Tuesday, February 25, 2014

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի 25.02 ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

    Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում ոչ մի միջոցից, նպատակ ունենալով հայկական կողմին ի ցույց դնել որպես ողբերգության մեղավոր և համաշխարհային հանրության գիտակցությանը և սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատյացության թույնի մի նոր չափաբաժին:
         Խոջալուի դեպքերից հետո արդեն 12 տարի պաշտոնական Բաքուն փաստերը կեղծելու նպատակով համառորեն հակահայկական հիստերիա է հրահրում՝ փորձելով այդ ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը դնել հայերի վրա:
1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Աղդամի իրադարձությունները (Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող), որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատը օգտագործեց ղարաբաղյան զինված ուժերի հարկադրված օպերացիան` նպատակաուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ճնշմանը, քանի որ այդտեղից էին մշտական հրետակոծման ենթարկվում հայաբնակ Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Դրա մասին վկայել է անձամբ Նախագահ Մութալիբովը 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:
Օպերացիայից առաջ ղարաբաղյան կողմը, մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, տեղեկացրել է Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի և  ադրբեջանական բնակչության տարահանման համար անվտանգ մարդասիրական միջանցք թողնելու մասին:
Այսօր Ադրբեջանը պատրաստվում է փետրվարի 26-28-ը աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ անցկացնել` «1992 թ. Խոջալուում տեղի ունեցած փետրվարյան դեպքերը ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած ցեղասպանություն ճանաչելու կապակցությամբ»: 
Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` նրանց դիակները այլանդակվել:
Խոջալուի սադրանքին հաջորդած հեղաշրջումից (1992 թ.) հետո Ադրբեջանի նոր ղեկավարությունը Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ խոջալեցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»: Այս քաղաքականությունը պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր:
Այս ամենը խոսում է այն մասին, թե ինչ մեծ դեր է հատկացված Խոջալուի դեպքերին ադրբեջանական պետական քարոզչության համակարգում:
«Խոջալուի իրադարձությունների» աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաև այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել երիտասարդ սերնդին` նպաստելով հայատյացությանն ու այլատյացությանը:
Մենք խստագույնս դատապարտում ենք այդ ողբերգության հետ կապված փաստերի աղավաղման նենգամիտ քաղաքականությունը` միջազգային հանրությանը կոչ անելով չենթարկվելու Բաքվի և Անկարայի իշխանությունների կեղծիքներին:
Ստացվում է, որ ուզում ենք, որ աշխարհը մտահոգվի մեր թշնամիների գործողություններին գնահատական տալով, իսկ մեր ներքին գործողությունները՝ մեկս մյուսին անհիմն վատաբանելը, ճշմարիտ տեղեկատվության խեղաթյուրելը, ժողովրդին շփոթեցնելը, մոլորեցնելը բարենպաստ պայմաններ են ստեղծում արտաքին թշնամիների  համար: 
Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան տոնն է, որը մեկ անգամ ևս սթափվելու, համախմբվելու, ներքին թշնամուն մեր միջից հանելու, և արտաքին թշնամուն մեկ անգամ ևս հայերի հավաքական ուժի մասին հիշեցնելու լավագույն հնարավորությունն է:
՛՛Բավ է հայեր ցրված մնաք մատներիս պես, բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի՛՛:



No comments:

Post a Comment