Ընտրական օրենսգրքում սեռերի ներկայացվածությունը կուսակցությունների ցուցակներում ամրագրվել է 30/70 տոկոսային հարաբերակցությամբ՝ ներկայիս 20/80 փոխարեն, ասաց WomenNet-ի հետզրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ իրենց այդ առաջարկին միացել են ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ:
«Այս կարևոր առաջարկն արվել է նկատի ունենալով, որ 2030 թվականին պետք է ունենանք 50/50 համամասնությունը: Դրա համար հանդես եկանք այս առաջարկով, փորձեցինք դրանում ներգրավել Ազգային Ժողովի ոչ միայն կին բոլոր պատգամավորներին, այլև տղամարդկանց, ովքեր ցանկացան միանալ ստորագրահավաքին: Ու նշեմ, որ բավականաչափ շատ ստորագրություններով այս առաջարկությունը ներկայացվեց Ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման քննարկմանը»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը՝ նշելով, որ առաջարկն ընդունվեց մեկ վերապահմամբ՝ 30/70 համամասնությունը ուժի մեջ կմտնի միայն 2022 թվականից, իսկ մինչ այդ, ներկայիս փոփոխություններով , կգործի 25/75 համամասնությունը:
Մեր դիտարկմանը, որ 30/70 համամասնությունը կուսակցութթյունների ցուցակներում պարտադիր կլինի միայն վեց տարի հետո, պատգամավորը նշեց, որ ընկալում է դա որպես երաշխիք, համատեղ աշխատանքի արդյունք, որն այդուհանդերձ ընդունվեց Կառավարության կողմից եւ ամրագրվեց Ընտրական օրենսգրքում. «Սա իսկապես կարևոր ձեռքբերում էր», – ընդգծեց նա:
Ռուզաննա Մուրադյանը կարևորեց ու հույս հայտնեց, որ ապագայում ՝ գուցե հաջորդ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ այլեւս կարիք չի լինի խոսել տոկոսային այդ համամասնության մասին.
«Ի վերջո, շեշտը պետք է դնենք ոչ թե տոկոսների ամրագրման վրա, այլ մարդկանց չափենք իրենց կարողություններով, ներուժով և պաատրաստվածությամբ: Բայց հուսանք, որ սկզբի համար կանանց ներկայացվածության մասին պարտադիր պահանջի ամրագրումը խթան կհանդիսանա, որպեսզի ճիշտ ուղու վրա ընկնենք ու մեզ այսօր անհրաժեշտ քաղաքական մշակույթը ձևավորվի: Իսկ հետագան արդեն ցույց կտա, թե որքանով է մեզ համար հասանելի 2030-ին մատնանշած հավասարության նշաձողը»:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև հավասատիացրեց, որ խորհրդարանի կանայք այսօր շահագրգիռ են բարձրացնել այդ հարցը և միավորվել՝ նոր ճանապարհ բացելով ավելի մեծ թվով կանանց մասնակցության համար:
Զրուցեց Լիա Խոջոյանը
No comments:
Post a Comment