Thursday, March 20, 2014

Հանդիպում մանկավարժների հետ

<Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված հերթական հանդիպումը դպրոցների տարբեր մասնագիտական խմբերի հետ տեղի ունեցավ ս/թ մարտի 20-ին Երևանի Ջ. Կիրակոսյանի անվ. հ. 20 դպրոցում:



Կայացավ դպրոց-կենտրոնների միության հերթական հանդիպումը









2014թ. մարտի 20-ին Երևանի Ջ. Կիրակոսյանի անվ. հ. 20 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված դպրոցների տարբեր մասնագիտական խմբերի հերթական հանդիպումը: 
Հանդիպմանը  ներկա  էին   ՀՀ  ԱԺ  պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա  Մուրադյանը,  ՀՀ ԿԳՆ <Կրթական ծրագրերի կենտրոն> ԾԻԳ –ի ենթածրագրերի ղեկավար Կարեն Մելքոնյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության  պետի տեղակալ Նոննա Սահակյանը, ՀՀ  բոլոր  մարզերի  84  դպրոց - կենտրոնների  շուրջ 250 ներկայացուցիչներ՝ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալներ, մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչներ, դասղեկներ և ծնողական խորհրդի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռ.Մուրադյանը` նշելով, որ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձել է  կրթական այն ցանցը, որը գործուն հարթակ է հանդիսանում կրթության ոլորտի տարբեր մասնագետների մասնագիտական կարիքների բավարարման, կրթական համակարգում առկա խնդիրների բարձրացման և լուծման համար:

Հանդիպմանը հաջորդեց  սեմինար-քննարկումներ՝ առանձին մասնագիտական խմբերի, որոնց ընթացքում քննարկվեցին այսօրվա դպրոցի, ծնողների, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական կարիքներից բխող հիմնահարցերը, այդ թվում անդրադրձ կատարվեց ծնողական ժողովների, դասղեկի ժամերի նպատակային թեմաների ընտրության և կազմակերպման ձևերին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով դպրոցի փոխտնօրենի տարեկան աշխատանքային պլանի մշակմանն ու կատարողականին, սովորողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների ուղղություններին և ուսումնա-դաստիարակչական այլ հրատապ խնդիրների:

Հայաստանի տարբեր մարզերից եկած մասնակիցները կարևորեցին կազմակերպված հանդիպման բովանդակությունը և նշեցին, որ այս սեմինար-քննարկումները հնարավորություն են տալիս իրենց հարցերի պատասխանները քննարկել կոլեգաների հետ և մասնագետներից ստանալ հստակ պատասխաններ:Քննարկումների ընթացքում մասնակիցները բավականին ոգևորված էին, ինտերակտիվ, ազատ և անկաշկանդ մթնոլորտ էր ստեղծված արդյունավետ համագործակցության համար:



Wednesday, March 12, 2014

Ռ.Մուրադյանի գրավոր հարցը ՀՀ Կառավարությանը

Մարտի 12, 2014թ.

Այս պահին մենք ունենք Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի գրավոր հարցը, եթե պատգամավորը ցանկանում է... խնդրեմ, 2-րդ խոսափող։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Հարգելի կառավարություն, հարցս ուղղված է առողջապահության նախարարին։ Պրն Դումանյան, դիմել էի ձեզ՝ մի շարք շաքարով հիվանդների խնդրանքով, որ տեղեկատվություն էին լսել վերջին շրջանում շաքարի դեղի, մասնավորապես ինսուլինի հետ կապված, ավելի էժան գնով ձեռք բերելու հետ կապված առաջարկ էին ներկայացրել, եթե կարելի է, այդ տնտեսված մասը գումարի հատկացնել ստրիպներ տրամադրելու էդ հիվանդներին եւ  չափիչ սարք։
Դուք պատասխանել եք, իհարկե, բայց նաեւ նշել եք, որ այդ խնայված գումարները պիտի ուղղեք դեղերի մակարդակի բարձրացմանը։ Էս մասը մի քիչ անհասկանալի էր, կխնդրեի պարզաբանեք՝ ինչպե՞ս պիտի բարձրանա դեղերի մակարդակը։ Շնորհակալություն։
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարցին կպատասխանի Դերենիկ Դումանյանը՝ առողջապահության նախարար։
Դ.ԴՈՒՄԱՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավոր, պետք է ասեմ, որ իսկապես, անցած տարվա գնումների մեջ, մասնավորապես ինսուլինի գնման հետ կապվյած մենք բավականին մեծ խնայողություններ ունեցանք, եւ այդ դեղամպուլաները, որ նախկինում ձեռք էինք բերում 12 դոլարին համարժեք դրամով, մենք ուղիղ գնումներ կատարելով արտադրողի հետ, ձեռք բերեցինք 3 դոլար 30 ցենտ համարժեք դրամով։ Եվ այնուհետեւ մենք պայմանագիր ստորագրեցինք տվյալ դեղարադրողի հետ 5 տարի ժամկետով, եւ 5 տարի անընդհատ այդ գումարով ենք դեղ ձեռք բերելու։ Բնականաբար, յուրաքանչյուր տարվա մեջ բավականին գումարներ կխնայվեն այդ նպատակի համար։
Ես պետք է ասեսմ, որ ինսուլինակախյալ հիվանդների թիվը ՀՀ-ում 12 հազար 800 է, եւ յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք եւս 1200 նոր հիվանդներ, որոնք կարիք ունեն ինսուլին ստանալու։ Նախկինում, երբ մենք այդ պլանավորում էինք, ցավոք սրտի,  մենք չէինք նախատեսում յուրաքանչյուր տարվա ընթացքում ավելացած հիվանդներին նաեւ անվճար դեղեր տրամադրելու հարցը, այդ իսկ պատճառով առաջանում էր որոշակի դեֆիցիտ տվյալ տարվա հիվանդների սպասարկման առումով։ Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր տարվա համար մենք մոտավորապես 90%-ով էինք կարողանում մաքսիմալ ապահովել ինսուլինակախյալ հիվանդներին ինսուլինով, եւ դեղահաբեր ստացող հիվանդներին ընդամենը 30%-ով էինք կարողանում ապահովել։
Որպեսզի պատկերն ընդհանուր լինի, ասեմ, որ պետության կողմից երաշխավորված անվճար դեղորայքով սպասարկվում են հանրապետության մոտավորապես 150 հազար քաղաքացիներ, դա միայն Առողջապահության նախարարության կենտրոնացված գնումների հաշվին, ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ 560 մլն, եւ նույնքան գումար էլ մենք ծախսում ենք պոլիկլինիկական համակարգով, որն իրենք՝ պոլիկլինիկաներն են գնում եւ անվճար դեղորայքով սպասարկում են։
Այս խնայողությունների հաշվով մենք նպատակ ունենք ապահովվածությունը հասցնել 100%-ի։ Օրինակ՝ անցած տարի 6 խումբ հիվանդությունների գծով շուրջ 150 հազար  հիվանդների մենք  100%-ով ապահովել ենք դեղորայքով, բացառությամբ դիապեդիկ դեղահաբերով, որոնց ապահովվածության տոկոսը մենք հասցրել ենք 65%-ի։ Այս տարի մենք նպատակ ունենք նաեւ այստեղ 100%-անոց ապահովում իրականացնել։ Եվ քանի որ ժամանակս ավարտվում է, ես կխնդրեմ դուք արձագանքեք, ես հարցի պատասխանը շարունակեմ։
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-2-րդ խոսափող։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն, որ դուք էլ եք կարեւորել, իրոք, այս հարցին մեկ անգամ եւս անդրադառնալը։ Այնուամենայնիվ, դեղահաբերի մակարդակի բարձրացումը ենթադրու՞մ է արդյոք որակի բարձրացում, թե՞ նոր դեղահաբերի ձեռքբերում։ Շնորհակալություն։
Դ.ԴՈՒՄԱՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Մենք առաջին հերթին 100%-ով կապահովենք բոլոր պահանջարկ ունեցող հիվանդներին, եւ նաեւ, իհարկե, որակի մասին էստեղ խոսք լինել չի կարող, որովհետեւ մենք այս նպատակների համար ձեռք ենք բերում ամենաորակյալ դեղորայքը։
Այն հարցը, թե մենք կարո՞ղ ենք արդյոք տրամադրել տվյալ հիվանդներին, հատկապես դիապեդիկ հիվանդներին որոշակի ստուգիչ սարքեր, եւ բնականաբար, դրանց նաեւ բացիկները, այսպես կոչված՝ ստրիպները։ Պետք է ասեմ, որ ձեզ պատասխանելուց հետո մենք նաեւ հանդիպում ունեցանք տվյալ ներմուծող կազմակերպություններից մեկի հետ, որը մեզ հետ բանակցությունների ընթացքում խոստացավ, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում նոր հայտնաբերված ինսուլինակախյալ հիվանդներին իրենք կնվիրեն այդպիսի սարք եւ նաեւ համապատասխան բացիկներ։
Մենք այս կապակցությամբ նաեւ կարեւորում ենք, որ նրանց հետ հուշագիր ստորագրենք այս խոստումն իրականություն դարձնելու համար, դա վերեբերում է յուրաքանչյուր տարի 1200 նոր հայտնաբերված հիվանդներին։ Շնորհակալություն։

