Monday, May 27, 2013

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը լուրջ հիմքերի վրա է

Մայիսի 28-ից 30-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
    Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Պրոխորովկա քաղաքավանի պատմա-մշակութային կենտրոնում մայիսի 28-ին  տեղի ունեցավ  ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 22-րդ նիստը, որին մասնակցում էին պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Հովհաննես Մարգարյանը, Վոլոդյա Բադալյանը, Մարտին Սարգսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Կարեն Բոթոյանը, ռուսական կողմից՝  Բելգորոդի մարզի նահանգապետ Եվգենի Սավչենկոն, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան՝ Օլեգ Եսայանը: Մեր պատվիրակությանը Բելգորոդի հողի վրադիմավորեցին ավանդականաղուհացով և ազգային երաժշտությամբ:
 Պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեղեկացմամբ` նիստի օրակարգում, որը սահմանվել էր դեռևս նախորդ նիստի ընթացքում,  քննարկվեց Եվրասիական ինտեգրացիայի գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարներին առնչվող թեման, որի շուրջ հիմնական զեկույցներով հանդես եկան Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր  Աշոտ Թավադյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրեն Վ. Սպասկին: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ` զեկույցները հատկապես աչքի ընկան իրենց դինամիկայով և բարձրացված հարցերի արդիականությամբ` մասնավորապես ներկայացնելով այն իրավիճակն ու վեր հանելով այն խնդիրները, որոնք առկա են այսօր եվրասիական միության մեջ` փորձելով ուրվագծել նաև լուծման ուղիները. “Մեր վերլուծություններում մենք մատնանշեցինք այն հնարավոր համագործակցության մեխանիզմները, ձևերը, ոլորտները , որոնք թույլ կտան ՝ չունենալով ընդհանուր ցամաքային սահման, ունենալով փոքր-ինչ տարբերվող օրենսդրություն` կապված այն կազմակերպությունների հետ, որոնց հետ մենք ներկայումս համագործակցում ենք (նկատի ունեմ, որ Հայաստանը շատ վաղուց է անդամակցում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը բոլորովին վերջերս է միացել, և դրա ազդեցության ներքո արդեն գոյացել է կոնկրետ ուղղվածություն ունեցող օրենսդրություն ) որոշակի իրավիճակում համագործակցել եվրասիական միության հետ”,- նշում է տիկին Նաղդալյանը` հավելելով, որ չնայած ընդհանուր սահմանի բացակայությունը էական լուրջ խոչընդոտ է, բայց միևնույն ժամանակ աշխարհում կան բազմաթիվ միություններ, որոնք համագործակցում են տարբեր պետությունների հետ` առանց այս հանգամանքի առկայության, և այս առումով Հայաստանը ևս պետք է կարողանա գտնել նման համագործակցության սխեմաներ, մեխանիզմներ, առավել ևս, որ օբյեկտիվորեն կան բավական լուրջ հիմքեր և հնարավորություններ տնտեսութան տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա այլն,  այդ համագործակցության կազմակերպման համար, ինչն էլ տիկին Նաղդալյանի համոզմամբ, այսօր արդեն կարող է եվրասիական միության և Հայաստանի միջև համագործակցության հենք հանդիսանալ:
 Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև ներդրումներին, առևտրաշրջանառությանն առնչվող վիճակագրական ուսումնասիրություններ, ինչպես նաև, բյուջետային , մակրոտնտեսական, տարիֆային քաղաքականությանը վերաբերող հարցեր, բազմաթիվ ուղղություններ, որոնք, ըստ տիկին Նաղդալյանի, կարևոր են և նման համագործակցության զարգացման համար` խիստ ակտուալ .
