Tuesday, February 12, 2013

«Ընտրությունների վերջնագիծ պիտի հասնեն նրանք, ովքեր թիկունքում թիմ ունեն, գաղափարակիրներ, ծրագրեր ու նպատակներ»


12.02.2013 | 00:27
«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
-Ընտրարշավը մոտենում է ավարտին, Ձեր գնահատականով` ինչպե՞ս է անցնում:
-Ընտրարշավն անցնում էր հանգիստ, խաղաղ, սակայն այն, ինչ կատարվեց Պարույր Հայրիկյանի հետ, ցավ պատճառեց բոլորիս: Կարևոր է, որ նախագահի թեկնածուների միջև պայքարն ավելի շատ գաղափարների դաշտում է, ծրագրերի միջև, քան անձերի դեմ: Հստակ երևում է յուրաքանչյուրի ձեռագիրը` ով թիմով է դուրս եկել պայքարի, ով անհատական պայքարի է դուրս եկել: ՀՀԿ-ի թեկնածուի դեպքում քարոզարշավը նախընտրական շրջանը չէ միայն, անցած հինգ տարիներն են, ՏԻՄ ընտրություններն էին, խորհրդարանական ընտրությունները, մտածված, մշակված, հղկված ծրագիրը, որ նույնիսկ հնարավոր չէ համեմատել այն թեկնածուների ծրագրերի հետ, որ մի օրում են առաջադրման որոշում կայացրել: 
-Ձեզ չի՞ թվում, որ թեկնածուների մի մասը բացարձակապես նախագահ դառնալու մտադրություն չունի` դատելով քարոզարշավից:
-Կարծում եմ, որ բոլորն էլ դա տեսնում են, թեկնածուներից ամեն մեկն իր նպատակն ունի: Ոմանց դեպքում` չի ընկալվում` ինչո՞ւ որոշեցին, ի՞նչ ուժերի են ապավինում, ի՞նչ են ծրագրում, ակնհայտ է, որ նրանք հեռու են նախագահ լինելուց: Ընտրություններից հետո, գուցե, նրանց մտադրություններն ավելի հասկանալի դառնան:
-Ընտրարշավից ակնհայտ է, որ թեկնածուները բաժանվում են երեք խմբի. առաջին խմբում նրանք են, ովքեր իսկապես լուրջ մտադրություններ ունեն և լուրջ էլ մրցակցում են, երկրորդ խմբում նրանք են, ովքեր ավելի շատ ինքնարտահայտման խնդիր ունեն, երրորդ խմբում` ավելի շատ ուրիշի կամք կատարողները: Այդպե՞ս է:
-Հիմնականում` այո, ընդ որում, պայմանականորեն այդ բաժանման երկրորդ ու երրորդ խմբերում եղողները սպասում են, թե իրադարձությունների զարգացումը իրենց ինչ կբերի:
-Դա չի՞ վարկաբեկում նախագահական ընտրությունն ընդհանրապես:
-Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր են այն չափորոշիչները, որ պիտի սահմանենք ընտրողներս, որ պիտի ամրագրվեն մեր արժեքային համակարգում, քաղաքացիական գիտակցության մեջ: Մենք պիտի իմաստավորենք` ինչ է նշանակում երկրի նախագահ: Նշանակում է Սահմանադրության, արտաքին ու ներքին անվտանգության երաշխավոր, երկրի գերագույն գլխավոր հրամանատար: Ի՞նչ չափորոշիչների պիտի համապատասխանի մարդը, որ կարողանա հավակնել նախագահության: Մենք չունենք այդ չափորոշիչները, եթե մեր երկրում ամեն մեկը կարող է իրեն նախագահ պատկերացնել: Հասկանալի է, որ մենք ծայրահեղությունների, անհատականությունների ազգ ենք, բայց մենք նաև բանականություն ունեցող ազգ ենք: Իհարկե, ընտրելն ու ընտրվելը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է, բայց ամեն ինչ Սահմանադրության մեջ չես գրի, ինքներս պիտի չափորոշիչներ ունենանք: Խելոք մարդիկ քննարկում են գաղափարները, անխելքները` անձերին. պատահական չի ասված: Ի վերջո` կարևոր է, ով ինչ է ասում, ով ինչ ծրագիր է ներկայացնում, ով ինչ կարող է անել, քան ով քանի օրով հացադուլ արեց, ով ինքնաբացարկ հայտնեց, ով կարողացավ, ով չկարողացավ ընտրագրավ մուծել: Ընտրությունների վերջնագիծ պիտի հասնեն նրանք, ովքեր թիկունքում թիմ ունեն, գաղափարակիրներ, ծրագրեր ու նպատակներ:
-Պարույր Հայրիկյանի մահափորձին հաջորդած` իր տարատեսակ ու իրարամերժ մեկնաբանությունները շոկ տարած մարդու տպավորություննե՞ր են, թե՞ նախընտրական տեխնոլոգիա` ուղղված վարկանիշի աճին, և համարժե՞ք են իրականությանը:
-ՈՒզում եմ հավատալ, որ Պարույր Հայրիկյանն իր բոլոր դրսևորումներում մնում է անկեղծ մարդ: Միանշանակ` կատարվածը անթույլատրելի էր՝ ուղղված ոչ միայն Պարույր Հայրիկյանի դեմ, այլև ժողովրդի ու պետականության, բայց կարծում եմ, որ նաև նպաստեց նախագահի թեկնածուի վարկանիշի բարձրացմանը:
-Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան` ընտրությունները 10 օրով հետաձգելու պահանջով, ի՞նչ զարգացումներ կլինեն:
-Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը այդ հարցի պատասխանը տալիս են, կարծում եմ` բոլոր զարգացումները կմնան օրենսդրության շրջանակներում: 
-Այս ընտրարշավի ընթացքում առաջին անգամ կիրառվեց հացադուլի տեխնոլոգիան: Ի՞նչ խելամիտ պատճառ կարող է լինել հացադուլը դադարեցնելու, թե՞ այս դեպքում էլ նպատակակետն ընտրությունները չեն, այլ ընտրություններից հետո ինչ-որ քայլեր:
-Անդրիաս Ղուկասյանի առաջադրումն ու ընտրարշավը վարելու ձևի ընտրությունը մնում են անհասկանալի, թեպետ ինքը փորձում է հիմնավորել: Ակնհայտ է, որ չճանաչված մարդիկ ճանաչում են ձեռք բերում, երևի դա նաև մեծ զոհողություններ է պահանջում, բայց ոչ առողջության հաշվին: Կարծում եմ` հետագան ցույց կտա, թե այս թեկնածուն ինչպես կօգտագործի իր ձեռք բերած ճանաչումը: 
-Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես հայտարարեց, որ ՀԱԿ-ն ընտրել է կուսակցություն դառնալու տարբերակը: Ձեր կարծիքով` դա ե՞լք է փակուղուց, թե՞ տանում է նոր փակուղի: 
-Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ փորձում է իրավիճակ փոխել և մարդկանց մեջ նոր հույսեր արթնացնել, որովհետև իր որոշումներից հուսախաբվածները շատ են, առավել ևս, որ տարաձայնություններ կան ՀԱԿ-ի ներսում, իրենց գործընկերոջ թեկնածությունն անգամ չեն պաշտպանում: Ընտրություններից հետո քաղաքական դաշտում մնալու և դերակատարությունը շարունակելու հայտ է դա:
-Հետընտրական քաղաքական վերադասավորումների մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ընդդիմադիր դիմագի՞ծը վերականգնել: Շարքային ընդդիմադիրի իմիջը վայե՞լ է առաջին նախագահին:
-Դա իր որոշելիքն է: 68 տարեկան դառնալու պատճառաբանությամբ չառաջադրվելու հայտարարությունից հետո մի քիչ դժվար ընկալելի է դառնում նոր կուսակցության նախագահ դառնալը: ՀԱԿ-ում կան տարաձայնություններ, դա երևում է և խմբակցության պահվածքից: 
-Հետընտրական ի՞նչ զարգացումներ կլինեն:
-Ես կարծում եմ, որ հետընտրական փուլը ևս խաղաղ է լինելու, որովհետև ընտրություններն անցնելու են թափանցիկ, արդար: Միջազգային չափանիշներով ընտրություններ անցկացնելու առհավատչյան եղել են խորհրդարանական ընտրությունները, մենք լավագույն ընտրություններ անցկացնելու ճանապարհին ենք: Հետդարձ այլևս չի լինելու: 
-Ի՞նչ վերադասավորումներ կլինեն քաղաքական դաշտում` ակնհայտ է, որ ՀԱԿ-ը հեռացել է հրապարակից: Մարդկանց որոշակի շերտ մնացել է, որ ֆիզիկապես հրապարակում չլինելով էլ, որոնում է իր խնդիրները բարձրաձայնողին ու լուծողին: Ընդդիմությո՞ւնը կլինի այդ անողը, թե՞ իշխանությունը: 
-Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է լինել այդ ընդդիմադիրը, գուցե ընդդիմադիր դաշտում գործողները կմիավորվեն: Ակնհայտ է, որ մարդկանց մեջ վերականգնվում է իշխանության նկատմամբ հավատը, որովհետև տեսնում են, որ գործող նախագահն իր խոստումները կատարում է: Խորհրդարանական ընտրություններից մինչև այս ընտրություններ` կարճ ժամանակամիջոցում բազում ոլորտներում շատ հարցեր լուծվեցին, հիմա, մանավանդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելուց հետո, ընդդիմադիր հայացքներ ունեցողներից շատերը կվերանայեն իրենց տեսակետները հօգուտ իշխանության: 
-Դուք այդքան լավատե՞ս եք:
-Իհարկե, քննադատողներ էլի կլինեն, բայց ողջամիտ դիրքորոշումը, կարծում եմ, կգերիշխի: 
-Ինչո՞ւ է այդքան կարևորվում երկրորդը լինելը, որ նախագահական ընտրություններում իրավական հետևանքներ չունի:
-Թերևս, մարդիկ քաղաքական դաշտում նոր դիրքեր, պաշտոններ ստանալու ակնկալիքներ ունեն երկրորդը լինելու պարագայում: Առաջին իսկ օրից ակնհայտ է, որ մեր նախագահն առաջինն է լինելու, տարաբնույթ մարդկանց ասպարեզ դուրս գալն էլ դա է վկայում: Մրցակիցներ կան, բայց այդ մտահորիզոնի, այդ փորձառությամբ, այդ հուսալիությունը ստեղծող, հաստատուն կեցվածք ունեցող մրցակիցներ չկան: Թեկնածուներն ուժեղ են յուրաքանչյուրը մեկ բնագավառում: Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի առանցքը տնտեսական հարցերն են, Պարույր Հայրիկյանը ազգային ինքնորոշման խնդիրներ է բարձրացնում, Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանադրական իրավունքներից է խոսում: Սերժ Սարգսյանի ծրագիրը կառուցողական ու հիմնավոր է, պատճառաբանված ու թվերով հիմնավորված: ՀՀԿ-ի թեկնածուն շահեկանորեն առանձնանում է իր կենսագրությամբ, արած գործերով ու փորձառությամբ, միջազգային ճանաչումով:
-Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամկետը երկրորդ հինգ տարիներից շատ տարբեր պիտի լինի:
-Իհարկե, տարբեր պիտի լինի, որովհետև առաջին հինգ տարիներին նա հարկադրված էր նախորդ տարիների խնդիրներին որոշակի ավարտ տալ, իսկ հիմա բավականին լավ հիմք է ստեղծվել նոր թափով բարեփոխումներն առաջ տանելու:
-Բայց բարեփոխումներին դիմադրող լուրջ տնտեսական ու քաղաքական կապիտալ կա:
-Եթե այս պահին տարբեր ոլորտներում իրավիճակը գնահատենք, ունենք բազում խնդիրներ, որ գալիս են անցյալից: Բնականաբար, ոչ բոլոր խնդիրներն է հնարավոր միանգամից լուծել, խնդրի լուծման համար նախադրյալներ են պետք, բայց երբ խնդիրը բացահայտվում է, ուրեմն լուծման ճանապարհին է: Կան խնդիրներ, որոնց լուծումը տարիներ է պահանջում, օրինակ` աղքատության հաղթահարումը, արտագաղթը: Բայց ե՞րբ առաջացան այդ խնդիրները, հենց հիմա՞: Մենք սիրում ենք ասել` այս չկա, այն չկա, բայց եկեք չկա-ները կողք դնենք ու հաշվենք` ի՞նչ կա, կարո՞ղ ենք հույս ունենալ, որ չկա-ները պակասելու են: Այսօր Երևանում ոչ մի չջեռուցվող դպրոց չկա, հիշում եք` ձմեռները ինչ էր կատարվում դպրոցներում. ուսուցիչներն ու աշակերտները վերարկուներով դասարանում մրսում էին` մի կերպ վառվող թե չվառվող վառարանի կողքին: Իսկ քանի՞ դպրոցում հրդեհ եղավ: Ընդունեք, որ տասը-քսան տարին պետության կայացման համար կարճ ժամանակահատված է, բայց այս ընթացքում այնքան ոլորտներում մենք առաջընթաց ունենք, որ չտեսնել չենք կարող: Երևանում այսօր ունենք անվճար մանկապարտեզներ, որ շատ մեծ օգուտ են ընտանիքներին: Սոցիալական փաթեթը, նպաստների բարձրացումը ձեռքբերումներ չե՞ն: Գյուղատնտեսության ոլորտում վարկային ծրագրերը ձեռքբերում չե՞ն: Պետք է կարողանալ տեսնել փոքր ու մեծ քայլերը: Տարիներ առաջ ո՞վ կմտածեր բջջային հեռախոսների մասին: Չմոռանանք, որ մեր պետությունը ևս անցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի միջով: Ի՞նչ ազդեցություն ունեցավ ճգնաժամը աշխարհի զարգացած տնտեսությունների վրա, բայց Հայաստանը դուրս եկավ ճգնաժամից` առանց սոցիալական ծրագրերը կրճատելու: 
-2018 թ. նախագահի թեկնածու այս ընտրություններում տեսնո՞ւմ եք:
-2018 թ. նախագահի թեկնածու տեսնում եմ ՀՀԿ-ից, որովհետև պետք է շարունակել սկսված կուրսը, մարդու ամենաթանկ կապիտալը փորձառությունն է, կուսակցության փորձառությունը հետագա զարգացումների հուսալի հենք է: 
-Որոշակի քաղաքական ու մասնագիտական ճանապարհ անցած մարդը 2012 թ. հայտնվում է խորհրդարանում: Դուք կյանքը 0 կետի՞ց սկսեցիք, թե՞ շարունակեցիք նոր կոորդինատներով:
-Ինձ համար փոխվեց ընդամենը միջավայրը, ինչ-որ առումով պատգամավորի աշխատանքը, երբ ինքս կարող եմ անմիջական մասնակցություն ունենալ քաղաքականության ձևավորմանը, շարունակությունն է իմ նախկին աշխատանքի: Փոփոխություններ, իհարկե, կան, բայց չի կարելի անվանել 0 կետից սկսել: Ես ոչ միայն դպրոցի տնօրեն եմ եղել, այլև հասարակական գործունեությամբ եմ զբաղվել: Երկար տարիներ ղեկավարել եմ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, որն իրականացրել է ծրագրեր հայաստանյան բոլոր դպրոցների համար, կրթական տարբեր նախաձեռնություններով եմ հանդես եկել, ծրագրերի հեղինակ եմ, մասնակցել եմ միջազգային շատ ու շատ ծրագրերի և կոնֆերանսների, որի արդյունքում կրթական համակարգի նոր ծրագրեր եմ մշակել և ներդրել, օրինակ` չափորոշչահենք կրթությունը, «Եվրոպան դպրոցում» ծրագիրը, դպրոցներում ստեղծված եվրոպական ակումբների միջոցով եվրոպական արժեքներին հաղորդակցվելը: Որպես տնօրեն ակտիվ եմ եղել` մասնակցելու, նպաստելու կրթական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: 2004-ին Համաշխարհային բանկը Հայաստանի ամբողջ տարածքը բաժանեց 52 կրթական գոտու, ամեն գոտում մեկ դպրոց ընտրվեց, որը դարձավ դպրոց-կենտրոն, որտեղ իրականացվեցին տարածքի ուսուցիչների շարունակական վերապատրաստումներ: Երբ 4 տարի անց ֆինանսավորումն ավարտվեց, դպրոց-կենտրոնները իրենք շարունակեցին գործունեությունը` այդ ժամանակ «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն համատեղ ծրագրեր իրականացրեց դպրոց-կենտրոնների հետ: Հետո կենտրոնները միավորվեցին և որոշեցին ստեղծել իրավաբանական անձանց միություն, որի նախագահ ընտրվեցի ես: ՀԲ-ն նոր ծրագիր է իրականացնում միության հետ, մշակվում են ուսուցչի էթիկայի նորմերը Հայաստանում, որը նախկինում չի եղել, աշխատանքային խումբ է ձևավորվել, դպրոցների զարգացման ծրագրի փաթեթն է մշակվում, որը շուտով պիտի ներկայացվի դպրոցների տնօրեններին: 2006-ից ՀՀԿ կանանց խորհրդի անդամ եմ, որ բազում հասարակական-քաղաքական ծրագրեր է իրականացնում և նպաստում կանանց դերի բարձրացմանը հասարակության մեջ: Լինելով պատգամավոր՝ այսօր էլ շարունակում եմ ծավալել քաղաքական ակտիվ գործունեություն: 
-Մանկավարժական ասպարեզից չե՞ք հեռացել:
-Իհարկե ոչ, շարունակում եմ տարբեր մարզերի մանկավարժների հետ հանդիպումները, կազմակերպում ենք սեմինարներ, ուսումնասիրում ենք այն հիմնախնդիրները, որոնց լուծմանն արդեն ես կարող եմ աջակցել օրենսդրորեն: Լինելով մանկավարժական գիտությունների թեկնածու, գրքերի ու հրապարակումների հեղինակ, բնականաբար, շարունակում եմ մանկավարժության հետ հոգով կապված մնալ և գիտական գործունեությամբ զբաղվել. իմ հեղինակած «Դասղեկ» գիրքն այսօր հայաստանյան բոլոր դպրոցներում գործածվում է մանկավարժների կողմից՝ որպես գործնական մեթոդական ուղեցույց:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Աղբյուրը` http://www.irates.am/hy/1360611070

No comments:

Post a Comment