Tuesday, March 11, 2014

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի մարտի 11-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

Մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին հանձնվեց առողջական լուրջ խնդիրներով:   Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ժամանակ Մամիկոն Խոջոյանը ենթարկվեց դաժան վերաբերմունքի և խոշտանգումների: Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը: ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Ադրբեջանի դրսևորած անմարդկային  վարքագիծը նորից ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է մնալ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման գոտի: Կրկին խախտվեցին մի շարք միջազգային կոնվենցիաներ, այդ թվում` Ժնեւյան 4-րդ կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները: Ողջ մարդկության համար վտանգավոր սպառնալիք է ատելության քարոզչությունը ռասայական, էթնիկ կամ կրոնական հիմքերով, որի գլոբալ մակարդակով կանխարգելմանն ուղղված քայլերն ու գնահատականները կարող են կանխել հակամարտությունների սրումը, ողբերգությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դրսևորումների, հայերի հանդեպ ատելության քաղաքականության վերաբերյալ: Իսկ ո՞րն է Ադրբեջանի վարքագիծը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները, այլև շարունակաբար նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները: Չնայած վերջերս Եվրոպական հանձնաժողովը իր զեկույցում անդրադարձել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից մշտապես բացասական վերաբերմունքին, և խորհուրդ է տվել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնարկել պատշաճ քայլեր հայերի դեմ խտրականության և ատելության քարոզման բոլոր դեպքերի համար, բայց միևնույն է, Ադրբեջանը շարունակում է աչքի ընկնել  ռասիզմի և անհանդուրժողականության վարքագծով: Ես հույսով եմ, որ ինձ կմիանան քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչները՝ ՀՀ Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից կոչ անելու ՀՀ քաղաքացու խոշտանգման փաստը դարձնել միջազգային հանրության լայն քննարկման առարկա, ներկայացնել այն ողջ աշխարհին և օբյեկտիվորեն գնահատել Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարած անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ: Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին ունենք ևս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը: Մարդկության առջև ծառացած մարտահրավերների ներկայիս ժամանակաշրջանում մարդու իրավունքները կարևորվում են ավելի քան երբևէ, սակայն միևնույն ժամանակ խախտվում են ոչ պակաս, քան նախկինում: Ինչպես ասել է Նելսոն Մանդելան. «Մարդկանց իրավունքների ժխտումը հավասարազոր է ինքնին նրանց մարդ լինելը կասկածի տակ դնելուն» : 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/03/11/439403/ 

Ռ.Մուրադյանի առաջարկը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Մարտի 11, 2014թ.

