Monday, March 10, 2014

Ռ.Մուրադյանի հարցը ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին 10.03.2014

Մարտի 10, 2014թ.

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Իմ հարցը, իհարկե, վերաբերում էր նախարարին, բայց կուզեի, որ դուք էլ պատասխանեք, եթե քննարկել եք հանձնաժողովում հետեւյալ մոտեցումը: Արդյոք ճի՞շտ է, որ մրցույթների անցկացման կարգը` դա լինի փակ մրցույթ, բաց մրցույթ կամ թեստերի, հարցազրույցների այդ կարգը, պետք է սահմանի կոմիտեի նախագահը, որովհետեւ սովորաբար տարբեր մրցույթների անցկացման կարգերը սահմանում է կառավարությունը կամ պետական լիազոր մարմինը: Մեկ:
Եվ 2-րդ` այստեղ 24-րդ հոդվածում, որ դուք ունեք նոր մրցույթ եւ կրկնակի մրցույթ այս հասկացությունները, կրկնակի մրցույթի դեպքում նշվում է, որ դա պետք է անցկացվի տասնօրյա ժամկետում, իսկ նոր մրցույթի համար ժամկետներ կա՞ն, թե չկան: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Շնորհակալություն, տիկին Մուրադյան: Առաջին հարցի հետ կապված, կարգերի սահմանման հետ կապված, ուրեմն, ասեմ հետեւյալը: Քանի որ այստեղ մենք անալոգիայով, համանմանության սկզբունքով Քննչական կոմիտեի հետ կապված սահմանել ենք ծառայություններ, իսկ այդ ծառայություններն այսօր պետական իրավական համակարգում բազմաթիվ են, եւ մրցույթների հետ կապված մեկ ընդհանուր մոտեցում կա որդեգրված` մրցութային կարգերի սահմանման հետ կապված, ես թերեւս չեմ հիշում` ինքս ուսումնասիրելով, որեւէ բացառություն, որտեղ դա տրված լինի կառավարության լիազորությանը: Բոլոր տեղերում այդ մրցութային կարգերի հաստատման իրավասությունը տրված է գերատեսչության ղեկավարին` լինի դա ԱԺ-ում «Պետական ծառայության մասին» օրենքը, չգիտեմ, լինի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:
Այստեղ քննարկելու հարց է, կարծում եմ, այստեղ արժի այդ առանձնահատկությունը նախատեսել, թե` ոչ, կարծում եմ, կարող եք ներկայացնել նաեւ առաջարկություն, պարոն նախարարը կքննարկի այդ համատեքստում, բայց հանձնաժողովում` նաեւ ասեմ ձեր հարցադրման հետ կապված, չի քննարկվել այս հարցը:
Ինչ վերաբերում է 2-րդին` նոր մրցույթ եւ կրկնակի մրցույթ, ապա կրկին պետք է, ուրեմն, փաստարկս կառուցեմ այն սկզբունքի վրա, որ այսօր կրկին անգամ, քանի որ այստեղ որեւէ նորություն չկա սահմանված ծառայական այս ամբողջ նորմատիվ եւ եզրույթային բազայի առումով, նոր մրցույթ, կրկնակի մրցույթ կարգավորումների առումով ոչ մի նորություն դուք չեք տեսնի պետական այլ մարմինների հետ համեմատությամբ, ապա որպես ընդհանուր կանոն, բոլոր տեղերում այդ տասնօրյա ժամկետը կրկնակի մրցույթների հետ նույնն է, նոր մրցույթի հետ կապված ժամկետ չկա, բայց կրկին անգամ, եթե կարծում եք, որ կա այստեղ հատուկ անհրաժեշտություն, երբեւէ այդ խնդիրը չի եղել, որովհետեւ նոր մրցույթի սահմանման համար գործում է ընդհանուր կանոնը, իսկ այդ ընդհանուր կանոնը մեկամսյա ժամկետն է որպես ընդհանուր կանոն, որ սահմանված լինում է: Դրա համար նոր մրցույթի հետ կապված գործում են ընդհանուր կանոնները եւ հատուկ կանոն չի սահմանվում: Այսքանը, շնորհակալ եմ:

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Արձագանքո՞ւմ եք: Ռուզաննա Մուրադյան:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն: Իհարկե, ես համաձայն եմ, որ իրավասությունները դրանք տրվում է այն մարմնին, որը որ պետք է իրականացնի այդ, բայց դարձյալ ես մնում եմ իմ կարծիքին, որովհետեւ նաեւ իմ փորձն է հուշում դա, որ կարգերը, որով տրվում է լիազորություն, սահմանում է կառավարությունը կամ պետական լիազոր մարմինը: Թերեւս այս ոլորտում կարելի է մի հատ նայել, ճշտել, որովհետեւ ես դա, օրինակ` համեմատում եմ եւ զուգահեռ եմ անցկացնում կրթության ոլորտի հետ: Կրթության ոլորտում ուսուցչի մրցույթով ընդունման կարգը սահմանում է կառավարությունը, մրցույթների կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը, իմ զուգահեռներն այստեղից էր:
Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին, դարձյալ ժամկետների հետ կապված պետք է ասեմ, որ մրցույթի ժամկետը դարձյալ հստակ նշելը, կարծում եմ, օրենքի մեջ այս բանը չի առաջացնի` թյուրըմբռնումը, որ, եթե առավելապես նույն հոդվածի տակ մենք նշում ենք կրկնակի եւ նոր մրցույթներ, իմ կարծիքով, ճիշտ կլինի նշել, որ երկուսի համար էլ գործում է այդ տասնօրյա ժամկետը կամ, եթե մեկ ամսյա ժամկետը ձեր համար գործում է, կարծում եմ, այստեղ նշում կարելի է անել, հղում անել: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Տիկին Մուրադյան, ստիպված եմ կրկնել փաստարկը` հետեւյալի հետ կապված: Ես հասկանում եմ, որ համադրումները գալիս են կրթության ոլորտից, բայց պետք է ասեմ, որ այստեղ համադրությունները այդքան էլ իրար հետ կիրառելի չեն, ասեմ ինչու, որովհետեւ այստեղ խոսքը վերաբերում է, պարզապես, ընթացակարգային նորմերի սահմանմանը եւ ոչ թե ինչ-որ հատուկ իրավունքների, պարտականությունների սահմանմանը, որի իրավասությունը տրվեր օրենքում եւ լիազորեր կառավարությանը: Բոլոր տեղերում դա տրված է գերատեսչական մարմնի ղեկավարին, բոլոր տեղերում: Ես, եթե կան բացառություններ, ինքս իմ եզրափակիչ խոսքում դա կնշեմ նաեւ:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այստեղ պետք է հստակ ճշտել: Այս մեկամսյա ժամկետն օրենքում սահմանված է որպես ընդհանուր կանոն: Չգիտեմ, քննարկելու հարց է, որքանով անհրաժեշտություն է նոր մրցույթի հետ կապված նորից նույն բանն ամրագրել, բայց քննարկելու հարց է: Շնորհակալություն:

Wednesday, February 26, 2014

Ռ.Մուրադյանի հարցը ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին

Փետրվարի 26, 2014թ.

