Wednesday, October 1, 2014

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի դասը Զարուհի Փոստանջյանին

   ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց տալու իր մտադրությունը փոխեց ու ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոչով հանդես եկավ. «Այս դահլիճից ընդամենը ժամեր առաջ հնչում էր մի դաս, մի դաստիարակչական օրինագիծ, որը վերաբերում էր պատգամավորի պահվածքին: Ընդամենը ժամեր հետո մենք ականատես եղանք, թե ինչպիսի պահվածքի մասին է խոսքը: Մի պահվածք, որի համար ես ցավ եմ ապրում թե՛ որպես կին եւ թե՛ որպես մանկավարժ: Մի երեւույթ, որն արդեն կարծես շարունակական բնույթ է կրում եւ պատգամավորի կողմից պատգամավորին ծաղրուծանակի է ենթարկում: Ես չեմ կարծում, որ մեզանից յուրաքանչյուրը չվերցրեց վիրավորանքի իր բաժինը՝ քիչ առաջ տեղի ունեցածից»: ՀՀԿ-ական պատգամավորի այս խոսքերը հնչեցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարդացած  այն «նամակից» հետո, որը, ըստ պատգամավորի, իրեն քրեակատարողականից Թակարդ մականունով մեկն է ուղարկել՝ որպես «քսիֆ»՝ բողոքելով, որ ինքն ավելի շատ դատվածություն ունի ու ավելի հարմար է Սյունիքի մարզպետի պաշտոնի համար, քան Սուրիկ Խաչատրյանը: Ռուզաննա Մուրադյանի խոսքերով՝ «Երբ մարդու խոսքը թույլ է, այն ուժեղացնելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ՝ հայհոյանք, ծաղրուծանակ, այլ էմոցիոնալ երանգներ: Բայց ես չեմ կարծում, որ պատգամավորն այն քաղաքական գործիչն է, որ կարողանա իր թուլությունը հանրության առաջ այսքան բաց անել: Ես կոչ եմ  անում իմ գործընկերներին եւ ուզում եմ ասել՝ եթե խոսքի եւ գործի միջեւ տարբերությունը ժամեր հետո ընդամենը այսքան ակնառու պիտի երեւա, ուրեմն եկեք մի քիչ ավելի լավ մտածենք մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների եւ առավել եւս դրա շրջանակում մնացածներին դասեր տալու վերաբերյալ»: Հիշեցնեք, որ Զարուհի Փոստանջյանը երեկ ներկայացրել էր   «Ժառանգության» նախաձեռնած օրինագիծը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու եւ ավելացնելու կարգազանց պատգամավորի մասին ձեւակերպում, ըստ որի, կարգազանց է այն պատգամավորը, որն աղմկում է, ուրիշի փոխարեն քվեարկում է եւ այլն:


    Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ  
  
     Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2014/10/01/502215/ 


Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 1-ի ելույթը հանրային հեռուստատեսության վերաբերյալ


