Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
-Եթե 2017թ-ը ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Ռուզաննա Մուրադյանի համար:
-2017թ.-ը բուռն աշխատանքային տարի էր. տեղի ունեցան մի շարք փոփոխություններ՝ սահմանադրական բարեփոխումներ, ընտրություններ, ավարտվեց 5-րդ գումարման նստաշրջանը և 6-րդ գումարման նստաշրջանի մեկնարկով նոր պարտավորությունների հիմքեր դրվեցին: Այս փոփոխությունների մեջ, իհարկե, ես անմասն չմնացի՝ փորձելով նաև իմ ներդրումն ունենալ այդ բարեփոխումների գործընթացին:
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Անշուշտ, մենք ունենք դեռևս չլուծված խնդիրներ, բայց մեր թիմն ունի ծրագիր և քաղաքական կամք դրանք լուծելու և հաղթահարելու:
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է և սիրում եմ այն դիմավորել տանը ընտանիքիս հետ միասին:
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը, որը ինքներդ եք պատրաստում:
-Յուրաքանչյուր տարի փորձում եմ հետևել խոհանոցի նորաձև ուտեստներին, սակայն որքան էլ փորձենք ստեղծագործել խոհանոցում, միևնույն է ինձ համար մեր հայկական ավանդական թփով տոլման է, որ ամեն տարի շատ սիրով եմ պատրաստում: Այն ինձ համար ոչ միայն համ է, այլև վառ հիշողություն իմ մանկությունից: Անշուշտ, ամեն ինչի նորն էլ լավ է, բայց պետք է փորձենք պահել նաև մեր հայկական ավանդականը: Չմոռանանք, որ հին ավանդույթների համաձայն՝ Նոր տարվա համար պատրաստվող ուտեստները նաև որոշակի խորհուրդ ունեն:
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Որպես հայկական ավանդական ընտանիք՝ ամանորյա գիշերը մեր երեխաներն ու թոռնիկները գալիս են մեզ շնորհավորելու, այնուհետև բոլորս միասին այցելում ենք մեր ծնողներին: Միասին տոնելու, նվերներ հանձնելու ավանդույթը փորձում ենք պահել և փոխանցել նաև մեր սերունդներին:
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
-Կարծում եմ՝ Ամանորն այն եզակի տոներից մեկն է, երբ մարդիկ, գրեթե առանց բացառության, ցանկություններ են պահում, լցվում են նոր սպասումներով և հավատում հրաշքների իրագործմանը: Թեեւ այսօր բավականաչափ փոխվել են Ամանորը տոնելու ձեւերն ու տոնական սեղանը զարդարող կերակրատեսակները, միեւնույն է, այս տոնը բոլոր ժամանակներում եղել եւ շարունակում է մնալ կարծես հեքիաթային մի տոն, որի հետ մարդիկ կապում են իրենց երազանքներն ու ակնկալիքները:
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Ինչպես ասում են՝ իսկական երջանկությունը այն է, որ եթե նման հնարավորություն ընձեռվի կյանքում, ու դու ոչինչ չես փոխի, նորից նույն ճանապարհը կընտրես, ուրեմն դու ներդաշնակ ես քո ներքին և արտաքին աշխարհի հետ և գտել ես քո առաքելությունը կյանքում: Ես ոչինչ չէի փոխի:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, և ես մաղթում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Անցնող տարին ճանապարհում ենք շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկալիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար:
Թող 2018 թվականում մեր երկրի ու մեզանից յուրաքանչյուրի համար լինի ձեռքբերումների և հաղթանակների տարի:
No comments:
Post a Comment