Թալեաթ փաշան ասել է. ՛՛Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ, այն էլ՝
թանգարանում, եթե այդտեղ, ապագայում, դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում
է մենք պարտվել ենք:՛՛
Այո, մենք հաղթել ենք, որովհետև
այսօր կանք և աշխարհին ցույց տվեցինք, որ հայերի ջանքերի միավորման շնորհիվ կարող
ենք ներկայանալ որպես բարության, արդարության, մարդասիրության երկիր:
«Ավրորա» մրցանակաբաշխությամբ մենք աշխարհին ասեցինք, որ որպես Ցեղասպանություն վերապրած ազգ՝ 100 տարի անց Հայաստանը ներկայացավ որպես մարդկային բարձրագույն արժեքները կրող, քարոզող և գնահատող երկիր:
Ապրիլի 23-ին Հայաստանում արդեն երկրորդ տարին կազմակերպվող գլոբալ ֆորումը
հավաքել էր Ցեղասպանությունը վերապրած վկաներին, տարբեր ազգերի ներկայացուցիչներին, ովքեր
խոսեցին մեկ լեզվով՝ ուղղված ընդդեմ ցեղասպանության հանցագործության:Հնչեցին գաղափարներ,
թե ինչպես կարող ենք ներկան բարելավել փաստերով, ինչպես կարող ենք աշխարհը
բարելավել հիշողությամբ, հաշվետվողականությամբ և պատասխանատվությամբ:
Մենք գիտենք, որ 2005թ.-ից թուրքական տարբեր ասոցիացիաներ և անհատներ սկսել
են խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ ամոթ է վուլգար և կոպիտ ժխտողականությունը, հանդես են եկել ներողության
բազմաթիվ ուղերձներով:Չափազանց կարևոր էր Թուրքիայի մարդու իրավունքների ակտիվիստ
և գիտնական Սայիթ Չեթինօղլուի ելույթը, ով հանդես եկավ մի շարք գնահատականներով և
առաջարկներով՝ այն է ցեղասպանության մեղքի ընդունումը, «ներողությունը բոլորիս
պարտքն է», «այլևս երբեք..» հուշարձանի կառուցումը և այլն:
Վերջերս պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն իր խիզախ նախաձեռնությամբ եկել
էր Թուրքիայի խորհրդարան՝ հիշեցնելու 101 տարի առաջ հայերի դեմ ուղղված հանցագործության
մասին՝ հիշատակելով հայերի դեմ կատարած ոճրագործությունը, ներկայացնելով հայազգի
13 քաղաքական և հասարակական գործիչների ձերբակալություններն ու սպանությունները. նա ցույց տվեց, որ հայերն ապրում են: Անգամ խորհրդարանից հնչած ռեպլիկները չկասեցրեցին նրա
ելույթը, ավելին՝ նրա ելույթն ավարտվեց
ծափահարություններով:
Այոˊ, հայերն ապրել են, ապրում են, կապրեն և կպայքարեն, որպեսզի գալիք
սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ոճրագործությունների մասին:
Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը. «Հայաստանը լինելու է 21-րդ դարի
ցեղասպանության դեմ պայքարող երկրներից մեկը»:
Եվ այստեղ մենք բոլորս անելիք ունենք: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է
իրականացնել սերունդներին կրթելու և ուսուցանելու ծրագրեր, որոնք հենված կլինեն
ճշմարիտ և իրական փաստերի վրա, անհրաժեշտ է, որ պատմության ինստիտուտները
հնարավորինս գործի դնեն իրենց պատմական ողջ զինանոցը, հետազոտությունները, որպեսզի
կանխեն պատմությունը նենգափոխելու արդեն
բոլորիս քաջ հայտնի հերյուրանքները:
Ուրախ եմ, որ ցեղասպանության մասին նյութերը կրթական ծրագրերում ներառելու
իմ առաջարկը հավանության արժանացավ և տեղ գտավ գլոբալ ֆորումի վերջնական
փաստաթղթում:
Այժմ եկել է ժամանակը ամբողջ աշխարհի հայությանը համախմբվել՝ վերածնվելու նոր հնարավորությունների և
հույսերի համար, այլևս երբեք թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունները:
Այլևս երբեք…
Նյութի աղբյուրներ՝
http://henaran.am/196335.html
http://www.aravot.am/2016/04/26/684918/
http://iravunk.com/news/2589
http://armarlur.com/68691-2/
http://henaran.am/196335.html
http://www.aravot.am/2016/04/26/684918/
http://iravunk.com/news/2589
http://armarlur.com/68691-2/
No comments:
Post a Comment