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Վարչապետ, դուք վերջերս եք վերադարձել Սոչիում ձեր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից, Դմիտրի Մեդվեդեւի հետ, եւ պաշտոնական լրահոսից մեզ հայտնի է, թե ինչ հարցեր եք քննարկել այնտեղ։ Կուզեինք, որ ավելի մանրամասնել եւ բացել փակագծերը Մաքսային միության մասով, «Ռոսնեֆթ»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաեւ Ատոմակայանի շահագործման ժամկետների երկարացման հետ կապված։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ՝ Տիգրան Սարգսյանը։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ
-1-ին հերթին ուզում եմ արձանագրել, որ Մաքսային միության թեման առանցքային թեման էր, եւ մենք հնարավորություն ունեցանք մանրամասն քննարկել մինչեւ այսօր կատարված աշխատանքները, քանի որ 22 աշխատանքային խմբեր այսօր ստեղծված են ՀՀ կառավարության կողմից, որոնք անմիջական շփումների մեջ են գտնվում եվրասիական հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ, ինչպես նաեւ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելարուսի մասնագետների հետ, որոնք մի կողմից ուսումնասիրում են ՀՀ-ի պատրաստվածության աստիճանը՝ Մաքսային միությանն անդամակցելու, մյուս կողմից՝ օգնում են մեզ, որպեսզի մենք կարողանանք նախապատրաստել համապատասխան օրենքներ, որ այդ անցումը լինի սահուն։
2-րդը՝  մենք պայմանավորվել ենք, որ այդ աշխատանքը լինելու է բաց եւ թափանցիկ։ Արդեն 2 շաբաթ է, այդ աշխատանքային խմբի ղեկավարները հաշվետվություն են տալիս կատարված աշխատանքի մասին։
3-րդը՝ Հայաստանում կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ բիզնեսի հետ, որպեսզի նրանց հասկանալի լինի, թե ինչ է նշանակում Մաքսային միության անդամակցելը եւ ինչպիսի՞ նորմատիվային դաշտում են նրանք հայտնվելու։
Հաջորդը՝ մենք պայմանավորվել ենք, որ նաեւ եվրասիական հանձնաժողովի մասնագետները կժամանեն Հայաստան եւ հանդիպումներ կունենան մեր մասնավոր հատվածի հետ, ներկայացնելով Մաքսային միության գործող ռեժիմները  եւ այն միջավայրը, որում պետք է հայտնվեն մեր տնտեսավարող սուբյեկտները։
Հաջորդը՝  մենք պայմանավորվել ենք, որ լինելու է գրանտային օգնություն ՀՀ կառավարությանը, որպեսզի այդ անցումը լինի անցավ մեզ համար, եւ որպեսզի մենք կարողանանք պատշաճ ձեւով նախապատրաստվենք, եւ որպեսզի մեր բիզնեսը լինի պատրաստ։
2-րդ կարեւոր խնդիրը, որը նույնպես առնչվում էր Մաքսային միության հետ, դա աշխատուժի ազատ տեղաշարժին էր վերաբերում։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր ճանապարհային  քարտեզի 2 պայմանագոր, որոնց մենք պետք է միանանք այն բանից հետո, երբ պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական տարածքին  անդամակցելու պայմանագիրը, մինչ այդ երկկողմանի կստորագրենք այդ 2 պայմանագրերը, որպեսզի մեր քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ միգրացիոն  միջավայր, որպեսզի նրանք չառնչվեն այն դժվարությունների հետ, որոնք հունվարի 1-ից առաջացել են Ռուսաստանում՝ նոր միգրացիոն օրենսդրությունն ուժի մեջ մտնելու պատճառով։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-2-րդ խոսափող։ Կշարունակեք հետո, պրն վարչապետ, եթե կիսատ մնաց։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-«Ռոսնեֆթ»-ի հետ կապված եւ Ատոմակայանի շահագործման հետ կապված հարցերը։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ
-ՌԴ վարչապետի հանձնարարությամբ պատրաստվել էր համապատասխան հաշվետվություն։ Մենք այդ համատեղ հանդիպման ժամանակ լսեցինք նաեւ «Ռոսնեֆթ»-ի ղեկավարի՝ պրն Սետչինի հաշվետվությունը կատարված աշխատանքների վերաբերյալ եւ այն ծրագրի վերաբերյալ, որ պետք է իրականացվի ՀՀ-ում։ Խոսքը գնում է շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրի մասին։ Մեզ հստակ ներկայացվեցին այդ ծրագրի մանրամասները եւ այն խնդիրները, որ մենք մուտակա շաբաթների ընթացքում պետք է լուծենք «Ռոսնեֆթ»-ի հետ, որովհետեւ անհրաժեշտություն կա մի կողմից համապատասխան իրավական դաշտը նախապատրաստել դրան, մասնավորապես, նաեւ եղավ հայտ, որպեսզի ազատ տնտեսական գոտու ռեժիմները տարածվեն նաեւ այդ նոր ներդրումային  ծրագրի վրա։ Ես կարծում եմ, որ դա ՀՀ կառավարության համար ընդունելի առաջարկ է, որովհետեւ 1-ին տարիներին հիմնականում մեծածավալ ներդրումներ են լինելու եւ նոր սարքավորումներ են ներմուծվելուՀայաստան։
2-րդ խնդիրը գնում էր ենթակառուցվածքների նախապատրաստության մասին, մասնավորապես, այն կարողությունները, որոնք այսօր առկա են «Նաիրիտ» գործարանում, աշխատանքային ուժի օգտագործման  մասին, որովհետեւ մեր հարաբերական առավելությունն այսօր նաեւ կայանում է նրանում, որ մենք ունենք մասնագետների հզոր բանակ, որը կարող է է օգտակար լինել այս ծրագրի իրականացման համար։
Իսկ Ատոմակայանի վերաբերյալ մեր պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք գտնենք ճիշտ բանաձեւը, այդ աշխատանքների ֆինանսավորման։ Մեր առաջարկություններն ընդունվեցին վարչապետի կողմից եւ տրվեցին հանձնարարականներ ռուսական գերատեսչություններին, որպեսզի մոտակա 2 շաբաթների ընթացքում այդ հարցը վերջնականապես լուծվի։

Tuesday, February 25, 2014

Ռուզաննա Մուրադյանի փետրվարի 25-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Ամբողջական հոդվածը կ

Խոջալուի դեպքերից հետո արդեն 12 տարի պաշտոնական Բաքուն փաստերը կեղծելու ճանապարհով համառորեն հակահայկական հիստերիա է հրահրում՝ փորձելով այդ ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը դնել հայերի վրա: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Աղդամի իրադարձությունները (Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող), որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ամեն տարի Ադրբեջանը այս օրերին աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ է անցկացնում: «1992 թ. Խոջալուում տեղի ունեցած փետրվարյան դեպքերը ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած ցեղասպանություն ճանաչելու կապակցությամբ»: Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ հայկական կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` նրանց դիակները այլանդակվել: Խոջալուի սադրանքին հաջորդած հեղաշրջումից (1992 թ.) հետո Ադրբեջանի նոր ղեկավարությունը Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ խոջալեցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»: Նենգափոխման այս քաղաքականությունը պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր: «Խոջալուի իրադարձությունների» աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները իրենց կողմից պետական մակարդակով քաղաքականությամբ փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաև այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել երիտասարդ սերնդին` նպաստելով հայատյացությանն ու այլատյացության: Մենք խստագույնս դատապարտում ենք այդ ողբերգության հետ կապված փաստերի աղավաղման նենգամիտ քաղաքականությունը և ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային հանրությանը կոչ ենք անում չենթարկվելու Բաքվի և Անկարայի իշխանությունների կեղծիքներին: Այս ամենը ասելով՝ ուզում եմ բոլորիս ուշադրությունը մեկ անգամ ևս կենտրոնացնել մի հանգամանքի վրա. մենք ուզում ենք, որ աշխարհը մտահոգվի մեր թշնամիների գործողություններին գնահատական տալով, իսկ մեր ներքին գործողությունները՝ մեկս մյուսին անհիմն վատաբանելը, ճշմարիտ տեղեկատվության խեղաթյուրելը, ժողովրդին շփոթեցնելը, մոլորեցնելը բարենպաստ պայմաններ են ստեղծում արտաքին թշնամիների  համար: Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան տոնն է, և դա մեկ անգամ ևս սթափվելու, համախմբվելու, ներքին թշնամուն մեր միջից հանելու, և արտաքին թշնամուն մեկ անգամ ևս հայերի հավաքական ուժի մասին հիշեցնելու լավագույն հնարավորությունն է: Բա՛վ է, հայեր ցրված մնաք մատներիս պես, բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/25/435116/ 

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի 25.02 ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

    Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում ոչ մի միջոցից, նպատակ ունենալով հայկական կողմին ի ցույց դնել որպես ողբերգության մեղավոր և համաշխարհային հանրության գիտակցությանը և սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատյացության թույնի մի նոր չափաբաժին:
         Խոջալուի դեպքերից հետո արդեն 12 տարի պաշտոնական Բաքուն փաստերը կեղծելու նպատակով համառորեն հակահայկական հիստերիա է հրահրում՝ փորձելով այդ ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը դնել հայերի վրա:
1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Աղդամի իրադարձությունները (Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող), որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատը օգտագործեց ղարաբաղյան զինված ուժերի հարկադրված օպերացիան` նպատակաուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ճնշմանը, քանի որ այդտեղից էին մշտական հրետակոծման ենթարկվում հայաբնակ Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Դրա մասին վկայել է անձամբ Նախագահ Մութալիբովը 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:
Օպերացիայից առաջ ղարաբաղյան կողմը, մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, տեղեկացրել է Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի և  ադրբեջանական բնակչության տարահանման համար անվտանգ մարդասիրական միջանցք թողնելու մասին:
Այսօր Ադրբեջանը պատրաստվում է փետրվարի 26-28-ը աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ անցկացնել` «1992 թ. Խոջալուում տեղի ունեցած փետրվարյան դեպքերը ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած ցեղասպանություն ճանաչելու կապակցությամբ»: 
Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` նրանց դիակները այլանդակվել:
Խոջալուի սադրանքին հաջորդած հեղաշրջումից (1992 թ.) հետո Ադրբեջանի նոր ղեկավարությունը Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ խոջալեցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»: Այս քաղաքականությունը պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր:
Այս ամենը խոսում է այն մասին, թե ինչ մեծ դեր է հատկացված Խոջալուի դեպքերին ադրբեջանական պետական քարոզչության համակարգում:
«Խոջալուի իրադարձությունների» աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաև այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել երիտասարդ սերնդին` նպաստելով հայատյացությանն ու այլատյացությանը:
Մենք խստագույնս դատապարտում ենք այդ ողբերգության հետ կապված փաստերի աղավաղման նենգամիտ քաղաքականությունը` միջազգային հանրությանը կոչ անելով չենթարկվելու Բաքվի և Անկարայի իշխանությունների կեղծիքներին:
Ստացվում է, որ ուզում ենք, որ աշխարհը մտահոգվի մեր թշնամիների գործողություններին գնահատական տալով, իսկ մեր ներքին գործողությունները՝ մեկս մյուսին անհիմն վատաբանելը, ճշմարիտ տեղեկատվության խեղաթյուրելը, ժողովրդին շփոթեցնելը, մոլորեցնելը բարենպաստ պայմաններ են ստեղծում արտաքին թշնամիների  համար: 
Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան տոնն է, որը մեկ անգամ ևս սթափվելու, համախմբվելու, ներքին թշնամուն մեր միջից հանելու, և արտաքին թշնամուն մեկ անգամ ևս հայերի հավաքական ուժի մասին հիշեցնելու լավագույն հնարավորությունն է:
՛՛Բավ է հայեր ցրված մնաք մատներիս պես, բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի՛՛:



Friday, February 21, 2014

Ռուզաննա Մուրադյանը` «որոշ «գործիչներ»-ին

«Ավելի լավ է զերծ մնալ անհիմն շահարկումներից»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հորդորն է բոլոր այն անձանց, ովքեր կարծում են, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին նախագահի` «չենք զիջելու» ոգով հայտարարությունը, որոնք հնչեցին ԵԿՄ համագումարում, ազդեցություն կունենա ՍԴ-ի վերջնական որոշման վրա: ՀՀԿ-ական պատգամավորը նկատում է. «Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է: Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը»: ԵԿՄ համագումարում նախագահի հայտարարությունները ոչ միայն մասնագիտական քննադատությունների ենթարկվեցին, այլ, ընդհանրապես դիտարկումներ եղան, որ նախագահի կարգավիճակը չի թույլատրում քաղաքական հարցեր քննարկել ինչ-որ հկ-ի համագումարում: Aravot.am-ի հարցին էլ `չեք կարծում, որ այդ դիտարկումներն իրականությունից հեռու չեն, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Ժողովրդի կողմից ընտրված նախագահին հատուկ է իր ժողովրդին հանդիպելու, հաշվետու լինելու, հարցերին պատասխանելու, բաց երկխոսություն կազմակերպելու ժողովրդավարական գործելաոճը:Առավել գնահատելի է, երբ դա արվում է ոչ միայն նախընտրական շրջանում, այլ հատկապես ընտրություններից հետո ցանկացած ձևաչափով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԿՄ համագումարի ելույթը և ժողովրդի հարցերին պատասխանելը հերթական ժողովրդավարական մոտեցումն էր: Թե որպես երկրի նախագահ, թե որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ ՀՀ նախագահը միշտ գործուն հարթակ է ստեղծել ժողովրդի հետ հանդիպումներում ազատ անկաշկանդ երկխոսության՝ տալով նրանց սպառիչ պատասխաններ: Նրա ելույթը հստակ ծրագրային էր՝ համալրված ժողովրդի կողմից բարձրացված հարցերի պատասխաններով: Եթե կան որոշ «գործիչներ», որոնք խուսափում են մարդկանց հետ շփումներից, ապա մենք ականատես եղանք Նախագահի պատրաստակամությանը ցանկացած ձևաչափում մարդկանց անհանգստացնող հարցերի շուրջ խոսելու»: 


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

21.02.2014

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/21/434148/ 


«ԱԺ ընդդիմադիրների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դատապարտված է ձախողման»

«ՀՀԿ-ն իր գործունեության ողջ կենսագրությունը կերտել է՝ անցնելով ավելի լուրջ և բարդ մարտահրավերներ դիմակայելու ճանապարհով, որոնք ուղղված են եղել ի շահ ժողովրդի և պետության: Ի սկզբանե ՀՀԿ-ի գործելաոճն է եղել լինել ժողովրդի կողքին, ականջալուր ժողովրդի կողմից բարձրացրած խնդիրներին, խրախուսել ժողովրդին ազատ արտահայտել իր կարծիքը, որի արդյունքում, այսօր ունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն: Իսկ ԲՀԿ-ն եթե զգում է, որ հեռու է լայն մասսաներից, հետ է մնում ժողովրդի հետ աշխատանքում, կորցնում է կապը՝ուրեմն արժե , որ զուտ այս հարցով մի հատուկ համագումար արեցին և այս խնդիրը իրենց ղեկավարը դրեց իրենց առջև: Իհարկե ճիշտ չէ ,որ որոշ մարդիկ խորհրդարանական կաբինետներում պարապ նստեն և միմիայն մամուլում չարախոսություններ պատվիրելով զբաղվեն: Այս առումով համաձայն եմ Գագիկ Ծառուկյանի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` մեր հարցին` ԲՀԿ-ի համագումարում Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին կոչ արեց աշխատասենյակներից դուրս գալ եւ աշխատել փողոցում, որտեղ որ ժողովուրդն է: Սա մարտահրավեր է՞ ր` նետված ՀՀԿ-ին: Նախորդ քառօրյային հետեւած ժամանակահատվածում` «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի տապալումից հետո, խորհրդարանական ընդդիմադիրները նախաձեռնել են կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: Վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, գաղափարին բոլորն են համամիտ եւ չի բացառվում, որ արդեն հաջորդ քառօրյային նման նախագիծ դրվի շրջանառության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, մեր հարցին էլ ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այսօր մի տեսակ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ խնդիրների ներկայացման մասին կա երկու մոտեցում:Մի մոտեցման կողմնակիցները մտահոգ են խնդիրների լուծման համար և վեր են լուծում, առաջարկում են տարբերակներ, իսկ մյուս մոտեցման կողմնակիցները խնդիրը ներկայացնում են գովազդելու, մեծ ցնծությամբ հնչեցնելու և ժողովրդին ինչ-որ տեղ մոլորեցնելու համար:Եվ տպավորությունն այնպիսին է, որ պետության զարգացման ճանապարհին բոլոր հաջողությունները բոլորինն են, այլ քաղաքական ուժերի ձեռքբերումը, իսկ խնդիրները միայն ՀՀԿ-ինն է: Նորմալ է, քանզի ՀՀԿ-ն ստանձնել է պատասխանատվություն մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ: Իսկ խորհրդարանական ընդդիմադիրների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դատապարտված է ձախողման, քանի որ դա հերթական քայլ է ընդդիմադիրի դերը օրակարգում պահելու համար»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

21.02.2014թ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/21/433839/