Thursday, February 20, 2014

ՀՀԿ-ական պատգամավոր. Էդ միջանցքում ի՞նչ պիտի անի պատգամավորը կամ լրագրողը

ԱԺ միջանցքներում վերջերս հայտնված տեսախցիկների թեման խորհրդարանում տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել:  iLur.am-ն այս թեմայով զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ
-Տիկին Մուրադյան, վերջին օրերին շատ է քննարկվում ԱԺ միջանցքներում տեղադրված տեսախցիկների թեման: Ձեզ չի՞ անհանգստացնում այն երեւույթը, որ մի «աչք» հետեւում է ամեն քայլափոխի:
-Ճիշտն ասած՝ բոլորովին չի անհանգստացնում, քանի որ ես կարծում եմ՝ պատգամավորն ԱԺ միջանցքում է, դահլիճում, թե ԱԺ շենքից դուրս, պետք է միշտ զգա, որ իրեն հետեւում են բոլորը. հետեւում է հասարակությունը, հետեւում են մարդիկ: Ես չեմ կարծում, թե պետք է ինչ-որ բան անենք, որ խոչընդոտի տեսախցիկների առկայությունը: Ես միշտ ԱԺ-ն համեմատում եմ խոշորացույցի տակ աշխատելուն: Ես գտնում եմ, որ սա մեծ խոշորացույց է, եւ բոլորը տեսնում են թե՛ լավ, թե՛ վատ գործելակերպը: Էդ միջանցքում ի՞նչ պիտի անի պատգամավորը կամ լրագրողը, որ խնդիր են դարձնում: Բոլորս գիտենք՝ բոլորս մեր աշխատանքով ենք զբաղված, ԱԺ կանոնակարգում գրված է մեր պաշտոնի նկարագիրը, դրանից դուրս բան չի կարող լինել: Հետեւաբար, չեմ կարծում, որ դրանից պետք է անհանգստանալ:
-Իսկ ո՞րն է տեսախցիկներ տեղադրելու իմաստը:
-Ես կարծում եմ՝ անվտանգությունը: Չեմ կարծում, թե դրանում ինչ-որ վատ, մտահոգվելու բան կա: Ինչու չէ՝ թող վերահսկողությունն ավելի ուժեղ լինի, լավ լինի:
-Ասում են՝ այդ տեսախցիկները տեղադրվել է իշխանական ներքին խարդավանքներից տեղյակ լինելու համար, որ տեսնեն՝ ով ում հետ շփվեց կամ ում աշխատասենյակ մտավ:
-Դրա համար տեսախցիկներ պետք չեն: Մարդկային հարաբերություններն այնպես են կառուցվում, որ մարդկային հարաբերություններից են ծնվում այդ ողջ ինֆորմացիաները, խարդավանքները եւ այլն: Ու այդ ամենը ցույց տալու համար տեխնիկական միջոցներ բոլորովին էլ անհրաժեշտ չեն: Ի վերջո, սա ընդհանուր աշխատանքի վայր է, որտեղ բոլորը շփվում են բոլորի հետ: Ու եթե այդ շփումների մեջ էլ պետք է բան դնենք, բան տեսնենք, նշանակում է՝ մենք ինքներս ճիշտ տեղում չենք: Սա տարբեր քաղաքական ուժերի՝ համախմբված աշխատանքային կոլեկտիվ է, որտեղ աշխատանքի բերումով բոլորս էլ բոլորի հետ շփվում ենք, եւ չեմ կարծում, որ դրանից մտահոգություններ լինեն: Բոլորը պետք է շփվեն տարբեր կառույցների, տարբեր քաղաքական ուժերի եւ ինչու չէ՝ ժողովրդի հետ: Այս ամենը տեսախցիկով կնայեն, թե մարդիկ կնայեն՝ կարեւոր չէ: Մենք թաքնված գործունեություն չենք ծավալում:
-Քաղաքական ենթատեքստ չկա՞:
-Ես չեմ ուզում, որ տեսախցիկներին էլ տանք քաղաքական բնույթ: Եկեք զերծ մնանք դրանից: Եթե տեսախցիկ տեղադրելուն էլ քաղաքական ենթատեքստ տանք, ապա ամեն ինչի, բոլոր տեսակի հարաբերությունների մեջ կմտնի քաղաքականությունը: Այսօր ամեն ինչ ծառայում է քաղաքականությանը, բայց չենք կարող քաղաքականությունը ծառայեցնել ամեն ինչին:
-ԱԺ-ում եղել են 1996թ. սեպտեմբերի 22-ի դեպքերը, եղել է հոկտեմբերի 27: Սակայն, այդ դեպքերից հետո տեսախցիկներ չտեղադրվեցին, ու հիմա են ԱԺ-ում հայտնվել տեսախցիկները:
-Տեխնիկական միջոցներն ու հնարավորությունները գնալով ավելի են շատանում: Այսօր մենք արդեն ունենք հայկական <iPad>-ները, մի բան, որ մենք չունեինք նախկինում, սրանից տասը տարի առաջ այդ մասին չէինք էլ մտածում: Այսօր մտեք սովորական դպրոց,  այնտեղ միջանցքներում կան տեսախցիկներ, ընդհանուր վերահսկվում է: Դա, ընդհանուր առմամբ, լավ է, երբ աշակերտը, մանկավարժը՝ իրենք էլ գիտեն, որ կա վերահսկողություն, ու ձգված են: Այսօր արտասահմանում ցանկացած հիմնարկում կան տեսախցիկներ: Ինչու՞ երբ այդ ամենը տեսնում ենք արտասահմանում, ընդունում ենք նորմալ, ողջունում ենք, բայց երբ գալիս ենք Հայաստան՝ արդեն ուրիշ կերպ ենք ընկալում:
-Ասում են՝ Արգամիչը կասկածում է ամենքին ու ցանկանում է հետեւել բոլորին:
-Չի կարելի անձնավորել: Եկեք զերծ մնանք անձնավորելուց: Չի կարելի ցանկացած ձեռքբերման, ցանկացած լավ մտահղացման մեջ վատը տեսնել: Ես բազմիցս դեմ եմ դրան: Ես ասում եմ՝ եթե խնդիր ենք փնտրում, ապա եկեք խնդիրներին կառուցողական մոտենանք, այլ ոչ թե եղած խնդիրները դեռ չլուծված՝ կողքից ինտրիգային խնդիրներ ենք հորինում, փնտրում, ստեղծագործում: Եկեք ստեղծագործական միտքը զարգացնենք լավ ձեռքբերումները պրոպագանդելու, մարդկանց մոտ ավելորդ խուճապ, ավելորդ մտահոգություն չառաջացնելու, այլ՝ վաղվա օրվա նկատմամբ արդեն իսկ արվածի հիման վրա նոր հույսեր արդարացնելու, նոր մոտիվացիաներ ստեղծելու վրա: Եկեք շնորհավորենք իրար, ուրախանանք: Լավ ձեռքբերում է: Թող լինի լրացուցիչ վերահսկողություն, ապահովություն:

Արման Գալոյան 

20.02.2014 17:27

Նյութի աղբյուրը`  http://www.ilur.am/news/view/25134.html#sthash.q7IXUmJX.dpuf

Thursday, February 13, 2014

Ռ. Մուրադյան. Ինչպես ցանկացած բարեփոխում, այս բարեփոխման նկատմամբ էլ հասարակության վերաբերմունքը նույնն է

Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բողոքը տարբեր դրսևորումներ է ստանում: Տեսակետ կա, որ այն կարող է միավորման հիմք հանդիսանալ ինչպես ոչ իշխանական ուժերի, այնպես էլ ակտիվ քաղաքացիների համար:
Panorama.am-­ի հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը նշեց, որ «ցանկացած բարեփոխում միշտ սկսվում է թերահավատությամբ և, հասկանալի է, որ միայն արդյունքներն են արդարացնում բարեփոխումների նպատակը»:
«Նման օրինակները շատ են, որոնցից մեկն էլ ավտոմեքենաների ապահովագրությունն էր, որը ներդրվեց մի քանի տարի առաջ և սկզբում նույնպես բուռն քննարկումների առարկա դարձավ: Այն տարբերվում էր կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումից նրանով, որ կարճ ժամանակահատվածում արդյունքներն ապացուցեցին այդ բարեփոխման անհրաժեշտությունը:
Բնականաբար, ինչպես ցանկացած բարեփոխում, այս բարեփոխման նկատմամբ էլ հասարակության վերաբերմունքը նույնն է, և հարց է առաջանում, թե ի՞նչ կտա այն մեր հասարակությանն ու մեր երկրին»,­-նշեց նա:
Վերջինս համոզմունք հայտնեց, որ տարիներ հետո կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխման արդյունքները նույնպես ակնհայտ կլինեն՝ կվերանա աղքատությունը կենսաթոշակառուների շրջանում, կլուծվի կենսաթոշակային իրավունքների «փոխանցվելիության» խնդիրը, քանի որ նոր համակարգի համաձայն՝ և անձնական հաշիվներում կուտակված միջոցները, և վճարվող կենսաթոշակները հեշտությամբ կարող են տեղափոխվել երկրից երկիր:
«Կարևոր է նշել նաև, որ այժմ հաշվետերը հնարավորություն ունի յուրաքանչյուր ամիս հետևել իր հաշվին, հարկ եղած դեպքում փոխել հաշվի կառավարչին, վերահսկել իր կուտակումների ֆինանսական վիճակը: Այդ կուտակային համակարգի ներդրմամբ յուրաքանչյուր աշխատող ինքն է պատասխանատու լինելու իր կենսաթոշակի մակարդակի համար, այդ կուտակումներն արդեն յուրաքանչյուր աշխատողի անձնական սեփականությունն են լինելու, կենսաթոշակային հաշիվները չեն կարող բռնագանձվել և ժառանգության իրավունքով կարող են փոխանցվել հարազատներին»,­-ասաց տիկին Մուրադյանը:

«Կարծում եմ, որ էականն այստեղ ճիշտ տեղեկատվության տրամադրումն ու տարածումն է»,­- եզրափակեց նա:

Կառավարությունը հաջողությամբ է կատարել իր առջև դրված ծրագրերը

13.02.2014թ.
«Բնական է` որտեղ կա աշխատանք, այնտեղ կարող են լինել նաև խնդիրներ, և այսօր կարևորը դրանց լուծումն է»,- Aysor.am­-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հնարավորությունը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ռուզաննա Մուրադյանը:
«Մենք չենք կարող անտեսել և անվստահություն հայտնել կառավարության գործունեությանը, քանի որ ընդհանուր առմամբ, կառավարությունը հաջողությամբ է իրականացրել իր առջև դրված ծրագրերը»,­- նշեց նա:

Wednesday, February 5, 2014

"Բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է ուղիղ ծառայել արտաքին թշնամուն"


Չորեքշաբթի, 05 Փետրվար 2014 11:54

ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը բավական թեժ սկսվեց: Ըստ կանոնակարգ օրենքի, յուրաքանչյուր նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը:  Խորհրդարանական ընդդիմությունը սվիններով ընդունեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն առաջարկը, ըստ որի` 11 հոգանոց հաշվիչ հանձաժողովի անդամներից հինգը պետք է լինեն ՀՀԿ-ից: Սրա հետ կապված սկսվեցին թեժ քննարկումներ: 
Հայտնի է, որ խորհրդարանական պատմության մեջ շատ նախագծեր ընդդիմադիր խմբակցությունները ցանկացել են տապալել ամենատարբեր ձեւերով, սակայն այն, ինչ արել էր արդեն ամերիկաներում իր հանգիստն ու ուսումը վայելող "Ժառանգություն" խմբակցության արդեն նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նրա մտքի թռիչքին կնախանձեր անգամ Ադրբեջանի նախագահ  Ալիեւը: Հիշեցնենք, որ երբ Ազգային ժողովում քվեարկության պետք է դրվեր գազի, նավթամթերքների, ադամանդագործության զարգացման ու հայ-ռուսական հարաբերությունների հարցը, տիկինը ԱԺ հերթական ընդմիջման ժամին սկսեց հափշտակել պատգամավորներից շատերի քվեարկության քարտերը, որի համար, ի դեպ, որեւէ պատասխանատվության չենթարկվեց: Որքանով է հարիր հատկապես կնոջը նման քայլերը` հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ նշեց. 

