Friday, November 16, 2012

Համագործակցում են ՀՀ եւ ԼՂՀ կրթական ոլորտները


Մենք արցախցիների կողքին ենք


ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9—11—ն աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ համատեղ նիստ է անցկացրել ԼՂՀ գործընկերների հետ (այս մասին «ՀՀ»—ում հրապարակում եղել է)։ Արդյունքները հանձնաժողովի անդամներն ամփոփեցին նոյեմբերի 14—ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ Շուշիում անցկացված արտագնա նիստի օրակարգում ընդգրկված են եղել մշակույթի եւ կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Քննարկումների արդյունքում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների միջեւ կնքվել է հուշագիր՝ միտված հետագա անելիքներին։ Հուշագրով մասնավորապես որոշվել է երկու հանձնաժողովների միջեւ կապերն ամրապնդելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ անցկացնել խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումներ, կազմակերպել փորձի փոխանակման միջոցառումներ, նպաստել արդյունավետ մոդելների ներդրմանը եւ աշխատանքների որակի բարձրացմանը։
«Նման հանդիպումները միտված են համագործակցված ու համատեղ հարցեր քննարկելուն, ինչու չէ՝ նաեւ համատեղ որոշումներ կայացնելուն. Հայաստանում քննարկվող հարցերին մասնակից դարձնելով նաեւ ԼՂՀ—ին՝ մենք հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի միջազգային այն կառույցները, որոնք ներկայացված են ՀՀ—ում, ուղղակի ունկնդրեն ԼՂ—ում մեր գործընկերներին, ԼՂՀ—ն ընկալեն որպես ճանաչված երկիր, հայ մշակույթի եւ կրթության ընդհանուր տարածք»,–ասաց հանձնաժողովի նախագահը։
Դավթյանի կարծիքով, բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանում են, առկա են նաեւ Արցախում, բայց Արցախն ունի հատուկ հոգատարության, Արցախում առկա մեր մշակութային ժառանգությունը ներկայացնելու եւ զուտ ջերմության կարիք։ «Այսպիսի այցելություններով եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ մենք արցախցիների կողքին ենք եւ ապահովում ենք նրանց թիկունքը, նաեւ այն, որ միասնական ենք ազգային հարցերի լուծման գործում, հետեւողական ենք լինելու, որպեսզի Արցախի միջազգային ճանաչումն իրականություն դառնա, եւ որպես ուղի մշակութային դիվանագիտությունն առաջնային տեղում ենք դիտարկում»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի իրենց տպավորություններից խոսեցին հանձնաժողովի մյուս անդամները եւս։ Նրանք մանրամասներ ներկայացրեցին արտագնա նիստից, ձեռք բերված պայմանավորվածություններից, նաեւ անդրադարձան այն խնդիրներին, որոնք իրենք նկատել են Արցախի մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում։ Նրանք բոլորն էլ կարեւորեցին մշակութային դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու, նրա միջազգային ճանաչմանը հասնելու տեսանկյունից։
ՀՀԿ—ական Կարինե Աճեմյանի խոսքով, քանի դեռ ԼՂՀ—ն ներգրավված չէ ինքնորոշման իրավունքի բանակցություններում, մշակութային լեզուն, մշակույթը շատ կարեւոր ռազմավարական նշանակություն կարող են ունենալ։ Նա համոզված է, որ Արցախն իր մշակույթով աշխարհում իր ուրույն տեղը կունենա։
Մեկ այլ ՀՀԿ—ական Շուշան Պետրոսյանը, ներկայացնելով իր տպավորությունները Արցախից, համաձայնեց Դավթյանի հետ, որ ԼՂՀ—ում եւ ՀՀ—ում առկա են միեւնույն խնդիրները։ Շ. Պետրոսյանն առանձնացրեց նրանցից երկուսը։ Նրա կարծիքով Արցախի մշակույթն անհրաժեշտ է աշխարհի համար ճանաչելի դարձնել։ «Սա իսկապես կարեւորագույն հարց է, որին պետք է մեր կողմից աջակցենք, այնտեղի արվեստագետներին հնարավորություն տանք աշխարհին ցուցադրվել»։ Մեկ այլ խնդիր, ըստ Պետրոսյանի, առկա է թատերական ոլորտում։ «Կարիք կա, որ թատրոնն ունենա կարգին ղեկավար, լինի համագործակցություն ՀՀ—ի մասնագետների հետ»։ Շ. Պետրոսյանն առաջարկել է, որ բարձրագույն կրթություն ստացողները գնան այնտեղ, կիսվեն իրենց գիտելիքներով։
ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը առանձնացրեց հուշագրի այն կետը, որում նշված էր, որ Շուշին պետք է առանձնացնել որպես կրթության եւ մշակույթի ընդհանուր դաշտ։ Նա հայտնեց, որ քննարկումների ընթացքում այդ նպատակին ուղղված մի շարք հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, դասագրքերի հետ կապված, պետական կրթական չափորոշչի եւ առարկայական չափորոշիչների, սեմինարների կազմակերպման եւ շատուշատ այլ խնդիրների հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
ՀՀԿ պատգամավոր Արթուր Գեւորգյանն էլ համոզված է, որ Արցախը սպորտի զարգացման առումով կարող է հանդիսանալ յուրօրինակ դարբնոց. «Կարծում եմ հետագայում այս իմաստով էլ կտարվեն բանակցություններ, եւ Արցախի դպրոցներում կստեղծվեն բոլոր պայմանները սպորտի զարգացման համար»։
Աշխատանքային այցի շրջանակում նիստի մասնակիցները նաեւ շրջայց են կատարել Շուշիում, այցելել հակաօդային պաշտպանության զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային։ Կազմակերպվել է այց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Գանձասար, Դադիվանք։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
15-11-2012

No comments:

Post a Comment