Tuesday, May 21, 2013

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մայիսի 21-ի ելույթը Ազգային Ժողովում


-Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի կառավարություն, մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ գիտական եւ կրթական համակարգ, որը կարողանում է ապահովել ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլ նաեւ կարողանում է ապահովել ունակություն, թե ինչպես աշխատել այդ գիտելիքների հետ։
Այսօր ՀՀ-ում շարունակվում են կրթական բարեփոխումները, եւ բոլորիս համար գաղտնիք չի, որ այդ բարեփոխումները, իհարկե, դժվարությամբ են ընթանում։ Դժվարությամբ են ընթանում, որովհետեւ առաջինը՝ չկա հասարակական եւ մասնագիտական կոնցենսուս։
Երկրորդ՝ համակարգը շատ մեծ է եւ ընդգրկում է համարյա յուրաքանչյուր ընտանիք, եւ օգտվում են այդ բարեփոխումներից մոտ 700 հազար շահառուներ։
Երրորդ՝ մշտապես պահանջվում է անընդհատ եւ շարունակական ֆինանսավորում, եւ դա թեպետ բյուջետային ծախս է, բայց իրականում սա ներդրում է։
Չորրորդ՝ ակնհայտ է, որ չկա եւ դժվար է գտնել պոպուլյար ռեֆորմ, որը միանգամից պիտի կարողանա փոխել ամեն բան։ Ռեֆորմի ընթացքում փոխվում է մի բան, իսկ այդ փոփոխությանը թե՛ մասնակիցները, եւ՛ թե կողքից նայողները շատ դժվար են հարմարվում, որովհետեւ շատ հեշտ է իներցիայով աշխատել թե՛ մասնագետների համար եւ թե՛ գնահատողների համար։
Ցանկացած նոր իր հետ բերում է նոր մոտեցումներ, իր հետ բերում է նոր աշխատաոճ, բերում է նոր ռեսուրսներ, նոր գիտելիքներ, եւ բնականաբար, նոր աշխատանք, որը եւ՛ ծախսատար է, եւ՛ ժամանակատար է, եւ շատերը շատ դժվարությամբ են գնում այդ նորին։
Այսօր անընդհատ խոսում ենք կրթության որակի մասին, ի՞նչ է կրթության որակը, նրա ընկալումը շատ տարբեր է։ Մենք ունենք այսօր միջազգային առաջատար մակարդակի դպրոցներ, որոնք տալիս են լավ կրթություն, եւ ունենք, իհարկե, տարբեր տիպի դպրոցներ, միատարր չի դպրոցական եւ կրթական համակարգը, որը միանշանակ ազդում է նաեւ որակի վրա։ Չնայած այս պայմաններում, պիտի նշենք, որ ՀՀ-ն մասնակցելով տարբեր միջազգային մրցույթների, օրինակ՝ մաթեմատիկական մրցույթին 9-րդ դասարանցիները գրավել են այն նույն տեղը, ինչ որ Նորվեգիան, որտեղ 1 աշակերտին տրվող ֆինանսավորումն առնվազն 7 անգամ ավել է Հայաստանում մեկ աշակերտին տրվող ֆինանսավորումից։
Պետք է նշենք, որ վերջին շրջանում միջազգային օլիմպիադաներից մեր աշակերտները 16 օլիմպիական մեդալներով են վերադարձել։ Մի՞թե սա կրթության որակ չի։ Պետք է նշենք, որ մեր ուսանողները՝ մոտ 170 ուսանող, սովորում են աշխարհի լավագույն 10 բուհերում։ Բայց այս ամեն ինչի հետ մեկտեղ մենք պետք է նշենք նաեւ, որ ունենք խնդիրներ, եւ մինչ խնդիրներին անդրադառնալը, քանի որ խոսեցինք միջազգային մեր մասնակցության մասին, պիտի նշենք նաեւ, որ Հայաստանը 3 տարով ընտրվել է Եվրոպական բարձրագույն կրթական  տարածքում բարեփոխումներ իրականացնող պատասխանատու երկիր։ Եվ մենք Բոլոնիայի գործընթացի քարտուղարն ենք՝ սա եւս մեծ ձեռքբերում է մեր համակարգի համար։ Հայաստանի մի շարք բուհեր հաջողությամբ անցնում են նաեւ միջազգային հավատարմագրման եւ ճանաչման գործընթացը։