Ռ.Մուրադյանի ելույթը Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ


-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, այս շահագրգիռ եւ մտահոգ քննարկումը քննարկումները գալիս են նրանից, որ բոլորս քաջ գիտակցում ենք, թե ինչ կարեւոր դեր եւ նշանակություն ունի հեռուստատեսությունը քաղաքացու դաստիարակության, նրա մոտ արժեհամակարգի ձեւավորման, պետականաշինության, ազգային մշակույթի ժառանգության պահպանման եւ ընդհանրապես`   ազգապահպանման գործում: Այս առումով է, որ ուզում եմ միանալ իմ շատ ու շատ գործընկերների հորդորներին եւ գնահատականներին, եւ փորձել ավելի իրատեսական կերպով գնահատական տալ կոնկրետ Հանրային հեռուստատեսություն եւ ռադիոյի վերջին մեկ տարվա կատարած աշխատանքներին: Ես հիշում եմ, որ անցած տարի այս ժամանակահատվածում նորից այս ամբիոնից մենք բարձրացրեցինք շատ ու շատ հարցեր, որոնց հիմնական պատասխանները եւ լուծումները արդեն ընթացքի մեջ են, որոշներն էլ արդեն լուծված են:
Ես, մասնավորապես ներկայացրեցի մուլտֆիլմերի հետ կապված այն հարցը, թե մեր երեխաները ինչպիսի՞ մուլտֆիլմեր են նայում, ինչով են դաստիարակվում, եւ այսօր մենք ունենք մուլտֆիլմերի ոչ միայն ճիշտ, հայեցի կրկնօրինակումը, այլ նաեւ երաժշտության ճիշտ պահպանումը եւ ներկայացումը:
Մենք անցած տարի հարց բարձրացրեցինք, թե ինչի՞ սոցիալական ուղղվածության` ոլորտին ուղղված ծրագրերը շատ քիչ են: Այսօր ունենք շատ ու շատ թոփ շոուներ, որոնք վերաբերում են հանրային խնդիրների վերհանմանը, քննարկմանը, եւ որին մասնակցում են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:
Այսօր մենք խոսում ենք Հանրային հեռուստատեսության գրաֆիկայի մասին, պարզապես չենք նկատել կամ չենք ուզում տեսնել, որ բավականին լուրջ փոփոխություն կա եւ բավականին գովելի է այն փաստը, որ մենք տեսնում ենք քաղաքների, եկեղեցիների, խաչքարերի նախշազարդերի եւ այլնի պատկերը ամբողջ Հանրային հեռուստատեսության ընթացքում, հաղորդումներից առաջ եւ հետո: Բայց, այստեղ մենք դեռեւս ունենք խնդիրներ, եւ ես իմ մի շարք առաջարկները փորձում եմ ներկայացնել ձեւակերպած խնդիրների տեսքով:
Համաձայն եմ բոլոր իմ ընկերների այն գնահատականներին, որոնք հնչեցին կրթական հաղորդումների ծավալի մեծացման, լավ հաղորդումներ, նոր հաղորդումների հեռարձակման: Առավելապես գովելի է այն փաստը, որ մեր ուշադրության կենտրոնում է Հանրային հեռուստատեսության «Մայրիկների դպրոցը», «Մայրիկների ակումբը», որտեղ փոքր հասակից կինը, աղջիկը մայր է դառնում, նա հաստատ որեւէ կրթական հաստատություն չի ավարտում եւ բազում խորհուրդների եւ դասընթացների կարիք ունի, եւ ակումբի միջոցով կոնկրետ խնդիրներ եւ հարցեր են լուծվում:
Ես պետք է ներկայացնեմ ընդհանրապես հեռուստաընկերությունների դերը քաղաքացու ձեւավորման եւ դաստիարակության գործում, եւ ցավով պետք է նշեմ, որ դեռեւս կապ չունի Հանրային հեռուստաընկերության հետ, բայց ինչ-որ առումով կապ ունի: Մյուս հեռուստաընկերություններով հեռարձակվող, դեռեւս պահպանված այն ֆիլմերի, այն հաղորդումների մասով, որոնք որ ուղղակիորեն ազդում են քաղաքացիների դաստիարակության վրա: Պետք է ներկայացնեմ նաեւ միջազգային փորձը: Օրինակ` եվրոպական շատ երկրներում Հանրային հեռուստաընկերությունը այլընտրանք է կոմերցիոն հեռուստաընկերություններին, եւ այլընտրանք լինելով նա ուղղակիորեն ազդում է կոմերցիոն հեռուստաընկերությունների քաղաքականության մշակմանը, եւ փորձում է զսպաշապիկի դերակատարություն ունենալ, փորձելով բարձրացնել քաղաքակրթական մակարդակը` կոմերցիան հեռուստաընկերությունների:
Ես շատ կուզեի, որ ապագայում մեր Հանրային հեռուստաընկերությունը նաեւ ստանձներ այդ դերը: Բնականաբար, դա հենց այդ ճանապարհով էլ գնում եմ, որովհետեւ ստեղծում է ավելի լավ հաղորդումներ, ավելի որակով եւ ավելի քաղաքացու դաստիարակությանը նպաստող:
Նաեւ պետք է բերեմ Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի փորձը, որտեղ կա հատուկ քաղաքականություն, ուղղված ազգային նկարագրի պահպանմանը, եւ այն հեռուստատեսությունը, որը չի ապահովում, օրենքով  դա սահմանված է, որը չի ապահովում այդ ազգային նկարագիրը, հեռուստաընկերությունները փակվում են: Ես կարծում եմ, որ մենք մոտ ապագայում եւս դա կունենանք, պետք է գնանք այդ ճանապարհով:
Հիմա, փորձեմ ավելի խմբավորված ներկայացնեմ այն առաջարկները, որոնք մանկավարժական հանրության եւ տարբեր մարդկանց հետ հանդիպումների ընթացքում փորձել եմ համակարգել եւ խմբագրել:
Շատ կարեւոր է, որպեսզի Հանրային հեռուստատեսության ղեկավարման աջակցությամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված հեռուստատեսության, գիտության, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, կկարողանան անմիջականորեն մասնակցել հեռուստատեսության ոլորտում բարեփոխումներին:
Իրականացնել հեռուստաարտադրանքի ինչպես հասարակական, այնպես էլ մասնագիտական գնահատման ինստիտուտի ներմուծում, խուսափելով գործունեության արդյունքների զուտ ծավալային, քանակական, ռեյտինգային ցուցանիշներով գնահատելու պրակտիկայից: Այսպիսի առաջարկ ենք ուզում ներկայացնել ձեզ:
Հեռուստահաղորդումներում հատուկ ուշադրություն դարձնել լեզվական գրագիտության ինտոնացիային:
Հաշվի առնել կրթադաստիարակչական գործառույթների առումով հեռուստաեթերի բացառիկ նշանակությունը եւ կարեւորությունը, եւ ազգային, գիտական, մշակութային, սպորտային, մանկական եւ կրթադաստիարակչական ծրագրերի պատրաստմանն աջակցելու համար մշակել հստակ պետական քաղաքականություն, դրա իրագործումը հանձնարարելով ինչպես Հանրային հեռուստաընկերությանը, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:
Նկատի ունենալով լեզվական, բովանդակային, ինչպես նաեւ մատուցվող գեղարվեստական եւ բարոյական արժեքների տեսանկյունից հեռուստաարտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը, առաջարկում ենք մշակել հեռուստաընկերությունների տիպային կառուցվածք, որտեղ պարտադիր բաղադրիչներից մեկը կլինի խմբագրական, ներքին վերահսկողության եւ փորձաքննության գործառույթներ իրականացնող օղակ:
«Հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին» օրենքում հստակ ամրագրված են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես արգելվում է ակնհայտ բռնություն, անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստաարտադրանքը: Այսօր, այս առումով Հանրային հեռուստատեսությունը բավականին լուրջ ձեռքբերումներ ունի, այդուհանդերձ, բացակայում են այդ երեւույթների գնահատման հստակ չափորոշիչները, չի նշվում նաեւ, թե ի՞նչ մեթոդով է նշվելու մտավոր, ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցությունը:
Առաջարկում ենք հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան հանձնախումբ, վերոհիշյալ չափորոշիչների եւ գնահատման մեթոդաբանության մշակման եւ ԱԺ-ին ներկայացնելու համար:
Վարչական օրենսգրքում բացակայում են այն դրույթները, որոնք թույլ կտան կիրառել օրենքի խախտման դեպքում նախատեսված պատիժը: Առկա է միայն գովազդի հետ կապված խախտումների դեպքում կիրառվող պատժի մասին հատվածը: Վարչական օրենսգրքի այս բացը դժվարություններ է ստեղծում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համապատասխան դրույթները իրագործելու, տույժեր եւ տուգանքներ կիրառելու մասին որոշումները դատական կարգով պաշտպանելու համար: Մասնավորապես, պետք է օրինակը բերեմ հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի 5-րդ հոդվածում, որտեղ ասվում է, որ հաղորդումները պետք է հեռարձակվեն հիմնականում հայոց լեզվով, պահպանելով լեզվի անաղարտությունը: Թիվ 60 հոդվածում տույժ եւ տուգանքների մեջ որեւէ հետադարձ կապով անդրադարձ չկա, որ եթե այդ կետը խախտվի, ի՞նչ տուժի կամ տուգանքի պետք է ներկայացնեն խախտողին կամ հեռուստաընկերությանը:
Առաջարկում ենք հեռուստաեթերի որակի, մշտադիտարկման եւ հեռուստաընկերությունների գործունեության ինքնակարգավորման խնդիրների իրականացման նպատակով 2010 թվականին հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան ստորագրած հեռուստաընկերություններին ստեղծել մշտադիտարկման կառույց, խարտիայի սկզբունքների պահպանման գործընթացի համատեղ քննարկման եւ վերահսկման համար, արդյունքները դարձնել հանրային իրազեկման եւ քննարկման նյութ:

