«Ավելի լավ է զերծ մնալ անհիմն շահարկումներից»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հորդորն է բոլոր այն անձանց, ովքեր կարծում են, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին նախագահի` «չենք զիջելու» ոգով հայտարարությունը, որոնք հնչեցին ԵԿՄ համագումարում, ազդեցություն կունենա ՍԴ-ի վերջնական որոշման վրա: ՀՀԿ-ական պատգամավորը նկատում է. «Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է: Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը»: ԵԿՄ համագումարում նախագահի հայտարարությունները ոչ միայն մասնագիտական քննադատությունների ենթարկվեցին, այլ, ընդհանրապես դիտարկումներ եղան, որ նախագահի կարգավիճակը չի թույլատրում քաղաքական հարցեր քննարկել ինչ-որ հկ-ի համագումարում: Aravot.am-ի հարցին էլ `չեք կարծում, որ այդ դիտարկումներն իրականությունից հեռու չեն, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Ժողովրդի կողմից ընտրված նախագահին հատուկ է իր ժողովրդին հանդիպելու, հաշվետու լինելու, հարցերին պատասխանելու, բաց երկխոսություն կազմակերպելու ժողովրդավարական գործելաոճը:Առավել գնահատելի է, երբ դա արվում է ոչ միայն նախընտրական շրջանում, այլ հատկապես ընտրություններից հետո ցանկացած ձևաչափով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԿՄ համագումարի ելույթը և ժողովրդի հարցերին պատասխանելը հերթական ժողովրդավարական մոտեցումն էր: Թե որպես երկրի նախագահ, թե որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ ՀՀ նախագահը միշտ գործուն հարթակ է ստեղծել ժողովրդի հետ հանդիպումներում ազատ անկաշկանդ երկխոսության՝ տալով նրանց սպառիչ պատասխաններ: Նրա ելույթը հստակ ծրագրային էր՝ համալրված ժողովրդի կողմից բարձրացված հարցերի պատասխաններով: Եթե կան որոշ «գործիչներ», որոնք խուսափում են մարդկանց հետ շփումներից, ապա մենք ականատես եղանք Նախագահի պատրաստակամությանը ցանկացած ձևաչափում մարդկանց անհանգստացնող հարցերի շուրջ խոսելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
21.02.2014
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/21/434148/
No comments:
Post a Comment