Tuesday, May 24, 2016
«ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹԻ ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
2016թ. մայիսի 24-ին ավարտվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագիրը ՀՀ դպրոցներում: Ծրագրի նպատակն էր աջակցել դպրոցների աշակերտներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ:
Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային կենտրոնում: Մրցանակաբաշխության ընթացքում լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները պարգևատրվեցին: Իսկ մրցանակաբաշխությունից հետո առաջին տեղերը գրաված պաստառների նկարներով կտպագրվեն 2017թ. օրացույցներ, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և ՀՀ բոլոր մարզերից ծրագրին մասնակից դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ողջունեց դպրոցականների ներուժի բացահայտմանն ու խրախուսմանն ուղղված նմանատիպ միջոցառման կազմակերպումը և ընդգծելով տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կարևորությունը երկրի զարգացման գործում՝ հորդորեց աշակերտներին լավ սովորել և գիտելիք ձեռք բերել:
Ողջունելեվ ներկաներին՝ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր մարզերի մասնակից դպրոցներին` նշելով ծրագրի դերը ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և տարածման գործում:
Ցուցահանդես-մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ վարչապետը նախ ծանոթացավ ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններին, ապա պատվոգրեր հանձնեց լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և դյուրակիր համակարգիչներ (նոութբուքեր)՝ աշակերտներին: 12 երկրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին պլանշետներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ 12 երրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին թվային հեռախոսներ հանձնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ծրագրի շրջանակում աշխատանքներ ներկայացրած մյուս դպրոցների տնօրեններն ու աշակերտները ևս արժանացան պատվոգրերի և խրախուսական մրցանակների:
Շնորհավորում ենք բոլոր դպրոցներին և շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության համար:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment