Tuesday, September 12, 2017

Ցանկացած քննադատություն պետք է հիմնավոր լինի

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Հայտնի է, որ մինչ պատգամավոր լինելը զբաղվել եք մանկավարժական գործունեությամբ, տարիներ առաջ ստեղծել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը: Կներկայացնե՞ք, թե այսօր ի՞նչ գործունեություն է իրականացնում հիշյալ միությունը:
-«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամները տարբեր մարզերի դպրոցներ են, այն ՊՈԱԿ-ների միություն է, որի շահառուները մանկավարժներն ու աշակերտներն են: Միությունը կրթական ցանց է, որն ապահովում է համագործակցություն մարզերի, քաղաքների, սահմանամերձ դպրոցների միջեւ: 
Միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարմանը, կատարելագործմանը: 
Որպեսզի առավել պարզ լինի ասելիքս, թվարկեմ մեր միջոցառումներից մի քանիսը: Այսօր մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում ենք «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միջոցառումների շարք, որի մասնակիցները բոլոր մարզերի աշակերտներն են: 
Ծրագրի նպատակն է նպաստել  9-10-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժեւորմանը, ազգային արժեհամակարգի ձեւավորմանը, ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Հրավիրված փորձագետի կողմից մշակվել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով դասի պլան: Մանկավարժների հետ կազմակերպվել է սեմինար, թե ինչպես անցկացնել այս դասը, ինչի շնորհիվ աշակերտները կպատրաստեն հայոց պետական խոհրդանիշերին վերաբերող պաստառներ:
Կկազմակերպվի մրցույթ, կընտրվեն լավագույնները ու կստանան մրցանակներ: Սա մի ծրագիր է, որը երեխաների մեջ կձեւավորի պետական մտածողություն: Սա արդեն փորձված մեթոդ է, նույն սկզբունքով առաջիկայում կիրականացնենք նաեւ «Հայ զինվորը...» խորագրով մրցույթը։ Ծրագրի նպատակը մեր երեխաներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելն է, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացումը, հայոց ազգային բանակի եւ հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարեւորումը:
Հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են մեր երեխաների մասնագիտական կողմնորոշմանը։ Փորձեցինք աշակերտների ուշադրությունը հրավիրել ինժեներական մասնագիտությունների ՏՏ ոլորտի վրա:
Կազմակերպեցինք նաեւ «Ես հպարտ եմ» խորագրով մրցույթ։ Հայ երեխան պետք է իմանա, թե ինքն ինչով է հպարտ, հասկանա, որ դրանք իր ազգային արժեքներն են, իր արմատներն ու ավանդույթներն են, եւ գիտակցի, որ պետք է ամուր պահի իր արժեքները ու լինի դրանց ժառանգորդը: 
Աշխարհը փոփոխվում է, մեր երկիրը պետք է համընթաց գնա տեղի ունեցող փոփոխություններին, բայց միաժամանակ պարտավոր ենք պահել մեր ինքնությունն ու տեսակը, ամեն ինչ անել, որ այս փոփոխությունների մեջ մեր երեխաները չկորցնեն իրենց՝ հայի դիմագիծը: Արմատից կտրված ծառը չի կարող առողջ ու բարի պտուղ տալ: Մեր բոլոր ծրագրերը միտված են այս գաղափարախոսությանը:
Այս հարթակում քննարկվող խնդիրները իմ պատգամավորական ջանքերով գալիս են խորհրդարան, դառնում օրենսդրական նախաձեռնություններ՝ միտված կրթության ոլորտի բարելավմանը: Երկրիս հանդեպ ունեցած սրտացավությունն է, որ ինձ մղում է իմ ունակություններն ու հնարավորություններն ի սպաս դնել կրթական ոլորտի զարգացմանը, չէ՞ որ երկրի զարգացման հենքը ազգային ամուր դպրոցն է:
-Օրերս մամուլում եղավ մի հրապարակում, որի նպատակը ոչ թե միության կատարած աշխատանքն օբյեկտիվորեն ներկայացնելն էր, այլ ակնհայտ էր ստվերելու, ցեխ շպրտելու միտումը:
-Ցավում եմ, որ կարող են նաեւ ի հայտ գալ նման հոդվածներ: Դժվար է ասել, թե ինչու են նման պետականամետ, ազգաշահ միության աշխատանքները երբեմն թիրախավորվում ու քննադատության արժանանում: Ես ուզում եմ, որ մեր ծրագրերը արժանիորեն գնահատվեն, որովհետեւ դրանք իրականացնում են մեր մանկավարժներն ու աշակերտները:
Ցանկացած քննադատություն պետք է լինի հիմնավոր եւ օբյեկտիվ: Չմոռանանք, որ միության ու այնտեղ իրականացվող ծրագրերի մասնակիցները, շահառուները Հայաստանի մանկավարժներն ու աշակերտներն են, այսինքն՝ աշխատանքի հետեւում մի մարդ չի կանգնած, Ռուզաննա Մուրադյանը չէ, այլ մանկավարժական հանրույթն է:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունն ունի իր աշխատակազմը՝ տնօրեն, աշխատակիցներ, որոնք, չնայած չնչին աշխատավարձին՝ սիրով աշխատում են ու ապահովում բոլոր ծրագրերի, հավաքների, սեմինարների նախագծերի իրականացումը, վարում կազմակերպության կայքը:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան


http://haymedia.am/?p=26990&l=am%2Fcankacac+qnadatutyun+petq+e+himnavor+lini

No comments:

Post a Comment