Երևան քաղաքի խնդիրները, երբեք չի խուսափել դրանք մատնանշելուց, հստակ պատկերացնում է նաև դրանց լուծումները, որոնք ներկայացված են նախընտրական ծրագրում, իսկ այս տարիների ընթացքում նրա ձեռքբերած փորձառությունը, այն էլ հաջողված փորձառությունը՝ դա արդեն իսկ մեծ առավելություն է:
Ինչ վերաբերում է Երևան քաղաքին, ապա ակնհայտ է, որ Երևանն օր օրի ծաղկում է, դառնում է ավելի բարեկարգ, համաչափ զարգացող, մատչելի բոլորի համար: Բարեկարգված բակերի, փողոցների, մայթերի ու այգիների ավելացած և օր օրի ավելացող ծավալները, քաղաքի լուսավորվածության աստիճանը, քաղաքաշինության, տրանսպորտի, կանաչապատման, սանիտարական մաքրման, քաղաքային կահավորման, մատչելի միջավայրի, առողջապահության, կրթության, սպորտի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտների  ձեռքբերումներն ակնառու են, որոնք հնարավոր են դարձել Երևանի քաղաքապետարանի ամենօրյա հետևողական աշխատանքի, մշտական հոգածության և, իհարկե, բոլորիս սրտացավ վերաբերմունքի ու մասնակցության շնորհիվ: Այսօր Երևանի շուրջ 30000 երեխա հնարավորություն ունի ստանալ անվճար նախադպրոցական կրթություն: Վերանորոգվել և բարեկարգվել են Երևանի դպրոցների մեծ մասը, և կարող ենք արդեն վստահաբար փաստել, որ ներկայումս չջեռուցվող դպրոց չունենք:Սրանք այն ձեռքբերումներից են, որոնք խնդիրներ էին համարվում մի քանի տարի առաջ, և այս ամենը չտեսնելն ուղղակի բարի կամքի բացակայության նշան է:  
Չեմ ուզում մանրամասն թվարկել նախընտրական ծրագրում առկա բոլոր ուղղությունները, որոնք Տարոն Մարգարյանն իր փորձառու թիմի հետ ներկայացրել է տարբեր հարթակներում թե բակային հանդիպումների ընթացքում և թե մամուլում: Բնակիչների առաջ հաշվետու լինելու Տարոն Մարգարյանի և իր ողջ կազմի պատրաստակամությունը, ոչ մեկին չանտեսելու, նույն վարչական շրջանում մի քանի անգամ հանդիպումներ կազմակերպելու, շատ խիտ աշխատանքային գրաֆիկով աշխատելու փաստը գալիս է ասելու, որ թիմը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին: Այդպիսին է եղել այս տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի գործելաոճը՝ հաշվետվողական,  բաց ու թափանցիկ: Ընդհանրապես, ժողովրդավար կառավարման ամենակարևոր գործիքը հրապարակայնությունն է, և Երևանի քաղաքապետարանի հրապարակային գործունեության լավագույն օրինակը Երևան քաղաքի բյուջեի հրապարակայնացումն է քաղաքապետարանի կայքում, որը բաց  է  հանրության առաջ:
-Ինչ կասեք ընդդիմադիր ուժերի հնչեցրած տարբեր մեղադրանքներին ՀՀԿ քարոզչության վերաբերյալ:
- Այլևս չարությամբ, զրպարտելով, անհարկի մեղադրանքներ հնչեցնելով, ապատեղեկատվություն տարածելով, բառերի հետևից անիմաստ ընկելով՝ միևնույն է հնարավոր չէ քողարկել արված մեծ աշխատանքը. երևանցին կարողանում է տեսնել, կշռադատել, համեմատել տարիների արված աշխատանքը և գնահատել այդ զարգացումը:
Այսօր մեր ժողովրդի քաղաքացիական գրագիտության  մակարդակը շատ է բարձրացել, այլևս պետք չէ օգտագործել քարոզչության այն սև փիառը, որով փորձում են ընդդիմադիր ուժերը դիվիդենտներ հավաքել: Մրցակցության մեջ պոպուլիստական հայտարարություններն ընդամենը իջեցնում են տվյալ քաղաքական ուժի վարկանիշը:
Մեր օրերում քաղաքացիական գրագիտության մակարդակ ունեցող մեր քաղաքացիները քաղաքական պայքարի նոր որակ են արդեն պահանջում: Ընդհանրապես, քաղաքական պայքարի փորձը ցույց է տալիս, որ ուժեղ է այն քաղաքական թիմը, ով կարողանում է ռեալ գնահատել իր ուժերը, ներկայանալ իր ծրագրերով ու փորձառու թիմով և ճիշտ գնահատել իր կարողությունները կյանքի կոչելու իրենց իսկ նախանշված ծրագրերը:   

Նյութի աղբյուրը՝  http://iravunk.com/news/29653

No comments:

Post a Comment