Ամփոփելով ելույթս, ուզում եմ ասել, որ ես էլ եմ համաձայն իմ գործընկերների այն մոտեցմանը, որ ցանկացած առաջընթացի գնահատման մեջ շատ ավելի օբյեկտիվ կհնչի մեր գնահատականը կամ` հանրության, եթե ներկայացվեն նաեւ ոչ միայն ձեռքբերումները, այլ նաեւ ներկայացվեն բացթողումներն ու խնդիրները: Ես ձեր ուշադրություններն եմ հրավիրում հետագա զեկույցի կամ մյուս տարիների նմանատիպ հաշվետվությունների մեջ հիմնականում առաջնորդվել, վերլուծական բազմաթիվ աղյուսակներ կան, մասնավորապես ուզում եմ ձեզ ներկայացնել «Սվոդ» վերլուծական աղյուսակը, որտեղ հստակ ասվում է   մեր ուժեղ կողմերը, մեր թույլ կողմերը, մեր հնարավորություններն ու մեր ռիսկերը, եւ այս ձեւաչափով ներկայացնելու դեպքում, հուսով եմ, որ շատ ու շատ հարցերի արդեն պատասխանը տրված կլիներ:

Հոկտեմբերի 1, 2014

Tuesday, September 30, 2014

Ռ.Մուրադյանի հարցը ԱԺ պատգամավոր Ա.Հովհաննիսյանին

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արայիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի, Ստեփան Մարգարյանի կողմից ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը: 
Հիմնական զեկուցող` ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյան:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Համեցեք, տիկի Մուրադյան: Ռուզաննա Մուրադյան:
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Հովհաննիսյան, ինձ հետաքրքիր է հիմնավորման մեջ մի այսպիսի արտահայտություն, որպեսզի կարողանանք տարբերել ոչ այնքան շահութաբեր եւ շահութաբեր համայնքները: Ինչպե՞ս է սահմանվում կամ ինչ-որ այդպիսի չափանիշներ կան, որ տնտեսագիտորեն դա երեւում ա:
2-րդ հարցը` գոտիականության սկզբունքը ո՞վ է մշակում եւ ո՞ր լիազոր մարմինն է այդ սկզբունքը հաստատում: Շնորհակալություն:
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Շնորհակալություն, տիկին Մուրադյան: Շահութաբերը, ոչ թե համայնքներին է վերաբերում, այլ` շահութաբեր տարածքներին է վերաբերում, այդ համայնքի ներսում, այսինքն` ցանկացած համայնք, բնականաբար, ունի բիզնեսի համար շահութաբեր տարածք, եւ ոչ այնքան: Հարցը վերաբերում է միայն համայնքի ներսում շահութաբերության խնդրին, այսինքն` դա տարիների փորձն է, տարածքն է, դա այն տեղն է, որտեղ իրականացվում է այդ բիզնեսը: Կարծում եմ, որ սա բոլորին հայտնի իրավիճակ է:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին` ավագանու լիազորությունների հետ կապված, կարծում եմ, այստեղ եւս մանեւրելու հնարավորություն է տրված, որպեսզի իրենք ազատ իրականացնեն այս հնարավորությունը:

Սեպտեմբերի 30, 2014

Ռ.Մուրադյանի հարցը Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռ.Ջաղինյանին

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
- Ռուզաննա Մուրադյան։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Ջաղինյան, մենք, ուսումնասիրելով այս տարվա ներկայացրած զեկույցը, իրոք, հաճելիորեն չենք զարմանում, այլ ուրախանում եւ գնահատում ենք, որ առաջընթացն ակնառու է, որովհետեւ  նախորդ տարիների այդ զեկույցների հետ, երբ մենք ինքներս ենք համեմատության մեջ դնում, ապա այստեղ հստակ բազմիցս իմ կողմից բարձրացված հարցը կարծես գտել է իր լուծումը։ Այսինքն՝ կրթական հաղորդումներ, հաղորդումնե՛ր, որոնք ուղիղ ուղղված են կրթադաստիարակչական այս արժեքների տարածմանը, ունե՞ք, թե չունեք։ Այո՛, ոչ միայն ունեք, այլ նաեւ հստակ տալիս եք։ Օրինակ, «Հայքյու»-ն տալիս եք, «Այբ, բեն, գիմ»-ը տալիս եք, «Օտար ամայի ճամփեքի վրա», «Հանրալսարանը» եւ այլն, չթվարկեմ։ Հիմա ինձ հետաքրքիր է՝ արդյոք առաջիկայում այդ շարքը շարունակվելո՞ւ է, եւ ի՞նչ նոր հաղորդումներ, որոնք արդեն կրթական նոր նպատակների պիտի ծառայեն, որովհետեւ հիմա դուք սրանով լցրել եք այն բացը, որը չկա, եւ փորձում եք դեռ լցնել, բայց նաեւ մի նոր պահանջ է արդեն առաջանում՝ ավելի կոնկրետ կրթական նպատակների խնդիրների։ Ունե՞ք առաջիկայում այդպիսի պլաններ, թե՞ ոչ։

Եվ երկրորդը՝ այսօր մի շարք հեռուտաընկերություններում նմանատիպ ինչ-որ հաղորդում կա, ավելի առաջարկի տեսքով է հարցս հնչում, մեր շատ ու շատ պետական պաշտոնյաներ, պետական այրեր, մշակութային, կրթական գործիչներ կառավարության կողմից տարբեր պարգեւների են արժանացել։ Արդյոք հնարավո՞ր է, որ որեւէ հաղորդման տեսակ կամ, չգիտեմ, ինչ-որ ձեւով լուսաբանվի, ներկայացվի նրանց որպես ժամանակի հերոսներ, որովհետեւ մենք իդեալը կերտելու այս գործընթացը չպիտի գնանք եւ փնտրենք դրսերում, այլ մեր շարքերում էլ կան մարդիկ, որոնցով մենք հպարտանում ենք, եւ որոնք, որպես դաստիարակության օրինակ, պիտի ներկայացնենք մեր երիտասարդներին, այսպիսի շարք լինի հաղորդումների՝ վաստակավոր գործիչների՝ մշակութային, կրթական, տարբեր, ճարտարապետներ եւ այլն։ Սա որպես առաջարկ։ Շնորհակալություն։

Սեպտեմբերի 30, 2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետության կայացման ու հզորացման, գրագետ հասարակության ձեւավորման գործում կարեւորել է կրթական համակարգի, մասնավորապես դպրոցի եւ բանակի դերը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում կարեւորել է կրթության դերը եւ ակնածանքով է վերաբերվել դպրոցին ու ուսուցչին: Պարոն Սահակյանը, անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին, նշել է, որ վերջին տարիներին դպրոցի բազմաթիվ խնդիրներ են լուծում ստացել թե Երեւանում, թե մարզերում:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւ միության անդամները ԱԺ նախագահի հետ զրույցում ներկայացրել են միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները, անդրադարձել են ոլորտում առկա բացթողումներին ու հիմնախնդիրներին:
Քննարկվել են այլ հարցեր եւս: 

Նյութի աղբյուրը՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=6852&year=2014&month=09&day=30&lang=arm

Ռ.Մուրադյանի 30.09.2014թ.-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

Այսօր կրկին ուզում եմ խոսել մի երևույթի մասին, որին բազմիցս եմ անդրադարձել իմ ելույթներում: Հասարակությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլյացիայի ենթարկելն այսօր, կարծես, շատ քաղաքական գործիչների այցեքարտն է դարձել:
Հետաքրքիրն այն է, որ շատերն են խոսում ազգի շահերի մասին, բայց միևնույն ժամանակ  առաջնորդվում  ոչ ազգային շահերի սկզբունքներով:
Այսօր, կարծես, նաև վատ սովորություն է դարձել հերոսի կերպար կերտելը՝ հատկապես ուրիշներին հեղինակազրկելու հաշվին: Չմոռանանք Արթուրո Գրաֆի այն հայտնի խոսքերը, որ այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներկայացնում:  Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրեն իրավունք է վերապահում խոսել ժողովրդի անունից, հաճախ փորձում է ինքն իրեն ներկայացնել որպես միակ ուժ, որը ունակ է փոփոխություններ բերել՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը: 
Միջազգային հարաբերությունները երկրների միջեւ նույնպես կառուցվում են պետության հեղինակության առկայության տեսանկյունից: Ուստի հատկապես այն պաշտոնյաները, ովքեր թե ազգային և թե միջազգային հանրության մեջ ներկայացնում են մեր ազգային դիմագիծը, մեր ազգի շահը, առավելապես պետք է պաշտպանված լինեն ժողովրդի կողմից:
Վերջին շրջանում բոլորս ականատես եղանք մեր երկրի առաջին դեմքի փայլուն  հաղթանակներին, որոնք նա տարավ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ՝ իր հարցադրումներով Ալիևին նեղ վիճակի մեջ գցելով, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, որտեղ նա բավականին կոշտ և հստակ ձևով ՆԱՏՕ-ին հորդորեց ձեռնպահ մնալ թուրք-ադրբեջանական լոբբինգի ազդեցությունից։ Արդյունքում ընդունվեց հռչակագիր, որը մեծ «ապտակ հասցրեց թուրք-ադրբեջանական դաշինքին»:ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում արված շեշտադրումները նույնպես շատ դիպուկ էին։ Ոչ մի կարևոր  հիմնախնդիր չշրջանցվեց, և ներկայացվեց հստակ, կոշտ՝ իրերն իրենց անուններով կոչելով:
Այս հաղթանակները կատաղության հասցրեցին ադրբեջանական կողմին, որի արտացոլումը տեսանելի էր հաջորդած ժամերին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտնող հակամերիկյան պոռթկումներում: Հնչել են նաև տարբեր միջազգային գնահատականներ.  ՙՍ.Սարգսյանը ուժեղ տեսակետներ ունի տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ, որոնք արտահայտում է շատ ուժեղ կերպով և շատ հստակ,- մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպան Ջ.Հեֆերնը:
Այո, պետք է հպարտությամբ խոսենք մեր հաղթանակների մասին, սակայն մենք պատրաստ ենք լսել նաև անաչառ, վայելուչ քննադատություն, և համագործակցելով լուծումներ տալ վեր հանված խնդիրներին:
Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը:
Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ, -ասել է նախագահ Ս.Սարգսյանը:
Կեղծիքով, կուսակցական միտումնավորությամբ, չարությամբ ու նախանձով ակնհայտ իրողությունների հերքումը, տարբեր ամբիոնններից ոչ վահելուչ արտահայտությունները միմյանց նկատմամբ ուղղակիորեն ուղղված են մեր ժողովրդի դեմ:
Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պատեհ պահին միշտ հիշում է, որ մեր միասնությունը մեր հավաքական ուժի մեջ է :Չջլատենք այն: