Wednesday, May 1, 2013

«Քաղաքական ուժերը՝ չարության սերմնացաններ»


14:10 01/05/2013 » ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մայիսի 5-ին սպասվող ավագանու ընտրությունների շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:

-Մայիսի 5-ին հաշված օրեր են մնացել և նկատելի է, որ ՀՀԿ-ի թեկնածուի դեմ ուղղված մեղադրանքները գնալով մեծանում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
-Ստեղծված իրավիճակում թերևս կարելի է հասկանալ այն քաղաքական ուժերին, ովքեր առաջին անգամ են մտել Երևանի ավագանու ընտրության մրցապայքարի մեջ, բայց անհասկանալի է այն քաղաքական ուժերի մոտեցումը, ովքեր դեռևս անցած 4 տարիների ընթացքում ունեին այդ հնարավորությունները: Եվ իրենք իրենց վրա չարացած, այսօր դարձել են չարության սերմնացաններ՝ մոռանալով, որ ընտրություններն ընդհանրապես գաղափարների և ծրագրերի պայքար է, ոչ թե անձերին անհիմն չարախոսելու մրցավազք: Այս մթնոլորտում նման գործելաոճը ինքնին հակաքարոզ է հենց տվյալ քաղաքական ուժերի համար, մինչդեռ դրա կողքին ՀՀԿ-ի քարոզչությունը հիմնված է իրատեսական ծրագրերի վրա, քարոզչության ընթացքում հնչում են միայն արվածների, ինչու չէ նաև չարվածների և ապագա անելիքների մասին:
-Տարածված կարծիք կա այն մասին, որ ասֆալտապատման, բակերի բարեկարգման, կանաչապատման ծրագրերը ակտիվանում հատկապես ընտրություններին: Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք Ձեզ համար էլ նկատելի չէ այդ միտումը:
-Ճանապարհաշինության, ասֆալտապատման, շրջակա միջավայրի պահպանության, կանաչապատման, ծաղկազարդման և, ընհանրապես, քաղաքի բարեկարգմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ են կրում, և ես համաձայն չեմ, որ այս աշխատանքերը ակտիվանում են հատկապես նախընտրական շրջանում: ՀՀԿ-ական բոլոր քաղաքապետերն իրենց պաշտոնավարման ընթացքում իրականացրել են տվյալ ժամանակին համապատասխան Երևանի բարեկարգմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր. կառուցվել են ավտոճանապարհային մայրուղիներ, ստորգետնյա և վերգետնյա անցումներ, ավտոկանգառներ, իսկ այժմ էլ բուռն թափով շարունակվում են զարգանալ հանրային կյանքի բոլոր ոլորտները: Հետևաբար 
այն մոտեցումը, որ իբրև թե ՀՀԿ-ական քաղապետերը վերջին 5 տարիների ընթացքում խնդիրներ չեն իրականացրել, իհարկե, սխալ է և անհիմն, քանի որ, ինչպես արդեն նշեցի, դա որոշ քաղաքական ուժերի հակաքարոզչության հետևանքն է, որն իհարկե ապարդյուն է, քանի որ ժողովուրդն իմաստուն է և այդքան էլ դյուրին գործ չէ նրանց ապակողմնորոշելը, ժողովուրդը տեսնում է արդեն արված գործերը և ձեռքբերումները, որոնք բազմաթիվ են, և հավատում է արված գործին, և ոչ թե սին խոստումներին:
-Նախորդ տարիներին բավականին կարևոր խնդիրներ, չնայած խոստումներին, այդպես էլ լուծում չստացան, ինչո՞ւ պետք է երևանցին վստահ լինի, որ այս դեպքում այդ խնդիրները կկարգավորվեն:
-Ես կարծում եմ, որ վերջին տարիներին բավականաչափ խնդիրներ իրենց լուծումներն արդեն ստացել են, և որ ամենակարևորն է՝ քաղաքը զարգացել է համաչափ՝օր օրի դառնալով բարեկարգ և հարմարավետ ինչպես երևանցու, այնպես էլ հյուրերի համար: Արդյո՞ք նկատելի չէ, որ այս տարիների ընթացքում վերակառուցվել են բակային տարածքները, բարեկարգվել են խաղային հրապարակները, ստեղծվել են մինի ֆուտբոլի դաշտեր երեխաների համար, ասֆալտապատվել են ճանապարհները, վերականգնվել են ցայտաղբյուրները, շատրվանները, քաղաքը գեղեցկացել է, կանաչապատվել, կահավորվել է գեղեցիկ նստարաններով, լուսավորվել է , և այսպես կարելի է թվարկել բազմաթիվ ձեռքբերումներ, պարզապես պետք է ուզենալ տեսնել դրանք, իսկ որոնք էլ դեռ համարվում են չլուծված խնդիրներ, դրանց լուծման հաջողության հիմնաքարն արդեն գցված է: Պետք է իրատեսական լինել և հասկանալ, որ խնդիրներն ամբողջությամբ հնարավոր չէ այս կարճ ժամանակահատվածում լուծել, հատկապես, եթե ակնհայտ է, թե ինչ ծավալի աշխատանքներ են իրականացվել Երևանի զարգացման տարբեր ոլորտներում: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը երբեք ճանապարհի կեսից հետ չի դարձել, երբեք չի խուսափել դժվար խնդիրների լուծումից և այսօր ընտրողին ներկայանում է ինչպես իր արած գործերով, այնպես էլ այն խնդիրներով որոնց լուծումների շարունակականությանը, համոզված եմ, որ ականատես կլինենք առաջիկա 4 տարիներին:

No comments:

Post a Comment