Friday, November 9, 2012

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ Շուշիում











ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-11-ն աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ համատեղ նիստ է անցկացրել ԼՂՀ գործընկերների հետ: Արդյունքները հանձնաժողովի անդամներն ամփոփեցին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշեց հանաձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Շուշիում անցկացված արտագնա նիստի օրակարգում ընդգրկված են եղել մշակույթի եւ կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների միջեւ կնքվել է հուշագիր՝ միտված հետագա անելիքներին: Հուշագրով մասնավորապես որոշվել է երկու հանձնաժողովների միջեւ կապերն ամրապնդելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ անցկացնել խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումներ, կազմակերպել փորձի փոխանակման միջոցառումներ, նպաստել արդյունավետ մոդելների ներդրմանը եւ աշխատանքների որակի բարձրացմանը:
Աշխատանքային այցի շրջանակում նիստի մասնակիցները նաեւ շրջայց են կատարել Շուշիում, այցելել հակաօդային պաշտպանության զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային: Կազմակերպվել է այց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար, Դադիվանք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից իրենց տպավորություններից խոսեցին հանձնաժողովի մյուս անդամները եւս: Պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արթուր Գեւորգյանը, Կարինե Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Ռուզաննա Մուրադյանը մանրամասներ ներկայացրեցին արտագնա նիստից, ձեռք բերված պայմանավորվածություններից, նաեւ խոսեցին այն խնդիրներից, որոնք իրենք նկատել են Արցախի մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում:
Նրանք բոլորն էլ կարեւորեցին մշակութային դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու, նրա միջազգային ճանաչմանը հասնելու տեսանկյունից:

1 comment: