Ուսուցչի նպատակը աշակերտին սովորեցնելն է, բայց դա ենթատեքստում պետք է ունենա նաև աշակերտի նպատակը: Այսինքն՝ դասը պետք է ներառի ուսուցչական նպատակ և աշակերտական նպատակ: Աշակերտը պետք է հասկանա՝ տվյալ դասի նպատակը ո՞րն է: Իսկ դա կարող է ապահովել չափորոշչային պահանջները հասկացող ուսուցիչը: Չափորոշչահեն կրթության կարևւորությունը մեր երկրում առաջին անգամ բարձրացրեց «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը: Ստեղծված են առարկայական չափորոշիչներ, կան առարկայական ծրագրեր, դասագրքեր, բայց ուսուցիչը չափորոշչից օգտվելու հմտություններ չունի, այնքան չափորոշիչը չի կարևորում, որքան դասագիրքն ու ծրագիրը: Մինչդեռ այդ ամենի հիմքը չափորոշիչն է: Չափորոշիչներում առկա են նաև այն հստակ կետերը, որոնք նաև պետք է կարողանալ ապահովել որպես պետության պահանջ: Եվ հետո, չափորոշիչն իմանալով՝ շատ հեշտ կարելի է պլանավորել դասը, դասի նպատակները սահմանել: Մանկավարժության մեջ կա կառուցողականության տեսություն. այդ տեսության հիմունքների համաձայն` մենք դասընթացը պետք է կազմակերպենք այնպես, որ աշակերտը 45 րոպեի ընթացքում կարողանա ավելացնել իր գիտելիքը, և նա հստակ պետք է զգա նախնական ու դասի վերջում ձեռք բերած գիտելիքների տարբերությունը: Ոչ թե ինքդ ես կառուցում, այլ ուղղորդում ես, որ երեխան կառուցի իր գիտելիքը: Շատ կարևոր է, որ երեխան իմանա, թե դասի ընթացքում իրենից ինչ է պահանջվում, ինչ են սովորելու այդ օրը: Այդ հարցերի պատասխանը տալիս է հենց չափորոշչային պահանջը: Պատահական չէ, որ մենք սկսեցինք իրականացնել ուսուցիչների վերապատրաստում, որի արդյունքում սովորեցրինք նրանց հասկանալ ու կիրառել չափորոշչային պահանջները: Մենք սովորեցրեցինք նրանց` ինչպես մարդուն սովորեցնել: Սա մեր կրթության համակարգում իսկապես լուրջ խնդիր է:
Նութի աղբյուրը` http://www.yerevaklur.am/category/news_id/247
Երևակ ամսագիր 2013-02-06
No comments:
Post a Comment