- Ես ընդհանրապես դեմ եմ Աժ աշխատակարգը խանգարելուն եւ խաթարելուն: Բայց փորձը ցույց տվեց, ինչպես եւ ականատես եղանք, որ նախորդ նիստի ժամանակ քվեարկության դրված մի շարք հարցեր փորձեցին խաթարել: Եթե հարցը դիտարկեմ` որպես կին, ապա չէի  պատկերացնի, որ կարող են ԱԺ-ում լինել չգրված օրենքներ, որոնք դուրս են ոչ միայն կանոնակարգից, այլեւ նորմալ ու քաղաքակիրթ աշխատող պատգամավորի վարքագծից:
- Կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյան եւ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյան հակամարտության մասին:
- Կարծում եմ, որ դա ընդամենը տեսակետների արտահայտման ձեւ էր, եւ էքս նախագահը եւս հայտնեց իր կարծիքը, իսկ կառավարության պատասխանն էլ եղավ հավուր պատշաճի: Այսօր մենք առավել  ուշադրություն պետք է դարձնենք, թե ինչպես է Ադրբեջանն իր ոտնձգություններով ու  դյուրագրգիռ վարքագծով բացասական  ազդում Հայաստանի վրա, սրան զուգահեռ` տեսնում ենք միջազգային հարթակում ՀՀ-ի եւ Արցախի հարցով  լուրջ ձեռքբերումներ: Միջազգային հայտնի իրավապաշտպան "Ֆրիդոմ Հաուզ" կազմակերպության կողմից Ադրբեջանը  համարվեց անազատ երկիր, իսկ դրա կողքին ԼՂՀ-ն համարվեց ավելի ժողովրդավարական երկիր, կարծում եմ, որ այդ հայտարարությունները հենց Ադրբեջանին դարձրին ավելի դյուրագրգիռ, որի արդյունքում սկսեց իր ոտնձգությունները: Տարածաշրջանում խաղաղության պահպանումը չպետք է լինի միայն Հայաստանի մտաhոգությունը, այլ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այլ երկրների եւ միջազգային կառույցների մտահոգությունը: Հայաստանին միշտ տրվել են ընդհանուր, խաղաղեցնող  գնահատականներ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բայց դա բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի վրա, որը շարունակում է իր սուտ քարոզչությունները` ռամիլսաֆարովյան գործելաոճով: Խաղաղ ճանապարհով հարցի լուծումը դրանք միայն բառեր չեն, այլ պետք է լինեն կոնկրետ գործողություններ:
- Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը հենց տեսնում է, որ մեր երկրի ներսում թեկուզ մի փոքր անկայունություն է, սկսում է իր անօրինական գործողությունները սահմանի վրա: Իսկ թեկուզ էքս նախագահի տարեվերջյան ու տարեսկզբյան հայտարարությունները պատահական չէին:
- Այո, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է օգնել կամ խանգարել, կարող է ուղիղ ծառայել արտաքին  թշնամուն: Դրա համար պետք է զգոն լինենք ու հասկանանք` ինչն է մեր երկրի ու ազգի շահից բխում: Մեր արտաքին թշնամու դեմ կարող ենք պայքարել միայն ներքին համախմբման ճանապարհով: Չնայած բազում մարտահրավերների եւ խնդիրների` մեր երկիրը գնում է ժողովրդավարության զարգացման ճիշտ ընտրած ճանապարհով, ինչը բարձր է գնահատվում նաեւ միջազգային կառույցների կողմից: Այսօր մեր պետությունը լայն հնարավորություններ է ստեղծել քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման համար` ազատ դաշտ ստեղծելով  յուրաքանչյուր քաղաքացու համար` իր կարծիքն արտահայտելու, քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալու, խնդիրների եւ դրանց լուծումների շուրջ բաց երկխոսություն ծավալելու, էլ ինչ կարիք կա թշնամու ջրաղացին ջուր լցնել: Իսկ առաջ գնալու լավագույն ճանապարհը ոչ միայն շարունակ չարությամբ խնդիրներից խոսելն է, այլ ժամանակ առ ժամանակ հետ նայելն ու ձեռքբերումները գնահատելն է:  
- Ադրբեջանը թե՛ իր տարածքով, թե՛ ֆինանսապես ավելի հզոր է համարվում Հայաստանից` ելնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից: Ինչո՞վ է պայմանավորված նրանց անընդմեջ հիսթերիան:
- Թե՛ միջազգային հանրության, թե՛ այլ երկրների կողմից Արցախի ինքնորոշմանն ու Հայաստանին տրված տարբեր դրական գնահատականները Ադրբեջանին հասցնում է հիսթերիայի, որի մասին արդեն ասացի: Վերջերս էլ, Կալիֆորնիայի նահանգը որոշեց, որ դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ուսումնական պլանում պետք է ներառվի, իսկ օրերս էլ Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտարարեց, որ պետք է անպայման ընդունվի Հայոց ցեղասպանության քրեականացումը ժխտելու օրինագիծը, որպեսզի այսուհետ աշխարհի համար ցեղասպանությունը դատապարտելի լինի: Օրինակները շատ են, որոնք կարող ենք անընդհատ ասել, իսկ Ադրբեջանն այս ամենը տեսնելով` իր սուտ ստեղծագործական քարոզչությունն է իրականացնում, որպեսզի դրանով մոլորեցնի միջազգային հանրությանը: Նրանք շատ անգամ փորձում են իրենց կեղտոտ արարքները հայերի վրա բարդել: Ավելին` այդ մասին նրանք գրում են նաեւ իրենց  պատմության գրքերում` փորձելով հայերի նկատմամբ ատելություն սերմանել իրենց սերնդի մեջ, թե իբրեւ մենք մարդասպան ենք: Իսկ մենք միշտ եղել ենք ոչ թե ընդդեմի, այլ հանունի կողմնակիցը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Tuesday, February 4, 2014

՛՛ԴԱ ԴՈՒՐՍ Է ՔԱՂԱՔԱԿԻԹ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻՑ՛՛


Հայտնի է, որ խորհրդարանական պատմության մեջ շատ նախագծեր ընդդիմադիր խմբակցությունները ցանկացել են տապալել ամենատարբեր ձևերով, սակայն այն ինչ արեց արդեն ամերիկաներում իր հանգիտն ու ուսումը վայելող "Ժառանգություն" խմբակցության արդեն նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նրա մտքի թռիչքին կնախանձեր անգամ Ադրբեջանի նախագահ  Ալիեւը: Հիշեցնենք, որ երբ Ազգային ժողովում քվեարկության պետք է դրվեր գազի, նավթամթերքների, ադամանդագործության զարգացման ու հայ-ռուսական հարաբերությունների հարցը, տիկինը, ԱԺ հերթական ընդմիջման ժամին, սկսեց հափշտակել պատգամավորներից շատերի քվեարկության քարտերը, որի համար, ի դեպ, որեւէ պատասխանատվության չենթարկվեց: Որքանո՞վ է հարիր նման քայլը հատկապես կնոջը հարցին ի պատասխան` ԱԺ ՀՀԿ խմբացության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ նշեց.
- Ես ընդհանրապես դեմ եմ Աժ աշխատակարգը խանգարելուն եւ խաթարելուն: Բայց փորձը ցույց տվեց, ինչպես եւ ականատես եղանք, որ նախորդ նիստի ժամանակ քվեարկության դրված մի շարք հարցեր փորձեցին խաթարվել: Եթե հարցը դիտարկեմ, որպես կին, ապա չէի  պատկերացնի, որ կարող են ԱԺ-ում լինել չգրված օրենքներ, որոնք դուրս են ոչ միայն կանոնակարգից, այլեւ նորմալ ու քաղաքակիրթ աշխատող պատգամավորի վարքագծից:
Պատգամավորի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք Հետաքննություն» թերթի համարում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի 04.02.2014թ.ելույթը հայտարարությունների ժամին



Խոնարհվում եմ վերջերս սխրագործություն կատարած Արմեն Հովհաննիսյանի, ինչպես նաև մեր բոլոր հերոսների, հերոս զավակներ ծնած հայ ծնողների առջև, համոզված եմ, որ բոլոր ժամանակերում անսասան է հայոց կամքը, և անհաղթահարելի է հայոց ոգին՝ անկախ թշնամու սադրանքների:
Ինչու՞ է մշտապես ադրբեջանական կողմը խաթարում հայ-ադրբեջանական սահմանների հարաբերական անդորրը, պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը և չի ստանում համարժեք գնահատական միջազգային կառույցների կողմից:  Ժամանակն է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը դառնան միջազգային կառույցների քննարկման թեման իրավիճակը օբյեկտիվորեն գնահատելու համար: Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հնչեցնելով համահարթեցնող, կողմերին հավասարաչափ մեղադրող հայտարարություններ, փորձում են հնարավորինս հավասարակշռված մոտեցում դրսևորել՝ ի նպաստ լարվածության հանդարտեցման:  Մենք գիտակցում ենք այս մոտեցման արժեքը, սակայն այս մոտեցումը չարաշահում են Ադրբեջանի իշխանությունները:
Մեր ցանկությունն է, որ դատապարտվի կոնկրետ խախտումներ իրականացնող կողմը:
Պետք է նշել, որ վերջին ժամանակների իրադարձությունները կարծես շոկի մեջ են գցել Ադրբեջանին.  Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ որպես անկախ ինքնիշխան պետություն, Արցախը հռչակվել է ավելի ժողովրդավար, «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան իրավապաշտպան հայտնի կազմակերպությունը Ադրբեջանը որակել է որպես «անազատ» երկիր` դասելով նրան այն պետությունների շարքին, որտեղ «բացակայում են հիմնական քաղաքական սկզբունքները, ժողովրդավարությունը, իսկ քաղաքացիական ազատությունները զանգվածաբար եւ պարբերաբար ոտնահարվում են», վերջերս նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձևը: Ահա թե որն է ադրբեջանական հիստերիայի պատճառը:
Տպավորություն է, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում արդեն քաջ ծանոթ սաֆարովյան գործելաոճով գործող Ադրբեջանի համար, ում հատուկ է հերոսացնել ստահակներին և սուտ քարոզչություններ տարածել:
Սա է նրանց ազգային արժեքը, իսկ մի ժողովուրդ, մի բանակ, որն ընդունակ չէ առաքինության՝ ուշ թե շուտ կպարտի իր գոյությունը:Նրանք միշտ առաջնորդվել են ընդդեմ սկզբունքով, ուր չկա սեր, հանդուրժողականություն, քաջություն, մարդասիրություն: Իսկ հայ արիներն առաջնորդվում են հանուն մտածողությամբ, հանուն հայրենապաշտության և ազգի զոհաբերության գաղափարների: Մենք չենք գործում ընդդեմ որեւ է ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության. սա է հայ ռազմիկի ձևավորման նախահիմքը:
 Այո′, մեր «հանուն» նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի

Monday, February 3, 2014

Ռ.Մուրադյանի հարցը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին

Փետրվարի 3, 2014թ.

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն նախարար, հոդված 5-ի 4-րդ կետում երբ խոսվում է մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգից, մասնագիտական ստաժի 1 տարվա արժեքը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ ստաժի հաշվարկման կարգն ո՞վ է սահմանում, չպետք է նշվի՞։ 1 տարվա արժեքն ինչպե՞ս է սահմանվելու, որովհետեւ տարբեր մասնագիտությունների դեպքում տարբեր է։
Մյուս հարցը՝ հոդված 6-ի 4-րդ կետում՝ «Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի անցնելու պահից, եւ փակագծում նշված է նաեւ (ձեռնարկատեր, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու պահից կենսաթոշակ չի ստանում այդ անձը), եւ բացառությամբ գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից։ Կան նաեւ ձեռնարկատիրական գործունեություններ, որոնք իրենց մեջ ներառում են հենց մանկավարժական գործունեություն, այդ մասն ինչպե՞ս է համընկնում իրար։ Խնդրում եմ ձեր բացատրությունը։

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ
-1-ին հարցի հետ կապված՝ օրենքով նախատեսված է, որ կսահմանվի կառավարության կողմից։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածներն ամենատարբեր գործունեության ոլորտներ պետական ծառայությունում կարող են ընդգրկել, եւ տարբեր ժամանակահատվածներ, այդ ամբողջը մանամասնությամբ, բնական է, որ հնարավոր չի լինի օրենքում սահմանել, դրա համար կառավարության որոշմամբ այդ կարգը եւ ժամանակահատվածները կսահմանվեն։
Ինչ վերաբերում է 2-րդ հարցին, քանի որ կենսաթոշակը տվյալ դեպքում կորցրած եկամուտը փոխհատուցելու միջոց է հանդիսանում, դրա համար ամրագրված է այդ դրույթը, որ եթե  անձը շարունակում է աշխատել եւ ստանալ աշխատավարձ, ապա կենսաթոշակ չի վճարվի։ Իսկ այդ ձեր նշած հանգամանքը, որ կարող է լինել նաեւ մանկավարժականը, այս 3 դրույթներն ընդհանրապես, գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքը Հարկային օրենսդրությամբ դիտարկվում են, թե որոնք են դիտարկվում այդ ժամանակահատվածներում, եթե այնտեղ հարցադրումներ լինեն, լրացուցիչ պարզաբանելու, մենք կփորձենք նաեւ դա կարգավորել։

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Համեցեք, տիկին Մուրադյան։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Խոսքը վերաբերում է ոչ միայն պետական պաշտոններում աշխատողներին, այլ նաեւ պետական պաշտոնից դուրս, եթե մարդն առանձին զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, դարձյալ զրկվում է պետական թոշակ ստանալու իրավունքի՞ց։

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ
-Պաշտոնատար անձը, այո, եթե աշխատում է, կենսաթոշակը չի վճարվում։