Այսօր մենք  խոսելով մեր ներքին խնդիրների մասին, ուսումնասիրում ենք նաեւ աշխարհի փորձը։ Աշխարհի փորձն ուսումնասիրելիս հետաքրքիր փաստի առաջ կանգնեցինք։ Երբ նայում էինք՝ հանրակրթությունը ո՞ր երկրում է զարգացած, ամենազարգացածը Ֆինլանդիայում է, եւ Ֆինլանդիայում այն զարգացած է ոչ միայն նրա համար, որ աշխատավարձերն են բարձր, իհարկե, դա շատ կարեւոր պայման է, բայց էլ ավելի բարձր աշխատավարձերով շատ երկրներ նույն ցուցանիշը չունեն, ինչ որ Ֆինլանդիան, այլ մի հեաքրքիր բան բացահայտվեց, որ այնտեղ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ ուսուցիչը հանրային արժեք է, ուսուցիչը հանրության ուշադրության, դրական ուշադրության կենտրոնում է, նրա աջակցության առարկան է։
Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ, մեր համակարգում աշխատում է 41 հազար ուսուցիչ։ Բնականաբար, 41 հազար ուսուցիչն էլ փորձում են եւ ձգտում են աշխատել լավ։ Ինչ խոսք, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ նաեւ մանկավարժների մոտ կլինեն մարդիկ, որոնք իրենց տեղում չեն։ Եվ ի՞նչ է կատարվում, մենք լավ փորձը թողած վատ փորձն ենք պրոպագանդում եւ տարածում, մի՞թե կարելի է դպրոցի, ուսուցչի հեղինակության հետ կապված այդքան արագ եւ այդքան հեշտ վերցնել, առանց հաշվի առնելու, թե ինչքան արժեքներ ենք մենք ոտնահարում, եւ փորձել հեղինակազրկել ուսուցչին։ Այսօր, ինչպես նաեւ աշխարհի փորձը ցույց տվեց մեկ անգամ եւս, մենք մեր բոլորիս ուշադրությունը պետք է կենտրոնացնենք դրա վրա, եւ կարծում եմ, որ կառավարության ծրագրում դրա համար կա իր լուրջ տեղը եւ անելիքը։
Լրատվությանը եւ հանրությանն եմ կոչ անում՝ փորձենք լավագույն փորձը ներկայացնել, լավագույն օրինակը տարածել, որովհետեւ դրանով մենք ապահովում ենք, տալիս ենք այն երաշխիքը, որով ուսուցիչը, որ ինքն արժեքներ ներդնող է եւ արժեքներ ձեւավորող է մեր երեխաների մոտ, ինքը եւս որպես արժեք կընկալվի եւ կլինի իր ճիշտ տեղում, եւ կլինի այն վստահելի անձը, որին մենք կվսահենք մեր երեխաների ապագան։
Երկրորդ կարեւոր խնդիրը՝ ուսուցչի համար պետք է կարողանանք ապահովել մասնագիտական կարիքների վրա հենված զարգացում, այսինքն՝ մասնագիտական զարգացումը։ Աշխարհն օր-օրի փոխվում է, փոխվում են պահանջները, փոխվում է երեխաների պահանջը, սովորողի պահանջը, հետեւաբար փոխվում է նաեւ ուսուցիչների մոտեցումը։ Պիտի փոխվի այդ մոտեցումը, եւ դրա հետ կապված անհրաժեշություն կա շարունակական, անընդհատ վերապատրաստումների, եւ իրենց, հատկապես իրենց կարիքների վրա զարգացման ծրագրեր իրականացնելու։ Այ,  կառավարության ծրագրում մենք ունենք այն կարեւոր եւ շատ գնահատելի  կետը, որ առաջին դասարանցիներն անվճար ստանալու են համակարգիչներ։ Այսօր կարիք կա, որ այդ անվճար ստացած համակարգիչների հետ ուսուցիչներն էլ կարողանան եւ իմանան իրենց ճիշտ անելիքները, եւ  այդ վերապատրաստումը պիտի լինի, բնականաբար, անհապաղ, նաեւ  կառավարության ուշադրության կենտրոնում։
