Thursday, February 13, 2014

Ռ. Մուրադյան. Ինչպես ցանկացած բարեփոխում, այս բարեփոխման նկատմամբ էլ հասարակության վերաբերմունքը նույնն է

Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բողոքը տարբեր դրսևորումներ է ստանում: Տեսակետ կա, որ այն կարող է միավորման հիմք հանդիսանալ ինչպես ոչ իշխանական ուժերի, այնպես էլ ակտիվ քաղաքացիների համար:
Panorama.am-­ի հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը նշեց, որ «ցանկացած բարեփոխում միշտ սկսվում է թերահավատությամբ և, հասկանալի է, որ միայն արդյունքներն են արդարացնում բարեփոխումների նպատակը»:
«Նման օրինակները շատ են, որոնցից մեկն էլ ավտոմեքենաների ապահովագրությունն էր, որը ներդրվեց մի քանի տարի առաջ և սկզբում նույնպես բուռն քննարկումների առարկա դարձավ: Այն տարբերվում էր կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումից նրանով, որ կարճ ժամանակահատվածում արդյունքներն ապացուցեցին այդ բարեփոխման անհրաժեշտությունը:
Բնականաբար, ինչպես ցանկացած բարեփոխում, այս բարեփոխման նկատմամբ էլ հասարակության վերաբերմունքը նույնն է, և հարց է առաջանում, թե ի՞նչ կտա այն մեր հասարակությանն ու մեր երկրին»,­-նշեց նա:
Վերջինս համոզմունք հայտնեց, որ տարիներ հետո կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխման արդյունքները նույնպես ակնհայտ կլինեն՝ կվերանա աղքատությունը կենսաթոշակառուների շրջանում, կլուծվի կենսաթոշակային իրավունքների «փոխանցվելիության» խնդիրը, քանի որ նոր համակարգի համաձայն՝ և անձնական հաշիվներում կուտակված միջոցները, և վճարվող կենսաթոշակները հեշտությամբ կարող են տեղափոխվել երկրից երկիր:
«Կարևոր է նշել նաև, որ այժմ հաշվետերը հնարավորություն ունի յուրաքանչյուր ամիս հետևել իր հաշվին, հարկ եղած դեպքում փոխել հաշվի կառավարչին, վերահսկել իր կուտակումների ֆինանսական վիճակը: Այդ կուտակային համակարգի ներդրմամբ յուրաքանչյուր աշխատող ինքն է պատասխանատու լինելու իր կենսաթոշակի մակարդակի համար, այդ կուտակումներն արդեն յուրաքանչյուր աշխատողի անձնական սեփականությունն են լինելու, կենսաթոշակային հաշիվները չեն կարող բռնագանձվել և ժառանգության իրավունքով կարող են փոխանցվել հարազատներին»,­-ասաց տիկին Մուրադյանը:

«Կարծում եմ, որ էականն այստեղ ճիշտ տեղեկատվության տրամադրումն ու տարածումն է»,­- եզրափակեց նա:

No comments:

Post a Comment