 “Հայաստանը, լինելով ինտեգրացիոն պրոցեսներում շահագրգիռ կողմ / այդ մասին և’ հանրապետության նախագահը , և՛ քաղաքական ղեկավարությունը բազմիցս արտահայտվել են/ , բնականաբար, նախանձախնդիր  է  սեփական աշխատուժի, ապրանքների, ծառայությունների դրսի շուկաներում շարժի համար ավելի շատ հնարավորություններ և լայն ինտեգրացիոն դաշտ ստեղծելու հարցում, որպեսզի ավելի հեշտ դուրս գան համաշխարհային շուկաներ և ավելի լայնորեն  ներկայացված լինեն”,- այս հանգամանքով  պատճառաբանելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը ինտեգրացիոն պրոցեսներին` Հերմինե Նաղդալյանը , միաժամանակ հիշեցնում է,  որ` ” Ինտեգրացիոն այն հարթություններում, որտեղ Հայաստանը տեսնում է համագործակցության ավելի լայն ու ակտիվ հնարավորություն, միշտ առաջամարտիկ է հանդես գալիս` ունենալով մեկ սկզբունք`ինտեգրվել բոլոր այն գործընթացներին, որտեղ մեր ակտիվ մասնակցության համար չկան խանգարող հանգամանքներ , որոնք կխարխլեն այն փխրուն տնտեսական և քաղաքական կայունությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ստեղծել: ՞Այդ իմաստով, որպես օրինակ, կարող եմ ներկայացնել հակաճգնաժամային կենտրոնի կամ ազատ առևտրի պայմանագրի գործընթացը, որին մենք շատ ակտիվ մասնակցեցինք , կարելի է ասել առաջիններից մեկը եղանք, և այդ համաձայնագրի շրջանակներում ունեցանք մինիմալ տարաձայնություններ”:
      Նիստի օրակարգի 2-րդ հարցը առնչվում էր տնտեսական հարաբերությունների խորացմանը, մասնավորապես՝ փոքր եվ միջին բիզնեսի ներկայացուցիչների միջև համագործակցությանը, ինչը կարևորելով՝ հանձնաղողովը որոշում կայացրեց 2014 ի մայիսյան նիստի ժամանակ քննարկել այդ համագործակցության առկա վիճակը, պայմաններն ու խոչընդոտող հարցերը: Այս նպատակով հայկական կողմից ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ՝ Տաճատ Վարդապետյանը , Մարտին Սարգսյանը, Վարդան Այվազյանը: Խմբի աշխատանքներին մասնակցում են ՀՀ Առևտրի արդյունաբերական պալատը, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը , ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
   Նիստի ավարտին  համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախկին և ներկա չորս ներկայացուցիչներին՝ Վ. Կուլակովին, Ս. Կոլեսնիկովին, Ի. Չերնիշենկոյին և Ն. Տոնկովին հանձնվեցին Մխիթար Գոշի մեդալներ: Նիստի արդյունքների հիման վրա Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ն.Ռիժկովը ստորագրեցին 22-րդ նիստի արձանագրությունը: Որոշվեց նաև Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 23-րդ նիստի օրակարգը, որը նվիրված կլինի Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտային խնդիրների լուծմանը:
Ի թիվս ձեռք բերված պայմանավորվածությունների, հայկական պատվիրակությունը այցի ընթացքում համագործակցության  շոշափելի եզրեր գտավ նաև կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում: Պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հավաստմամբ,  այցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց ռուսական կողմի հետ, որպեսզի իրականացվեն համատեղ կրթական, սպորտային ու մշակութային նախագծեր, որոնք ուղղված կլինեն երկու երկրների զարգացմանը: Այդ շրջանակներում համագործակցության հիմք դրվեց  նշանավոր գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի հետ` համատեղ ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Կրթության բնագավառում տիկին Մուրադյանի տեղեկացմամբ ,ռուսական կողմից անդրադարձ եղավ Հայաստանում ռուսերեն լեզվի դասավանդման ներկա մակարդակին, ինչին ի պատասխան նշվեց, որ հայաստանյան դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզվին, և միայն այն հանգամանքը, որ ռուսերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների թիվն աճում է, և դասավնդվում երկրորդ դասարանից սկսած` լավագույն ցուցանիշ է, որ նախկին խորհրդային երկրների կողքին Հայաստանն այս առումով շատ առաջնային դիրքերում է:
   “Շատ տպավորված ենք վերադարձել, քանի որ շատ կազմակերպված և ուսանելի էր այս գործուղումը բոլոր առումներով, թե՛ միջխորհրդարանական զարգացման և թե որպես հետադարձ հայացք մեր պատմության համընդհանուր էջերին: Պարոն Ռիժկովը առիթը բաց չէր թողնում հայերի նկատմամբ իր դրական վերաբերմունքն ու համակրանքն արտահայտելու: Ցանկացած նման գործուղման մեջ կարևոր է ոչ միայն պատվիրակության կազմն, այլ նաև պատվիրակության ղեկավարի իմացությունը , փորձառությունը և  մարդկանց հետ հարաբերվելու, սեփական երկիրը, երկրիդ շահը ներկայացնելու կարողությունը: Այդ առումով պետք է նշեմ, որ մեր խումբը ղեկավարում էր այդ բոլոր հմտություններով օժտված մարդ, ում կողքին մենք մեզ զգում էինք ավելի վստահ և երկիրն ավելի ներկայանալի էր հանդես գալիս:”,- նշում է տիկին Մուրադյանը ` հավելելով, որ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության մեջ շատ տեսանելի ու շոշափելի էր նախկինում կատարված աշխատանքը և զգացվում էր, որ այն լուրջ հիմքերի վրա է դրված: Այցը, ըստ Ռուզաննա Մուրադյանի, ուներ նաև  պատմամշակութային ուղղություն, որն է՝ հետադարձ հայացք մեր պատմության համատեղ էջին, հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցությանը. ”  Շատ հուզիչ ու տպավորիչ էր, երբ Բելգորոդի Պրոխորովսկի դաշտում, որը Կուլիկովյան և Բորոդինոյի դաշտերից հետո համարվում է Ռուսաստանի երրորդ մարտադաշտը, մենք տեսանք պատերազմի 100-ից ավելի հայազգի մասնակիցների անուններ: Այս առիթով նշեմ նաև, որ տեղի ունեցավ մեկ հումորային միջադեպ՝ մեր պատվիրակության անդամ Վոլոդյա Բադալյանին հաջողվեց անգամ  ”գողանալու” հայ հերոսներից մեկի բաժակը, որից հետո Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովն իր մակագրությամբ այն նվիրեց մեր պատվիրակությանը”:  
 Մայիսի 29-ին  ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ.Սլուցկու և կոմիտեի այլ անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող քաղաքական և տնտեսական հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը նվիրված խնդիրներ:
  ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ով արդեն 15 տարի  հանդիսանում է հայ-ռուսական խորհրդարանական պատվիրակության անդամ,  վստահեցրեց, որ  “Հանդիպումներն անցան շատ բարձր մակարդակով, մեր պատվիրակության ղեկավարը կարողանում էր հարցերն այնպես ձևակերպել և մատուցել, որ ընկալվեր և համապարփակ ներկայացվեր խնդրի էությունը: Աշնանն արդեն կքննարկվեն տրանսպորտին առնչվող խնդիրները, որովհետև ոչ մի տնտեսություն չի զարգանա, այն էլ Հայաստանի պես երկիրը, որը գտնվում է շրջափակման մեջ, եթե չունենա տրանսպորտային հաղորդակցություն: Մենք գիտենք, որ այսօր ռուսական երկաթուղային ընկերությունն արդեն 3-4 տարի է Հայաստանում է, և կան խնդիրներ, որոնք բարձիթողի վիճակում են: Կառավարությունը պետք է այսօր վերահսկողություն սահմանի նրանց պայմանագրային բոլոր կետերի վրա, և այս հանձնաժողովը միշտ պատրաստ է օժանդակելու այս խնդիրներին, քանի որ համագործակցում է ռուսական կողմի հետ և կարող ենք նաև մեր ռուս գործընկերների հետ համատեղ ճանապարհներ գտնել, որ երկաթուղին իր գործառույթները առավել արդյունավետ կատարի: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին նաև շատ սուր հարցեր , բայց տիկին Նաղդալյանն այնքան իրազեկ էր և կարողանում էր բովանդակային պատասխաններ գտնել, որ մեզ այլևս ասելիք չէր մնում”:
 Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած  պատվիրակությանը ընդունեց ՌԴ Պետական դումայի  նախագահի առաջին տեղակալ Ի.Մելնիկովը: Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դրականորեն գնահատեց ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստի  արդյունքները և հույս հայտնեց, որ դաշնակից երկրների միջև ծագող և քաղաքական, և տնտեսական խնդիրները միշտ կարող են ստանալ ճիշտ լուծումներ:
Ի.Մելնիկովի կողմից բարձր գնահատական տրվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստի  աշխատանքներին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներկա մակարդակին:





Նյութի աղբյուրը՝ http://henaran.am/news_view.php?post_id=23934
Այլ աղբյուրներ՝
http://haynews.am/hy/1370079294

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=5960&year=2013&month=05&day=31&lang=arm

Հայկական պատվիրակությունը մայիսի 27-ին այցելեց Բելգորոդ