Մենք պետք է կարողանանք եւս կառավարության այն մի դրույթը, որն այս ընթացքում մենք շատ ներկայացրել ենք մանկավարժական տարբեր հանրությունների հետ հանդիպելիս։ Արդյունքների վրա հենված ֆինանսավորում, սա շատ կարեւոր ձեռքբերում է լինելու մեր կողմից, թե մենք կարողանանք իրականում ճշգրտել այն արդյունքները, որը տալիս է ուսուցիչը եւ վճարել նրան համապատասխան իր տված արդյունքների։ Իսկ սրա համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ ստեղծել, այդ թվում՝ եւ՛ աշխատաժամանակի վերանայումը ուսուցչի ծանրաբեռնվածության, եւ՛ աշխատավարձի վերանայումն ուսուցչի, եւ ինչու՞ չէ՝ նաեւ այն պայմանների, որտեղ նա աշխաում է, ապահովել այդ պայմաններն ամբողջովին այնպես, որ կարողանա ուսուցիչը տալ իր ուզած, իր իսկ ուզած այդ ցանկալի արդյունքը, որի համար էլ, բնականաբար, կստանա ավելի բարձր աշխատավարձ։
Այս ամենի մեջ պիտի շարունակեմ նշել խնդիրները եւ պիտի խոսեմ նորից ֆինանսավորման մասին։ Կրթական համակարգը դա այն համակարգն է, որը պահանջում է անընդհատ եւ շարունակական ներդրումներ, ֆինանսավորում, որովհետեւ այդ ֆինանսավորումը ոչ միայն պիտի ուղղված լինի ընդհանուր դպրոցաշինությանը, որն արդեն կա նախկինից եկած ծրագրերով եւ շարունակվում է, ոչ միայն պիտի ուղղված լինի աշխատավարձերի բարձրացմանը, այլ նաեւ ընդհանուր զարգացման ծրագրերի եւ ենթակառույցների արդիականացման համար է շատ անհրաժեշտ այդ ֆինանսավորումը։ Եվ չպիտի ափսոսանք ֆինանսներն այնչափ ուղղել կրթական համակարգին, որ կարողանանք մեզ համար լուծել շատ կարեւոր խնդիր։
Ինչպես նշված է ծրագրում, մենք ծրագրի մեջ առանցքային, այսպես ասած, ուղղություն է մտածելակերպի եւ գործելակերպի փոփոխությունը, մեր վարքագծային կանոնների սահմանումը, որով պիտի ստեղծենք արդյունավետ միջավայր, իրոք, մեր երկիրը զարգացնելու։ Այո, անհրաժեշտ է, վաղուց արդեն անհրաժեշ է, որ մեր վարքագծի կանոնները վերանայվեն, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա գիտակցել, որ մեր փոքր պետության համար նրա ազգային անվտանգության ռազմավարական ծրագրում որպես ներքին սպառնալիք հստակ ամրագրված է՝ բարոյական եւ հայրենասիրական դաստիարակության պակասը։ Այս պակասի մասին է, որ պիտի մտահոգվենք մենք բոլորս, եւ հանրության ուշադրության կենտրոնում դնենք դաստիարակության գործընթացը։ Գուցե, նաեւ ունենանք «Դաստիարակության մասին» օրենք, գուցե, նաեւ ավելացնենք այն փաստաթղթերն ու այն գործառույթները, որոնք պետք է ընդգրկեն, կարծում եմ, որ բոլոր գերատեսչությունների ծրագրերում, որովհետեւ քաղաքացու դաստիարակությունը՝ դա միայն դպրոցի խնդիրը չէ, ցավոք։
Քաղաքացու դաստիարակությունը՝ դա բոլորիս խնդիրն է, եւ կարողանանք մեր բոլոր ծրագրերում կարեւորենք այդչափ կարեւոր գործընթացը։ Շնորհակալություն։

No comments:

Post a Comment