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

-Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, արդեն հարցի քննարկումից պարզ է դառնում, թե որքան կարեւոր է «Գովազդի մասին» օրենքում ցանկացած փոփոխությունը, որովհետեւ բոլորս քաջ գիտակցում ենք, որ հեռուստատեսությամբ եթեր տրվող ցանկացած 1 վայրկյանը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ մարդու, երեխայի, անչափահասի վրա, քան, ասենք, դրան վերաբերող որոշակի 1 էջանոց լրատվությունը։ Սա է հենց դրված հիմնականում գովազդներ պատրաստելու փիլիսոփայության հիմքում, եւ հենց այս մոտեցմամբ է, որ փորձում են կարճ ժամանակում մեծ ազդեցություն թողնելով ապահովել ապրանքների գովազդը։
Օրենքի նախագծի հետ կապված, ես՝ ինքս, ողջունում եմ առավելապես այն մոտեցումը, որ Հանրային հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ հիմնականում, իրոք, հանրության տարբեր ոլորտների եւ հանրության լայն շրջանակներին տեղեկատվություն ապահովելու միակ միջոցն է այսօր, պիտի ավելի ուրիշ շահեր հետապնդի։ Այստեղ պետք է դրված լինեն ոչ միայն պետության, ազգային, բարոյական, այլ նաեւ տարբեր արժեքներ պարունակող շահեր։ Այս տեսանկյունից, եթե մենք նայում ենք օրենքին, ինքը շատ լավ փոփոխություն է առաջարկում, այսինքն, առեւտրային գովազդները փոխարինել սոցիալական, կրթական, գիտական, մշակութային գովազդներով։
Եվ էստեղ շատ կարեւոր ձեռքբերում է, որ պետությունն ինքն էլ ձեռնամուխ է լինում աջակցությունների, միջոցների տրամադրման եւ հնարավորությունների ստեղծման։ Բայց օրենքում, իհարկե, ինչպես ես հարցս բարձրացնելու ընթացքում նշեցի, կա կարգավորման խնդիր, որովհետեւ նաեւ միջազգային փորձն է ցույց տալիս, որ եթե մենք ասում ենք թույլատրվում են սոցիալական գովազդները, նախ՝ պիտի կարողանանք իրականում հասկանալ՝ ինչքանո՞վ է չափելի «սոցիալական գովազդ» ասածը, որո՞նք են այն չափորոշիչները, որին պիտի բավարարեն այդ գովազդները։ Գովազդի առջեւ դրվող պահանջը, իհարկե, «Գովազդների մասին» օրենքի 1-ին հոդվածում նշված է, որ պետք է գովազդը լինի այնպիսին, որ կարողանան այն չազդել, ասենք, բարոյական արժեքների խեղաթյուրմանը, որպեսզի գովազդը կարողանա հասարակական արժեքներ տարածող լինել։ Սակայն սա շատ թույլ արգումենտ է եւ միայն «Գովազդի մասին» օրենքով այս հարցը կարգավորել, կարծում եմ, որ չի լինի։
Ես կառաջարկի, ես գրավոր կներկայացնեմ առաջարկությունը, որ այնտեղ, որտեղ նշվում են վերը նշված գովազդի տեսակները, նաեւ նշվի մի կետ, որոնց չափորոշիչները սահմանում է լիազոր մարմինը՝ կառավարությունը։
Պիտի նշեմ նաեւ, որ օրենքում կա մի փոքր ինձ համար անհարթ ձեւակերպում, այս փոփոխության մեջ, որտեղ նշվում է «տեղեկատվական ավելի բարձր արժեք» հասկացությունը։ Ես կարծում եմ, որ եթե ասում ենք տեղեկատվական ավելի բարձր արժեք, ապա արժեքը վերաբերվում է տեղեկատվությանը, ոչ թե բովանդակությանը։ Էստեղ առաջարկ կներկայացնեմ, որ լինի տեղեկատվություն ավելի բարձր արժեքների մասին։ Կարծում եմ, որ էդ կետի տրամաբանությունը հենց այդպիսին է։
Եվ, իհարկե, այս 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում, ես հուսով եմ, որ նաեւ իմ գործընկերների հետ շահագրգիռ քննարկումների արդյունքում կներկայացնենք գրավոր առաջարկներ, որովհետեւ իրականում, որպես նախկին մանկավարժ, ինձ համար շատ ոգեւորող է այն փաստը, որ այսօր պետությունը ձեռնամուխ է լինում կրթական, գիտական, սոցիալական գովազդների, եւ այն ժամաքանակը, որն առաջանում է առեւտրային գովազդների կրճատումից, պիտի օգտագործվի նպատակային։
Եվ այստեղ օրենքի, ուրեմն, հիմնավորման մեջ նշվում է, որ փաստորեն, ավելի մեծ մասը կտրվեն տեղական արտադրության հաղորդումներին։ Շատ լավ է, որ էդպիսի կետ ունենք, բայց նաեւ էստեղ եւս «որակ» բառը, կարծում եմ,  պակասում է, որովհետեւ տեղական արտադրության անորակ հաղորդումներն էլ ավելի բացասական ազդեցություն ունեն, քան, ասենք, որակով հաղորդումները։ Կարծում եմ, կարգավորման կարիք կա, եւ որոշակի առաջարկներով ձեզ կներկայացնենք մեր գրավոր տեսակետը։ Շնորհակալություն։

Ռ.Մուրադյանի հարցը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին 11.03.2014

Մարտի 11, 2014թ.

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Հիմնական զեկուցող` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցերով դիմելու համար` հերթագրում: Հերթագրվել է 7 պատգամավոր: Պատգամավոր Ռուզաննա Մուրադյան, համեցեք:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Թովմասյան, ես ուզում եմ իմանալ, թե այս կրճատումով` առեւտրի մասին գովազդի ժամաքանակի կրճատումով մենք ինչքա՞ն ավելացված ժամանակ ենք ունենում, որոնք պետք է ուղղվեն գիտական, կրթական, սոցիալական եւ այլն գովազդին: Կա՞ այդպիսի հաշվարկ, արդյոք մենք մոտավորապես ի՞նչ ժամաքանակի մասին եք խոսում, որովհետեւ մեկ ժամվա ընթացքում 90 վայրկյանը արդեն բավականին քչացրել է նախկինում առեւտրային գովազդներին հատկացված ժամաքանակը:
2-րդ հարցը` մենք ասում ենք, որ ավելի մեծ տեղ է տրվելու ավելի սոցիալական, գիտական, կրթական նաեւ առողջապահական գովազդներին: Արդյոք չպե՞տք է սահմանվեն չափորոշիչներ, նաեւ այդ գովազդների համար, որովհետեւ հնարավոր է, որ սոցիալական գովազդի անվան տակ էլի հնչեն այնպիսի գովազդներ, որոնք կփորձեն արդարացվել, եթե չկան հստակ մշակված չափորոշիչներ: Առավելապես, առողջության հետ կապված գովազդում մենք այսօր շատ հաճախ հանդիպում ենք դեղերի գովազդի, որը չգիտեմ, թե ինչքանո՞վ է արդարացված, եւ միգուցե դա դիտարկվի որպես առողջությանը նպաստող: Շնորհակալություն:

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ
-Գիտեք, առաջինի հետ կապված, այս պահին էլ մենք ունենք սահմանափակում բոլոր հեռուստաընկերությունների համար, այդ թվում` Հանրայինի, թե եթերաժամի մեկ ժամվա ընթացքում որքա՞նը պետք է օգտագործել, եւ պետք է ենթադրել, եթե չեմ սխալվում, նույն 90 վայրկյանն է բոլոր գովազդների համար, այսինքն` եթե ամբողջական վերցնենք` 24 ժամ անգամ 90 վայրկյան, կարող ենք ասել, որ այդքանն է ազատվում, բայց այդ ազատվելը բավականին հարաբերական է, որովհետեւ իրենք նման պարտականություն չունեին, որ սա պետք է պարտադիր գովազդ լինի, եւ հիմա սա հանում ենք, սրա փոխարեն պետք է մտնի պարտադիր սոցիալական գովազդը, այսինքն` այդպես մեխանիկական չի այստեղ, որ սա դուրս եկավ, սրա փոխարեն պետք է գա գովազդը:
Ինչ վերաբերվում է, սոցիալական գովազդի սահմանմանը, ապա այս նախագիծը այդ հարցին չի անդրադարձել, եւ եթե դրա կարգավորման անհրաժեշտությունը կա, եթե մենք իրականում տեսնենք, որ եթերից հեռարձակվում է քողարկված գովազդ սոցիալական գովազդի ներքո, ապա մի դեպքում Հանրային հեռուստաընկերության խորհուրդը, մյուս դեպքում կարգավորող մյուս հանձնաժողովները սրան պետք է միջոցներ ձեռնարկեն, որովհետեւ սա ուղղակիորեն կլինի օրենքի խախտում, եւ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքները, որոնք կարող են առաջանալ, այսինքն` մի դեպքում խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի, մյուս դեպքում` մասնավոր հեռուստաընկերությունների պարագայում սա թեպետ չի տարածվում դրա վրա, այսինքն` այսօր գործող կանոններով, եթե սոցիալական գովազդի ներքո այլ գովազդ` թաքնված ապրանքների, ծառայությունների գովազդ եղավ, պետք է իր գործիքակազմերը օգտագործի, այսինքն` պատժամիջոցներ եւ պատասխանատվության տեսակներ:

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Արձագանքի համար` Ռուզաննա Մուրադյան:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Ես, իհարկե, կիսում եմ ձեր կարծիքը, բայց նաեւ մտավախություն ունեմ, որ քանի դեռ երեւույթը չի եղել, մենք չենք փորձում կանխարգելել, այսինքն` միգուցե պետք է նաեւ մտածել, որ պետք է սրա կարգավորման հետ կապված, որ նախապես մտածվեն այն չափորոշիչները, որոնք կտրվեն գովազդատուներին, ոչ թե լրացուցիչ խնդիր կստեղծեն մեզ համար, սպասենք, այդ երեւույթը լինի, տուգանենք կամ ինչ-որ բան: Ես կարծում եմ, որ սա կարգավորման խնդիր ունի, եւ խնդիրը տեսնում եմ ոչ թե հեռուստաընկերությունների խորհրդի կամ հեռուստաընկերությունների մեջ, այլ կարծում եմ, որ սա պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում, որովհետեւ, ինչպես օրենքում էլ է նշված, Հանրային հեռուստատեսությունը ապահովում է հանրության համար, հանրության լայն մասսաների համար ավելի բարձր արժեք ունեցող տեղեկատվություն, եւ ավելի մեծ կարեւորություն է ներկայացնում: Հետեւաբար, դա պետք է լինի ավելի պետական հոգածության ներքո: Շնորհակալություն:

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ
-Ընդհանրապես, շատ մանրամասն կարգավորումները, երբ որ պետությունը սկսում է շատ փոքր, ոչ էական հարաբերություններ կարգավորել, որոնք ինքնին դեռեւս հասարակության համար խնդիր չեն առաջացել, սրա մեջ էլ միշտ վտանգ կա, այսինքն` այդ գերկարգավորվածությունը, բոլոր հարաբերությունների, կբերի, որ ինչ-որ բան փոխվեց կամ, եթե ինչ-որ բան սխալ է, արագ այդ ամբողջը փոխել:
Եթե գտնում եք, որ կա, կարող ենք միասին քննարկել եւ փորձել դրա սահմանումները տալ: Բայց իմ պատկերացումը այս պահին, որ նման խնդիր չի առաջացել, այսինքն` հեռուստաընկերությունները նման փորձ չեն կատարել, առավել եւս` Հանրային հեռուստաընկերությունը, որ սոցիալական գովազդի տակ, փաթեթավորմամբ փորձի ապրանքների կամ ծառայությունների գովազդ: Երբ որ լինի, տեսնենք, որ ինքնին սոցիալական գովազդի հասկացության բովանդակությունը թյուրընկալման կամ տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս, միգուցե կսկսենք դրա կարգավորումը:
Այս պահին, կրկնում եմ, եթե չենք կարգավորել, ապա ապրիօրի ենթադրվում է,ո ր կարծել ենք, թե դրա անհրաժեշտությունը չկա: Բայց եթե գտնում եք, որ կա, միշտ պատրաստ ենք քննարկելու: